Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ՓՈՔՐԻԿ ԷԴԳԱՐԻՆ



ՆԱՄԱԿ ՓՈՔՐԻԿ ԷԴԳԱՐԻՆԲարև, սիրելի՛ Էդգար, երբ դու կարդաս այս նամակը, արդեն մեծ կլինես: Ու մեր այս օրերի ինքնազոհ ու հերոսական պայքարը կլինի դաս՝ քո պատմության դասագրքի էջին, նկար՝ Հաղթանակի թանգարանում, թանկ ու խնկելի շիրիմ՝ Փառքի պանթեոնում: Մեր համազգային հավաքական հիշողության մեջ՝ անանց մղձավանջ, մեր սրտում՝ հավերժ նվացող սպի, մխացող ցավ… Ու մեծ հպարտություն, ու մեծ տոն, ու մեծ ցնծություն, որ մենք կժառանգենք քեզ՝ իբրև ամենաթանկ նվեր, որ կարող է տալ ավագ սերունդը կրտսերին՝ ազատ, անկախ, ինքնիշխան, հզոր ու պաշտպանված հայրենիք ունենալու երջանկությունը:

…Ես քո նկարը տեսա համացանցում: Դու մեկ տարեկան ութ ամսական փոքրիկ էիր ու թմբլիկ թաթիկով շոյում էիր զինվորական համազգեստով եղբորդ նկարը: Քո աչուկներում ժպիտ կար, հայացքիդ մեջ՝ կարոտ: Դու սպասում էիր եղբորդ՝ Ալեքսի զանգին: Դու հիշում էիր, թե նա ինչպես էր խաղում քեզ հետ ամեն օր: Բայց մի օր էլ չեկավ: Սկսեց չգալ: Փոխարենը՝ զանգում էր քեզ քնելուց առաջ: Ամեն օր զանգում էր, ու քնելուց առաջ դու լսում էիր նրա ձայնը խոսափողի մեջ: Ես չգիտեմ, թե ինչ էր ասում Ալեքսը, և ինչու էիր դու այդ ժամանակ ժպտում այդքան խանդավառ ու երջանիկ, բայց գիտեմ, թե նա որտեղ էր այդ ժամանակ: Ազգային բանակի զինվոր Ալեքս Պողոսյանը մեր հայրենիքի սահմանին էր, դիրքերում: Նա կանգնած էր մեր դարավոր ոսոխի առաջ, որ քո ժպիտը երբեք չխամրի, որ դու հանգիստ քնես, խաղաղ ու անհոգ մանկություն ունենաս: Մի օր էլ Ալեքսը չզանգեց: Չզանգեց նաև հաջորդ օրը: Էլ երբեք չզանգեց: Հայրդ պատմում է, որ երբ հեռախոսը զնգում էր, դու վազում էիր, քաշում նրա ձեռքից ու ասում՝

-Պա՛պ, Ալե, Ալե…

Իբր՝ Ալեքսն է, տուր հեռախոսը, խոսեմ Ալեքսի հետ: Դու այդ ժամանակ փոքրիկ էիր, որքան էլ բացատրեին՝ չէիր հասկանա, որ Ալեքսն էլ երբեք չի զանգելու: Որ քո եղբայրը զոհվեց հանուն հայրենիքի, ընկավ քաջի մահով: Ու ես պատիվ ունեմ քեզ պատմելու այդ պատմությունը:

Երբ հրամանատարը նկատեց, որ մոտակա դիրքերում փոխհրաձգություն է սկսվել, ու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախումբը սպառնում է մեր զինվորներին, վերցրեց զենքը, որ գնա օգնելու տղաներին:

-Ես էլ եմ քեզ հետ գալիս, հրամանատա՛ր: Խնդրում եմ, թույլ տուր, ես քեզ պետք եմ, պետք եմ տղաներին:

Հրամանատարը պնդում էր, որ Ալեքսը մնա անվտանգ դիրքում, բայց եղբայրդ անդրդվելի էր…

Ծուղակի մեջ ընկած զինվորներին օգնության շտապող ուժերի և թշնամու միջև փոխհրաձգություն է սկսվում: Ալեքսը կռվում է կատաղի, ինքնազոհ ու ծանր վիրավորվում է: Հոսպիտալում բժիշկները մինչև վերջին հույսը պայքարում են հերոսի կյանքի համար, բայց…

Էդգա՛ր, ոտքդ ամուր դիր հողին, հպարտ քայլիր, գլուխդ բարձր: Քո հայրը 1990-ականներին կռվել է Արցախի ազատության համար, վիրավորվել է հարազատ հողը ազատագրելիս: Այս պահին, երբ ես գրում եմ քեզ այս նամակը, ավագ եղբայրդ՝ Առնոլդը, և հորեղբայրդ՝ Վահրամը, Արցախյան ռազմաճակատում են: Իսկ հայրդ ասում է, որ շուտով կմիանա նրանց: Դու քաջերի զարմից ես, քո երակներում ազնիվ ու հերոսական արյուն է հոսում՝ ամենապատվախնդիր, ամենաբարձր ու ամենաուժեղ տղամարդկանց արյունը: Երբ դու մեկ տարեկան ութ ամսական էիր, քո ընտանիքի բոլոր տղամարդիկ ռազմաճակատում էին: Իրենց կյանքով փրկում էին մեր հայրենիքի անկախությունը, մեր հողը, մեր պատիվը ու մեր ապագան:

ՆԱՄԱԿ ՓՈՔՐԻԿ ԷԴԳԱՐԻՆԵրեկ ես զրուցեցի հորդ հետ: Երբ դու մեկ տարեկան ութ ամսական էիր, նա լայնաթիկունք, խռիվ մորուքով, բարետես, երիտասարդ տղամարդ էր. հայացքի մեջ՝ ցավի կարծրությունը, աչքերի մեջ՝ վրեժի կրակը: Նա ասաց.

-Ով ի վիճակի է, պիտի զենք բռնի: Ով կարող է, պիտի կրակի թշնամու վրա: Ավագ որդիս ու եղբայրս սահմանին են, գնամ, միանամ նրանց: Ո՞ւմ թողնեմ իմ բաժին կռիվը: Մենք պիտի հաղթանակով ավարտենք այս պատերազմը: Իրավունք չունենք այս կռիվը թողնել գալիք սերունդներին: Մեր երեխաները չպետք է անցնեն պատերազմի արհավիրքի միջով, չպետք է զգան հարազատ կորցնելու ցավը:

Էդգա՛ր, մեր ուժերը անհամեմատ փոքր էին, մենք կռվում էինք երեք ճակատով՝ թուրքերի դեմ, ադրբեջանցիների ու արտերկրից ռազմաճակատ եկած վարձկան ահաբեկիչների: Բայց մենք հաղթեցինք: Մեր փոքր, բայց հպարտ ու հերոսական ժողովուրդը հաղթեց: Ու գիտե՞ս ինչու… Որովհետև մեր հոգին զինված էր սիրո զենքով, սիրո զրահով: Մենք սիրում էինք մեր հայրենիքը, մենք սիրում էինք մեր ժողովրդին, մենք սիրում էինք մեր արժանապատվությունը, մենք սիրում էինք քեզ ու քեզ նման հազարավոր հայ փոքրիկներին ու պատրաստ էինք տալու ամենաթանկը, միայն թե դուք տիրոջ իրավունքով, տիրոջ հպարտությամբ ապրեիք սեփական երկրում: Ու մեր սերը հաղթեց: Թշնամու ատելությունը ծնկի իջավ մեր սիրո առաջ: Մենք շատ ծանր գին վճարեցինք, որ դու ու քո սերնդակիցները ապրեք ազատ հայրենիքում: Մենք հայրենիքի փրկության նժարին դրեցինք ամենաթանկը՝ մեր սիրտը, մեր աչքի լույսը՝ մեր որդիներին: Ու հիմա այդ հայրենիքը քո ափերի մեջ է: Տքնի՛ր, կառուցի՛ր, ծաղկեցրո՛ւ քո հողը, ու դա կլինի ամենալավ հատուցումը մեր զոհողությունների դիմաց: Հավանաբար, հայրդ պատմած կլինի, թե Ալեքսը որքան լավ էր սովորում մաթեմատիկա առարկան: Երբ եղբայրդ յոթերորդ դասարանում էր, ուսուցիչը նրան տանում էր իններորդ դասարանի մաթեմատիկական խնդիրներն ու վարժությունները լուծելու, որ օրինակ ծառայի մեծերին: Ալեքսը ուսանող էր, և ես վստահ եմ, որ նա մեծ գիտնական կդառնար, մանավանդ, հորդ պատմելով, շատ աշխատասեր էր. ոչ միայն դասերն էր սովորում ջանասիրությամբ, այլև դպրոցական տարիքից աշխատում էր, որ օգնի հորը և թեթևացնի ընտանիքի հոգսը: Նա մեծ գործեր կաներ, եթե ողջ մնար, բայց կյանքը տվեց հայրենիքին ու քեզ ավանդեց հայրենիքի համար մեծ գործեր անելու պատգամը: Ու դու պարտավոր ես Ալեքսի հայրենիքը դարձնել աշխարհի ամենահզոր, ամենագեղեցիկ, ամենապաշտպանված երկիրը: Դու ու քո սերնդակիցները պիտի իրականացնեք իրենց կյանքի գնով ձեր մանկությունը փրկած հերոսների անկատար երազանքները…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #44 (1364) 4.11.2020 - 10.11.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


31/10/2020