Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱՈԳԵՎՈՐԻՉԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է



ԱՄԵՆԱՈԳԵՎՈՐԻՉԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԶրույց վաշտի հրամանատար, կապիտան Ներսես Ներսիսյանի հետ

 

Մի հեռախոսազանգ ստացա. «Սերժանտ Հարություն Հարությունյան` N զորամասից,- ներկայացավ երիտասարդը:- Մեր զորամասը քառօրյա մարտական գործողությունների առաջին հարվածն իր վրա կրած, մարտական ուղի անցած զորամասերից է: Այսօր էլ սահմանի կարևոր այս հատվածն ենք պաշտպանում: Ծառայության անցնելուց հետո մեր զորամասում շատ պատմություններ եմ լսել, որոնցից արժե դասեր քաղել: Բազմաթիվ զինծառայողների գիտեմ, որոնք արժանի են, որ իրենց մասին գրվի: Այս նպատակով հրամանատարությանն առաջարկեցի հանդես ստեղծել, և երբ դրական պատասխան ստացա, մեր սերժանտական խորհրդի կազմով, ինչպես ասում են՝ «կպանք գործի»: Հանդես ստեղծեցինք, որում ներկայացնում ենք զորամասի անցած ուղին, լավագույն զինծառայողներին, խորհրդածություններ ռազմական գործի, զինվորական ծառայության վերաբերյալ: Կուզենայինք, որ դրանք հասանելի լինեն նաև ընթերցողների ավելի լայն շրջանակի»:

Սերժանտի հետ դեռ կզրուցենք: Իսկ առայժմ ներկայացնենք զորամասի սերժանտական խորհրդի ուժերով ստեղծված հանդեսի` «Արաքսի» համարներում տեղ գտած նյութերից մեկը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

-Պարոն կապիտան, ինչպե՞ս սկսվեց զինվորականի Ձեր ուղին:

-Զինվորականի կյանքն ինձ դպրոցական հասակից է հետաքրքրել: Հինգերորդ կամ վեցերորդ դասարանի աշակերտ էի, երբ որոշեցի մի տետրի մեջ մեր հերոսների լուսանկարներն ու կենսագրությունները հավաքել: Մի տետրը չբավականացրեց, երկրորդը վերցրի: Նյութը շատ էր, ծավալուն…Հետո դասերից ազատ ժամերին անընդհատ թերթում էի տետրերս ու մեծ ոգևորություն էի ապրում իմ կատարած աշխատանքից, կարծես մի մեծ գործ արած լինեի: Այսպես զինվորական դառնալու որոշումս կամաց-կամաց ամրապնդվեց, և ես այսօր հպարտորեն կրում եմ Հայոց հաղթանակած բանակի կապիտանի ուսադիրները…

Դպրոցում փայլուն չէի սովորում: Մի օր ծնողներիս ասացի՝ ուզում եմ մաթեմատիկա և ֆիզիկա պարապել, որ ընդունվեմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ուզում եմ սպա դառնալ: Շատ զարմացան, հանկարծակիի եկան և առանձնապես ուրախ չէին ընտրությանս համար, բայց որոշումս վերջնական ու անբեկանելի էր: Համալսարանն ավարտելուց հետո իրականացավ հաջորդ երազանքս` ծառայել առաջնագծում` առաջին կարգի զորամասում, և ծառայության անցա այստեղ: Ապրիլյան քառօրյային մեր զորամասն առաջիններից էր, որ հակառակորդի  հարձակումն իր վրա վերցրեց…

Այս զորամասը միշտ մեծ նշանակություն է ունեցել ինձ համար ու այժմ էլ` տարիներ անց, չեմ զղջում որոշմանս համար: Անչափ կապվել եմ այս հող ու ջրին, բնակավայրին, մենք արյան գնով ենք ազատագրել այս հողը, ու պիտի պաշտպանենք. ուրիշ տարբերակ չկա:

-Ծառայության ընթացքում երբևէ հիասթափության պահեր ունեցե՞լ եք:

– Երբևէ չեմ հիասթափվել: Օրինակ` առաջադրված խնդիրը ոչ այնքան լավ կատարելու կամ ժամանակի մեջ չտեղավորվելու համար նախ ինքս ինձնից եմ դժգոհ եղել:  Փոխարենը` ոգևորության բերկրանք շատ եմ ապրել, ու դրանք են ինձ ուժեղացրել, ստիպել, որ ավելի լավ կատարեմ առաջադրված  խնդիրները: Անձամբ ինձ համար ծառայության մեջ ամենաոգևորիչն ու հետաքրքիրը մրցակցությունն է: Միշտ ձգտել եմ առաջինը լինել և իմ ոգևորությունը փոխանցել անձնակազմիս: Զինվորական գործում անհնար է միայնակ հաջողությունների հասնել. ծառայությունը եսակենտրոնություն չի սիրում: Մեր վաշտը վերջերս զորամասում լավագույնը ճանաչվեց: Սա նախ և առաջ բոլորիս թիմային աշխատանքի արդյունքն էր:

-2016թ. ապրիլին Դուք առաջնագծում էիք. ի՞նչ կատարվեց այդ օրերին, ու ի՞նչ փոխվեց Ձեր մեջ:

-Այդ ժամանակ դասակի հրամանատար էի, ու երբ մարտական գործողություններն անսպասելի սկսվեցին, սկզբում չէի հավատում. ասես երազում լինեի: Չէի հավատում, որ պատերազմ ասվածը, որի մասին մինչև այդ միայն լսել էինք, հենց այդ պահին առկա է, ու մենք դրա անմիջական մասնակիցն ենք…

ԱՄԵՆԱՈԳԵՎՈՐԻՉԸ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷՊատերազմի իրական լինելն առաջին անգամ սուր զգացինք, երբ մեր վաշտի նռնակաձիգ, շարքային Նարեկ Մալխասյանը խոցեց հակառակորդի ուղղաթիռը: Գումարտակի հրամանատարի հրամանով հերթապահում էինք խոցված ուղղաթիռի մոտ տեղակայված դիրքում. վստահ էինք, որ հակառակորդը խումբ կուղարկի` իրենց զինվորների դիերը տանելու համար, կամ ինչ-որ այլ գործողություն կձեռնարկվի թշնամու կողմից: Բայց այդպես էլ ոչինչ չեղավ: Սա առաջին տպավորիչ դասն էր մեզ համար` երբ կոտրվեց հակառակորդի ինքնավստահությունը, կոտրվեց նրա կամքը:  Դրան հետևող մեկ կամ երկու ամիսները այդպես լարված ծառայեցինք, զինվորներիս հետ 24 ժամ շարունակ գրեթե չէինք քնում, բայց ոչ մի տրտնջոց, ոչ մի դժգոհություն: Թե ինչ փոխեց իմ մեջ քառօրյա պատերազմը, դժվարանում եմ ասել: Ես պարզապես տեսա, որ այն, ինչ չէր արվել տարիների ընթացքում, ստիպված էինք անել ու արեցինք ամիսների ընթացքում: Տեսա, որ զինվորի, սպայի հեղինակությունը պատերազմից հետո ավելի բարձրացավ մեր ժողովրդի աչքում: Տեսա, որ մարտական գործողություններն սկսվելուց հետո՝ հաշված ժամերի ընթացքում, մեր կամավորներն արդեն ամուր կանգնած էին մեր կողքին: Շատ փորձություններով անցանք միասին` ուս ուսի կռվեցինք… Կամաց-կամաց ամեն ինչ հանդարտվեց… Մեր զորամասը զոհեր տվեց, մենք թանկագին ընկերներ կորցրինք՝ հերոս ընկերներ, որոնք կռվել էին առանց «իսկ»-ի և «բայց»-ի: Պատերազմից հետո բոլորս միմյանց սկսեցինք ավելի հարգել ու վստահել, գիտակցեցինք դրա կարևորությունը: Քառօրյան ապացույցն էր, որ մենք իրոք համախմբված ազգ ենք: Իսկ հիմա մենք արդեն լիովին պատրա՛ստ ենք հակառակորդի ցանկացած սադրանքին հուժկու հակահարված տալու:

-Գիտեմ, որ զինվորների շրջանում մեծ հեղինակություն եք վայելում`  թե՛ որպես սպա, թե՛ որպես ընկեր. ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

-Մի անգամ մի հոգևորական ինձ խորհուրդ տվեց. «Ուր էլ գնաս, ինչ էլ անես, երբեք քո հնարավորություններից ավելի կամ պակաս մի փորձիր ցույց տալ. եղի՛ր այնպիսին, ինչպիսին կաս»: Այս խորհրդով եմ շարժվում, ու իմ զինվորների հետ շփվում եմ այնպես, ինչպես որ կամ՝ որպես պահանջկոտ սպա, հոգատար եղբայր, հավատարիմ ընկեր: Որդեգրել եմ սեփական օրինակով ուսուցման սկզբունքը և միայն հրամաններ չեմ տալիս, այլ, հարկ եղած դեպքում, մասնակցում եմ խնդրի կատարմանը: Ցանկացած զինվորի աստիճանաբար հասցնում եմ այն գիտակցությանը, որ մենք ընդհանուր խնդիր ունենք, որը պարտավոր ենք կատարել, ու զինվորն իրեն միայն կատարող չի զգում, այլ նաև գաղափարակից. ինքնաբերաբար զինվորական համակարգված ծառայության մասնակիցն է դառնում:

Մեր զորամասում և բոլոր առաջին կարգի զորամասերում ծառայող զինվորները պարզապես  զինվորներ չեն, հերոսներ են: Ծառայողական առօրյայի ընթացքում նրանք շատ բարդությունների ու դժվարությունների միջով են անցնում, բայց պատվով են հաղթահարում այդ ամենը: Նրանք նախ և առաջ իմ մարտական ընկերներն են, նոր միայն` իմ վաշտի զինվորները:

 

Զրուցեց սերժանտ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #7 (1327) 19.02.2020 - 25.02.2020, Ազգային բանակ


20/02/2020