Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ ՄԵԾ ԳՈՐԾ Է ԱՆՈՒՄ
ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ ՄԵԾ ԳՈՐԾ Է ԱՆՈՒՄ

ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ ՄԵԾ ԳՈՐԾ Է ԱՆՈՒՄ

Վախճանվեց հայ մեծանուն դերասան ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ …

Նրա հետ մեր զրույցը 12 տարվա վաղեմություն ունի, հեղինակը պատմում է իր մանկության, անցած ճանապարհի մասին, խոսում է բանակի ու զինվորի, արվեստի ու արվեստագետի առաքելությունից, մտորում հայկական իրականության խնդիրների շուրջ:

 

-Պարոն Ջիգարխանյան, ի տարբերություն շատ արվեստագետների, Դուք գրեթե չեք խոսում Ձեր անցած ճանապարհից, մանկության տպավորություններից, ծնողներից, մենք շատ քիչ բան գիտենք Ձեր արմատների, նախնիների մասին։

-Ես էլ շատ քիչ բան գիտեմ։ Ծնվել եմ Երեւանում, ապրել եմ Կոնդում, մայրիկիս հետ։ Հորս հետ ծանոթացել եմ 27-28 տարեկանում, նա ուրիշ ընտանիք ուներ եւ մեզ հետ չէր իմ մանկության ու պատանեկության տարիներին։ Ես մորս միակ երեխան եմ, մանկությունս անցել է մինիստրների խորհրդի շենքում կամ գինեկոլոգիայի ինստիտուտում, որտեղ աշխատում էին մայրս եւ հորական տատս։ Բայց, ինչպես տեսնում եք, ո՛չ պետական գործիչ դարձա, ո՛չ էլ բժիշկ։

-Մանկություն ասելիս ի՞նչ պատկեր է արթնանում, ո՞րն է Ձեր մանկության ամենակարեւոր դրվագը։ Անտուան դը Սենտ Էքզյուպերին հայտնի խոսք ունի, թե՝ մարդը գալիս է իր մանկությունից։

-Իսկ, այ, ե՛ս չգիտեմ, թե որտեղից եմ գալիս եւ չեմ ուզում ոչինչ հորինել։ Ես կարող եմ մի կերպար ընտրել ինձ համար, մտնել այդ կերպարի մեջ ու «խելոք-խելոք» բաներ ասել, էնպես, որ դուք հուզվեք, որ ձեր ընթերցողը հուզվի։ Բայց դա հնարածին կլինի, իսկ ես չեմ ուզում ոչինչ հնարել։ Ես կարող եմ ինձ թույլ տալ ասել ճշմարտությունը եւ չմտածել խելոք երեւալու մասին։ Ես կարող եմ այսպես խոսել Ձեզ հետ` անկեղծ, եւ դա ինձ դուր է գալիս։ Կա մի մեծ ճշմարտություն, որից գոյանում է իրականությունը։ Այդ ճշմարտության բաղադրիչները տարրալուծել չես կարող, փնտրելն իզուր է ու մանավանդ` աննպատակ։

-Դուք գենետիկ առեղծվա՞ծը նկատի ունեք։

-Հա, նաեւ գենետիկ առեղծվածը եւ` ոչ միայն։ Մի ժամանակ ես էլ էի փորձում հասկանալ` ի՞նչ, ո՞նց, որտեղի՞ց։ Հետո դադարեցի։ Ասենք` պարզեի, որ իմ յոթը պորտից մեկը` բաբոյիս բաբոն փոխանցել է ինձ այն կայծը, որ ինձ բեմ է հանում, դրանից ի՞նչ էր փոխվելու։ Ավելի լավ կլինի, որ մենք փորձենք ճիշտ հասկանալ, թե ի՞նչ է մեզ տրված, եւ ի՞նչ ենք մենք ուզում։

-Շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնց հանդեպ ճակատագիրը բարեհաճ չի եղել, հանգամանքները խանգարել են, ու նրանք չեն հասել այն բարձունքին, որ կարող էին հասնել։

-Ո՞ր հանգամանքները։

-Չեն կարողացել լավ կրթություն ստանալ, լավ ուսուցիչներ չեն ունեցել, ժամանակներն ու բարքերն աննպաստ են եղել։ Ի՞նչ ճանապարհ պիտի անցնի արվեստագետը, որ կարողանա լիովին ինքնադրսեւորվել։

-Իհարկե, կրթությունը, ուսուցիչները կարեւոր են։ Այն մարդը, որը ցանկանում է արվեստով զբաղվել, պիտի շատ կարդա, երաժշտություն լսի, ֆիլմ ու ներկայացում նայի։ Բոլոր ճանապարհներից ամենաճիշտն ինքնակատարելագործման ճանապարհն է։ Բայց այս ամենը արդյունքի կբերի միայն այն դեպքում, եթե ի սկզբանե քո մեջ կա բնատուր կայծը, էներգիան, որոնք քեզ տանում են կանխորոշված ուղիով։ Եթե կա ասելիք։ Մի անգամ ես խնդրեցի մի տաղանդավոր, ճանաչված դաշնակահարուհու լսել մի երիտասարդ կատարողի։ Նա լսեց, լսեց ու երկու բառով պատասխանեց. «Ասելիք չունի»։ Նվագում է, տեխնիկային տիրապետում է, կատարում է բոլոր նրբերանգները, բայց… ասելիք չունի։

-Որքանո՞վ է առկա հայկականությունը Ձեր արվեստում, Ձեր մարդկային կերպարում։

-Մեծ արվեստը, իսկական արվեստը համամարդկային երեւույթ է. մարդու մասին է ու մարդու համար։ Ես Շեքսպիր շատ եմ սիրում եւ պիտի օրինակը Շեքսպիրից բերեմ. «Համլետ» նայելիս ո՞վ է մտածում, որ նա դանիացի է։ Եթե իմ հայրենակիցները հպարտանում են ինձնով, իմ արվեստով, ապա թող դա անեն առանց հայկականություն փնտրելու, որովհետեւ փնտրել պետք չէ գտնելու համար, որ ես հայ եմ։ Բայց իմ արվեստը նրանց հուզում է ոչ այն պատճառով, որ ես հայ եմ։ Եթե ես ռուս լինեի, էլի մարդկանց դուր էր գալու այն, ինչ դուր է գալիս հիմա։

-Յուրաքանչյուր անվանի հայ ներկայացնում է իր ժողովրդին, հայերին ճանաչում են Խաչատրյանով, Սարյանով, Ազնավուրով, Ջիգարխանյանով… Սա էլ է հատուկ փոքր ազգին` ճանաչվել իր մեծերով։ Այդ միտքը, այդ իրողության գիտակցումը Ձեզ ի՞նչ է տալիս։

-Ես այդ մասին չեմ մտածում։ Եթե մտածեմ, կսկսեմ սխալ բաներ անել, ինձ ճիշտ չեմ պահի։ Ես փորձում եմ ինձ չխաբել։ Եվ չխաբել մյուսներին։ Եվ դա շատ դժվար է։ Բանաձեւերով ապրելը շատ ավելի հեշտ է։ Իմ փեշակն էնպիսին է, որ ես առանց այդ էլ ուրիշի պատմությունն եմ պատմում, ուրիշի ցավը, ուրիշի տառապանքը, ուրիշի ապրումը։ Եվ միշտ չէ, որ այն իմ էությանը, իմ հոգուն հարազատ է լինում, ուստի, պիտի գոնե ինքնախաբեություն չլինի, լրացուցիչ սուտ չլինի։ Ես դեմ եմ միտինգային ճշմարտություններին, դրանք իմը չեն։ Ես ուզում եմ ինչ-որ լավ բան անել։ Երբ մարդիկ ժպտում են ինձ, լավ եմ զգում, ես ուզում եմ, որ մարդիկ ուրախ լինեն։

-Մեր զրույցի սկզբում Դուք ասացիք, որ արվեստագետը պիտի ասելիք ունենա։ Իսկ այդ ասելիքը ինչպե՞ս է ծնվում։

-Ցավից։

-Ասելիքը կապ չունի՞ քո ժամանակի իրողությունների հետ։ Մեր նորագույն պատմությունը նշանավորվեց մեծ հաղթանակով, բախտորոշ իրադարձություններով` Ազատամարտ, Ազգային բանակի ծնունդ, հաղթանակ… Բայց ժամանակակից հայ արվեստը գրեթե անարձագանք մնաց։ Մինչդեռ ասելիք կար…

-Արվեստը դեպքի փաստագրում չէ։ Այն, ինչ գրել է Շեքսպիրը, եղել է իրենից առաջ` որպես լեգենդ, ասք։ Շեքսպիրը նոր բան չասաց` փաստի առումով, բայց նա բերեց մի մեծ հետեւություն, մի մեծ եզրահանգում։ Գուցե մենք այդ եզրահանգումը չունենք` կապված Արցախյան պատերազմի հետ։ Ավարտուն։ Գուցե ինչ-որ կիսատ բան կա, դրա համար էլ եզրահանգում չի ծնվում:

-Իհարկե, կիսատ բան կա. Արցախը սկիզբ է…

-Ուրեմն` ինչո՞ւ եք ուզում, որ մենք ընթացքի մեջ եզրահանգումներ անենք։ Արվեստն ու արվեստագետը մեղավոր չեն։ Եթե արվեստն ու արվեստագետը չեն արձագանքել, նշանակում է` կամ չեն հասցրել յուրացնել, կամ ավարտուն ասելիք չունեն։ Ավելի վատ կլիներ, եթե Արցախյան ազատամարտը կամ Եղեռնը դառնային սպեկուլյացիայի առարկա արվեստում։ Դա ավելի շատ վնաս կտար, քան օգուտ։

-Մենք ավանդական հարց ունենք. ի՞նչ կասեք դիրքերում կանգնած զինվորներին։

-Իսրայելում էի։ Ինձ հրավիրեցին մեկի տուն, ասացին, որ այդ ընտանիքում տոն է։ Ու իսկապես տոն էր, զավակին բանակ էին ճանապարհում։ Եվ ես մտածեցի, թե ինչ կարեւոր ձեռքբերում է, առավելություն` տոնել որդու զինվորանալը։ Մեր զինվորը մեծ գործ է անում, բայց իմ խոսքը քիչ է, ինքը պիտի հասկանա դա։ Պիտի հասկանա, որ մի ամբողջ երկիր ունի իր կարիքը։ Ես 73 տարեկան եմ եւ ունեմ իր կարիքը։ Իր պաշտպանության կարիքը։ Լեւ Տոլստոյի որդին մի վեպ է գրում եւ ցույց է տալիս հորը։ Տոլստոյը կարդում է։ Ու ասում է որդուն. «Գրիր էն ժամանակ, երբ եթե չգրես, կմեռնես»։ Ծայրահեղ բա՞ն եմ ասում… Ճշմարտությունը, ուժը էդ մղումի ժամանակ են ծնվում, պիտի հոգուց գա, ներսից։ Արվեստագետն էլ, զինվորն էլ եթե մի բան անում են, պիտի հոգով անեն։ Մեծ ցանկությամբ։ Մնացածը հեքիաթ է:

Թող  այս  տարին հայ զինվորի համար բարի տարի լինի…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ