Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ



ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎՄեր բանակի ստորաբաժանումներից մեկը լավագույնն է ճանաչվել մարտական հերթապահություն իրականացնող հրետանային ստորաբաժանումների շարքում: Դեռևս այսքանը գիտեի, երբ մեկնում էի հրետանային զորամաս՝ զրուցելու լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանման հրամանատարի հետ: «Հիմա կկանչեմ, կզրուցեք,- ասաց զորամասի ԲՀԱ գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Աթաբեկյանը և մինչև ստորաբաժանման հրամանատարի` իր աշխատասենյակ գալը, այսպես ներկայացրեց նրան.

-Մայոր Վազգեն Ամիրյանը մեր լավագույն հրետանավորներից է, մասնագետ, որին կարող ես հանձնարարել ցանկացած պատասխանատու առաջադրանք, վստահ, որ ամեն ինչ կկատարվի բարձր մակարդակով: Իսկ նրա դիվիզիոնը, որ լավագույնն է ճանաչվել, մեր ամենից «չարչարված» ստորաբաժանումներից է. ամենաբարդ խնդիրները նրան ենք առաջադրում:

-Ուրեմն, Վազգեն Ամիրյանի հե՞տ եմ զրուցելու. առիթ եմ ունեցել անդրադառնալու նրան,- ասացի (Վազգենը ակնարկներիցս մեկի հերոսն է: Լավագույն հրետանային ստորաբաժանման հրամանատարի իր դիրքերը փաստորեն չի զիջում):- Ուրախ եմ, որ նույն ոգևորությամբ եք խոսում նրա մասին, պարոն փոխգնդապետ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ-Պլանային միջոցառման ընթացքում ստուգվել է հրետանային ստորաբաժանումների պատրաստության վիճակը,- շարունակեց փոխգնդապետ Աթաբեկյանը:- Այս ընթացքում ռազմական տեսչության ստուգումներ են իրականացվել, և Վազգենի ռեակտիվ հրետանային դիվիզիոնը բանակի մասշտաբով լավագույնն է ճանաչվել: Զորամիավորման ղեկավարությունը, որի կազմում մարտական հերթապահություն է իրականացրել դիվիզիոնը, շատ բարձր է գնահատել ստորաբաժանման և հրամանատարի աշխատանքը: Ի դեպ, Վազգենի ստորաբաժանումը այս տարվա սկզբներին մարտական հերթապահություն է իրականացրել նաև մեր երկրի մեկ այլ սահմանամերձ գոտում. կրկին լավագույնն են ճանաչվել, խրախուսվել հրամանատարության կողմից:

Շուտով զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալի սենյակ մտավ զուսպ պահվածքով երիտասարդ զինվորականը՝ մայոր Վազգեն Ամիրյանը: Մի քանի օր է, ինչ ստորաբաժանումը վերադարձել է զորամաս միջոցառումից, որ անցկացվել էր մեր երկրի հարավարևմտյան սահմանին: Վազգենը գոհ է իր ստորաբաժանման արձանագրած արդյունքներից:

-Մեր դիվիզիոնը «տագնապ» ազդանշանով դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և մի այլ զորամիավորման կազմում անցել մարտական հերթապահության: Սա յուրահատուկ փորձառություն էր, շատ կարևոր, քանի որ անձնակազմս հնարավորություն ունեցավ անմիջականորեն հետևելու հակառակորդին, մարտական հերթապահության բոլոր միջոցառումներն իրականացնել հակառակորդին դեմ հանդիման: Դիվիզիոնն այս ընթացքում զբաղվել է մարտական պատրաստության և պատրաստականության վիճակի կատարելագործման  աշխատանքներով: Կատարողական բոլոր նորմատիվային խնդիրները իրականացնելու համար արժանացել ենք «լավ» և «գերազանց» գնահատականների:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎՇատ կարևոր եմ համարում անձնակազմի գործողությունները հատկապես դաշտային պայմաններում և ուզում եմ շեշտել, որ մենք ևս մեկ անգամ կարողացանք զգալի հաջողության հասնել, կատարելագործել փոխօգնության, փոխլրացման՝ մեր իսկ մշակած սխեման, որի համաձայն՝ մարտի դաշտում անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է տիրապետի մյուս մասնագետների հմտություններին, որ անհրաժեշտության դեպքում կարողանան փոխարինել միմյանց՝ հրամանատարը վարորդին, վարորդը՝ նշանառուին և այլն… Ընդհանուր առմամբ, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում հատկապես ռեակտիվ համակարգերի անձնակազմերի արագ ու արդյունավետ գործողությունների մշակմանն ու կազմակերպմանը: Մեր դիվիզիոնը կարող է նույնիսկ առանց սպայի զբաղեցնել մարտակարգ և կատարել մարտական խնդիրը:

Հիշում եմ Վազգենի խոսքերը մեր նախորդ զրույցից. «Մարտի դաշտում ընկերներ չենք թողնում: «Վիրավոր» զինտեխնիկան նույնպես մեր մարտական ընկերն է, որին ամեն գնով պետք է դուրս բերենք մարտի դաշտից»:

Վազգեն Ամիրյանի հետ շրջեցինք զորամասի տարածքով: Նրա ստորաբաժանումը զբաղված է մարտական պատրաստության առօրյա գործընթացով. սպասարկում են մարտական հերթապահությունից զորամաս վերադարձած զինտեխնիկան, անցկացնում առօրյա պարապմունքներ: Մայոր  Ամիրյանը հերթով մոտենում է, հրահանգավորում, ուղղորդում անձնակազմին: Հընթացս առիթը բաց չթողեց գնահատանքի խոսք ասելու ենթականերին:

-Դաշտային պայմաններում է՛լ ավելի բարձրացավ մեր անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը: Ներգրավված էր դիվիզիոնի ամբողջ անձնակազմը: Սա հատկապես կարևոր ու հետաքրքիր փորձառություն էր մեր ժամկետային զինծառայողների համար, որոնք նույնպես շատ լավ դրսևորեցին իրենց. ավելի ընկերասեր, ավելի պատվախնդիր, մի բռունցք դարձած ու մեկ մարդու պես գործեց մեր ամբողջ անձնակազմը: Խնդիրը համարում եմ լիարժեք կատարված, գոհ եմ բոլորից:

…Հնարավորինս մարտականին մոտեցված պայմաններում էինք գործում: Մարտական հաշվարկները կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները: Դիվիզիոնն այդ ընթացքում իրականացրել է ինժեներական կահավորման աշխատանքներ, նախապատրաստվել են հրամանատարական դիտակետերը, կրակային դիրքերը, առանձին մարտակարգերում, և մշտապես իրականացվել է հրետանային հետախուզություն, ուսումնասիրվել է տեղանքը: Անձնակազմը հնարավորություն է ունեցել անմիջականորեն դիտարկելու իրական հակառակորդին և վերլուծելու նրա հնարավոր մտահղացումները: Սա շատ կարևոր է հատկապես ներկայիս զարգացումների պայմաններում… Այսպիսով պատրաստականության բոլորովին այլ վիճակի ու աստիճանի է բերվում զորքը: Հատկապես ուզում եմ նշել մեր հետախուզական ջոկի հրամանատարի գերազանց աշխատանքը: Նրա դիտարկման արդյունքները փոխանցվել են տվյալ զորամիավորման հրամանատարությանը:

Երիտասարդ սպան առանձնահատուկ ջերմությամբ էր խոսում վերադաս հրամանատարության մասին, որի գնահատանքն ու աջակցությունը հատկապես կարևոր են ցանկացած նոր գաղափար կյանքի կոչելու համար:

-Մեր բոլոր միջոցառումները մշակվում և իրականացվում են ըստ վերադասության, և ցանկացած պահի մեր հրամանատարները անձնակազմի կողքին են՝ հուշում են, քաջալերում: Մեզ են փոխանցում իրենց գիտելիքներն ու փորձը, և մենք էլ մեր հերթին փոխանցում ենք ենթակա անձնակազմին: Օգտվելով առիթից՝ կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել զորամիավորման հրամանատարությանը, որ մեզ ընդունեց ջերմորեն և ըստ ամենայնի օժանդակեց: Ամեն ինչ արվեց, որ մենք մեզ զգանք հարազատ միջավայրում: Ոգևորությունը, որ այդ ընթացքում փոխանցվեց մեր անձնակազմին, նույնպես մեծ նշանակություն ունեցավ, եւ ամեն ինչ իրականացվեց բարձր մակարդակով:

Օգտվելով առիթից՝ բոլորիս ուզում եմ շնորհավորել մեր Անկախության տոնի առթիվ և վստահեցնել, որ ցանկացած պահի պատրաստ ենք կատարելու ցանկացած առաջադրանք՝ մեր ժողովրդի խաղաղությունն ապահովելու համար,- ասաց մայոր Ամիրյանը: Եվ նրա խոսքը անվերապահ վստահություն էր ներշնչում:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1358) 23.09.2020 - 29.09.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/09/2020