Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՀԱՅԿԸ ՆԵՏԱՀԱՐԵՑ ԳՈՌՈԶ ԲԵԼԻՆ



Սահմանային այս գոտու հենակետերը հիմնականում տեղակայված են 3500 մետրից ավելի բարձրությունների վրա։ Լեռնագագաթների ուժեղ քամիները ձյան շունչ ու սառնություն են բերում։ Ամպի ծվենները գալիս փաթաթվում են սարերին, սահում մեր զինվորների ոտքերի տակով։ Թեպետ արեւն արդեն մայր էր մտնում, այս հենակետերում նույնպես հասցրինք ծանոթանալ մեր սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորների առօրյային, մարտական առաջադրանքների կատարմանը, կենցաղային ու սանիտարական պայմաններին, սննդին, բլինդաժներում ու խրամատներում կատարված հսկայածավալ աշխատանքներին։ Մարտական այս հենակետում տարվա ութ-ինը ամիսը ձմեռ է լինում։ Հաճախ են փակվում ճանապարհներն ու արահետները, խրամատները պռնկե պռունկ լցվում են ձյան հաստ շերտով։ Բայց դա բոլորովին չի անհանգստացում մեր զինվորներին, որոնք իրենց մարտական առաջադրանքը կատարելուն զուգընթաց՝ լուծում են բոլոր կենցաղային խնդիրները։ Եթե հարկ է լինում, նրանք ջուր ստանալու համար հալեցնում են լեռների մաքրամաքուր ձյունը, եթե այն լցվում է խրամուղիները, մեկը մյուսին օգնելով՝ մաքրում են։ Այստեղ համեմատաբար տաք ամիսներին նույնպես կարիք է լինում խրամատները մաքրելու ցեխից, անձրեւաջրերից, վերանորոգելու խրամուղիները։
…Մարտական հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Գեւորգ Պետրոսյանը զեկույցից հետո մեզ առաջնորդում է կացարան։ Հին ծանոթների նման մեզ ժպտում են զինվորները՝ Տարոնը, Նարեկը, Սարգիսն ու Էդգարը, որոնց հանդիպեցինք հենակետ բարձրացող ճանապարհին։
-Տղանե՛ր, հասցրի՞ք ճանապարհը մաքրել քարերից,- հարցրեց գնդապետ Հ. Զաքարյանը։
-Ճիշտ այդպես, պարոն գնդապետ,- եղավ պատասխանը։
Կացարանն ընդարձակ էր, տաք ու լուսավոր, նախկինների հետ համեմատել չի լինի։ Այժմ մարտական առաջադրանքներ կատարող զինվորների կենցաղային պայմանները անհամեմատ լավացել են։ Կացարանը վերանորոգվել էր մեկ ամիս առաջ։ Այն կարելի էր նմանեցնել փոքրիկ զորանոցի՝ իր ննջարանով, ճաշարանով, զինանոցով, սննդամթերքի պահեստավորման ու պահպանման անկյունով։
Արցախյան ազատագրական պայքարի բովով անցած գնդապետ Հ. Զաքարյանը նշեց, որ զորամասի հրամկազմի ուշադրության կենտրոնում են սահմանային ամբողջ հատվածում մարտական հերթապահությունն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները։
-Ի պաշտոնե հաճախ եմ լինում մարտական հենակետերում, ստուգումներ անցկացնում, ծանոթանում իրավիճակին, տալիս հրահանգներ ու առաջադրանքներ,- ասաց գնդապետ Զաքարյանը։ -Ուզում եմ գովեստի խոսքեր ասել այս գումարտակի անձնակազմի հասցեին (գումարտակի հրամանատար՝ կապիտան Ա. Մարկոսյան)։ Գումարտակի ղեկավարները երիտասարդ են, բանիմաց, սկզբունքային, ստեղծել են կայուն, առողջ կոլեկտիվ։ (Ի դեպ, այս գումարտակի անձնակազմի մասին գովեստի խոսքեր ասացին նաեւ գնդապետ Բ. Մաթեւոսյանը եւ փոխգնդապետ Վ. Հարությունյանը)։
Հենակետում տղաները մեզ սուրճ են հյուրասիրում։ Սիրով ընդունելով տղաների հյուրասիրությունը՝ ջերմ զրույցի ենք բռնվում։
-Դիրքերում ծառայությունն ավելի հետաքրքիր է։ Ճիշտ է, դժվար է, սակայն սովորել ենք, չենք նեղվում։ Ամեն ինչ հաղթահարելի է,- ասում է շարքային Հովհաննես Պետրոսյանը։
-Երբ իջնում ենք զորամաս, սկսում ենք կարոտել մեր դիրքերը, մեր սարերը, ձորերը։ Ասես լեռները նույնպես զգում են մեր կարոտը, որովհետեւ մեզ ուժ են տալիս, վստահություն, հավատ,- ընկերոջն է լրացնում շարքային Էդգար Աբրահամյանը։
-Գիտե՞ք՝ այս հատվածում ինչ կռիվներ են եղել։ Ոչ թե զենքի, այլ՝ ոգու կռիվ, որովհետեւ հողն իր իսկական տիրոջն է ուժ տալիս, եւ նա հաղթում է։ Եվ այդպես էլ եղավ,- ասում է ավագի օգնական, պայմանագրային սերժանտ Ռուբեն Վարդանյանը։
Վառարանից հաճելի ջերմություն է տարածվել կացարանում։ Հուզմունքից ու վառարանի ջերմությունից կաս-կարմիր են կտրել զինվորների դեմքերը։ Նրանք մեկը մյուսին ընդհատելով՝ պատմում են իրենց ծառայությունից, հիշում են հարազատներին, ու կարոտի հետ համարյա բոլորն էլ իրենց խոսքն ավարտում են միեւնույն նախադասությամբ. «Ամեն ինչ կարգին է, խաղաղ։ Ծառայության օրերն ավելի հետաքրքիր ու արագ են անցնում դիրքերում»։
Շարքայիններ Լյովա Առաքելյանը, Ահարոն Գրիգորյանը, Արման Ղոչիկյանը, Հայկ Օրդակյանը, Դավիթ Նազարյանը, Արթուր Արտենյանը, Արթուր Հայրապետյանը, Հենրիկ Սերգոյանը, Նարեկ Մկրտչյանը զորակոչվել են Հայաստանի տարբեր բնակավայրերից, եւ բոլորն էլ այս գարնանը կզորացրվեն։ Նրանցից յուրաքանչյուրն իր հետ բերել է իր ծննդավայրի բառն ու բանը, հումորը, մանկության հիշողությունները, եւ բոլորը միասին ստեղծել են Հայաստան աշխարհի մի փոքրիկ խճանկար։ Զգացվում է, որ նրանք կապվել-միացել են հազարավոր թելերով։ Զինվորները անկաշկանդ, ջերմ զրույցի են բռնվել գնդապետ Հ. Զաքարյանի հետ։ Հրամանատարն արդեն հասցրել էր ստուգել զենք-զինամթերքի անվտանգությունը, հագուստի, կացարանի մաքրությունը։
Մարտական հենակետում կային շախմատ, նարդի, գրքեր, ամսագրեր, թերթեր։ Պատին այսպիսի գրառում կար. «Կարդա, զինվո՛ր, եւ հիշիր՝ քաջերի սերունդները քաջերն են…»։
Հենակետի ավագ, ավագ լեյտենանտ Գեւորգ Պետրոսյանը, նայելով ժամացույցին, ասաց.
-Հերթափոխի ժամանակն է։
Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Ներսեսյանը կատարում է հերթափոխը։ Դիտորդներ Կարեն Մխիթարյանին եւ Սարգիս Ավետիսյանին փոխարինում են Արթուր Հայրապետյանն ու Նարեկ Մկրտչյանը։ Դիտորդ, շարքային Ս. Ավետիսյանը զեկուցում է հրամանատարին, որ վերջին դիտարկման ժամանակ հակառակորդի դիրքերում նկատվել է մեքենաների շարժ, այդ մասին արդեն հաղորդվել է ուր որ հարկն է, եւ այժմ տվյալները ճշտում են։ Գնդապետը, որն այդ մասին արդեն տեղյակ էր, քաջալերում է զինվորին եւ հեռադիտակով ինքն էլ նայում։
Քայլում ենք եւ մեր աչքով տեսնում ուս ուսի հենված լեռների գագաթներով ձգվող խրամուղիներում զինվորների կատարած վիթխարի աշխատանքը։ Դիտորդ Սարգիս Ավետիսյանը ցույց է տալիս դիմացի երկնասլաց ժայռերը եւ ժպիտը դեմքին ասում.
-Այս ժայռերին մենք Մոմիկներ ենք ասում. շատ են նման մոմերի, հատկապես լուսնյակ գիշերներին, երբ լուսավորվում են լուսնի լույսից, ասես վառվող մոմեր լինեն։
Իսկ քիչ այն կողմ մի հսկա ժայռաբեկոր է.
-Գիտե՞ք այս ժայռի հետ կապված ավանդությունը,- հարցնում է Սարգիսը։
-Անկեղծ ասած՝ ոչ,- պատասխանում ենք։
-Սա Ագռավաքարն է, այստեղ է Հայկ Նահապետը տապալել Բելին,- ասում է զինվորը։
-Որտեղի՞ց գիտես։
-Մեզանից առաջ ծառայող զինվորներն են պատմել, նրանք էլ լսել են իրենց նախորդներից, իսկ ամենասկզբում Ակնա (Աղդամ) ազատագրումից հետո այս դիրքերում ծառայել են մեր ազատամարտիկները։ Նրանք են փոխանցել այս պատմությունը։
Զարմանալի եւ հրաշալի ավանդապատում։ Հայոց հողի վրա կրկնվող, մեկը մյուսին լրացնող բացահայտումներ։ Եվ ես մտովի տեղափոխվում եմ Աղդամ, որտեղ վերջերս պեղումների արդյունքում հայտնաբերվեց Տիգրան արքայի կառուցած չորս Տիգրանակերտ քաղաքներից մեկը։ Եվ մտովի Տիգրանակերտը կապում եմ Ագռավաքարի հետ, որտեղ Հայկ նահապետը նետահարեց գոռոզ Բելին… Ես հավատում եմ այս պատմությանը, հավատում եմ, որ բոլոր ավանդապատումները, ասքերն ու լեգենդները իրական հիմք են ունեցել։ Եվ արդյո՞ք անցնող տարիները նոր ասք ու լեգենդ չեն հյուսելու 20-րդ դարավերջի մեր ազատամարտիկների, զինվորների մասին…
…Մթնշաղ էր իջել լեռներին, երբ պատրաստվում էինք հրաժեշտ տալ տղաներին։ Սակայն նրանք ոչ մի կերպ չհամաձայնեցին մեզ «բաց թողնել», մինչեւ մի կտոր հաց չկտրենք իրենց սեղանից։ Մերժելն անհնար էր։ Իրոք համեղ բորշչ էր։ Ասեմ, որ սեղանին կար նաեւ երշիկ, խոզի ճարպ, պանիր, մսով փլավ։ Շնորհակալություն հայտնեցինք խոհարարին, իսկ հենակետի ավագը նույնպես գովեստի խոսքեր ասաց խոհարար Դավիթ Նազարյանի հասցեին։
-Ամբողջ ճակատում մեր խոհարարի նման ճաշ պատրաստող չկա, ինքներդ համոզվեցիք։
Ամուր-ամուր սեղմում եմ բոլորի աջը՝ ամեն մեկը մի առյուծ տղա, ամեն մեկը մի տան ճրագ, ամեն մեկը արդեն իր տարիքից հասուն, եւ ամբողջ ճանապարհին կրկնում եմ.
-Շնորհակալ եմ, տղանե՛ր, ապրե՛ք, Աստված ձեզ պահապան։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ Հ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Ազգային բանակ


24/12/2010