Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՔԱՌՕՐՅԱ ԿԱՆՉԸ» «ԵՌԱԲԼՈՒՐԻ» ԲԱՐՁՈՒՆՔԻՑ



«ՔԱՌՕՐՅԱ ԿԱՆՉԸ» «ԵՌԱԲԼՈՒՐԻ» ԲԱՐՁՈՒՆՔԻՑԱյս օրերին պարտադրված մեկուսացման պատճառով, ցավոք, չենք կարող այցելել «Եռաբլուր»՝  հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակների անմահ հիշատակին:

Թերթեցի օրագիրս՝ անցած ապրիլին

Մ.Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցի աշակերտների այցից ստացած տպավորությունները գրառելով:

 

Ապրիլը ծառ ու ծաղկին, դար ու դաշտին նոր շապիկ ու մուճակ էր հագցրել, ցողաթելերին գույն ու բույր ներարկել, արցունքն ու ցավն էլ մեր հոգիներին բաժին հանել:

Ո՛ւ նորից, ո՛ւ դարձյալ, ու՛ կրկին…Հային:

Սովորաբար  ավտոբուսներով դպրոցականներին որևէ տեղ տանելիս անգամ պրկված ու ջղաձիգ նյարդերով վարորդներն են փորձում փակել շատախոսների ու չարաճճիների բերանները: Բայց չի ստացվում: Դպրոցական կարգուկանոնից «ազատագրվածներն» այլ ձևով են զգում ու արձագանքում ճանապարհի գծած ազատության հետագիծը: Դա նրանց համար նմանը չունեցող վայելք է:

Սակայն այս ճանապարհն այլ էր… Այն քարից էլ ամուր լռություն էր կախել նրանց անմեղ ու զգայուն հոգիներին: Թարմ էր դեռ երեկ զգացած պատերազմի համը, վառոդի հոտը, անպատասխան մնացած նամակների սպասումը, սևազգեստ մայրերի վիշտը…

Լուռ ու անձայն անցնում էին շիրիմաշատ շարքերով, գլուխ խոնարհում, մեկիկ-մեկիկ կարդում հերոսների անունները, հաշվում նրանց ապրած տարիները, ախ քաշում չապրածի ու չվայելածի  համար:

Մեկեն կանգ առան: Ապրիլյան ծաղկունքի մեջ լանջն ի վեր սփռված էին դեռ երեկ հերոսացած տղաների շիրիմները…

Իրար հերթ չտալով՝ սկսեցին պատմել իմացածն ու գիտեցածը քառօրյայի մասին: Վերհիշում էին դրվագներ նրանց սխրագործությունները փաստող ֆիլմերից ու հաղորդաշարերից, Արցախ հասած, տղաներին թիկունք դարձած իրենց հայրերի ու եղբայրների, հարևան-բարեկամների կենդանի հուշերից:

Մի պահ մարդաշատ «Եռաբլուրի» այդ հատվածում խմբված այցելուներն էլ կանգ առան, բարձրացրին խոնարհած ու խոհուն հայացքները: Հուզմունքը, կարոտի ցավն ու հոգին կեղեքող դողը սկսեցին հերթ չտալ միմյանց. երեխաները հուզախառն ձայնով կարդում էին քառօրյային նվիրված՝ բանաստեղծ Նոնա Պողոսյանի «Քառօրյա կանչ» հերոսական պոեմը…

…Թվաց՝ լռությունը սաղմոս ու պատարագ էր հնչեցնում, աղոթք մրմնջում՝ աղերսող սրտից պոկված  լույսն ու սերը հասցնելով տղաների անմար հոգիներին:

Ու բոլորս միասին՝ մեկ բռունցք դարձած, պոետի բառերին թևանցուկ, անցանք ապրիլերկուսյան «անսեր ու ծախված ժամանակի» միջով, հասանք ու տեսանք կրակի ճիրաններում հայտնված Արցախը:

 

«ՔԱՌՕՐՅԱ ԿԱՆՉԸ» «ԵՌԱԲԼՈՒՐԻ» ԲԱՐՁՈՒՆՔԻՑԱշխա՛րհ, կորել ես, չկաս,

Չքվել ես հավատի աչքից,

Ու մերկ ես ու մերկ ես այնքան,

Որ ես եմ բարուրում քեզ նորից:

 

Հողը նորից զգաց  արյան համը, ծալքեր բացեց «իր կրծքին վիրավոր ու հեգ՝ ծոցելով տղերքին՝ ինչպես վահան ու տեգ»: Տնքաց, տնքաց հողը՝ պատանի տղերքի մարմինները գրկելով: Նրանց անմեղ արյան վիրավոր ցավից հոգիներն անմահացան.

…Դեպի վե՜ր, դեպի վե՜ր, դեպ երկի՜նք՝

Խոյացան հավերժի աչքերից…

 

Հաղթական բազուկները կրկին խմբվեցին՝ դառնալով մեկ հոգի՝ մեկ մարմնում: Տղերքը մենակ չեն. «Հայրերը որդիներ են դարձել, սահմանը թնդում է երկսիրտ»:

 

Օ՜, տղե՛րք, որ ելաք ալիքին՝

Տարիներ, դարեր սանձելու,

Տղե՛րք, կանգնեցիք Գալիքին՝

Կապելով մեր ձեռքերն իրարու:

 

Կրկին բացվեց  դարերի լուսաբացը: Փառքի ու ցնծության, վաղվա լուսաշող ապագայի համար նրանց արիությունից ճառագած փարոսը լուսավորեց ու դեռ կլուսավորի գալիքի երկնաթռիչ ուղիները:

 

Ետ էինք դառնում, ու դարձյալ լռություն, ու…զարմանք անմեկին. բանաստեղծի բառերը ճախրում ու խոնարհվում էին շիրիմից շիրիմ՝ իրենց իմաստնությունը խառնելով ծխացող կրակի խնկաբույր հավերժությանը…

 

ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #14 (1334) 8.04.2020 - 14.04.2020, Բանակ և հասարակություն


09/04/2020