Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ



ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Մարիամ Աստվածածնի Վերափոխումը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու  հինգ տաղավար տոներից չորրորդն է: Այն նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը:

Ավանդության համաձայն` Քրիստոսի խաչելությունից հետո Մարիամ Աստվածածինն ապրում է շուրջ 12 տարի Սուրբ Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Այս տարիների ընթացքում նրան Երուսաղեմում բազում հալածանքների են ենթարկում Հիսուսին չընդունողները:

Մի օր նրա մոտ է գալիս Գաբրիել հրեշտակապետը: Տարիներ առաջ Գաբրիելը Մարիամին հայտնել էր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը, իսկ այժմ եկել էր հայտնելու նրան, որ շուտով կավարտվի Մարիամի երկրային կյանքը: «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»:

Մարիամ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին ու առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Սուրբ Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ եւ դրա վրա կերպաձեւում է Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Տիրամորը, որ նա այդ փայտեղեն անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի եւ իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որ նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիք պարգեւի:

Երբ Աստվածածինը վախճանվում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ նրա օրհնյալ մարմինը դնում են գերեզման եւ, ինչպես հարկն է, պահպանում են երեք օր: Աստվածածնի ննջման եւ թաղման օրերին Բարդուղիմեոս առաքյալը Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս եւ իմանում է կատարվածը, շատ է վշտանում եւ խնդրում-աղաչում է, որ իրեն ցույց տան Աստվածածնի գերեզմանը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում եւ հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը` բացում են գերեզմանը եւ այն դատարկ տեսնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները… Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն եւ կամենալով մխիթարել Բարդուղիմեոսին` նրան են տալիս Տիրամոր պատկերը:

Հայոց եկեղեցին Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի վախճանը անվանում է Վերափոխում, որ նշանակում է վեր փոխադրվել, վեր փոխվել:

Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված սուրբ պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգ, ապա օրհնված ողկույզները բաժանվում են ժողովրդին: Խաղողի նշանակությունը մեր ժողովրդի կյանքում այնքան մեծ է, որ նոր հասած խաղողը թույլատրվում է ուտել միայն եկեղեցում օրհնելուց հետո: Երբ Նոյն իջավ Արարատի գագաթից, նրա առջեւ բացվեց մի հիասքանչ դաշտ: Այստեղ նա տնկեց խաղողի առաջին որթը: Աստվածաշունչն այսպես է ներկայացնում խաղողագործության սկիզբը Հայոց աշխարհում: Հայոց եկեղեցին, օրհնելով խաղողը, խաղողի միջոցով օրհնում է տարվա ամբողջ նոր բերքը: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է նման օրհնության համար ընտրվել հատկապես խաղողը: Քրիստոսն իրեն համեմատում էր խաղողի վազի` որթատունկի հետ: «Ես եմ ճշմարիտ որթատունկը»: Խաղողից է պատրաստվում նաեւ գինին: Քրիստոսը Խորհրդավոր (Վերջին) ընթրիքի ժամանակ գինին` խաղողի արյունը, իր արյան նյութը դարձրեց եւ վերցնելով` օրհնեց` ասելով. «Սա է նոր ուխտի Իմ Արյունը»: Ահա այս պատճառով է, որ Հայոց եկեղեցին բերքի օրհնությունը կատարում է խաղողով, որով եւ օրհնում է Հայոց աշխարհի ամբողջ բերքը:

2020 թվականին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Խաղողօրհնեքը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է օգոստոսի 16-ին:

 Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (1353) 19.08.2020 - 25.08.2020, Հոգևոր-մշակութային


20/08/2020