Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՁ ԶԵՆՔ ՏՎԵՔ



ԻՆՁ ԶԵՆՔ ՏՎԵՔՈւղղաթիռն արդեն ուղղություն էր վերցրել դեպի հայ-ադրբեջանական սահման, երբ ջոկատի հրամանատարը նկատեց.

-Դու քո ասածն արիր…

Թռիչքից առաջ այդ տղամարդը հայտնվելով ուղղաթիռի մոտ՝ ասել էր.

– Ինձ զենք տվեք… ես էլ եմ ուզում գալ ձեզ հետ։

– Երանի քեզ, – ծիծաղել էր հրամանատարը։ -Ջոկատի մեծ մասը զենք չունենալու պատճառով մնաց… Ես քեզ որտեղի՞ց զենք տամ։

Անծանոթ տղամարդը համառել էր, բայց հրամանատարը չէր համաձայնվել։ Հիմա, տեսնելով տղերքի հետ նստած, կատաղեց, բայց նաեւ համակրանքով լցվեց՝ համառ եւ ճարպիկ է, լավ զինվոր կլինի։

– Դու քո ասածն արիր, ախպերի՛կ…

Անծանոթը գլուխը կախեց, քթի տակ փնթփնթաց։ Տղերքի փռթկոցը լսելով՝ հրամանատարը հարցական նայեց։

-Ասում է՝ ես ինձ համար զենք կճարեմ,- ասին տղերքը։

– Որտեղի՞ց… -քմծիծաղեց հրամանատարը։

– Թուրքերից, – վստահ պատասխանեց անծանոթ տղամարդը։

– Թուրքերի սարսափն է,- արդեն չկարողանալով զսպել իրենց՝ քրքջացին տղերքը։ -Սաղ թուրքերին մորթելու ա, զենքերը վերցնի…

Մինչ ծաղրում էին ու քրքջում, անծանոթը լռում էր։ Այդպես կատակելով էլ տեղ հասան։ Տղամարդը մտավ ջոկատի մեջ։ Մեկնումեկի զենքը վերցնում, հերթապահում էր դիրքերում։ Դիրքային մարտեր էին ընթանում։

-Էս անտերները չեն հարձակվում, որ մեր ախպերը զենքի տեր դառնա,- տղերքը չէին դադարում ձեռ առնել։ Իսկ տղամարդը լուռ, հեռադիտակն աչքերին երկար զննում էր թուրքերի դիրքերը։

-Հակառակորդի դիրքերը գրավելու ծրագի՞ր ես մշակում, ախպե՛ր,- զվարճանում էին տղերքը,- հարձակվելիս մեզ էլ ասա, ետ չմնանք…

Անծանոթ տղամարդը չէր նեղանում։ Պարտաճանաչորեն ծառայում էր։ Արդեն գիտեր տեղանքի թերություններն ու առավելությունները։

Մի օր էլ անսպասելի չքացավ։ Երեք օր չկար։ Հրամանատարն անհանգստանում էր։ Տղերքը տարբեր մեկնաբանություններ էին անում։ Ափսոսում էին, որ շալվարը չհանեցին, չստուգեցին, կարող է՝ թլպատված էր։ Հիմա էլ գնաց եղբայրների մոտ…

Սակայն երրորդ օրը, մի խավար ու անձրեւոտ գիշեր, երբ արդեն հույսները կտրել էին, սուսուփուս, ստվերի նման հայտնվեց նույնքան անսպասելի, ինչպես անհետացել էր: Բոլորը զարմացած ձեռքի ավտոմատին էին նայում։

-Էս ի՞նչ ա… – հարցրեց հրամանատարը։

-Չասի՞, թուրքից կվերցնեմ…

-Էդ ո՞նց հաջողացրիր,- հարցրին տղերքը,- նրանց հարցի մեջ դեռ ծաղր կար։ Չէին հավատում։

-Երեք օրուգիշեր սպասում էի… Ո՞ր մեկիս մտքով կանցնի, թե թուրքը կգա, մեր քթի տակ երեք օր ու գիշեր պահ կմտնի… Դե, եղանակն էլ իմ կողմից էր…

Տղերքը, արդեն հետաքրքրությունից բերանները բացած, լսում էին։

-Մեկը կար, հաճախակի գալիս էր բնական պահանջով եւ երկար պպզում… Քթի տակ էլ երգում էր,- անծանոթ տղամարդն առաջին անգամ ծիծաղեց,- հենց դրան էլ նշան էի բռնել, անտարբեր, ցրվածի մեկն էր։

-Բռնեցիր ու վիզը կտրեցի՞ր,- կատակեցին տղերքը,- բա մեղք չէ՞ր։

-Չէ, քարով… Տղամարդը լիաթոք քրքջաց,- թուրքն ավտոմատը դրեց մի կողմ, արագ-արագ շալվարն իջեցրեց… Բարակ անձրեւ էր շաղում։ Ուժեղ քամին էլ փչում էր իր կողմից… Վերցրի կողքիս դրած քարը ու… Չհասկացավ էլ թե ինչ կատարվեց։

ԻՆՁ ԶԵՆՔ ՏՎԵՔՏղամարդը վերջացրեց պատմությունը։ Լռություն տիրեց։ Մռովից փչող պաղ քամին վնգոցով սանրում էր խրամատների շուրջբոլորն աճած փետրախոտը։ Հրամանատարը մոտեցավ, գրկեց, ճակատը համբուրեց եւ առաջին անգամ հարցրեց անունը։ Բոլորը գլխի ընկան, որ արդեն քանի օր է՝ միասին են, բայց անունը չեն էլ իմանում։

-Անդրանի՛կ,- հպարտորեն ասաց տղամարդը,- այս զենքով պապերիս վրեժը պիտի առնեմ թուրքից։

-Ապրե՛ս,- ասաց հրամանատարը,- իսկական Անդրանիկ ես։ Այսօրվանից քեզ ընդունում ենք մեր շարքերը։ Համաձա՞յն եք, տղե՛րք։

-Ընդունե՜լ,- միաձայն համաձայնություն տվեցին տղերքը,- կեցցե՛ ախպերությունը… Եվ հերթով գրկեցին։

Անդրանիկը լաց էր լինում։ Մռովից փչող պաղ քամին, դեմքից պոկելով երջանկության արցունքները, թռցնում էր դեպի ներքեւում ծվարած հայկական գյուղը։

1991թ. հոկտեմբերն էր։ Այդ օրից մինչեւ պատերազմի վերջը Անդրանիկը զենքը վայր չդրեց։ Դարձավ ջոկատի հետախույզը։ Եվ նրա մասին մինչեւ այսօր ջոկատի տղերքը տարբեր անհավատալի պատմություններ են պատմում ու երդվում սուրբ ախպերությամբ, որ ամեն ինչ ճիշտ այդպես էլ եղել է։

 

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

գրող-ազատամարտիկ

Խորագիր՝ #9 (1329) 4.03.2020 - 10.03.2020, Հոգևոր-մշակութային


05/03/2020