Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ«Շնորհավոր  տոնդ, Հայոց  բանակ, հաղթության  ու  արիության  բանակ».  այս  խորագիրն  էր  կրում  ՀՀ  Արագածոտնի  մարզի  Հնաբերդի  Երվանդ Պետրոսյանի  անվան  միջնակարգ  դպրոցում  անցկացված  հերթական  միջոցառումը`   նվիրված   հայոց  բանակի  28-ամյակին: Գեղեցիկ  ձևավորված  դասասենյակը  տոնական  տրամադրություն  էր  հաղորդել  միջոցառման  բոլոր  մասնակիցներին`  աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին: Ներկաներին  ողջունեց  և  տոնի  առթիվ  շնորհավորեց  դպրոցի  տնօրենը` Նելսիդա Նիկողոսյանը: 10-րդ  և  11-րդ  դասարանի  աշակերտներն  իրենց  գեղեցիկ  ասմունքով, երգուպարով, տպավորիչ փոքրիկ  բեմականացումներով  գերեցին  միջոցառման մասնակիցներին:

Մի  դրվագում  որդուն  բանակ ճանապարհող մայրն էր. «Գնա՛, որդի՛ս, որ  հայ  փոքրիկը  խաղաղ ու անվրդով քնի»:

Հաջորդ  դրվագում  աղջիկը  ծաղիկներին  է  պատմում  իր  սիրո  պատմությունը.

«Գիտեք, լույս  ծաղիկներ, իմ  սիրելին  գնաց, նա կռվի  դաշտ  գնաց  սերը  սրտում: Մեկնելուց  առաջ  նա  խոստացավ վերադառնալ»:

Մեկ  այլ  դրվագում  կռվի  դաշտում  վիրավորված  զինվորը  նամակ  է  թելադրում  բուժքրոջը (դերակատար`  Քաջիկ  Խաչատրյան, Քրիստինա  Վարդանյան): Վերջապես  զինվորը հաղթանակած տուն  է  վերադառնում, նրան  դիմավորում է  սիրած  աղջիկը` ծաղիկներով. «Հաղթանակը  քեզ  ինձ  բերեց, իմ սեր, իմ  կյանք…»:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿՀնգամյա Սոնա Նիկողոսյանը  տիկնիկը  գրկին  մոտենում  է  զինվորին  ու  շշնջում.

«Քեռի՛, չունեմ  ես  հայր. զոհվել է  նա  Բերձորն ազատագրելիս: Ես  տիկնիկիս  ու  ինձ  համար Խաղաղություն  եմ  ուզում….»:

Զինվորը  գրկում  է  նրան. «Խաղաղության մեջ ապրես, սիրելի՛ փոքրիկ: Խաղաղություն  ամենքին  ու  ամենուր: Այդ  ենք  միայն  մենք  աշխարհին  կամենում…»:

Տեսարանն   այնքան  հուզիչ  էր, որ  ես ու  ինձ  նման  մի  քանի  ծնողներ, որոնք նոր  էին  բանակ ճանապարհել  իրենց  զավակներին, չկարողացան  զսպել  իրենց  արցունքները: Ես` որպես զինվորի  մայր, հպարտություն ապրեցի,  որ  որդի  ունեմ Հայոց փառապանծ  բանակում: Թող  Աստծո  աջը  պաշտպան  լինի  մեր  զինվորներին: Մեզ  մնում  է  միայն  աղոթել ու  սպասել  նրանց  վերադարձին:

Եվ  իհարկե, չեմ  կարող  իմ երախտիքի  խոսքը  չասել միջոցառման  կազմակերպչին`  Կարմեն Ներսիսյանին, բովանդակալից  ու  գեղեցիկ  միջոցառման համար: Ի դեպ, նրա որդին էլ՝ Գևորգ Ղազարյանը, սովորում  է Սպարապետ Վազգեն Սարգսյանի  անվան  ռազմական  համալսարանում:

Արմենուհի Հակոբյան

Զինվորի մայր