Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԱ՞Մ, ԹԵ՞ ՄՆԱՄ…



ԳՆԱ՞Մ, ԹԵ՞ ՄՆԱՄ...1994թ. գարնանային մի առավոտ կանուխ, դեռ լույսը կարգին չբացված, հեռախոսը զնգաց, հեռավոր ազգականներիցս մեկն էր։

-Շտապ գործ կա, պտի հանդիպենք…,- հայտնագործություն արածի պես վրա տվեց ազգականս։

-Ի՛նչ կա, ի՛նչ է պատահել, տնաշեն։ Վրա մի տուր…,- բան հասկանալու համար փորձեցի հանգստացնել նրան։

-Հեռախոսով ասելու բան չի, հանդիպենք, կասեմ։

-Այ քեզ փորձանք,- չբավարարված հառաչեցի՝ զգալով, որ նրանից ոչ խեր կա, ոչ էլ պրծում։

Որոշված ժամին, պայմանավորված վայրում հանդիպեցինք։ Նրանք երկուսով էին։

-Մեռնեմ կյանքիդ, ախպերս, պտի օգնես, մեր գործի հաջողությունը մազից ա կախված։ Թե որ վիռուչատ չարիր՝ քաշվում ենք,- խանդավառված խոսել սկսեց ազգականս։

-Դե լավ, կարճ կապիր։

-Ախպորս ասեմ՝ Ռուսաստանում մի լավ գործ եմ կպցրել, բայց դե գլուխ չի գա, թե որ Արշակը (Արշակը նրա մտերիմ ընկերն էր, ում հետ քիչ թե շատ ծանոթ էի) հետս չլինի։

-Է, թող լինի, ո՞վ բան ասաց։

-Տնեցիք…,- ազգականս խորհրդավոր աչքով արեց՝ դեմքին թթված տեսք տալով։

-Տնեցիք ի՞նչ, այ մարդ, ինձնի՞ց ինչ եք ուզում,- սկսեցի բարկանալ։

-Կասեմ, ախպերս, մի ջղայնացի. Արշակը համաձայն ա, ուզում ա, որ հետս գա՝ տնեցիք ոտները մի կոշիկի մեջ դրել, խոսքները մեկ են արել, թե. «Մեգ թաղես, Ռուսաստանի էրես չես տենա»։ Ես ու Արշակն էլ քցինք-բռնինք, որ մենակ դու մեզ կարաս օգնես։

-Ո՞նց…

-Ֆորմեդ հագնես, մի հատ էլ պապկա դնես թեւիդ տակ ու գաս Արշակենց տուն, վախացնես՝ իբր նրանց տղին պտի երեք ամսով տանեք… ջոկի՞ր։

-Լինելու բան չի, ձեռք քաշեք,- կտրականապես հրաժարվեցի խղճիս դեմ արկածախնդիր գործարքից։

-Ապե, լավ մտածի. ես որ չգնամ, բարեկամդ վարի ա։ Գիտենք՝ ինչ ենք ասում, լավ էլ խելքին մոտ բան ա։ Ախր դու հարազատություն սիրող տղա ես, ո՞նց ես ատկազ գալի,- խոսքի բռնվեց ազգականիս մինչ այդ լռություն պահպանած ընկերը, որին Արշակ էին կոչում։

Խղճիս հանդեպ չմեղանչելով՝ կամեցա նաեւ պահպանել համազգեստիս պատիվը, բայց ես, իրոք, մի անբացատրելի թուլություն ունեմ բոլոր ազգականներիս, հարազատ-բարեկամներիս ճակատագրի նկատմամբ՝ լինեն նրանք հեռավոր, թե՝ մերձավոր։ Այնպես որ, համոզեցին։

Արշակն իր մեքենայով ինձ տարավ իրենց տուն, ցույց տվեց շենքը, հուշեց հարկն ու դուռը, եւ ես գնացի…

-Ո՞վ է,- ի պատասխան իմ թակոցի դռան հետեւից լսվեց տարեց կնոջ ձայն։

-Զինվորական… մասից,- շաղ եկած մտքերս ժողովելուց հետո պատասխանեցի։

-Որ մասի՞ց,- հարցը երկրորդեց դռան հետեւի կինը եւ դուռը կիսաբաց արեց։

Ինձ էր նայում քննախույզ մի աչք։

-Զինվորական կոմիսարիատից,- ճշտեցի պատասխանս եւ ավելացրի,- բարեւ ձեզ։

-Բարեւ, հազար բարի,- ասաց ու աչքը թարթելով ուզեց դուռը շրխկացնի, սակայն, ի զարմանս ինձ, ինչ-որ բնազդական մղումով արագորեն ոտքս խցկեցի դռան արանքը՝ կանխելով կիսադեմը ցույց տված կնոջ «հյուրընկալ վարմունքը»։

-Չեղավ, մորաքույր, մի՞թե հյուրի երեսին դուռ են շրխկացնում։ Քաղաքավարի չի։

-Վա՞յ, քոռանամ ես, զինվո՞ր ես, բալա, ներս արի, ներող կըլնես, աչքըս մեկ-մեկ չի ջոկում։ Ներս արի, սոված կըլնես…, սուրճ կտամ քեզ,- քաղցր-մեղցր շաղակրատելով՝ վերջապես ներս առան ինձ։

-Արշակենց բնակարա՞նն է,- ասելով՝ թղթապանակիցս մի պատահական թուղթ հանեցի եւ այցիս պաշտոնականությունը շեշտելու համար իբրեւ թե կարդացի: -Արշակ Գեդեոնի Շմավոնյան, ծնված 1965թ., քաղաք Երեւանում։ Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ։ Ճի՞շտ է, մորաքույր։

-Հա, բալա ջան, ի՞նչ կա որ։

-Դուք նրա մա՞յրն եք։

-Չէ, մայրը վատառողջ է, ես հորաքույրն եմ, բալա։

-Ձեր եղբորորդին, համաձայն Հայաստանի Հանրապետության Զինապարտության մասին օրենքի, կանչված է եռամսյա վարժական հավաքի եւ չի ներկայացել, ուր որ հարկն է։ Իսկ չներկայանալու դեպքում, իմացած եղեք, որ կպատժենք օրենքի ողջ խստությամբ, ընդհուպ մինչեւ…,- րոպեական տարերքի մեջ արտասանած խոսքերիս վերջին մի քանի ձեւակերպումներն ըստ երեւույթին անսիրտ հնչեցին, ինչից էլ «քաղցր» հորաքույրը փղձկաց։

-Ախր, ընկեր լեյտենանտ, էդ անաստվածը հեսա մի տարի եղավ Ռուսաստաններում է քաշ գալի, աչքներս ջուր կտրեց, ասում է՝ գնացել է կոշիկ ծախելու։ Ոչ խաբար ունենք, ոչ բան, էս ինչ օրն ընկանք, վա՜յ… Մերը դրա դարդից, հրեն, ինֆարկտով պառկած է, մարդ ներս չի թողնում, վայ ամա՜ն, վայ… Կնիկն-էրեխեն հալումաշ են լինում կարոտից, չկա ու չկա…

Շատ ավելի հետաքրքրված լինելով իմ ստանձնած տխրահռչակ առաքելության շուտափույթ վախճանով, քան թե հեծկլտացող կնոջը գոնե ինչ-որ կերպ հանգստացնելով, Արշակի «անձնական գործից» բացահայտեցի մի քանի մանրամասն եւս, ինչն էլ, ըստ իս, հետագայում պիտի նպաստեր Արշակի՝ դեպի Ռուսաստան կատարելիք «ուղեւորության» լուրը հարազատների կողմից մի նոր մեկնաբանությամբ ընդունելուն։ Բայց…

-Սպասեք, սպասեք, իզուր տեղը տեսարաններ մի սարքեք։ Ձեր Արշակին երեկ տեսել են քաղաքում, մեքենան վարելիս, մեզ չեք խաբի, տիկին, մեկ է, կբռնենք նրան…

Հենց այստեղ էլ ի հայտ եկավ անսպասելին. կինը ճղավոցով թրմփաց գետնին, ատամների արանքից մի վերջին անգամ արտաբերելով՝ «Վայ, Արշա՜կ…» ու աչքերը շուռ տալով։ Չգիտեմ ինչ կանեիք դուք իմ փոխարեն, իսկ ես խելամիտ համարեցի, ինչպես ասում են, ստվերս հավաքել։

Այս դեպքից որոշ ժամանակ անց Արշակենց տուն էր այցելել արդեն օրենքի իսկական ներկայացուցիչը եւ դարձյալ պահանջել էր ներկայանալ… Վերջ, վերջ։

Հեռավոր ազգականս ու նրա մտերիմ ընկերը, որին Արշակ էին կոչում, Սամարայում ուրիշ մի գործ էլ են «կպցրել», կանչում են։

Չգիտեմ՝ գնա՞մ, թե՞ մնամ…

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #31 (1351) 05.08.2020 - 11.08.2020, Բանակ և հասարակություն


06/08/2020