Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ, ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ



Ազգային բանակում ավարտվեց ուսումնական տարին։ Այժմ արդյունքների ամփոփման, ստորաբաժանումների համալրման եւ նոր ուսումնական տարվա նախապատրաստության ժամանակաշրջանն է։ Այս օրերին այցելելով տարբեր զորամասեր՝ զգացինք, որ հրամանատարներն ու սպաներն անհամբերությամբ են սպասում վերադաս ստորաբաժանումների գնահատականներին։ Դա վկայում է, որ արդյունքները մշտապես բարելավելու ձգտումը, մրցակցությունը, լավագույնը կամ լավագույնների շարքում լինելը սպաների մեծ մասի համար դարձել է պատվի խնդիր։ Իսկ ամենակարեւորն այն է, որ զորամասերում ճիշտ են գնահատում ռազմաքաղաքական իրավիճակը. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հաճախացման միտումը ստիպում է է՛լ ավելի լավ աշխատել, մշտապես պատրաստվել հայրենիքի պաշտպանությանը։
Գնդապետ Հովիկ Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում այն կարծիքին են, որ իրենց զորամասերի համար ուսումնական տարին հաջողված է։ Առաջադրանքները լավ են կատարել ինչպես մարտական հերթապահության մեջ ընդգրկված, այնպես էլ մյուս զորամասերը, որոնց մարտունակությունը պարբերաբար ստուգվել է զորավարժությունների եւ քննությունների միջոցով։
Վերջին տարիներին մշտապես լավագույնների շարքում է լինում փոխգնդապետ Ս.Տարախչյանի հրամանատարությամբ գործող զորամասը։ 2007 եւ 2008թթ. այս զորամասը նրա հրամանատարությամբ առաջինն էր ազգային բանակի համանման զորամասերի շարքում եւ այժմ էլ պայքարում է փոխանցիկ դրոշը վերադարձնելու համար։
Փոխգնդապետ Ս. Տարախչյանը ծնվել է 1976թ. Գյումրիում։ Տեղի անգլիական թեքումով N20 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1994թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանու բաժինը։ Ավարտելուն պես 1998թ. նշանակվել է ռեակտիվ հրետանային կայանների դասակի հրամանատար։ 2004թ. տեղափոխվել է այս զորամաս եւ նշանակվել շտաբի պետ, իսկ 2007-ին՝ հրամանատար։ Սարգիս Տարախչյանը զբաղվում է կարատեով, ունի վարպետության սեւ գոտի առաջին դանի աստիճան։ Հայաստանի բազմակի չեմպիոն է, իսկ 1994թ. դարձել է ԱՊՀ չեմպիոն։ Նա մարզաձեւի գաղտնիքներն է սովորեցնում իր զինվորներին եւ նրանց հետ մասնակցում է համաբանակային սպարտակիադաներին։ Այս տարի մասնակցելով ազգային բանակի դիվիզիոնների հրամանատարների մրցույթ-ստուգատեսին՝ գրավել է առաջին տեղը եւ արժանացել «Լավագույն հրամանատար» կոչմանը։ Ասենք նաեւ, որ մեր բանակին մատուցած ծառայությունների համար փոխգնդապետ Ս. Տարախչյանը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով» մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Ամուսնացած է, ունի երկու տղա, որոնք երազում են իրենց հայրիկի պես զինվորական դառնալ։
Մեր խնդրանքով փոխգնդապետ Ս. Տարախչյանը ներկայացրեց ավարտված ուսումնական տարվա այն հիմնական միջոցառումները, որոնց միջոցով ստուգվել-ճշտվել է զորամասի մարտունակությունը։
-2009թ. աշնանը զորամիավորումում ստուգումներ եւ քննություններ անցկացվեցին գլխավոր ռազմական տեսչության կողմից,- ասաց նա։ -Մենք քննությունը հանձնեցինք մարտական հրաձգությամբ եւ ստացանք «լավ» գնահատական։ Քննությունները կրկնվեցին այս տարվա մարտ ամսին։ Այդ ժամանակ մեր առջեւ մարտական հրաձգություն կատարելու խնդիր չդրվեց, եւ ստացանք «բավարար» գնահատական։ Ուսումնական տարվա ընթացքում տեսական եւ գործնական պարապմունքները հիմնականում կատարվել են զորամասի ուսումնական տեղամասերում։ Առաջին փուլի ընթացքում կազմակերպել ենք ճամբարային հավաք։ Երկրորդ ուսումնական փուլում նույնպես դուրս ենք եկել ճամբարային հավաքի, որի ընթացքում հրաման ենք ստացել տեղափոխվել Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն եւ մասնակցել մարտավարական զորավարժությանը։ Սեպտեմբերի 27-ին կատարեցինք մարտական հրաձգությունը եւ ստացանք «գերազանց» գնահատական, որովհետեւ բոլոր առաջադրանքները կատարվեցին հարյուր տոկոսանոց արդյունքներով։ Մեր հրետանավորների ցույց տված արդյունքից վերադաս հրամանատարությունը գոհ մնաց։ Ամփոփիչ ստուգումները կատարել է զորամիավորման հանձնաժողովը, եւ հաշվարկներն ու մարտկոցները ցույց են տվել բարձր արդյունքներ։ Ուսումնական տարվա ընթացքում եւ զորավարժության ժամանակ առանձնացել է կապիտան Է. Հովհաննիսյանի մարտկոցը։ Առաջադրանքները միշտ հաջողությամբ է կատարել ղեկավարման դասակի հետախուզման ջոկը՝ կրտսեր սերժանտ Արա Կտոյանի ղեկավարությամբ։ Այդ հրաշալի զինվորն արդեն զորացրվել է։ Ուզում եմ առանձնացնել նաեւ լավագույն հաշվարկի հրամանատար սերժանտ Պետիկ Կարապետյանին։
Կարող եմ վստահեցնել, որ զորամասը համախմբված մարտունակ կոլեկտիվ է։ Շուրջ վեց տարի մենք զորամասն ինքնագլուխ լքելու դեպք չենք ունեցել։ Հաջողության մեջ իրենց ներդրումն ունեն բոլոր սպաները, հատկապես մայորներ Ա. Խաչատրյանը եւ Յու. Հակոբյանը։ Վերջինս ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալն է, ակտիվորեն է մասնակցում նաեւ պաշտպանության նախարարության միջոցառումներին, հաղթել է ՀՊՊ եւ ԳԴՊ խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթում։
***
Զրույցին մասնակցում էր նաեւ մայոր Ա. Վարդանյանը։
-Այժմ, երբ ավարտվել է ուսումնական տարին, մարտկոցների հրամանատարները շարունակում են աշխատանքը, գործնական պարապմունքներ են անցկացնում, խնդիրներ լուծում եւ զրուցում ՀՊՊ տարբեր թեմաների շուրջ,- ասաց մայոր Ա. Վարդանյանը։
***
Հրանոթները դեռեւս բաց երկնքի տակ էին։ Հաշվարկները դրանք բերում էին մարտական վիճակի, հետո հավաքում, նախապատրաստում երթի…
Կրտսեր սերժանտ Գրիգոր Խոջագորյանը մեր խնդրանքով պարզաբանեց կրակի կառավարման կանոնները՝ սկսելով հրանոթը հիմնական ուղղության բերելուց։ Հետո թվարկեց գործողությունների հերթականությունը՝ նշանակետ, արկի տեսակ, պայթուցիչի տեսակ, լիցքի ընտրություն, նշանառություն, մակարդակ, հիմնական ուղղությունից աջ կամ ձախ եւ այլն։ Հաճելի էր տեսնելը, որ զինվորը լավ է տիրապետում իր գործին եւ կարող է ամենակարեւոր գործը՝ ռազմական առաջադրանքը, հաջողությամբ կատարել։ Հաշվարկի հրամանատարը ներկայացրեց նաեւ զինակիցներին՝ նշանառու շարքային Գոռ Մելքոնյանին եւ հաշվարկի համար շարքային Օգսեն Մովսիսյանին։
***
Դ-30 մյուս հաշվարկի հրամանատարը հրամանատարի գովեստին արժանացած սերժանտ Պետիկ Կարապետյանն էր։ Նա ասաց, որ բանակ է եկել տնտեսագիտական համալսարանն ավարտելուց հետո։ Զորակոչվել է ուսումնական զորամաս, որի ավարտական քննությունների ժամանակ նույնպես մասնակցել է հրետանային կրակի եւ ստացել «գերազանց» գնահատական։
-Իմ հաշվարկի նշանառուն շարքային Գարիկ Սուքիասյանն է, արդեն մեկ տարվա զինվոր է, բանակ է եկել հայկական պետական ճարտարագիտական համալսարանի երրորդ կուրսից, հաշվարկի համարը շարքային Արժանիկ Խուգոյանն է։ Նա այժմ արձակուրդում է, իսկ հաշվարկի վարորդը շարքային Վարդան Սիմոնյանն է՝ լավագույն վարորդներից մեկը մեր զորամասում։ Նա գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի կողմից պարգեւատրվել է թանկարժեք նվերով։
***
Այստեղ էր նաեւ մարտկոցի հրամանատար կապիտան Հ. Ալեքսանյանը։
-Սեպտեմբերին տեղի ունեցած զորավարժության ժամանակ մարտկոցն ստացավ «գերազանց» գնահատական։ Ինչպես տեսչական, այնպես էլ կրակային դիրքի զբաղեցումը եւ մարտական կրակը շատ լավ ստացվեցին։ Իսկ ամփոփիչ քննություններից ստացանք «լավ» գնահատական։ Այժմ կրկնում ենք «Մարտկոցի կրակի վարումը փակ կրակային դիրքից» թեման։ Հաշվարկներում ունենք նոր զինվորներ եւ ուզում ենք, որ նրանք լիովին պատկերացնեն այն ամենը, ինչ պետք է անի հաշվարկը առաջադրանքը կատարելիս։ Ասեմ, որ մեր եւ մյուս մարտկոցների միջեւ առողջ պայքար է ընթանում լավագույնի կոչման համար, եւ ձգտում ենք հաջորդ փուլում լինել առաջինը,- ասաց կապիտանը։
Հեռաչափի մոտ հաշվարկող շարքային Վահան Անդրեասյանն էր։
-Ավարտել եմ ագրարային համալսարանը, ծառայել եմ մեկ տարի, միանգամից այստեղ եմ զորակոչվել։ Իմ հաշվարկների հիման վրա կրակել են եւ ստացել «գերազանց» գնահատական,- ասաց նա։
Այս մարտկոցում բավական շատ էին բարձրագույն կրթություն ստացած կամ բուհից զորակոչված տղաները։ Այսպես, կրտսեր սերժանտ Գարեգին Դանիելյանն ավարտել է հայկական պետական ճարտարագիտական համալսարանը։ Նա ասաց, որ ուսումնական զորամասի ավարտական քննության ժամանակ էլ է մասնակցել կրակի։ Նշանառու շարքային Իշխան Նազարեթյանը բանակ է եկել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսից։ Ուսանողական նստարանից էին բանակ եկել նաեւ կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորյանը, շարքայիններ Արմեն Համբարյանը, Սաշիկ Հակոբյանը եւ Գեղամ Ալոյանը։
Ղեկավարման դասակի հրամանատարն ավագ լեյտենանտ Գ. Ռուբենյանն է։
-Մեր լավագույն հրետանային հետախույզը սերժանտ Դավիթ Թադեւոսյանն է։ Նա դեկտեմբերի 15-ին զորացրվելու է։ Քաղցրաշենցի այս տղան այնքան լավ զինվոր է, որ չեմ ուզում զորացրվի։ Բայց, ինչ արած, իր պարտքը պատվով է կատարել եւ պետք է տուն վերադառնա։ Նրա փոխարեն նշանակել ենք կրտսեր սերժանտ Հովհաննես Ավետիսյանին, որի հետ էլ լրացուցիչ աշխատանք ենք տանում, որ շուտ մտնի հունի մեջ։ Հեռաչափողը՝ շարքային Խաչատուր Խաչատրյանը, նույնպես նոր է, բայց խնդիր չկա, կրթված տղա է եւ շատ արագ ամեն ինչ յուրացնում է։ Զորացրման գործընթացը ոչ մի կերպ չի ազդի դասակի մարտունակության վրա,- վստահեցրեց ավագ լեյտենանտ Գ. Ռուբենյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #49 (864) 15.12.2010 – 22.12.2010, Ազգային բանակ


17/12/2010