Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԿԱԼՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ



ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԿԱԼՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒԸնտանիքի արժեքն ու կարևորությունը հասկանալու համար կարևոր է նախ հասկանալ ընտանիք կազմող մարդու արժեքը, այդ մարդու կոչումը: Արարչագործության ընթացքում բոլոր արարածներից միայն մարդուն ստեղծելու ժամանակ է, որ Աստված ասում է. «Մարդ ստեղծենք մեր պատկերով ու նմանությամբ…։  Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. Ա 26-27):

Ընդհանրական Եկեղեցու հայրերից Սուրբ Աթանաս Մեծն ասում է. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Եվ մարդու աստվածացման ճանապարհին կարևոր տեղ էր ունենալու աստվածաստեղծ ընտանիքը: Նախքան մարդը կհասցներ մեղանչել և արտաքսվել երանավետ դրախտից, Աստված հաստատում է Ադամի ու Եվայի միությունը` մարդկային առաջին ընտանիքը, ասելով. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. Ա 28):

Այսպիսով, Աստված մարդկանց տալիս է որդեծնության պատվիրանը, որով մարդուն միջոց է ընձեռվում իր ստեղծագործ ու արարչագործ էությամբ Տիրոջը նմանվելու: Սերնդագործությամբ, իր նմանին արարելով` մարդն իր աստվածանմանությունն է հաստատում: Ահա թե ինչու քրիստոնեական ընտանիքների համար ամենաէական հիմնարժեքներից մեկը և աստվածահաստատ առաքելությունը հենց որդեծնությունը պիտի լինի: Որդեծնությունը, սակայն, զուտ մարդկային ցեղը նոր անհատներով շատացնելու նպատակ չպիտի ունենա, այլ միտված պիտի լինի կատարելության կամ աստվածանմանության ավելի բարձր աստիճան ունեցող սերնդի արարման: Կարևոր է նաև ընդգծել, որ երկրին տիրելու և բոլոր կենդանիներին իշխելու իրավունքը Աստված տալիս է տղամարդուն ու կնոջը հավասարապես, ինչն էլ քրիստոնեական ընտանիքի կառույցում հիմք է դառնում կնոջ ու տղամարդու իրավահավասարության:

Ծննդոց գրքում արարչագործության հինգ օրերից յուրաքանչյուրի ավարտին ասվում է. «Աստված տեսավ, որ լավ է»։ Վեցերորդ օրը, սակայն, Ադամի արարումից հետո, մեկ այլ խոսք ենք լսում. «Տեր  Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»» (Ծննդ. Բ 18): Այստեղից հստակ է դառնում, որ տղամարդն ու կինն ամուսնությամբ փոխադարձաբար լրացնում են միմյանց, նաև հնարավորություն տալիս միմյանց օգնելով հասնելու հավիտենական կյանքի, ինչը երբևէ հնարավոր չպիտի լինի միասեռ ամուսնությունների դեպքում. նույնասեռ միություններն Աստվածաշունչ մատյանը մշտապես ու միանշանակ դատապարտում է ամենախիստ արտահայտություններով (տե՛ս Ծննդ. գլ. 19, Ղևտ. ԺԹ 22, Հռոմ. Ա 24, 26, Ա Կորնթ. Զ 9-10 և այլն):

Ծննդոցի երկրորդ գլխի վերջում հանդիպում ենք տղամարդու և կնոջ միության` ամուսնության կամ պսակի աստվածաբանական ամենակարևոր հիմնադրույթներից մեկին. «Այդ իսկ պատճառով տղամարդը, թողնելով իր հորն ու մորը, պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին» (Ծննդ. Բ 24): Սուրբ Պսակի միջոցով տղամարդն ու կինը դառնում են մեկ: Եվ այդ միությունն իրականություն է դառնում ինչպես մարմնավոր, այնպես էլ հոգևոր կյանքում: Երբ Տեր Հիսուսին հարցնում են կնոջն արձակելու հրեական սովորության մասին, Քրիստոս հենց այս մեջբերումն է անում` հավելելով. «Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ 6): Փրկչի պատասխանով շեշտվում է Աստծո ձեռքով օրհնված Սուրբ Պսակի անբաժանելիության, անլուծելիության գաղափարը:

Քրիստոնեական ընտանիքի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը ընտանիքում կյանքի փորձառության փոխանցումն է, հատկապես ծնողների ու կնքահայրերի՝ սեփական, կենդանի օրինակով հավատի սերմերի փոխանցումը մանուկներին և նրանց աշխարհընկալման մեջ Աստծու նկատմամբ պարզ, անկեղծ հավատի ձևավորումը, որ նմանվում է մեծագույն գանձը պահ տալուն:

Սարգիս սարկավագ Հարությունյան

Շիրակի կայազորի գնդերեց

Խորագիր՝ #22 (1342) 3.06.2020 - 9.06.2020, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


04/06/2020