Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՈՇՎԵՑ ՀՀ ԶՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ



ՀՀ ԶՈՒ 2011 թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված էր հոկտեմբեր ամսին անցկացնել «Լավագույն բժշկական ծառայություն» մրցույթը:

Մրցույթը անցկացվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ա. Փայտյանի հրամանով: Ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Ղազարյանը, մայոր Համբարձումյանն ու փոխգնդապետ Ալեքսանյանը:

Ինչպես տեղեկացրեց բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Ղազարյանը, հանձնաժողովն ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում ստուգումներ է կատարել ՀՀ ԶՈՒ զորամասերում. «Բանակային կորպուսների ծառայությունները մեզ ներկայացրին իրենց գնահատմամբ լավագույն զորամասերը: Պետք է նշեմ, որ ստուգումներ իրականացնում ենք պարբերաբար, բայց մրցույթի շրջանակներում գոյություն ունի հատուկ հարցաշար` համապատասխան միավորների համակարգով, ըստ որի էլ գնահատել ենք բուժծառայությունները: Այս տարի արձանագրվել է էական առաջադիմություն. 6 զորամաս արժանացել է մրցանակային տեղերի»:

Մրցանակային տեղերի արժանանալու համար ստուգվել են բժշկական ծառայության համալրվածության մակարդակը, բուժծառայության գործունեության պլանավորումն ու հիվանդացության հաշվարկն ու հաշվետվությունը, բուժկետի առկայությունը, տեղակայումն ու կահավորումը, բժշկական ծառայության մարտական եւ զորահավաքային պատրաստականությունը, մարտական եւ մարտավարամասնագիտական պատրաստությունը, անձնակազմի ռազմաբժշկական պատրաստությունը (պլակատների առկայություն, բուժօգնության ցուցաբերման ուսումնական գույք), անձնակազմի ամբուլատոր, ստացիոնար բուժօգնության կազմակերպումը՝ հրամանների եւ հրահանգների համաձայն, զորամասերի սանիտարահիգիենիկ ապահովումը, զորամասի եւ նրա տարածքի սանիտարահամաճարակային վիճակը:

Լավագույնը ճանաչվել է մայոր Ա.Հովսեփյանի ղեկավարած բուժծառայությունը, երկրորդ տեղում են բուժծառայության մայոր Ա.Վարդանյանի եւ բուժծառայության ավագ լեյտենանտ Հ.Գեւորգյանի ղեկավարած բուժծառայությունները: Երրորդը բուժծառայության կապիտան Ս. Բազբաշյանի, բուժծառայության լեյտենանտ Հ. Ասատրյանի և բուժծառայության ավագ լեյտենանտ Կ.Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանումներն են: Մրցույթի հաղթողները խրախուսվեցին պատվոգրերով:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Ազգային բանակ


16/11/2011