Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«Ո՞ՆՑ ԵՍ ՀԱՂԹԵԼՈՒ ՄԻ ԺՈՂՈՎՐԴԻ, ՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՐ ԿՅԱՆՔԻՑ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ»



«Ո՞ՆՑ ԵՍ ՀԱՂԹԵԼՈՒ ՄԻ ԺՈՂՈՎՐԴԻ, ՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՐ ԿՅԱՆՔԻՑ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ»Նա, ով եղել է Արցախում, նա, ով տեսել է Արցախի բնությունը, արցախցիներին, լսել նրանց բարբառը, կհասկանա, որ այդ երեքը անքակտելիորեն ձուլված են իրար: Նրանց ոչ ոք չի կարող բաժանել: Նրանք այնքան հին են, այնքան կենսունակ, այնքան միաձույլ: Արցախի հողը, Արցախի լեռները օտարին չեն հանդուրժի:  Պատահական չէ, որ Արցախը երբեք չի նվաճվել: Այն փոքրիկ, հազվագյուտ հերոսական երկիր է: Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը այսօր արցախցու հուսալի թիկունքն են ու երբեք նրան մենակ չեն թողնի: Արցախի հողը յուրաքանչյուր հայի հողն է, արցախցու կռիվը յուրաքանչյուր հայի կռիվն է, ու մեր որդիները Արցախի սահմանին սեփական սիրտը վահան են դարձրել թշնամու դեմ: Նրանք կռվում են ինքնազոհ, նրանք կյանքի գնով պաշտպանում են Արցախի հողը: Դե, հաղթիր տեսնեմ՝ ո՞նց ես հաղթելու կյանքը հայրենիքի համար տալու պատրաստ զինվորին: Դե, հաղթիր տեսնեմ՝ ո՞նց ես հաղթելու մի ժողովրդի, որը հայրենիքն իր կյանքից շատ է սիրում:

Ես 82 տարեկան եմ, դիմեցի, որ գնամ ռազմաճակատ, թույլ չտվեցին, ասացին՝ հերթը քեզ չի հասել, թող ջահելները կռվեն: Ասացին՝ հաղթելու ենք, չվախենաս: Ես չեմ էլ վախենում, մի վայրկյան անգամ չեմ կասկածել, որ հաղթելու ենք:

ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (1360) 7.10.2020 - 13.10.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ


05/10/2020