Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԺԵՂՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ



ՈՒԺԵՂՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸՎերջապես ինքնաթիռը օդ բարձրացավ: Մի քանի ժամից տանը կլինի: Քանի կացարան ուզում ես՝ ունեցիր՝ մեծ, շքեղ, աշխարհի ամենահարուստ ու գեղեցիկ երկրներում… տունը մեկն է: Այն, որ քո հողի վրա է. քո հայրենիքում: Իր տունը Շենիկ գյուղում է: Պապն է կառուցել: Եռահարկ տուն է, մեծ այգի ունի: Հիշեց տատի դեմքն ու ակամա ժպտաց: Երբ ասաց, որ պիտի հայկական բանակում ծառայի, հեռախոսի մյուս ծայրում մի քանի վայրկյան լռեցին, հետո տատը տվեց ամենաանսպասելի հարցը.

-Դո՞ւ ուզեցիր Հայաստանում ծառայել, թե՞ հերդ որոշեց:

Ինքը մի պահ շփոթվեց դասը չիմացող աշակերտի պես:

-Ընկե՛ր Զոհրաբյան, հազար տարվա մանկավարժ եք. որ աշակերտը դասը չիմանա, հուշելով կարո՞ղ է պատասխանել:

Տատը ծիծաղեց:

-Պապան հուշեց հայկական բանակում ծառայելու միտքը, բայց որոշողը ես էի:

-Ապրե՛ս,- ասաց տատը:

Հայաստանի մասին ամենալավը տատն էր պատմում: Սիրուն բառերով էր պատմում: Էնպես էր պատմում, որ աչքերդ թրջվում էին հպարտությունից: Սեպագիր արձանագրություններ, մագաղաթյա մատյաններ, Տիգրան Մեծ ու Վարդան Մամիկոնյան, տաղեր ու շարականներ, Ցեղասպանություն ու Սարդարապատի հերոսամարտ….Տատը հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի էր, գիտեր հոգուդ ամենազգայուն լարերին դիպչելու ձևը: Եթե ինքը մնար Հայաստանում, գուցե տատն այդպիսի ներշնչանքով չպատմեր: Այն ժամանակ, երբ հայրն ու երկու հորեղբայրները իրենց ընտանիքներով մի հարկի տակ էին ապրում, տատի պատմությունները բարության, կարեկցանքի, թույլին օգնելու, ընկածին բարձրացնելու մասին էին, բայց երբ եկան Ռուսաստան, տատի թեման դարձավ Հայաստանը՝ իր անցյալով, իր մշակույթով, իր հաղթանակներով ու պարտություններով: Պատմում էր ոչ միայն հյուր եկած ժամանակ, այլև՝ հեռախոսով: …Մի օր էլ դպրոցում համադասարանցիներից մեկը՝ մի ադրբեջանցի, ասաց.

-Դուք հայրենիք չունեք: Հայերը ադրբեջանական հողի վրա են ապրում: Դրա համար էլ թուրքերը ուզում էին վերացնել ձեր ազգը: Քարտեզի վրա դուք նոր եք հայտնվել ու պիտի ջնջվեք:

Առաջինը ինքը խփեց: Հետո համադասարանցի ադրբեջանցիները միացան կռվին, հետո՝ հայերը: Ծնողական ժողովի ժամանակ դասղեկն ասաց, որ իրենք իրավունք չունեն ազգամիջյան խնդիրները բերելու դասարան: Հետո ավելացրեց, որ հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են ու իրենց պատմական հայրենիքում ապրել են վաղնջական ժամանակներից: Ադրբեջանցիները սսկվել էին:

…Ինքնաթիռի միալար բվվոցը թմբիր էր բերում: Մտքի մեջ պատկերները ձուլվում էին իրար: Շուտով զինվորական համազգեստ կհագնի: Զենքը ձեռքին՝ կկանգնի սահմանին: Կզգա սեփական երկիրը կյանքով պաշտպանելու բոլոր թրթիռները…Ապրիլյան պատերազմի ժամանակ գնաց համայնք, 16 տարեկան էր այդ ժամանակ: Ասաց՝ ուղարկեք Հայաստան, սահման: Ասացին՝ մի քանի տարի դիմացիր, մինչև զորակոչվելու տարիքդ լրանա: Էդ օրը վիճեց Մաշայի հետ: Գնացել էր նրա խանութից գնումներ անելու: Մաշան մի տեսակ կոպիտ պատասխանեց:

-Ինչ-որ բանից դժգո՞հ եք,- հարցրեց Մաշային: Կռվի տոնով հարցրեց:

-Հա՛, դժգոհ եմ,- ասաց Մաշան,- ձերոնք հարձակվել են մեր դիրքերի վրա: Բայց հետ են շպրտվել: Ու լիքը զոհեր ունեք:

Ինքը մի կերպ տիրապետեց իրեն, որ չխփի ադրբեջանցի կնոջը:

-Մենք ինչ ազատագրելու էինք, 20 տարի առաջ ազատագրել ենք, հիմա պատճառ չունենք հարձակվելու: Էդ ձերոնք չեն հանգստանում: Ադրբեջանցիներն են հարձակվել ու մեր հողի վրա հարյուրավոր դիակներ են թողել: Ձեր զոհերը քառապատիկ շատ են:

Կինը կմկմաց.

-Ինտերնետում ինչ գրված է, էդ եմ ասում:

-Ձեր իշխանություններին մի՛ հավատա, ստախոսներ են,- ասաց ու դուրս եկավ խանութից:

Վերջին ընդհարումը իր ծննդյան օրն էր՝ օգոստոսի 21-ին: Բաքվեցի ընկերը՝ Արխանը, գարեջուր էր գնել, իր վաճառած ձմերուկներից էր կտրել: Նստած ուտում էին, մեկ էլ որտեղից որտեղ հայտնվեց Չորուքը (ադրբեջանցիները ծերունուն չորուք են ասում): Եկավ, նստեց կողքին ու սկսեց զառանցել.

-Հայերը Կովկասի ցիգաններն են: Լենինը տեսավ՝ հայրենիք չունեք, մի քիչ ադրբեջանցիներից, մի քիչ վրացիներից, մի քիչ պարսիկներից հող վերցրեց, տվեց ձեզ, որ երկիր ու պետություն ունենաք:

-Մենք երկիր ու պետություն ունեինք Քրիստոսի ծննդից շատ առաջ,- ասաց՝ ձայնի դողը մի կերպ զսպելով:- Հին աշխարհի բոլոր քարտեզների վրա Արմենիան կա: Դուք՝ ադրբեջանցիներդ, պիտի թույլ չտաք, որ ձեզ խաբեն, հիմարացնեն: Դուք ազգովի խաբվում եք, որովհետև ուսման, գիտության հետ սեր չունեք: Գիրք չեք կարդում՝ ադրբեջանական գրքերը չէ, օտարալեզու….

-Դուք քոչվոր եք եղել, դրա համար էլ…

Հարվածը Չորուքի ծնոտին կպավ: Մեկ էլ տեսավ՝ հատակին ընկած է: Վեր թռավ տեղից, որ բարձրացնի, էն էլ ծերուկը կանգնեց ու երերալով գնաց: Քիչ անց հաստավիզ, մուսկուլավոր ադրբեջանցիները հավաքվեցին շուրջը: Ոնց որ միշտ՝ ոհմակով եկան:

-Տարիքով մարդու վրա ձեռք բարձրացնելը, գետին գցելը սխալ է:

-Ով իմ ազգին վիրավորի, իր ազգի սրբություններն եմ ոտքիս տակ գցելու,- պատասխանեց:

Ադրբեջանցին նայեց Արխանին:

-Ընկերդ վիրավորում է քո ժողովրդին:

-Ես ադրբեջանցի չեմ, թալիշ եմ,- ասաց Արխանը,- ու ինձ չեն վիրավորել:

Ադրբեջանցիները գնացին ու հետ չեկան: Ինքը մի քանի օր հետո  կրծքին Արմենիա գրած  շապիկով մտավ մի ադրբեջանցու խորտկարան: Մի քանի րոպեից երկու տղա մոտեցան, թե՝

-Դուրս եկեք խորտկարանից: Սրա տերը ադրբեջանցի է, հայերի մուտքն այստեղ արգելված է:

-Կանչի՛ր տիրոջդ,- ասաց, բայց ինքն էլ չգիտեր, թե ինչ պիտի խոսեր ադրբեջանցու հետ: Տերը եկավ ու …ճանաչեց իրեն: Ավելի ճիշտ՝ իմացավ, թե ում տղան է:

-Քո հայրը մեծ պատիվ ու հարգանք ունի: Նստիր, ինչքան կուզես և ընդունիր մեր հյուրասիրությունը:

…- Ձեզ լա՞վ եք զգում:

Բացեց աչքերը: Ռուս ուղեկցորդուհին նայում էր հոգատար ու սիրալիր.

-Լավ եմ, շնորհակալություն:

-Գլուխը հենել էիք թիկնակին, ինձ թվաց…

Սիրուն աղջիկ էր ու մի քիչ նման էր Սոֆիային: Ո՞վ կմտածեր, որ կսիրահարվի թրքուհու: Դիսկոտեկում հանդիպեցին: Աղջիկը շատ սիրուն էր ու անմիջապես նկատվեց: Ինքը մոտեցավ, սկսեց պտտվել շուրջբոլորը: Մեկ էլ տեսավ, որ թուրքերեն է խոսում: Էդ էլ Լեզուների քոլեջի խերն էր: Հինգ լեզու էին սովորեցնում՝ պարսկերեն, եբրայերեն, հունարեն, արաբերեն, թուրքերեն: Ինքը աղջկա հետ թուրքերեն խոսեց: Պարեցին: Հետո սկսեցին հանդիպել: Երբեք ոչ մեկի հետ էդքան ներդաշնակ չէր եղել: Սոֆիան մի անգամ հարցրեց.

-Երևի շատ վաղուց ես Ռուսաստանում ապրում, որովհետև թուրքերեն ռուսական առոգանությամբ ես խոսում:

Իրենք նստած էին այգում: Սոֆիայի ձեռքը իր ափերի մեջ էր:

-Ես հայ եմ,- ասաց: Սոֆիան խայթվածի նման հետ քաշեց ձեռքը: …Բայց շարունակեցին հանդիպել: Երբ Հայաստան էր գալիս, հրաժեշտից առաջ ասաց.

-Ես Հայաստանում պիտի ապրեմ: Հնարավոր է՝ հետ չգամ Ռուսաստան:

-Եթե կուզես, ես կգամ Հայաստան,- ասաց Սոֆիան,-կփոխեմ կրոնս, կդառնամ քրիստոնյա:

-Լա՛վ,- ասաց ինքը,- հենց զորամաս հասնեմ, այլևս քեզ չեմ զանգի: Երկու տարի հնարավորություն կունենաս ամեն ինչ ծանրութեթև անելու: Զորացրվելուց հետո կզանգեմ: Եթե կրոնափոխ լինելու ու Հայաստանում ապրելու միտքդ փոխած չլինես, կխոսենք: Եթե՝ ոչ, զանգիս չպատասխանես:

…Բացեց աչքերը: Ամպերը սահում էին՝ պատուհանին հպվելով: Տեսենես՝ որ քաղաքի վրայով ենք թռչում՝ մտածեց: Օդային սահմանը ոչ մի ընդհանրություն չունի իրական սահմանի հետ, որովհետև օդում հայրենիք չկա, հայրենիքը հողիդ վրա է՝ հայրենակիցներդ, տունդ, երկիրդ…Վերջին տարիներին հայրը պնդում էր, որ մարզվի: Երևի՝ բանակի համար էր նախապատրաստում: Էն էլ դեսպանատանն ասացին՝ տղադ Հայաստանի քաղաքացիություն չունի, ուրեմն՝ և զինվորական պարտք չունի Հայաստանի հանդեպ: Հայրը կատաղել էր՝ քաղաքացիությո՞ւնն է կարևոր, թե երակներում հոսող արյունը: Հետո ասաց՝ դու հասիր Հայաստան, տատդ քեզ բանակ ուղարկելու ձև կգտնի, չվախենաս: Իրոք, ո՞վ կարող է մերժել տատին: Արմավիրում բոլորն են ճանաչում հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի ընկեր Զոհրաբյանին:

…Ինքնաթիռն իջնում էր: Եվս մի քանի րոպե, ու կշնչի Հայրենիքի հոտը: Հինգ տարի Հայաստանում չի եղել: …Առաջինը իջավ ինքնաթիռից:

-Բարև, տղա՛ս,- ողջունեց անծանոթ տղամարդը, հենց ոտքը դրեց գետնին:

-Здравствуйте,- պատասխանեց՝ արագ քայլելով: Հետո մի պահ կանգնեց ու հետ դարձավ.

-Բարև Ձեզ,- ասաց,- սխալմամբ ռուսերեն բարևեցի: Հինգ տարի Հայաստանում չեմ եղել, հուզված եմ…

-Բարի գալուստ հայրենիք, տղա՛ս,- ասաց մարդը: Ինքը շրջվեց, որ գնա, ու հանկարծ Արարատը իր հպարտ շքեղությամբ հայտնվեց աչքերի առաջ: Զգաց, որ այտերը թրջվում են, երեխայի պես ձեռքով մաքրեց աչքերն ու ժպտաց:

♦♦♦

ՈՒԺԵՂՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸՆորիկ Պետրոսյանը հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում հաջողությամբ մասնակցել է գումարտակի մարտավարական զորավարժանքին, խրախուսվել է ու ինքն իրենից գոհ՝ թափահարում է ձեռքը.

-Ողջո՜ւյն:

Բարձրահասակ, բարեկազմ տղա է, վառվռուն աչքեր ունի, գեղեցիկ, համաչափ դիմագծեր:

-Բարև,- ասում եմ,- ո՞նց է անցնում ծառայությունդ: Զորավարժանքը …

Չի թողնում շարունակեմ.

-Զորավարժանքը շատ լավ անցավ: Մենք՝ զինվորներով, ամեն ինչ արեցինք, որ բարձր արդյունքներով կատարենք առաջադրանքը: …Ես շատ եմ սիրում զինվորական ծառայությունը: Սա ուժեղների աշխարհն է՝ this is a man՚s world: Անգլերեն գիտե՞ք…

Ա՜յ քեզ անմիջականություն:

-Էդ ո՞նց եղավ, որ դու 7 լեզու գիտես, ես անգլերեն էլ չգիտեմ:

-Մի՛ նեղացեք, ես լեզուների քոլեջ եմ ավարտել, դրա համար էլ շատ լեզուներ գիտեմ:

Էդ պահին դուռը ճռռում է, Նորիկն ինձ թողնում է ու շրջվում դեպի այցելուն:

-Վա՜յ, Թամար մորաքույր ջան, բարև, ո՞նց ես…

Հետո դառնում է ինձ:

-Իմ երկրորդ մայրն է՝ աշխարհի ամենալավ կինը:

-Երկրորդ մայրդ ո՞նց է հայտնվել Իջևանի զորամասում,- ես մի կերպ եմ զսպում ծիծաղս:

-Չէ՜, չհասկացաք,- արդարանում է Նորիկը,- ինքն ինձ մայրություն է արել: Երբ նոր էի զորակոչվել, ճաշերի համերը մորս պատրաստածի նման չէին, չէի կարողանում ուտել, Թամար մորաքույրն ինձ համով բաներ էր տալիս, ուտում էի: Էնքան հոգատար է: Իսկ իր ամուսինը աշխարհի ամենալավ մարդն է:

Ես արդեն քրքջում եմ.

-Ամուսինն ո՞վ է: Ու ո՞նց ես հաջողացրել աշխարհի ամենալավ կնոջն ու տղամարդուն հանդիպել Հայաստանում:

Նորիկը ուշադրություն չի դարձնում ծիծաղիս ու շարունակում է պատմել ամենայն լրջությամբ.

-Իր ամուսինը մայոր Օհանյանն է: Մարդու ու զինվորականի իդեալ:

-Կատարելատիպ,- ես ձեռքի հետ հայերեն եմ սովորեցնում զինվորին, համ էլ օգնում եմ, որ անկեղծանա. ինձ դուր է գալիս այս անմիջական զրույցը: -Ինչո՞վ է կատարելատիպ մայոր Օհանյանը:

-Եթե ինձ Ռուսաստանում ասեին՝ չէի հավատա, որ ինչ-որ մեկը հայկական բանակում ինձ հոր պես տիրություն կանի, սիրտը կցավի ինձ համար, մի բանը էնքան կբացատրի համբերությամբ, մինչև հասկանամ, իմ հոգսերը կհոգա, իմ խնդիրները կլուծի…

-Միայն քո՞…

-Չէ՛, չէ՛, իր բոլոր զինվորների: Եթե ես որոշեմ կյանքս տալ բանակին՝ զինվորական դառնալ, ապա՝ միայն մայոր Օհանյանին նմանվելու համար…

-«Կյանքը տալ բանակին»… Աշխատանք է, էլի: Ուրեմն՝ ով որտեղ աշխատում է, կյանքը տալիս է այդ բնագավառի՞ն:

-Համեմատելու բան չէ: Զինվորականի գործը սովորական աշխատանք չէ: Բառեր չեմ գտնում…Դուք գոնե գիտե՞ք, թե օրվա մեջ քանի ժամ են սպաները անցկացնում զորամասում ու դիրքերում…Ու ինչքա՞ն լարված են աշխատում, աչալուրջ, որ հանկարծ հակառակորդը չմտնի մեր հողը, հանկարծ զինվորի գլխից մի հատ մազ չպակասի: Գոնե գիտե՞ք՝ ինչքան դժվար է…

-Որտեղի՞ց իմանամ,- կատակում եմ, բայց էլ չեմ ծիծաղում: Զինվորի անկեղծ գնահատականից, երախտագիտությունից հուզվել եմ:

-Էնքան երջանիկ եմ, որ եկել եմ Հայաստան, ծառայում եմ իմ երկրի բանակում: Շատ եմ սիրում իմ զինվորական գործը, զենքս: Տեսե՛ք,- ու ցույց է տալիս երկու կրծքանշանները՝ «Բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ»:- Էնքան ուրախ եմ, որ շատ բանակային ընկերներ ունեմ: Հայկական ընկերությունը ոչ մի ազգի հետ չես համեմատի: Հայկականը ախպերություն է, շատ նվիրված, շատ հարազատ…

-Ի՞նչ կա Սոֆիայից,- հարցնում եմ: Նորիկը թեթև շիկնում է:

-Չենք շփվում՝ ինչպես պայմանավորվել էինք: Բայց Ֆեյսբուքում նկարներս անմիջապես հավանում է: Ուզում է ասել՝ այստեղ եմ, սպասում եմ:

-Տատդ համաձայնե՞ց թրքուհի հարս ունենալ:

-Չէ՜…Կարինե Զոհրաբյանը մատը թափ տվեց վրաս՝ թուրքի ոտքը իմ տուն չմտնի: Բայց, երբ ասացի, որ Սոֆիան ուզում է հայ քրիստոնյա մկրտվել մեր եկեղեցում, մի քիչ կակղեց:

-Աստված բարին անի,- ասում ես:

-Բարու մեջ մնաք,- պատասխանում է զինվորը. հաստատ Հայաստանում է սովորել այդ օրհնանքը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #23 (1343) 10.06.2020 - 16.06.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/06/2020