Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ



ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԱյս տարվա ապրիլի 7-ին ֆեյսբուքում հանդիպեցի գործընկերոջս՝ «Զինուժ» հեռուստածրագրի լրագրող Արման Բայրամյանի գրառմանը ասք հիշեցնող մի ճակատագրի՝ Արմանի ծնողների՝ Արցախյան պատերազմի թոհուբոհում  ծնված մեծ սիրո պատմության վերաբերյալ…

 

«Այսօր մեր ընտանիքում կրկնակի տոն է. քառորդ դար առաջ սկսվեց մի խելահեղ պատմություն, որի հիման վրա հիրավի ֆիլմ կարելի էր նկարել։ Խիզախ օրիորդը հոսպիտալում հանդիպեց երիտասարդ ազատամարտիկին, որը, զրկվելով զույգ ոտքից, կանգնած էր իր կյանքի նոր մարտահրավերների առջև։ 9125 օր առաջ երկու անվախ երիտասարդներ խոստացան ձեռք ձեռքի անցնել մի ամբողջ կյանք՝ հաղթահարելով ցանկացած դժվարություն և մղձավանջ. իսկ դրանք իրոք քիչ չեն եղել… Բայց այսօր էլ, ինչպես քառորդ դար առաջ, նրանք հպարտ հայացքով, ուղիղ մեջքով, և ինչն ամենակարևորն է՝ միասին և մեկ բռունցք դարձած, շարունակում են գրել զոհողություններով, հերոսականությամբ և, իհարկե, մեծ սիրով լեցուն իրենց պատմությունը»։

Հուզիչ այս գրառումը կարդալուց հետո մեծ ցանկություն ունեցա այս պատմությունը հենց իրենցից՝ խիզախ այս զույգից լսելու: Իսկ պատմությունը, իրոք, արտասովոր ու հերոսական է…

 

Հանդիպում հոսպիտալում

 

ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ-1994 թ.-ն էր,- պատմում է Լիլիթը:- Եղբայրս ծառայում էր Տավուշում: Ոսկեպարի մոտակայքում նրա զինծառայող ընկերն էր վիրավորվել, զրկվել ոտքից: Եղբայրս նամակ ուղարկեց մեզ, թե՝ այսպիսի մարդ կա, շրջանից է, Երևանում բարեկամներ չունի: Եթե կարող եք, տեսության գնացեք: Ծնողներիս հետ գնացինք հիվանդանոց: Ու հենց այդ օրը, նույն հիվանդասենյակում հանդիպեցինք Արմենին: Բոլորն էլ ուժեղ տղաներ էին, բայց ազատամարտի ընթացքում երկու ոտքը կորցրած 20-ամյա Արմենը իր հասուն մտքերով, պահվածքով առանձնանում էր…

 

Նոյեմբերյան, Կոթի. սահմանին զինվոր ծնվում են

 

Արմենը 14 տարեկան էր, երբ զինվորագրվեց հայրենի եզերքի պաշտպանությանը: Գնդակոծությունները գյուղացիների կյանքի մի մասն էին դարձել:

Դեպքը, որ ցնցել էր դեռ 14 տարեկան պատանուն, սարսափելի էր. «Ծանր պատմություն է: Կդիմանա՞ք, որ պատմեմ»,- հարցնում է: Գլխով եմ անում:- «Մեր գյուղացիներից մեկը՝  ընտանիքի հայրը, արտ էր գնացել՝ ցորենը հնձելու, որ երեխան ձմռանը սոված չմնա. ադրբեջանցիք խաղաղ գյուղացու վրա տանկից կրակ էին բացել: Այդ օրը սուգ էր գյուղում: Ամբողջ տարվա աշխատանքի, քրտինքի արդյունք հնձած ցորենի հետ ընտանիքի հոր արյունն էին տուն բերել… և այն, ինչ նրանից մնացել էր…

Հետագայում ես շատ առիթներ եմ ունեցել, երբ կարող էի մազերիս թվով ադրբեջանցի սպանել, բայց անզեն մարդու վրա երբեք զենք չեմ բարձրացրել: Ինձ պես մեր բոլոր մարտիկները: Մեր տեսակը դրանով է առանձնահատուկ»:

Արմենի հայրական տունը ադրբեջանցիների դիրքերից ընդամենը 650մ հեռավորության վրա է: 14 տարեկանից առաջնագծում էր. գիշերները սահման էին հսկում, առավոտյան դպրոց գնում: Պահպանության գոտին սկսեցին ամրացնել: Անդամագրվեց առաջին կամավորական ջոկատներին: «Շրջիկ խումբ ունեինք, որ սահմանագծի տարբեր հատվածներում էր լինում, իբր՝ 38կմ սահմանի ողջ երկայնքով պահպանություն կա: Մի մարտի ընթացքում մի քանի տարով հասունանում էինք»:

Ժամկետային զինծառայող էր Էջմիածնում, երբ պայթեց պատերազմը, ու հայրենի Նոյեմբերյանը պատերազմական գործողությունների կրակի մեջ հայտնվեց: Դիմում գրեց հրամանատարությանը, վերադարձավ Նոյեմբերյան: Գյուղի ինքնապաշտպանական շտաբը Արմենի հայրն էր ձևավորել՝ դպրոցի երկար տարիների մաթեմատիկայի ուսուցիչը:

«Երբ հետ եմ նայում՝ դեպի այն օրերը,- ասում է Արմենը,- խոնարհվում եմ սահմանը պահող մեր ժողովրդի  առջև: Հակառակորդը իր դիրքերից տեսնում էր, թե մեր հայ գյուղացին ինչպես է հրետակոծությունը դադարելուց անմիջապես հետո անցնում իր նորմալ առօրյային՝ ասես ոչինչ չի եղել: Անգամ գրադից հրետակոծության ժամանակ մեր գյուղում դասերը չեն դադարել…

Հաղթանակի, մարդկային կյանքի գինը երբեք չես կարող լիովին գիտակցել քաղաքացիական կյանքում,- ասում է փոխգնդապետը՝ անդրադառնալով այն օրվան, երբ վիրավորվեց:- Երբ Ղարաբաղում զինադադար կնքվեց, դիվերսիոն խմբերը սկսեցին ներթափանցել Տավուշի մարզ: Շամշադինի և Նոյեմբերյանի հատվածում ակտիվ գործողություններ էին: Այդ օրը դիվերսիոն խմբերից մեկի մուտքի կանխարգելման առաջադրանք ունեինք: Երկուսով էինք՝ ես ու հետախուզական խմբից մի տղա»:

Հանկարծակի հայտնվել էին ծուղակում՝ ականապատ դաշտում: Երբ մարտական ականի վրա ես կանգնում, դրա պայթյունի ազդեցությունը նվազեցնելու հնարքներ կան: Բայց հետ նայելով՝ Արմենը տեսել էր, որ ընկերը չէր պահպանել անհրաժեշտ հեռավորությունը. շատ մոտ էր: Եթե փորձեր ինքնապաշտպանվելու հնարքներ գործադրել,  ընկերոջ կյանքը փրկելու հնարավորություն չէր լինի: «Մի ցանկություն ունեի, որ նա ողջ ու առողջ իր ընտանիքին հասներ. էդպես էլ եղավ»:

…Ծանր վիրավորվեց… կորցրեց ոտքերը: Այդ օրը 2,5 լիտրից ավելի արյուն  կորցրեց: Բժիշկները հույս չէին տալիս, բայց նրան վիճակված էր ապրել:

 

Երբ խոսքերն ավելորդ են…

 

ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ«Համալսարանում քննություններ էի հանձնում,- իրենց ծանոթության պատմությունն է շարունակում Լիլիթը:- Ծնողներս հիվանդանոց այցելելուց հետո միշտ Արմենից էին պատմում: Մի օր էլ հայրս, որ ուզում էր Արմենին էլ ինչ-որ բան ուղարկել հոսպիտալ, ասաց՝ «Շատ հպարտ տղա է, արի՛ դու տար. տարեկիցներ եք, չի մերժի»: Այսպես ծանոթացանք Արմենի հետ: Սկսեցինք գրքերից խոսել, գրքեր, ձայներիզներ փոխանակել: Ու այսպես, գրեթե վեց ամիս: Ես տեսնում էի, որ նա ուրիշ է. կարողանում է կողքինի ցավը, ապրումները հասկանալ, ոգի էր հաղորդում մյուս վիրավոր տղաներին: Երբեմն բժշկական անձնակազմից տարիքով բժիշկները մոտենում, զրուցում էին հետը,  խորհուրդ էին հարցնում: Արցախցի մի տղա էր բուժվում: Նրա ամբողջ ընտանիքն իր աչքի առաջ ադրբեջանցիները կոտորել էին: Փորձել էր ինքնասպան լինել: Արմենը նրան անընդհատ իր կողքին էր պահում, խոսում էր հետը, հանգստացնում, հուսադրում: Հիմա էլ է այդպես… Ինձ համար ամենակարևորը այս մարդկային որակներն էին: Անընդհատ զարմանում, հիանում էի: Զգում էինք, որ միանման ենք մտածում, առանց խոսքի  հասկանում ենք իրար:

Պրոթեզավորվեց: Ես ներկա էի, երբ առաջին անգամ փորձեց պրոթեզների վրա կանգնել: Բժիշկները նրան հորդորում էին սկզբում հենակների օգնությամբ քայլել: Բայց հենց առաջին օրվանից հրաժարվեց, սկսեց ինքնուրույն քայլել:

Մեր հարաբերությունները հատկապես  ջերմացան, երբ նա պետք է դուրս գրվեր հոսպիտալից: …Սիրո խոստովանություն չի եղել: Պարզապես զգացինք, որ մեր կյանքերն այլևս միահյուսված են, ու բաժանումն անհնար է…

Ես դեռ ուսանող էի, ինքը՝ վերականգնողական փուլում, այնպես որ՝ դեռ ամուսնություն չէր նախատեսվում: Բայց հոսպիտալի ընկերներից մեկը՝ ոտքը կորցրած Մահապարտների ջոկատից տարեց մի ազատամարտիկ, մի օր խնդրեց. «Ես երկար չեմ ապրելու: Ուզում եմ տեսնել ձեր հարսանիքը»: Արմենի ծանր վիրավորված ընկերը նույնպես ապրումների մեջ էր: «20 տարեկան էր,- շարունակում է Արմենը,- ասում էր. «Այ, մենք երեխա էինք ու գնացինք պաշտպանելու մեր մորը, մեր մեծերին, մեր սրբությունները, հողն ու ջուրը: Բայց չէ՞ որ ուրիշ մի առաքելություն էլ ունենք՝ սերնդափոխությունը, գենոֆոնդը շարունակելը»: Մտատանջվում էր, որ չի կարողանալու ընտանիք ստեղծել: Նրա ցավը հասկանում էի: …Ես ուրախ եմ, որ իմ ու Լիլիթի հանդիպումը վիրավորվելուցս հետո եղավ: Ուրեմն՝ մեր միությունը իսկակա՛ն է, հզոր է…»:

 

Վերածնունդ

 

ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸՈւղիղ 25 տարի առաջ, ապրիլի յոթին՝ Մայրության ու գեղեցկության օրը, 20-ամյա ազատամարտիկ Արմեն Բայրամյանն ու դեռատի Լիլիթ Սահակյանը իրականացրին իրենց կյանքի կարևորագույն քայլերից մեկը: Սա հետպատերազմյան շրջանում առաջին ազատամարտիկի հարսանիքն էր, վերածննդի և հարատևության վկայությունը… Մասնակցում էր կառավարական և ռազմական գրեթե ողջ վերնախավը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Այդ նշանակալի օրվա կապակցությամբ Սպարապետը մեկ ամիս անց հատուկ նվեր մատուցեց նորապսակներին՝ նոր բնակարանի բանալիները: Մի բնակարան էլ Նոյեմբերյանի ինքնակառավարման մարմիններն էին նվիրել նրանց: Երկու բնակարաններն էլ ստանալուն պես Արմենը, Լիլիթի համաձայնությամբ, նվիրաբերել էր՝ մեկը հաշմանդամ ընկերոջը, որ բարձրահարկ շենքի վերջին հարկում էր ապրում, մյուսը՝ զոհված ընկերոջ ընտանիքին: «Լիլի՛թ,- ասել էր,- ճիշտ է, մենք նորաստեղծ ընտանիք ենք, տան կարիք ունենք, բայց նրանց համար ավելի կարևոր է: Ի՞նչ կասես»: … «Հենց այդ օրերին առավել ամրացավ համոզմունքս, որ չեմ սխալվել ընտրությանս մեջ»,- ասում է Լիլիթը:

Հարսանիքը, ինչպես ասում են, յոթ օր, յոթ գիշեր տևեց: Բայց ամենահիշարժանն Արմենի համար այն էր, որ հայրենի Կոթիում հարսանքավորներով գնացին առաջնագիծ, հակառակորդի՝ գյուղին ամենամոտ դիրքի մատույցները, որտեղ մշտապես լարվածություն  կա,  ու զուռնա-դհոլով լա՜վ քեֆ արեցին՝ հակառակորդին հասկացնելով, որ Հայոց աշխարհում նոր ընտանիք է ծնվել…

Ամուսնությունից երկու ամիս անց՝ էլի հիվանդանոց: Ոսկրային խնդիրներ էին առաջացել: Գրեթե մի տարի նորապսակները հիվանդանոցում անցկացրին: «Մի օր չի եղել, որ տրտնջա,- պատմում է Լիլիթը:- Չորս ծանր վիրահատություն տարավ: Հենց նարկոզից դուրս էր գալիս, հարցնում էր. «Լիլիթը ո՞ւր է: Ո՞նց է Լիլիթը»:

…Նորապսակները տեղափոխվեցին Նոյեմբերյան: Հետագայում հաստատվեցին Երևանում: «Հիմա հրաշալի տուն ունենք: Սիրով ընդունում ենք մեր ընկերներին,- ասում է Լիլիթը:- Տունը մի հին թոնրատուն էր. հիմնովին նորոգեցինք, լիարժեք տուն դարձրինք: Բանվորների հետ Արմենի ընկերներն էին մեզ օգնում: Մեկի ոտքը չկար, մյուսի՝ ձեռքը, բայց մեծ սիրով մասնակցում էին շինարարությանը: Հարևանները նայում էին ու զարմանում. «Օրհնված տուն է լինելու սա»:

25 տարի միասին… զոհողություններով ու դժվարություններով լի քառորդ դար: «Զինվորականների ընտանիքում մայր, կին լինելը դժվա՞ր է»,- հարցնում եմ Լիլիթին: «Անչափ մեծ հպարտություն է, կանացի մեծ երջանկություն: Հպարտանում եմ մեր տան տղամարդկանցով: Միասին ապրած ամեն օրը Արմենը և որդիս՝ Արմանն ինձ համար հոգատարությամբ ու սիրով են լցնում»:

Կնոջ խոսքը շարունակում է փոխգնդապետ Բայրամյանը. «Ընտանիքս ինձ համար հայրենիքիս հիմքն է, հպարտություն է, պատիվ, արժանապատվություն, երջանկություն, սեր. որքան լավ բան կա, կարելի է ասել ընտանիքի մասին: Երազանքս էր, որ կողքիս լինի մեկը, որ ինձ առանց խոսքերի հասկանա: Երջանիկ մարդ եմ՝ գտել եմ հենց նրան: Երբ հերոսությունից են խոսում, մի՛շտ ասում եմ՝ ամենամեծ հերոսը կինս է… Հպարտ եմ, որ ծնող եմ, ամուսին, որ ընտանիքս թիկունքիս կանգնած է: Հպարտ եմ, որ Արմանի պես որդի ունեմ: Ինքն է հարթում իր ճանապարհը: Կարևոր գործ է անում՝ «Զինուժով» ներկայացնում է մեր ռազմական փառավոր անցյալը»:

«Երբ Արմենը սկսում է խոսել իր կուրսանտների մասին, ասում է՝ «Երեխեքս»,- պատմում է Լիլիթը:- Զարմանքով հարցնում են. «Մի՞թե մի տղա չունես»:

Հաշմանդամությունը  ռազմական գործից ետ չպահեց Արմենին: 1998թ. Վ. Սարգսյանի անվ. համալսարանում ծառայության անցավ՝ որպես ստորաբաժանման հրամանատարի տեղակալ: 2008 թվականից՝ «Ստորաբաժանումների ամենօրյա ղեկավարման և ռազմաիրավական պատրաստության» ամբիոնի ավագ դասախոս է:

ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ«Մեր տեսակը, մեր արժեհամակարգը պահպանելով պետք է հաղթենք,- բանաձևում է փոխգնդապետ Բայրամյանը,- ապագա սպայի դաստիարակությունը շատ պատասխանատու աշխատանք է: Մենք կրթում ենք կուրսանտների, որոնք դառնում են սպաներ, վերջիններս էլ մեր զինվորներին՝ մեր ապագա մասնագետներին, ընտանիքի հայրերին են կրթում: Պաշտպանի հոգեվիճակը, որ մարտական հերթապահության ընթացքում է ձևավորվում, նաև վերարժևորում է սերն ու հարգանքը ընտանիքի հանդեպ, զգաստացնում և հասունացնում է սահման պահող մեր երիտասարդներին: Պաշտպանի հոգեբանությունը նոր կյանք մտնող երիտասարդի հոգեկերտվածքում գերակշիռ է դառնում:

Հետաքրքիր մի օրինաչափություն եմ նկատել. ինձ ավելի հաճախ զանգում են իմ այն կուրսանտները, որոնք մարտական ծառայություն են իրականացնում առաջնագծում, անմիջականորեն զգում են հակառակորդի շնչառությունը: Ասում են՝  «Ձեր խոսքերը մեզ այստեղ ոգևորում ու ապրեցնում են…»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ  ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և Ա. ԲԱՅՐԱՄՅԱՆԻ ընտանեկան ալբոմից

Խորագիր՝ #16 (1336) 22.04.2020 - 28.04.2020, Ազգային բանակ, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


23/04/2020