Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ՆԱԵՎ ՔԻՉ ՈՒԺԵՐՈՎ



Հավաք-պարապմունք ՊՆ-ում

Նոյեմբերի 7-12-ը պաշտպանության նախարարությունում ՀՀ պետական կառավարման մարմինների` նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների պաշտոնատար անձանց հետ անցկացվում է հավաք-պարապմունք, որի նպատակն է ընդլայնել ռազմական և քաղաքացիական գերատեսչությունների միջև համագործակցությունը, երկրի պաշտպանության ամրապնդման ոլորտում համատեղ միջոցառումներ մշակելը: Հավաքի ծրագիրն ընդգրկում է տարաբնույթ դասախոսություններ, նաև մարտական հրաձգության և նռնակի նետման գործնական պարապմունքներ:

Հավաքի առաջին օրը մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջույնի խոսքից հետո նա հանդես եկավ դասախոսությամբ զինված ուժերի զարգացման ուղիների և նպատակների վերաբերյալ:

-Մենք դասեր ենք քաղում մեր անցյալից, մանավանդ Արցախյան գոյապայքարից: Եթե նախկինում գերատեսչությունները իրենց խնդիրները կատարում էին հընթացս, ապա այսօր բոլոր գործողությունները պետք է դրվեն համակարգված, պլանավորված հիմքի վրա, քանի որ ագրեսիային դիմակայելու պահանջները բարձրացել են, միայն ուժային կառույցները չէ, որ այդ խնդիրը պետք է իրականացնեն: Հավաքների ընթացքում տեղի է ունենում փորձի փոխանակում տարբեր նախարարությունների ներկայացուցիչների միջև` տվյալ ուղղությամբ յուրաքանչյուրի գործունեությունը բարելավելու նպատակով:

Այնուհետև նախարարը խոսեց զինված ուժերի զարգացման ընթացքի և հեռանկարային ծրագրերի, ռազմական ոլորտում նախատեսվող միջոցառումների, մասնավորապես զորավարժությունների մասին: Ներկայացրեց դրանց բնույթն ու նշանակությունը: Անդրադարձավ զորահավաքային պատրաստության խնդիրներին, նշեց, որ այդ ոլորտում պետական պաշտոնյաների համար նախապատրաստվել են հրահանգչամեթոդական ցուցումներ:

-Վերջին երեք տարիները կարելի է անվանել անցում ռազմավարական պլանավորման խնդիրներին: Եթե նախկինում մենք փաստաթղթեր, պլաններ էինք կազմում տարվա, միջնաժամկետ կտրվածքով, ապա այժմ գերխնդիր է երկարաժամկետ պլանավորումը: Պաշտպանական քաղաքականության մեջ երկու կարևոր երաշխիք ենք սահմանում` առաջինը ազգային շահն է, մարտունակության ամրապնդման միջոցով գերազանցության ապահովումը հակառակորդի նկատմամբ, և երկրորդը միջազգային շահերն են, այսինքն` մեր մասնակցությունը անվտանգային այն խնդիրների լուծմանը, որոնք այսօր գոյություն ունեն երկրագնդի տարբեր հատվածներում: Մեծ ուշադրություն ենք դարձնում առկա ռեսուրսների ճիշտ տեղաբաշխմանը, խնդիրների ամբողջ ծավալը հաշվի առնելով` զինված ուժերի թվակազմի, սպառազինության տեսակների և քանակի օպտիմալ սահմանմանը:

Նախարարը նաև հավելեց, որ հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն` ռազմավարական փաստաթղթերի ցանկով սկիզբ դրվեց մի շարք փաստաթղթերի մշակման: Նման խորությամբ փաստաթղթեր առաջին անգամ էին կազմվում: ՀՀ նախագահը հաստատել է ԶՈՒ բարեփոխումների ծրագիրը: Այդ բարեփոխումներն անհրաժեշտ նախադրյալներ ստեղծեցին` զինված ուժերի զարգացումը մեր երկրի ռեսուրսների հաշվառմամբ արդյունավետ պլանավորելու համար: Զինված ուժերի զարգացման արդիականությունը նախևառաջ պայմանավորված էր աշխարհում տեղի ունեցող գործընթացներով, պատերազմի բնույթի փոփոխմամբ, դրա վարման նոր եղանակներով: Ըստ էության, մեր ԶՈՒ զարգացումը հետևյալ նպատակներն ունի` զինված ուժերի արդիականացում և մարտունակության ամրապնդում` ժամանակակից չափանիշների ներդրմամբ, ռազմական անվտանգության ապահովում` իրական և հավանական սպառնալիքների չեզոքացմամբ, միջազգային անվտանգության ապահովման պարտավորությունների ստանձնում` միջազգային կառույցների հետ փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմամբ, և ճկուն, արդյունավետ, թափանցիկ համակարգերի ձևավորում: Բոլոր միջոցառումները միտված են կազմն ու կառուցվածքը կատարելագործելուն, զորքերը մարտական պատրաստականության վիճակում պահելուն, մարտական կարողությունները ավելացնելուն, կառավարման համակարգը, կադրային ու սոցիալական քաղաքականությունը, ուսուցման և վերապատրաստման առավել նպատակային ձևերն ու մեթոդները կատարելագործելուն, ինչի արդյունքում զինված ուժերի զարգացման պլանով սպասվում է զորքերի մարտական կարողությունների էական ավելացում: Այս ծրագրերը կազմելիս հաշվի է առնվել, որ հակառակորդը ձգտում է ունենալ անձնակազմի և ռազմական տեխնիկայի թվաքանակի առավելություն և հաղթել դրա հաշվին, սակայն նույնիսկ այդ պայմաններում մենք ունակ ենք անհամաչափ գործողությունների միջոցով առավելության հասնելու: Այսինքն` մենք կարող ենք հաղթել նաև քիչ ուժերով: Այստեղ նախարարը մի օրինակ բերեց Արցախյան պատերազմի տարիներից, երբ մեր 40 հոգանոց ստորաբաժանումը գրավում է հակառակորդի զբաղեցրած գյուղերից մեկը այն դեպքում, երբ գյուղը պաշտպանում էր մեկ գումարտակ, մեկն էլ գտնվում էր ռեզերվում: Այդ կռվի ընթացքում ադրբեջանցիները ավելի քան 150 զոհ են տվել, իսկ մեր ուժերը` 3, որից միայն մեկը` մարտի ընթացքում:

Վերջում նախարարը վստահություն հայտնեց, որ հավաքի ընթացքում ամբողջությամբ կլուծվեն դրված խնդիրները:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Ազգային բանակ


16/11/2011