Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ ՎԵՐՋՈՒՄ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԲԱԶՄԱԿԵՏ ԴՆԵԼ…



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ ՎԵՐՋՈՒՄ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԲԱԶՄԱԿԵՏ ԴՆԵԼ...Զրույց ՀՀ Գրողների միության վարչության անդամ, Թատերական գործիչների, ՀՀ Ժուռնալիստների միության անդամ, Նոյեմբերյանի «Ասպարեզ» թատրոնի ռեժիսոր, Տավուշի մարզի Գրողների միության մարզային բաժանմունքի ղեկավար, Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակից Սամվել Բեգլարյանի հետ:

 

Պարո՛ն Բեգլարյան, Դուք պոետի հոգով ազատամարտիկ եք: Ինչպե՞ս են վերջին իրադարձությունները սահմանին անդրադառնում Ձեր այսօրվա տրամադրության վրա, ի՞նչ մտորումներ եք ունենում:

-Սիրելի՛ Քնար, պատերազմը, իր դաժանությամբ հանդերձ, նաև իր մեջ մեծ պոետականություն ունի: Չէ՞ որ պատերազմի ժամանակ են հերոսանում: Պատերազմը տալիս է հայրենիքին նվիրվելու, հայրենիքը պաշտպանելու, հայրենիքի զինվորը լինելու, երբեմն էլ՝ հայրենիքին մատաղ լինելու հնարավորություն: Ես միշտ ասել եմ ու էլի եմ ասում. Հայրենիքը միայն քեֆ ու խրախճանքի սեղան չի, հայրենիքը նաև զոհասեղան է, իսկ զոհվելու, ինքնազոհողության մեջ միշտ էլ պոետականություն կա:

Դուք ղեկավարում եք Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի թատրոնը, Գրողների միության Տավուշի բաժանմունքի նախագահն եք, որպես սահմանի բնակիչ՝ օր ու գիշեր շփվում եք թե՛ տեղի բնակչության, թե՛ զինվորականների հետ: Ի՞նչ տրամադրվածություն ուներ այս օրերին մեր ժողովուրդը, և ի՞նչ եք զգացել, տեսել մեր զինվորականների մեջ:

-Ինչպես ասում են՝ «տախտակամածից՝ պարահանդես»: Ես միշտ այդ վիճակում եմ լինում: Զորամասը իմ տանից ընդամեը 300մ հեռավորության վրա է: Թուրքի հետ սահմանը ուղիղ գծով՝ 800 մ, Հայաստանի մեր պետական սահմանը՝ Քուռ գետը, 8 կմ ուղիղ գծով, մեր տան դիմաց են: Եվ սահմանի հետ կապված այս բոլոր զգացողությունները, մտքերը ինձ համար սովորական առօրյա են: Մտերիմ հարաբերությունների մեջ եմ ինչպես սպաների, այնպես էլ, այսպես ասած՝ աշխարհազորայինների հետ: Եվ այն, ինչը ինձ համար է առօրյա, նրանց բոլորի համար էլ նույնն է: Տարածաշրջանի մարդկանց համար էլ, կամա թե ակամա, պատերազմը, կրակոցները, զոհի մասին լսելը, առաջնագիծ գնալուն պատրաստ լինելը, սովորական առօրյա են: 1988թ. մինչև հիմա մենք անընդհատ կրակոցների, պատերազմների մեջ ենք: Երբ Երևանից լրագրողներ են գալիս, երբ այդ «խուճապ» բառն են հնչեցնում… Այս բառը մեզ համար այնքան օտարոտի է, այնքան հեռու է մեզնից, այնքան ծիծաղելի է մեզ համար: Ի՞նչ խուճապ: Ո՛չ մի խուճապ: Չեմ ասում, որ սահմանում ապրելը հերոսություն է, թուրքից չվախենալը հերոսություն է, չէ՛, ճակատագիր է: Ճակատագիր է, որին հարմարվել ենք վաղուց: Սա մեր կյանքն է, մեր հայրենիքը: Շատ կուզեմ, որ այն մարդիկ, որ խուճապի մասին հարց են տալիս, տեսնեն, թե ինչպես, երբ թուրքը գնդակոծում է, փողոցի մի մայթին սուրալով գնդակներ են դիպչում, մյուս մայթին երեխաները հեծանիվ են քշում: Մայրը երեխային գրկած հանգիստ քայլում է փողոցով, և եթե ինչ-որ մեկը հանկարծ ասի՝ «Ախչի՛, մի քիչ էս կո՛ղմը քայլի, կրակում են», պտտվում, ասում է. «Հողե՛մ ես դրանց գլուխը, թող …»: Այնպիսի հպարտությամբ է ասում, այնպիսի ձիգ կեցվածքով, ասես թուրքը լսում է իրեն: Միայն զենքը ձեռքին չեն հերոսանում: Թոնրի մեջ հաց թխող մայրը, ամուսնու, երեխայի շորերը լվացքի պարանին գնդակոծության ներքո փռող հարսը, հյուր գնացող մեծահասակը, բոլորը հերոսներ են:

Զինվորը երբեք դատարկ գյուղը չի պահի: Եթե իմանա, որ գյուղը չի ապրում, չի շնչում, այնտեղ հաց չեն թխում, երեխա չի ծնվում, չի պահի այն: Ապրող գյուղը զինվորի թիկունքն է, շարասյուն է, մի միավոր ավելի զենք է, տանկ է…

Ամեն անգամ, երբ Ձեր հայրենի Նոյեմբերյանի, հարևան գյուղերի, Արցախի սահմանին իրավիճակը սրվում է, Դուք Ձեր պատկառելի տարիքը, առողջական վիճակն անտեսելով՝ նախկին ազատամարտիկ ընկերներով անմիջապես հավաքվում ու զինվորագրվում եք: Պատմե՛ք, խնդրեմ, այս մասին:

-Ես քառօրյային կամավորագրվեցի ու գնացի Արցախ: Այս օրերին էլ դիմեցի Սասուն Միքայելյանին ու ասացի. «Հենց անհրաժեշտություն լինի, ցուցակագրե՛ք: Չգիտեմ՝ Ա-ով ազգանուն ունեցող քանիսը կան, իմը Բ-ով է սկսվում, մի քիչ առաջ կգցեք»: Պատասխանում է՝ «Տարիքդ մեծ է, հիվանդ ես»: Ասում եմ. «Հրամանատա՛ր, ո՞րն է պատվաբեր՝ անկողնում պառկել, մեռնելը՝ մի բաժակ ջուր խնդրելի՞ս, թե՞ խրամատում մեռնելը»: Գիտե՞ք, երբ ծերունազարդ մարդը խրամատ է մտնում զենքը ձեռքին, ի՜նչ ոգի է տալիս էնտեղ կանգնած ջահելներին: «Հոպա՛ր ջան» են ասում, ոգևորվում: Զինվորը, ինչպես և սերը, տարիք չի ճանաչում: Հայրենիքի պաշտպանությանը ի՞նչ տարիք: Ամենավճռական պահին յոթանասուն տարեկան մարդը կարող է գոռալ. «Առա՜ջ, տղերք ջան, ես ձեր ցավը տանեմ» ու իր հետևից զորք կտանի: Ապրիլյանին էլ խնդրել էինք, որ մեզ հակառակորդին ամենամոտ դիրքերից մեկում կանգնեցնեն:

Հուսանք, որ Ձեր այդ սիրած լուսաբացները, որ դիմավորում եք սահմանին  հավատարիմ շան՝ Բոնիի հետ, վերջապես տևականորեն խաղաղ կլինեն:

-Երբ սովորական, ամենօրյա առավոտդ բացվում է, և դու դուրս ես գալիս՝ արևածագին նայելու, շա՜տ լավ է, բայց այնքան էլ հետաքրքիր չէ: Իսկ երբ ապրում ես սահմանին, և գնդակոծում են տանդ չորս բոլորը, և մտածում ես, որ դա կարող է քո չքնաղ հայրենիքը տեսնելու, քո կյանքի վերջին առավոտը լինել, այն ավելի թանկ է դառնում, ավելի է կարևորվում: Այս զգացողությունը հայրենիքդ, հողդ ավելի է թանկացնում: Լուսաբացը կարծես բյուրեղանում է իր գեղեցկության մեջ:

Ինձ համար իմ այս տարածքը միջնաբերդ է նախ և առաջ: Իսկ միջնաբերդը պետք է դրսից պաշտպանել, ներսից չես պաշտպանի: Առաջ միջնաբերդերը չէ՞ որ պատված էին լինում պարսպով, առուներով: Չպե՛տք է թողնենք, որ թուրքը մեր միջնաբերդը մտնի:

Չեմ ուզում պաթետիկ բառեր ասել՝ հայրենասիրություն, հանուն հայրենիքի և այլն: Չէ՛, չեմ էժանացնի իմ զինվորի, իմ սիրելի տղաների արածը: Մի քիչ տարօրինակ բան ասեմ՝ հայրենիքը պաշտպանելը աշխատանք է: Ոչ միայն սպայի, այլև զինվորի աշխատանք: Որքան էլ ծանր, որքան էլ հերոսական, երբեմն՝ դաժան, բայց աշխատանք է, շա՜տ պատվաբեր աշխատանք, որ հերոսանալու հնարավորություն է տալիս…

… Հայրենիքը երբեք չի վերջանում, այն միշտ սկսվում է: Ամեն վերջակետ այստեղ նոր տողի սկիզբն է: Չի՛ կարելի վերջակետ դնել: Հայրենիքի մասին խոսելիս վերջում միշտ բազմակետ պետք է դնել… Միշտ պետք է մտածենք, որ վաղը, հենց վաղը մեր հայրենիքի համար կարող է լինել այն, ինչին սպասել ենք հազարամյակներ, վաղը կարող է լինել հավերժության սկիզբ…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ Սամվել Բեգլարյանի ընտանեկան արխիվից

Խորագիր՝ #29 (1349) 22.07.2020 - 28.07.2020, Բանակ և հասարակություն


23/07/2020