Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ



(հատվածներ)

 

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ…Մեծ աղետից առաջ, պատերազմի նախօրեին և սկզբին հայ հասարակության լայն խավերում խոր անհանգստությամբ մտածում էին ազգության ներկա գոյության ու գալիք ուղիների մասին:

Կար խորապես ցնցող մի բան նոր շրջանի մարդկանց մտքերի ու երգերի մեջ: Նրանք զգում էին, որ ավանդական եղանակով այլևս անհնար է գտնել փրկության արահետ, քանի որ աշխարհի ուժեղների դեմ դուրս գալու համար ժողովուրդը չունի զենք, զորք ու նյութական զորություն: Չունի նաև որևէ վստահելի դաշնակից և բարոյական ամուր հենարան: Մեծ տերությունները առևտուր էին անում փոքր ազգերի վրա:

«Հայ որբերի բախտը վճռվում է Արևմուտքի սակարաններում, բորսաներում»,- գրում է Սիամանթոն «Որբերի ճակատագրեն» բանաստեղծության մեջ:

…Հուսալքման պահին, երբ ֆիզիկական աղետին միանում էր և բարոյական լքումը, Վահան Տերյանը առաջ է քաշում Հայաստանի փրկության նորագույն ծրագիրը: 1914 թ. վերջին գրած «Հոգևոր Հայաստան» հոդվածում նա այդպես էլ ասում է. «Արդեն թվում է, որ եթե այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մենք դարձյալ պիտի այրվենք նույն իղձերով, նույն ցավագին, մեզ համար մի տեսակ կրոնական գունավորում ստացած այդ խնդրով: …Մեզ մի տեսակ սրբապղծություն է թվում, երբ մարդիկ մեր ազգի՝ տարիներով ու տասնյակ տարիներով փայփայած գաղափարին մոտենում են սառն մտքով, անտարբեր գիտնականի ոճով: Մենք ուզում ենք ճչալ, որովհետև, երբ ցավ ես զգուն, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետև երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չես մտածում»:

Հայ բանաստեղծն սկսում է քննել համաշխարհային փորձը, որոնում ու գտնում է ինչ-որ օրինակներ, որոնք ուսանելի կարող են լինել նոր օրերի Հայաստանի համար: Փոքրիկ Աթենքը աշխարհին տվել է հսկայական հոգևոր հարստություն, փոքրիկ Նորվեգիան տարածել է իր անունը աշխարհով մեկ. դրանք ամբողջական ազգ են, ունեն մշակույթ, ազգային ներքին ուժերի թանձրացում, աշխարհի դեմ կանգնում են որպես քաղաքական ու հոգևոր ամբողջական միավոր: Եվ ահա բանաստեղծն առաջ է քաշում նոր Հայաստանի՝ «հոգևոր Հայաստանի» խնդիրը: Նա տեսնում է, որ աղետալի ժամանակներում հայ ժողովուրդը տանուլ է տալիս ֆիզիկապես, կորցնում է հողը և երկիրը: Դրա հետ միասին տեղի է ունենում նաև ներքին, հոգևոր և կուլտուրական անկում: Բանաստեղծը կարծում է, որ մեծ աշխարհի դեմ հայ ժողովուրդը կարող է կանգնել միայն այն դեպքում, եթե  կառուցի իր ազգային մշակույթը, դպրոցը, լեզուն, ծանր և տևական աշխատանքով գնա դեպի ներքին համախմբում, ստեղծի իր ինքնուրույնությունը հաստատող  մշակութային արժեքներ, դիմադրի արտաքին ճնշմանը: «Մեր երկիրը,- ասում է նա,- ավերակների երկիր է:…Մեր հոգևոր հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, և այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր»:

Նյութական և ֆիզիկական կորուստների ծանր պահին Վահան Տերյանը պաշտպան է կանգնում նույնպես կործանման վտանգի տակ գտնվող հոգևոր Հայաստանին, առաջ քաշում հոգևոր դիմադրության, պաշտպանության և զարգացման կենսական պահանջը. « …Իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով՝ կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ հոգևոր հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող հոգևոր Հայաստանին: Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է»:

…Վ.Տերյանը, պատմական մի որոշ ժամանակի տեսանկյունից, պաշտպանում էր մի գործ (նաև Հովհ. Թումանյանը և ուրիշ մտավորականներ), որը պետք է գեթ ժամանակավորապես ժողովրդին փրկեր բարոյական կործանումից, արթնացներ նրա դիմադրությունը, ուժ հաղորդեր նրան՝ ապրելու մինչև լավ օրերի գալը:

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸԱյդ շատ ինքնատիպ տեսակետին զուգահեռ, Վահան Տերյանն ստեղծեց հայրենիքին նվիրված նոր բանաստեղծություններ, որոնք խոշոր գյուտ էին հայ պոեզիայի մեջ: Ի՞նչ նոր բան էր բերում բանաստեղծը հայ քաղաքացիական պոեզիային: Տերյանի այս երգերը թերևս չունեն շատ մեծ բռնկումներ ու կրքեր, ուրիշ բանի մեջ է նրանց ուժն ու հմայքը: Մեռնող ժողովրդի բանաստեղծը վիրավորված, խոցված մի սիրտ էր, որն անվերջ հարվածներ էր ստանում: Նոր երգերի մեջ բանաստեղծը երևում է խոր խոհականությամբ, ցավերի նուրբ զգացողությամբ, վիրավոր սիրով և ողբերգական մթնոլորտ ստեղծելու արտասովոր ձիրքով: Կործանման ու տագնապների օրերին անվերջ մտորում է հայրենի եզերքի ու մարդկանց, հողի ու հիշատակների շուրջ: Նա որոնում է իր հայրենիքի դեմքն ու պատկերը, հոգեկան գեղեցկությունը, դարերից բերած թաքուն ժառանգությունը:

Ամենից առաջ նա գտնում է երկրի զավակներին, երգում է մենության կսկիծը, օտար հայացքի սառնության սարսափը, աշխարհով մեկ ցրված, անտուն սերունդների դրաման: Նրա երգի մեջ էլ ծավալվում է որբացած այն սերունդների ցավը, որոնց Սիամանթոն անվանում էր սրտի ճամփաներեն անցնող գառնուկների խմբեր: Վիշտը բռնում է աշխարհը, կարծես մթնում է բոլոր ճամփաների ու արահետների լույսը, բարձրանում է դառն հուսալքության ալիքը: Ոչ մի շող, ոչ մի հույս և ուղի.

Մենք բոլորս, բոլորս

Մանուկներ ենք որբ.

Մանուկներ ենք մենք կորած-

Հավիտյան անմայր.

Մենք բոլորս մոլորված

Աշխարհում խավար…

 

Մենք նետված ենք բոլորս

Երկիրն այս հեռու,

Կանչում ենք միշտ-ձայն չըկա,

Աղոթում ենք-ու՞մ.

Ո՜վ կփրկե, ո՞վ կգա,

Որ տանի մեզ տուն…

                (1915)

 

Վահան Տերյանը ծանր սրտով հյուսում է երկրին վիճակված յուրահատուկ ցավի տխրագին երգը, որն անհասկանալի էր աշխարհին ու մարդկանց, անբացատրելի…

Այնպես անխինդ են ու նման լացին

Երգերն իմ երկրի, այնպես տխրագին,

Մեզ չի հասկանա օտարերկրացին,

Մեզ չի հասկանա սառն օտարուհին…

 

Կամ՝

 

Քեզ կմնա միշտ օտար

Նաիրական իմ հոգին

Եվ թախիծն այս անդադար

Եվ տրտունջը հին:

 

…Եվ խնջույքում հրով հին

Երբ կարմիր խնդա,-

Չես զգա, որ մեր գինին

Մեր արյունն է դա…

Տերյանի երգի մեջ խտանում են մեր թախիծն ու տագնապները, մեր ողբն ու հոգեկան խռովքը: Ձևավորվում է 20-րդ դարի հայ մարդը, որի հոգու վրա հայրենիքի բախտը դրել է անծայրածիր ցավի ծանրությունը:

Տառապում է բանաստեղծի զգայուն հոգին հայրենիքի ճակատագրի ճնշման տակ, երբեմն այդ ցավը հասնում է մռայլ հուսալքության, երբեմն նա կորցնում է երկրի գալիքի հույսը, մանավանդ այն պահերին, երբ, ֆիզիկական վիթխարի կորուստների հետ միասին, կասկածի տակ է դրվում նաև ազգային ոգու գոյությունը:

Դեռ 1913 թ. գրած բանաստեղծությունը մահվան մի տագնապալի ահազանգ էր.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի.

Մա՞հն է արդյոք, թե՞ նինջը քեզ

Պատել պայծա՛ռ Նաիրի:

 

Վտարանդի, երկրում աղոտ,

Լուսե՜ղ, քեզ եմ երազում,

Եվ հնչում է, որպես աղոթք,

Արքայական քո լեզուն:

 

Հնչում է միշտ խոր ու պայծառ,

Եվ խոցում է, և այրում,

Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,

Թե՞ վերքերն իմ հրահրուն:

 

Ահով ահա կանչում եմ քեզ,

Ցոլա, ցնորք Նաիրի՛.-

Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի…

 

Թվում է՝ ցավից պայթում է սիրտը: Բանաստեղծին բախտը պահել է ամենասարսափելին՝ դառնալ իր երկրի մահվան երգիչը: Դա նորագույն շրջանի հայ բանաստեղծի ճակատագիրն էր՝ կապված ազգի քաղաքական ողբերգության հետ:

1915 թ. աղետից  առաջ էլ բանաստեղծը տագնապում էր Հայաստան երկրի գալիքի համար, քանի որ ազգային կյանքը մինչև այդ էլ ենթակա էր ամեն տեսակ կամայականության: Զանազան ձևերով, արյունալի դրվագներով նախապատրաստվում էր ջարդը: Բանաստեղծի ապրումները գալիս էին և այդ անվերջ տագնապներից ու աղետներից, և ճիշտ կլինի ասել՝ արյունոտ գալիքի թաքուն զգացողությունից, այսինքն՝ հոգևոր տեսողությունից: Վահան Տերյանը անվերջ ու անքուն որոնում էր հայրենի երկիրը. դեռ 1912 թ. նա գրում է կարոտի և ցավի ծանր տողեր.

Երանի նրան, ով հայրենական

Խաղաղ հարկի տակ հանգչում է հիմա,

Ում չեն սարսեցնում հողմերը գուժկան,

Ով գալիք օրվան ժպտում է անահ…

 

Մեր բանաստեղծության երկու հատվածներում էլ ձևավորվում է գեղարվեստական ու գաղափարական նոր երևույթ, սկսում է ծավալվել ամենասովորական կյանքի, եզերքի, հողի, օջախի, խաղաղ հարկի կարոտը, քանի որ մի անբնական, կործանիչ հողմ ավերում էր երկիրն ու տունը: Երգի մեջ, հենց այդ անբնական ճնշման տակ, մեծանում է հոգևոր և նյութական բնույթի սովորական թվացող երևույթների, այսինքն՝ խաղաղ առօրյայի ու կեցության պաշտամունքը:

…Փշով են պատած ուղիներս մութ,

Մեր տեսիլքները սառն ու ահավոր,

Մեզ գգվում են միշտ գգվանքով մի սուտ.

Մեզ խաչ են, խաչ են հանում ամեն օր…

 

Մութ է, և ցուրտ է, և բուք է, և բորան,

Մեր ուղիներում սարսափ է և մահ.

Արյունոտ ուղի՜… Երանի նրան,

Ով հայրենական տուն ունի հիմա…

 

Նույն տարում նա գրում է իր ազդեցիկ բանաստեղծություններից մեկը՝ «Հայրենիքում»: Դեռ մեծ աղետից առաջ, ծանր տագնապի զգացողությամբ, նա երգում էր ավերված հայրենիքը. «Ավերված երազ- հայրենական տուն»: Ծայր է առնում մեր նորագույն ազգային-քաղաքական երգը՝ ողբերգական շեշտերով: Այդ երգի մեջ վերանում են անհատական և ընդհանուր զգացումներին սահման դնող բոլոր գծերը, կապարի ծանրություն են ստանում բանաստեղծ որդու ապրումները.

Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին,

Եվ տաղտկալի է այս ուղին մոլոր.-

Չըհիշե՛լ, մերժե՛լ տենչերս բոլոր

Եվ ցնորքներս, որ ինձ խաբեցին:

 

Անհուսություն և անվերջ վհատում

Եվ դառնություն է լցված իմ հոգում,

Փռված է խավար և մահ, և անկում-

Ավերվա՛ծ ես դու, հայրենական տուն…

 

Այս երգերի յուրատեսակ, յուրօրինակ շարունակությունը եղավ «Երկիր Նաիրի» շարքը: Տերյանի երգի մեջ զորանում է ազգային հեռավոր ու մոտ ակունքների հայտնաբերման ձգտումը: Նա անդուլ որոնում է հայրենի եզերքի հին ու նոր արժեքները: Տեղի է ունենում հոգեբանական բարդ երևույթ. վտանգի ու կործանման պահին ավելի է ուժեղանում կապը հողի, ժողովրդի հետ, այլ չափերով ու գույներով են երևում եզերքի մեծ ու փոքր գեղեցկությունները: Հոգեկան բուռն լարման մեջ Տերյանը ձգտում է իր ընթերցողին առավել ուժով կապել երկրի հազարամյա հոգևոր շնչի ու ժառանգության հետ: Եվ դա շատ բնական երևույթ էր այն պահի համար, երբ արդեն կտրվում էին հայրենիքի ու ժողովրդի գոյության լարերը:

Տերյան բանաստեղծն իրեն համարում է երկրի մաքառող որդի, դարերի ժառանգ, անդուլ ուխտավոր, մի հեգ նաիրցի, որ անկանգ գնում է ժողովրդի հետ նույն հավերժական ճանապարհով.

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ

Մի հեք նաիրցի գնում եմ անկանգ.-

Թող գուժկան գիշերն անհաստատ դավե-

Որքան մութը սև՝ այնքան ես համառ,

Երկնիր, իմ երկիր, հավատով անմար,

Սուրբ է քո ուղին և պսակդ վեհ…

 

Այս ամենի շուրջ նա ստեղծում է մթնոլորտ՝ մտերիմ, ջերմ ու հարազատ, հյուսում երկրի մարդկանց բարոյական կապերի պատմությունը: Հայրենիքը դառնում է բազմանիստ մի աշխարհ, երգի մեջ բազմատեսակ զգացումներից գոյանում է սիրո մի նոր հոսանք: Ծնվում են նաև մայրական սիրո երգերը, հոր կերպարը, տան պատկերը: Ջերմարար մի ալիք է բարձրանում երգերի մեջ: Ծանր տեսիլների մեջ, դժվար ուղիներում, ցավատանջ երազների մեջ հարություն է առնում մոր լուսեղեն կերպարը: Նրա անմահ ոգին երկրային ծանր կյանքի մեջ մնում է միակ ապավենը՝ հնօրյա երգով օրորում կորած ու հիվանդ որդուն: Ահա այս մայրը, այս հուշն ու այրող զգացումը մարդուն տանում են դեպի նույն սուրբ եզերքը՝ Հայաստան երկիրը, որի հետ կյանքով, հիվանդությամբ, նույնիսկ մահով առհավետ կապված է բանաստեղծը: Մայրը օգնում է նրան ապրել աշխարհում՝ օտարության մեջ, կյանքի ծովում անղեկ ու անառագաստ մնացած որդուն կապում է հարազատ եզերքի հետ.

Այս գիշեր կրկին մայրս մեռած

Հայտնվեց նորից մահճիս վրա,

Փայփայեց նորից որդուն կորած,

Օրորեց երգով իր հնօրյա…

 

Եվ արցունքներս դառն ու առատ

Չպահեցի ես, երբ նա հանդարտ

Շոյեց ձեռներով այն անարատ,

Ժպտաց ժպիտով այն անզվարթ…

 

Ու որպես ստվեր մեղմ ու բարի

Մնաց նա մոտս մինչ առավոտ,

Լսեց գանգատս այս աշխարհի,

Տենդի խոսքերս խենթ ու աղոտ…

 

Եվ աղոթեց նա հիվանդ որդուն,

Օրհնեց երկրային ուղիս դժվար,

Եվ լուսեղեն էր գիշերն արթուն,

Եվ սիրտս ցավին պարզվեց հոժար…

 

Նորից դաժան օր-մշո՜ւշ ու մե՜գ,

Եվ նորից, նորից երկրում օտար

Ընկած եմ, որպես ծովում անղեկ

Եվ անառագաստ մի նավավար…

 

Դարձյալ եզերքի կարոտը, մայրական կորստի վիշտը և անձնական ցավը միաձուլվում են մի ուրիշ պատկերի մեջ.

Երբ կհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու,

Այնտեղ կա նուրբ երեկո, մեղմախոս առու,

Այնտեղ հանգիստ կննջեմ մեռած իմ մոր հետ,

Կգրկեն ինձ երազներ դյութական հավետ:

 

Այս բոլորի մեջ առանձնանում է մի այլ տեսիլ, որ մայրական սիրո կիզակետն է և մոր կերպարի բյուրեղացումը: Հավերժակա՜ն մի տեսիլ…

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին.

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին.

Մանում ու հեքիաթ ես ասում,

Մանում ես անվերջ ու արագ.

Սիրում եմ պարզկա քո լեզուն,

Ձեռներդ մաշված ու բարակ:

Նայում եմ, մինչև որ անզոր

Գլուխս ծնկիդ է թեքվում.

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ հոգում:

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթդ անվերջ օրորում,

Իլիկդ խոսում է անուշ…

 

… Ահա հայրենիքը, որի բախտի և հոգու վրա քաղաքական հողմերը դրել են անջնջելի կնիք, որի երբեմնի պայծառ պատկերների վրա սավառնում է մահվան ուրվականը.

Հայրենիքում իմ արնաներկ

Գիշերն իջավ անլույս ու լուռ.

Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ

Եվ վարդի բույր, և սրտի հուր:

Ամեն մի միտք հիմա մի վերք,

Ամեն հայացք հատու մի սուր.

Արնոտ դիերն են համր ու մերկ

Նայում երկինք՝ անզոր ու զուր:

Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված

Մեր նաիրյան սիրտը բեկված,

Հրով որքա՜ն խորհրդավոր.

Ահա որպես ծաղիկ թեքված

Մեր հին հոգին համր ու մոլոր,

Ա՜խ, և՛ անզո՛ր, և՛ անարգվա՛ծ…

 

Բանաստեղծը ոչինչ չի գունազարդում. նա հայրենիքի բախտը տեսնում է այնպես, ինչպես որ կա՝ մռայլ ու սև, բայց և հայտնաբերում է ինչ-որ թաքուն, անսովոր հոգեկան գեղեցկություններ. նրա տեսիլները երևում են սև երիզի մեջ, նման են սգավոր գեղեցկության, որից, սակայն, սրբություն է կաթում:

Մշուշի միջից,- տեսի՜լ դյութական,-

Բացվում է կրկին Նաիրին տրտում.

Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,

Եվ այնքան ներում – ո՞ր երկրի սրտում…

Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ

Ձեռների նման պարզված երկնքին,

Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ

Եվ զոհաբերումն այնպես խնդագին…

Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր

Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.

Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,

Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ…

Եվ զարմանալի բան, այս խոր մտքերը նա հաճախ հասցնում է այնպիսի բնականության, որ թվում է՝ նույնիսկ բանաստեղծություն չես կարդում, այլ լսում ես կիսաձայն, արտասովոր մտերիմ մի զրույց, հեռվից եկող իմաստուն ու ջերմին խորհուրդ, որ թափանցում է մինչև հոգուդ խորքը: Դա ցավի ու տառապանքի լեզուն է, որ չի ընդունում մեծադղորդ խոսքեր, պերճաբանություն, որը մեղմիկ, բայց խորունկ խորհրդածություններով քեզ մոտեցնում է անկման ու հարության առեղծվածներին: Բայց կիսաձայն խոսքը, խորհուրդների ու ցավի լեզուն բնավ կապ չունի խեղճության ու լալկանության հետ: Տերյանի պոեզիայի մեջ, նույնիսկ ամենացավոտ երգերում, վիրավոր սիրո մեջ կա մի ազնիվ հպարտություն:

Հայ ժողովուրդն անցյալից բերում է իր հոգևոր հպարտությունը, տառապանքի մեջ մկրտված նաիրյան հոգին, ազնիվ խառնվածքը, իր աշխատանքը, իր երազը, ներողամիտ սիրով լցված իր հոգին: Պատմության ճանապարհին նա երբեք թույն չի կուտակել իր հոգում, աշխատել է դիմադրել ու սիրել, բարբարոսների դեմ ունենալով միայն մի «զենք»՝ հոգևոր գեղեցկություն ստեղծելու զենքը: Տերյանը առաջ է գնում իր փիլիսոփայության մեջ: Նա կարծում է, որ դարերի ուխտավորը՝ հայ մարդը և ժողովուրդը, իր հետ բերել է այդ հարստությունները, դեռ անելիք ունի պատմության ճանապարհին: Հովհ. Թումանյանի հետ միասին, ամենադժվար օրերին Վահան Տերյանը ստեղծում է ազգային կենսունակության զենքը, փոխանցելով այն գրական գալիքին:

Եվ «հանկարծ» այդ մեղմախոս պոետը, որն, ինչպես Չարենցն է ասում, տխուր ու անամոք երգը կապել էր մեր մեռնող բարդու բնին, բարձրաձայն երգում է հայ ժողովրդի ոգու հպարտությունը, խոսում է իր հայրենիքի վերածնության, արքայական խոսքի ու սրբության հավերժական ճանապարհի մասին…

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,

Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է ու հին:

 

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,

Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

 

Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս-

Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես:

 

…Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,

Արքայական խոսքը մեր կմնա հավետ:

 

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,

Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար:

 

…Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր

Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր…

 

Կարելի է ասել, որ երկու դեպքում էլ՝ և՛ մեղմախոս տառապանքի, և՛ հպարտության երգի մեջ նա հասնում է կատարելության, նոր հորիզոն բացում բանաստեղծության համար:

Ահա այսպես, արյունոտ օրերին սկիզբ է առնում նաև միայնակ մնացած, փոքր ժողովրդի գեղեցկության պատմությունը, մենության դատապարտված ազգի հպարտության թեման: Այսպիսով, քաղաքական ողբերգության մեջ լույս է նետում լավատեսությունը, որն ուներ ժողովրդական ամուր հիմքեր, հոգեբանական ու գաղափարական ամուր հենարաններ…

 

ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ

«Վահան Տերյան», 1985 թ.

Խորագիր՝ #48 (1368) 2.12.2020 - 8.12.2020, Հոգևոր-մշակութային


03/12/2020