Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԵՎՍ ՄԻ ԼԵԳԵՆԴ՝ ՅԱԿՈՎ ԱԼԹՈՒՆՅԱՆ…



ՄԵՐ ՕՐԵՐԻ ԵՎՍ ՄԻ ԼԵԳԵՆԴ՝ ՅԱԿՈՎ ԱԼԹՈՒՆՅԱՆ...Ամեն առավոտ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր լեռնային հրաշագեղ գյուղի իր խաղողի այգին է շտապում Յակով Ալթունյանը: Անցնում է իր խնամած ու փայփայած այգու «խնդողնի» տեսակի խաղողի վազերի կողքով, նայում, հիանում է իր ստեղծածով և օրհնում հայրենիքում բացվող նոր, խաղաղ օրը…

…«Բարև՛ Ձեզ, ուզում եմ հարցազրույց վարել Ձեզ հետ»: «Բարև: Պատճառ չունեմ՝ «ոչ» ասելու: Խնդրեմ, զրուցենք: Միայն, եթե հարմար է՝ երեկոյան զանգեք, հիմա այգում եմ…»:

Այսօր պատմելու եմ մի բացառիկ անհատականության մասին, որն իրեն շատ սովորական մեկն է համարում: Նրա պատմությունը մի հիանալի վկայություն է այն մասին, թե ինչպես է մարդը սիրում իր հայրենիքը, ավելի քան կյանքը… Այս պատումի հերոսը Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից՝ Յակով Ալթունյանն է՝ Արցախյան ազատամարտի առաջին գաղափարական մարտիկներից ու անմիջական մասնակիցներից մեկը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր և «Մարտական ծառայության» մեդալակիր: Արցախյան պատերազմում, 1993թ. Ֆիզուլիի ազատագրման նախօրյակին, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելիս, դեռ 27-ամյա մարտիկը ականի պայթյունի հետևանքով կորցրեց երկու ոտքը, բայց գտավ ավելի կարևոր մի բան՝  իր պայքարի պտուղը՝ իր հայրենիքի անկախությունը: Ու չի զղջում որևէ բանի համար…

Յակովը, մահվան աչքերի մեջ ուղիղ նայելուց հետո որոշեց ապրել, և այն էլ՝ լիարժեք կյանքով. ամուսնացավ ու երեք զավակ ունեցավ, տուն ունի, այգի է տնկել ու խնամում է:

…Հեռախոսիս էկրանից ինձ են նայում նրա բարի-բարի, կենսուրախ, բայց տխրության երանգներով լի հայի աչքերը: Սկսեցինք խոսել. ասես հազար տարվա բարեկամներ էինք: Ազնվական մի բան կա Յակովի ամբողջ կեցվածքում: Արժանապատվությունը, մանկական պարզությունը միանգամից անմիջականության են տրամադրում: Էկրանից երևացող անցուդարձից ակնհայտ է, որ այս տան բնակիչները կենսուրախ, անսպառ բարության տեր մարդիկ են: Նրանք հատուկ քնքշությամբ ու սիրով, նաև խորը հարգանքով պտտվում են ընտանիքի հոր շուրջը:

«Մոտեցի՛ր, բարևի՛ր»,-ասում է Յակովը աղջկան: Հեռախոսի էկրանին հայտնվում է դպրոցահասակ պայծառ մի աղջնակ՝ երկար, սև ծամերով ու գեղեցիկ սևորակ աչքերով:  Լուսանկարում տեսել էի այս գեղեցիկ ընտանիքի անդամներին, բայց կադրում հայտնվող ժպտադեմ կինը, որ ջերմորեն ձեռքը դնում է ամուսնու ուսին, իրականում շատ  ավելի գեղեցիկ է:

Գյուղի ամենագեղեցիկ աղջիկն է եղել Իննան: 1999-էր: Տասներորդ դասարանը նոր ավարտած՝ այնքան ուժգին է սիրահարվել գյուղի հերոս ազատամարտիկ Յակովին (նա արդեն շարժասայլակի վրա էր), որ  հարազատների հորդորները, անգամ արգելքը չեն կարողացել ետ կանգնեցնել նրան իր որոշումից: Ընտանիք, այն էլ ի՜նչ ընտանիք են կազմել: Մեծ աղջիկը` Մարիամը, սովորում է Ստեփանակերտի պետհամալսարանում, վերջերս է ամուսնացել, շուտով Յակովն ու Իննան թոռնիկ էլ կունենան: Փոքր աղջիկը՝ Աննան, դպրոցում գերազանցիկ է: Իսկ Գրիգոր որդին այժմ բարձր առաջադիմությամբ սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գինեգործության ֆակուլտետում: Գրիգորը օրերս գերազանց հանձնեց ուսումնական առաջին կիսամյակի ավարտական քննությունները և, վերադառնալով հայրենի գյուղ, հունվարի 27-ին՝ Հայկական բանակի ծննդյան նախօրեին, դարձավ զինվոր:

Հայրս բոլորիս ոգեշնչման աղբյուրն է

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԵՎՍ ՄԻ ԼԵԳԵՆԴ՝ ՅԱԿՈՎ ԱԼԹՈՒՆՅԱՆ...Գրիգորին հանդիպեցի Երևանում. հերթական գերազանց հանձնած քննությունից հետո: Հորից նրան կարևոր ժառանգություն է փոխանցվել. արժանապատվության և համեստության ալիքներ է ճառագում:  «Դեռ փոքրուց, երբ կյանքումս դժվար պահեր էին լինում, երբ կասկածում էի ուժերիս, նայում էի հորս, տեսնում էի, թե ինչպես է իր սայլակով դուրս գալիս տնից, ի՜նչ գործեր է անում, որքա՜ն լավատես է ու հաստատակամ,ամաչում էի րոպեական թուլությանս համար:

Հարազատներս պատմել են, որ երբ վիրավորվելուց հետո հիվանդանոցում կոմայի մեջ պառկած է եղել, բոլորին թվացել է, թե չի լսում իրենց: Ընկճված հարազատները հիվանդասենյակում խոսել են. «Ինչպե՞ս է շարունակելու կյանքը…»: Հենց ուշքի է եկել, առաջին բանը նրանց հանգստացնելն է եղել. «Տո ես չե՛մ մեռնի, ամեն ինչ լա՛վ կլինի, հանգի՛ստ մնացեք: Ես երկար եմ ապրելու»: Հիվանդանոցից հետո, հաջորդ մեկ տարվա ընթացքում մեր գյուղի գրադարանի բոլոր գրքերը կարդացել է: Ավարտել է Գյուղատնտեսական համալսարանը: Ասում եք՝ ինչպե՞ս է մեզ դաստիարակել: Եռանդը նրան երբեք չի լքում: Անընդհատ շարժման մեջ է, զբաղված է. իր տնկած խաղողի մեծ այգին է խնամում, կարող է ցանկացած գործ գլուխ բերել: Սրանից լավ դաստիարակությո՞ւն…»:

Յակովի խաղողի այգին, որ նրա դրած փոքրիկ ընտանեկան «բիզնեսն» է, հեկտարից ավելի է, ստացված 10 տոննայից ավելի խաղողից գինի է պատրաստում:  «2007թ. որոշեց ու տնկեց այս այգին: Իր հետ գյուղում շատերը այդ նույն ժամանակ այգի տնկեցին,-պատմում է Գրիգորը:- Բայց զարմանալի էր. հաջորդ երկու տարիներին անբարենպաստ եղանակի պատճառով շատ այգիներ չորացան, իսկ մեր այգին լավ բերք տվեց… «Խնդողնի» տեսակն է. գինու համար ընտիր է: Իհարկե, այգին օգուտ բերում է, բայց հայրս շատ եռանդ է ծախսում: Տարի է եղել` ընդհանրապես բերք չի եղել, տարի է եղել՝ շատ քիչ է եղել:  Ամբողջ տարի պահում-պահանում է, ու հանկարծ՝ կարկուտ… Բայց ոչինչ: Մեր պատրաստած գինին շատ հարգի է: Շրջակա գյուղերից էլ են գալիս, տանում, բայց հայրիկս երազում է բրենդային դարձնել մեր գինին: Մեծ նպատակներ ունի՝ գործարա՜ն հիմնել: Վստահ եմ՝ դա էլ գլուխ կբերի: Ես էլ կօգնեմ, գլուխ կբերենք. բա էլ ինչո՞ւ եմ հենց գինեգործություն սովորում,- ժպտում է Գրիգորը:- Մի օր էլ հայրս ասաց` «Ինձ մեքենա է պետք»: Գնեց: Ու քշում էր գյուղերով: Եվ արդեն քսան տարի է` մեքենա է վարում: Մեքենայում հարմարեցված են բոլոր անհրաժեշտ սարքավորումները՝ միայն ձեռքերով կարողանում է ղեկավարել: Հայրիկիս առաջին մեքենան չորս անիվանի մոտոցիկլետն է եղել: Հետո գնեց մեզ` երեխաներիս համար հեքիաթային «Զապորոժեցը»: Բարձում էինք մրգերով արկղերը, տեղափոխում էինք տուն: Երբ ավելի ուշ կառավարությունը մեզ մեքենա տրամադրեց, շատ էժան գնով վաճառեցինք մեր «Զապը»: Եթե հնար լիներ, անպայման ետ կգնեի. շատ ջերմ հիշողություններ կան դրա հետ կապված…

Հայրական պապս առանց իմ հայրիկի երբեք սեղան չէր նստում: Ինչքան էլ ուշանար հայրս, որքան էլ քաղցած լիներ, ասում էր` «Չէ՛, էրեխեն թող գա, հետո կնստեմ»: Ընտանեկան բոլոր խնջույքներին մի լավ կենաց ուներ. «Էրեխե՛ք ջան, սիրո՛վ եղեք իրար հետ: Երբ տեսնեք, որ մեկը ընկնում է, բոլորով հավաքվե՛ք, ոտքի՛ հանեք»:

Դժվար օրեր շատ ենք ունեցել, հիմա էլ կան, բայց ամենակարևորը՝ միմյանց հանդեպ փոխադարձ ՄԵԾ ՍԵՐՆ է, որ միշտ զգացել ու զգում եմ ծնողներիս միջև: Կերազեի, որ իմ ապագա ընտանիքում նման սեր լիներ»:

«Օրեր անց ծառայելու ես Հայոց բանակում»,- մտորումների նոր թեմա եմ առաջադրում Գրիգորին: Իսկ պատասխանն արդեն պատրաստ է. «Ասե՛մ: Պապան վիրավորվել է հայրենիքի  անկախության համար: Գյուղում երբեմն ասում են` «Դու իրավունք ունես, կարող ես չծառայել»:  Սկսում եմ ծուռ նայել նման մարդկանց: Ես ուզո՛ւմ եմ ծառայել. ուզում եմ սովորել այն, ինչ սովորեցնում է բանակը, ուզում եմ ավելի ուժեղ, ավելի ինքնուրույն լինել: Դեռևս այսքանը կասեմ,- եզրափակում է Յակովի՝ արդեն ինձ ծանոթ բարի, համեստ ու խորիմաստ ժպիտով:

«Շարժումը սկսողը երբեք չի նահանջում…»

«…Պապս Էրզրումում է կռվել, վիրավորվել է, հայրս՝ Հայրենական պատերազմում է կռվել, վիրավորվել է Կերչում, ես էլ՝ Արցախում,- այսպես է սկսում իր պատմությունը Յակով Ալթունյանը,- Հայրենական պատերազմին մասնակցել են 4 քեռիներս, նույն պատերազմում զոհվել է հորեղբայրս…

1987թ. Հիդրոմելիորատիվ տեխնիկումը գերազանցությամբ ավարտեցի, եկա Հադրութ: Երբ ինձ ասացին` Երևանում Ղարաբաղը Հայաստանին միացնելու համար ստորագրություններ են հավաքում, մնացել էի շվարած` ո՞նց, Երևանից եմ գալիս ու չգիտեմ: Տեղեկացա, որ Հադրութում Արթուր Մկրտչյանն էր զբաղվում այդ հարցերով, գնացի մոտը: Անմիջապես գործի անցա:

Ուսանող էինք. Շիրազ էինք կարդում, Րաֆֆի, Դերենիկ Դեմիրճյան… Մինչև պատերազմը խաղողագործական բրիգադներից մեկի բրիգադավարն էի: Ունեցել եմ ադրբեջանցի բանվոր, այգումս պահակ էր: Նրանք գիտեին, որ սա մեր հողն է, որ սա Հայաստանն է, լավ գիտեին: Ու հիմա՛ էլ գիտեն… 1988թ. փետրվարի 12-ին Հադրութում առաջին հանրահավաքը եղավ…»:

Արցախը Հայաստանին վերամիավորելու մասին վերադաս մարմիններին դիմելու մասին Մեծ Թաղեր գյուղի որոշումը Յակովը մինչև այժմ իր մոտ է պահում. ցույց է տալիս առանձնակի հպարտությամբ: Հիմա էլ՝ տարիներ անց, նրա աչքերում հպարտության կայծեր են հայտնվում: Սա իրենց առաջին, մեծ հաղթանակն էր: Դրան հետևեց մարզխորհրդի՝ փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանում կայացված որոշումը: Հետագայում պարզվելու էր, որ սա պայքարի սկիզբն էր միայն…Դրան հետևելու էին Սումգայիթի, Բաքվի ջարդերը: Արդարությունը վերականգնելու վճռականությունը շատ-շատերի պես Յակովին էլ զինվոր դարձրեց:

1989թ. Մեծ Թաղերի գյուղացիներն ու բանվորները գյուղի բոլոր դաշտերում ու ֆերմաներում պահպանություն էին իրականացնում. ադրբեջանցիների կողմից անասնագողության, հրկիզման դեպքերը հաճախակի էին դարձել: Սա առաջին կազմակերպված ինքնապաշտպանությունն էր:

1990թ. գյուղում կազմավորվեց զինված ջոկատի շտաբը: Յակովն առաջին մարտիկներից էր, որ զենք ստանալով՝ մեկնեց առաջնագիծ: Մարտնչում էին այնտեղ, որտեղ իրենց կարիքը կար: Նա ծառայում էր Էդիկ Հայրիյանի վաշտում: 1992թ. հունիսի 28-ին  թշնամին հարձակվեց գինեգործարանի վրա, վերցրեց Դրախտիկի դիրքերը և ընդհուպ մոտեցավ Տող գյուղին: Թշնամին այդ օրը գյուղի մատույցներում արժանի հակահարված ստացավ, ջախջախվեց ու ետ շպրտվեց: Այդ օրը զոհվեց հրամանատարը՝ Էդիկ Հայրիյանը: Մեծ Թաղեր գյուղում այժմ հունիսի 28-ը նշվում է՝ որպես այս հերոսամարտի հիշատակման օր:

«1992թ. օգոստոսի 15-ին էր. գյուղում հարսանիք ունեինք, պատրաստվում էի գնալ,-հիշում է Յակովը:- Գիշերային հերթապահությունը հանձնել էինք: Առավոտյան ժամը տասն էր, մեկ էլ տագնապ հնչեց. իմացանք, որ Հադրութի վրա հարձակվել են: Մեր գյուղից անմիջապես 20 հոգով պատրաստվեցինք, շտապ հասանք Հադրութ: Այդ օրը հետ վերցրինք գրավված դիրքերը… Հարսանիքը կայացավ, բայց 20 ջահել չմասնակցեց. կռվի էինք:

Մի օր էլ ինձ ասացին, որ պետք է գնամ Ստեփանակերտ: Սկզբում չգիտեինք՝ ինչի համար: Բոլորս այն ժամանակ ձգտում էինք առաջին գծում լինել, որ իրադարձություններին մոտ լինենք. Շարժումն սկսած մարդիկ չէին կարող ետ՝ թիկունք գնալ: Հետո իմացանք, որ գյուղից 7 հոգու, այդ թվում ինձ, որ ճշգրիտ գիտություններին լավ էինք տիրապետում, հրետանու մեկամսյա դասընթացների են ուղարկում՝ Քրիստափոր Իվանյանի ղեկավարությամբ գործող «Հայկազով» հրետանային ուսումնական կենտրոն: Հրետանու ղեկավարման դասակ էր կազմավորվում: Դարձանք առաջին հրետանավորները: Մեկ ամսից վերադարձանք ու լծվեցինք մարտական խնդիրների կատարմանը»:  Յակովն ինքը շատ քիչ է պատմում իր մասին: Կարճ է կապում՝ «Ընկերնե՛րս թող ասեն»: Իսկ հրետանավոր ընկերները նրա մասին ասում են՝ երբ դիրքերում էր, հաստատ ոչ մի սխալ հնարավոր չէր, հակառակորդը մի քայլ մեզ մոտենալու հնարավորություն չուներ, Յակովի ուղղորդած ցանկացած արկ ճիշտ նշանակետին էր դիպչելու: Ոչ ոք չէր էլ կասկածում:

1993թ. օգոստոսի 16-ից մեծ ռազմագործողություն էր նախապատրաստվում՝ մերոնք ազատագրելու էին Ֆիզուլին և առաջ էին շարժվելու: Յակովը տեղափոխվել էր Հադրութ, որպեսզի ուղղորդեր կրակի կառավարումը: «Չորս հոգով հակառակորդից ետ գրավված  դիրքում էինք, ականապատ տարածք էր: Մեր՝ հրետանավորներիս խնդիրը ամենահարմար դիրք ընտրելն էր, որտեղից ամբողջ տարածքը նշանառության տակ կարող էինք պահել: Օգոստոսի 17-ի գիշերը հրետանու պետի հետ դիտակետերը ճշգրտեցինք, իսկ առավոտյան ժամը 6-ին, տարածքում կողմնորոշվելիս, չարաբաստիկ ականը պայթեց, վիրավորվեցի… Հաջորդ օրը մերոնք Ֆիզուլին ազատագրեցին…

«Էլ ի՞նչ դեպքեր կհիշեք պատերազմի տարիներից»,- ուզում եմ մի քիչ էլ պատմի. զգում եմ՝ ասելիքը շատ է, բայց իր մասին չի սիրում խոսել:

«Վիրավորվելուցս 6-7 տարի անց հանդիպեցի մեր կողքի գյուղից կռված տղաների, որոնք պնդում էին` «Գիտե՞ս, դու մեր կյանքն ես փրկել: Որ դու չլինեիր, մենք այդ օրը շատ զոհեր կտայինք»: «Բայց ո՞նց եմ փրկել»: «Այդ օրը դիրքը պահելու մեր հերթն էր: Տանկը գալիս էր ուղիղ մեր ուղղությամբ ու հասցրել էր մի քանի արկ  գցել մեր դիրքի վրա, իսկ դու խփեցիր տանկը»: Հիշեցի այդ օրը, խփված տանկը…Շատ այդպիսի հետաքրքիր դրվագներ կան, բայց կարևորը դա չէ…

…Անկախությունը բացարձակ արժեք է: Չկա սրա հետ համեմատելի որևէ մեծություն:  Ոչ մի հատուցում, ոչ մի ուրիշ այլընտրանք սրան փոխարինել չի կարող: Այն, որ մեր հաջորդ սերունդը, մեր երեխաները ապրում են անկախ պետության մեջ, անկախ հայրենիքում, արդեն մեծ հպարտություն է և անգին հարստություն…»:

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԵՎՍ ՄԻ ԼԵԳԵՆԴ՝ ՅԱԿՈՎ ԱԼԹՈՒՆՅԱՆ...«Այսօր արդեն Գրիգորը Հայոց բանակի զինվոր է»

«Որդուս ծառայությունն ինձ համար նախ և առաջ մեծ պատասխանատվություն է: Շղթան չպետք է կտրվի: Իմ մեծ երազանքն է, որ մի օր էլ տղաս իր որդուն բանակ ճանապարհի… Շատ եմ ուզում, որ զինվորի թիկունքում միակամ ու միասնական ժողովուրդ լինի, որ բանակն իր թիկունքում միշտ զգա իր հարազատ ժողովրդի տաքուկ շունչը: Մենք բանակ ունենք: Միայն բառերով չեմ ասում՝ մեր բանակն իրոք հզո՛ր է: Մնում է, որ ժամանակ առ ժամանակ փոշիացնի թշնամու բոլոր ծրագրերը: Մեր երազանքները իրականցնող բանակի ծնունդը շնորհավո՛ր»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի և ՅԱԿՈՎ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ

անձնական արխիվից

Խորագիր՝ #4 (1324) 29.01.2020 - 04.02.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


31/01/2020