Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ



ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցիները Տավուշի ուղղությամբ անցած շաբաթ հրետակոծում էին ոչ միայն մեր դիրքերը, այլև՝ խաղաղ քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Սակայն անգամ հրետակոծության կիզակետում հայտնված բնակիչների մեջ խուճապային տրամադրություն չի եղել. նրանք, ինչպես միշտ, «պահել են իրենց դիրքերը», ամուր ու վստահ կանգնած են մնացել իրենց հողին, ոչ մի պահ չեն լքել իրենց հայրենի օջախները:

 

Գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Սազբանդյանի ուղեկցությամբ վազքով անցնում ենք հակառակորդի կողմից պարբերաբար գնդակոծվող Այգեպարի փողոցներով. «Այս հատվածով շատ արագ անցնենք. ահա այստեղից պարզ երևում է նրանց դիրքը…»:

Հակառակորդի մարտական հենակետերից անմիջական տեսանելիության և խոցման գոտում գտնվող գյուղը այս շաբաթ ամենից շատ նյութական վնասն է կրել,  զգացել ռմբահարման ցնցումները. «Մեր գյուղի ուղղությամբ հիմնականում աշխատել են ականանետներ, ԱԹՍ-ներ, ավելի մեծ տրամաչափի զենքեր… Այստեղով էլ վազելով անցնենք. հենց նրանց տեսադաշտում ենք,- հուշում է մեր ուղեկցորդը և մատով ցույց է տալիս մոտակա տունը,- ահա այս տանն էլ են խփել»:

Հատելով վտանգավոր հատվածը՝ հայտնվում ենք ադրբեջանական մարտական հենակետերից մեկի անմիջական հարևանությամբ գտնվող գյուղի վերջին տան բակում։

Մեզ դիմավորում է Գառնիկ պապն ու անմիջապես հրավիրում քարերով ու խաղողի վազերով «պատսպարված» իր տան պատշգամբը, որտեղից բառացիորեն մի քանի հարյուր մետր այն կողմ հակառակորդի հենակետն է: Անցնում ենք երկաթե դարպասով, որը հրետակոծությունից հետո ցանց է հիշեցնում: Տան պատերն ամբողջովին փամփուշտների և ականների բեկորների հետքերով են պատված. «Քողարկված ենք շրջում,- ասում է Գառնիկ պապը,-մարդ է՞լ իր տան մեջ քողարկված շրջի… Չորս, հինգ ժամ շարունակ միանգամից երկու-երեք արկ էր թռչում մեր ուղղությամբ»:

Գառնիկ պապն ասում է՝ թե՛ խորհրդային տարիներին և թե՛ հիմա, ատելություն չունի հարևան պետության՝ իր նման հողի մշակի՝ ադրբեջանցի գյուղացու նկատմամբ:  Այս ամենն, ըստ նրա, հարևան պետության ռազմաքաղաքական վերնախավի հերթական քաղաքական խաղերն են, որոնց արդյունքում, ինչպես միշտ, երկուստեք տուժում են  հասարակ մարդիկ: «Ադրբեջանի իշխանությունը, հենց իրենց հրաժարականի պահանջի վտանգ է հասունանում, սահմանին սադրանք կազմակերպելու հրահանգ է տալիս, որ շեղի ժողովրդի ուշադրությունը»:

Չնայած ամենօրյա վտանգին՝ ռմբահարվող ու գնդակոծվող օջախի նահապետը շեշտում է, որ երբեք չի լքի հայրական տունը, իր հողն ու ջուրը։ Այստեղ են ծնվել ու ապրել իր ծնողներն ու պապերը, այստեղ են հասակ առնելու իր թոռներն ու ծոռները. «Ես իմ ձևով՝ այստեղ մնալով, պետք է պահեմ սահմանը»:

Գյուղի մեկ ուրիշ տանն ենք: Տիկին Լիդան ցույց է տալիս իր տունը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է տնից։ «Ահա այստեղ մեր խոհանոցն էր: Ամենասկզբում արկն այստեղ է պայթել»,- ասում է ու անցնելով մյուս սենյակ՝ ցույց է տալիս ականից ջարդուփշուր եղած առաստաղի հսկայական հատվածը, որից երևում է կապուտակ երկինքը…

ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՏիկին Լիդան հիշում է. տարիներ առաջ այս տանը հյուրընկալվել ու գիշերել են ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը։ Ասում է՝ վարչապետի նման ինքն էլ երբեք չի հոգնում ու չի տրտնջում… «Ես այստեղից, հարյուր տարի էլ անցնի, ոչ մի ուրիշ տեղ չեմ գնա»,- ասում է վստահ:

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում ենք։ Մարզի մյուս սահմանամերձ համայնքների նման, այստեղ նույնպես վերջին օրերին տեսել են հակառակորդի սադրանքների «դառը պտուղներն» ու վերհիշել՝ թվում էր, թե անցած-գնացած պատերազմական օրերը: Տիկին Սվետան երբեք չի մոռանա այն ցնցումը, որն ապրեց իր տան ռմբահարման ժամանակ. «Առավոտյան մեր գյուղում արդեն բավականին տներ էին վնասվել. մտքովս անցավ՝ ինչ լավ է՝ մեր տանը չեն խփել, էս անգամ մենք փրկվեցինք: Բայց հենց այդ պահին խփեցին մեր տանը»:  Ասում է՝ դա առիթ էր վերհիշելու Ավետիք Իսահակյանի «Ռազմակոչ» բանաստեղծության հայտնի տողերը. «Գիտցե՛ք քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին…»: «Մեր թշնամին միշտ նույնն է, իր ձեռագիրն ունի, բայց ավելի շատ կորուստներ հենց ի՛նքն է կրելու: Թող չհավատա՛, թե այստեղից մի թիզ հող թեկուզ կարող է տանել»:

Ի դեպ՝ մեր բոլոր զրուցակիցները, անկախ կրած զրկանքներից ու նյութական վնասից, շեշտում ու ընդգծում են. լիովին վստահում ու սատարում են մեր բանակին,  հրամանատարությանն էլ հորդորում են երբեք կանգ չառնել ձեռք բերածով, չերկմտել ու հնարավորության դեպքում՝ առաջ շարժվել: Հրետակոծության ենթարկված Բերդ քաղաքի բնակիչ Արթուր Երկանյանի գնահատականն է. «Գրագետ մարտավարական գործողություններով մեր զինվորականները բոլոր առումներով գերազանցեցին հակառակորդին և կարողացան հաղթանակ արձանագրել»: Արծավբերդ համայնքից Ռազմիկ Ղուլյանն է փաստում. «Մեր ժողովուրդը այսօր ապրում է իր նույն առօրյայով: Ոչ մի խուճապ չկա. ամեն ինչ նորմալ է»:

ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ…Մթնում էր, երբ իր շուրջը հավաքելով սահմանը հսկող զինվորներին, Մովսես գյուղի և հարակից համայնքների հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանը կարդաց պահպանիչ աղոթքը, ոգևորեց ու քաջալերեց հակառակորդի սադրանքները կասեցրած ու դիվերսիաները հետ մղած մերօրյա հերոսներին: Մոտենում, համբուրում էր զինվորների ճակատները. «Ես ձեր կյանքի՛ն մեռնեմ, տղե՛րք ջան…»:

«Պատկերացրե՛ք, որ զինվորական պատրաստություն էին անցել, բայց դեռևս մարտական մկրտություն չէին ստացել, ստացան: Մարդիկ, որ մկրտված էին, օրհնություն ստացան այսօր, է՛լ ավելի զորացան: Փառք եմ տալիս Աստծուն ամեն ինչի համար, այն մեծ օրհնության համար, որով մեր տղաների ոգին բարձր է պահում»:

Մինչ զրուցում էինք Տեր հոր հետ՝ մեզանից հարյուր մետր այն կողմ՝ գյուղի եզրին, դեռ մխում էին հակառակորդի անօդաչու թռչող սարքերից խոցված քաղաքացիական մեքենաները։ Սահմանապահ Չինարիի գյուղացիներն ու մեր բանակայիններն էլ  պատրաստվում էին սահմանային հերթական անքուն գիշերվան…

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1349) 22.07.2020 - 28.07.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/07/2020