Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԽՈՐԵՆ ԱՐՄԵՆԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1923թ. մարտի 16-ին Երևանում, ծառայողի ընտանիքում։

Խորեն Արմենակի Խաչատրյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, լեյտենանտ։

Ավարտել է Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցը։

1941թ. հուլիսից եղել է Կարմիր բանակի շարքերում։ 1942 թ. ավարտել է Սուխումի ռազմահետևակային ուսումնարանը։ Նույն տարվա դեկտեմբերից էլ եղել է գործող բանակում։

390-րդ հրաձգային գնդի (89-րդ հրաձգային դիվիզիա, Առափնյա բանակ, Ուկրաինական 4-րդ ռազմաճակատ) դասակի հրամանատար, լեյտենանտ Խորեն Խաչատրյանն աչքի է ընկել Ղրիմի ազատագրման սևաստոպոլյան մարտերում։

1944թ. մայիսի 9-ին Սևաստոպոլի մերձակա Գորնայա բարձունքը գրոհելիս լեյտենանտ Խաչատրյանը 2 զինվորի հետ թափանցում է թշնամու թիկունք։ Հակառակորդը բացահայտում է խմբին ու շրջապատում։ Կռվում Խաչատրյանի երկու զինակիցն էլ վիրավորվում են, և նա հիտլերական 7 զինվորի դեմ մնում է միայնակ։ Խաչատրյանը սվինահարում ու հրազենի խզակոթով ոչնչացնում է 5 ֆաշիստի, մյուսներին մատնում փախուստի։ Հայ քաջորդին ինքնամոռաց հետապնդելով նրանց, հայտնվում է հակառակորդի դիրքերում։ Այդպիսի դեպքերում որոշիչն արագագործությունն է։ Խաչատրյանը 4 նռնակ է նետում թշնամու խրամատ։ Կարծելով, թե շրջապատված են, հիտլերականները ձեռքերը վեր պարզած՝ հանձնվում են։ Լեյտենանտն այդպես գերեվարում է հակառակորդի 26 զինվոր։

Ջրամբարը գրավելու համար Խ. Ա. Խաչատրյանն իր դասակով առաջինն է ճեղքում թշնամու պաշտպանագիծը, ընդ որում՝ ոչնչացնելով հակառակորդի 43 և գերեվարելով 97 զինվոր ու սպա։ Դա նպաստում է ամբողջ գումարտակի հաջողությանը։

1945 թ. մարտի 24-ին Խորեն Արմենակի Խաչատրյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի և «Ոսկե աստղ» մեդալի հանձնումով։

Պարգևատրվել է նաև Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով, մեդալներով։

Պատերազմից հետո արձակվել է Զինված ուժերի պահեստազոր։ 1948 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, այդ բարձրագույն կրթօջախում աշխատել որպես  դոցենտ (1951-1962 թթ.), գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ (1972-1977 թթ.)։ Եղել է Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (1962-1972 թթ.)։ Նրա ղեկավարությամբ իրականացվել են գրեթե 30 թեմայի վերաբերող փորձակոնստրուկտորական աշխատանքներ, որոնց հիման վրա ստեղծվել են խորհրդային երկրի գյուղատնտեսության համալիր մեքենայացման համակարգում գործող մեքենաներ կամ հարմարանքներ։

Եղել է Վ. Ի. Լենինի անվան գյուղատնտեսական գիտությունների համամիութենական ակադեմիայի թղթակից-անդամ (1967 թ.), տեխնիկական գիտությունների դոկտոր (1964թ.), պրոֆեսոր (1966թ.)։ Գիտական 150 աշխատության, այդ թվում՝ լեռնային երկրագործության մեքենայացման, պտուղների մշակման ու մեքենայացված բերքահավաքի, լեռնային մակերևույթի պայմաններում հողամշակման գործիքների աշխատանքի խնդիրների վերաբերյալ 5 գրքի հեղինակ է։

Մահացել է 1977թ. մարտի 12-ին։

Խորագիր՝ #30 (1350) 29.07.2020 - 04.08.2020, Պատմության էջերից


30/07/2020