Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՄԻՀՐԱՆ ՄԻՀՐԱՆԻ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ (ԲԱՍՏԱՆՋՅԱՆ)

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1913թ. օգոստոսի 22-ին Վերին էշերա գյուղում (Սուխումի շրջան, Աբխազիա), գյուղացու ընտանիքում:

Միհրան Միհրանի Բոստանջյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, լեյտենանտ:

Ավարտել է հայրենի գյուղի թերի միջնակարգ դպրոցը, ապա 1933թ. Ռոստովի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի բանֆակը: 1935-1937թթ. ծառայել է Կարմիր բանակում:

1941թ. հունվարին Սուխումի զինկոմիսարիատից կրկին զորակոչվել է: 1941-1942թթ. ծառայել է ԽՍՀՄ ՆԳԺԿ զորքերի 11-րդ գվարդիական գնդում: 1942թ. հոկտեմբերից եղել է Մեծ հայրենականի ռազմաճակատներում: Կովկասի պաշտպանության մասնակից է:

1942թ. հոկտեմբերից 333-րդ հրաձգային դիվիզիայի 1118-րդ հրաձգային գնդի կազմում մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին:

Ուկրաինական 3-րդ ռազմաճակատի 6-րդ բանակի նույն դիվիզիայի, նույն գնդի գումարտակի կուսկազմակերպիչ, շարքային Մ.Մ.Բոստանջանն աչքի է ընկել Դնեպրոպետրովսկյան ուղղության հարձակողական գործողության ընթացքում: 1943թ. նոյեմբերի 26-ի գիշերը առաջապահ գումարտակների կազմում մասնակցել է Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Զապորոժյան շրջանի Կանեւսկոյե գյուղի մոտ Դնեպրի գետանցմանը: Բացահայտելով նավակներով ափին մոտեցող խորհրդային մարտիկներին՝ թշնամին մրրկալից կրակ է բացել: Օրինակ ծառայելով՝ Բոստանջյանն առաջինն է նավակից ցատկել սառցասառն ջրի մեջ: Ռազմիկները վճռական գրոհով տապալել են թշնամու առաջնային պահպանությունը եւ շարժվել են առաջ: Մերձափնյա պլացդարմը կորցնելուց հետո ֆաշիստները գիշերն եւեթ դիմել են հակահարձակման: Լինելով գումարտակի ձախ թեւում՝ կուսկազմակերպիչ Բոստանջյանը կողքին կռվող մարտիկների ուժերով նախաձեռնողաբար պաշտպանություն է կազմակերպել: Լուսադեմին նա մասնակցել է հիտլերականների 3 հակահարձակումների կասեցմանը՝ անձամբ ոչնչացնելով թշնամու 8 զինվորի:

Հետախուզական խմբի կազմում ընդգրկված շարքային Բոստանջյանը նոյեմբերի 26-ի կեսօրին հրաման է ստացել հասնելու տեղանքին իշխող բարձունքին: Հակառակորդը նկատել է խորհրդային հետախույզներին ու գնդակոծել է: Հենց թշնամու կրակի տակ Բոստանջյանն ընդհուպ մոտեցել է նրա դիրքերին եւ նռնակներով ոչնչացրել գնդացրային 2 կրակակետ: Երբ նույն օրը գումարտակը մտել է Կանեւսկոյե գյուղ, շարքային Բոստանջյանը փոխարինել է սպանված զրահահարին եւ հակատանկային հրացանով խոցել է գերմանական զրահամեքենան:

Նոյեմբերի 27-ին հայ քաջորդին կասեցրել է ֆաշիստների 3 հակահարձակում: Դրանցից վերջինը հետ մղելիս, երբ թշնամին ընդհուպ մոտեցել է խրամատներին, նա գումարտակը հանել է սվինամարտի: Զավթիչները մեծ կորուստներով նահանջել են՝ գումարտակի գործողության տեղամասում թողնելով 100 զինվորի: Բոստանջյանի մարտական հաշվում արդեն գրանցվել է սպանված 47 թշնամի:

1944թ. փետրվարի 22-ին Միհրան Միհրանի Բոստանջյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:

Պատերազմից հետո լեյտենանտ Բոստանջյանն արձակվել է պահեստազոր, վերադարձել է Աբխազիա եւ անցել աշխատանքի: Եղել է Գագրայի առողջարաններից մեկի տնօրենը: Մահացել է 1958թ. փետրվարի 14-ին:

 

 

Խորագիր՝ #18 (1338) 6.05.2020 - 12.05.2020, Պատմության էջերից


07/05/2020