Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒ ԵՐԿԻՐԸ ԿԾԱՂԿԻ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՍԻՐՈՒՑ



ՈՒ ԵՐԿԻՐԸ ԿԾԱՂԿԻ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ՍԻՐՈՒՑՕրեր առաջ ես մի  հոդված կարդացի՝ «Բարեգործ ու օրինակելի զինվորը» վերնագրով, որը պատմում էր, թե ինչպես է ժամկետային զինծառայող Արթուր Համբարձումյանը իր համախոհների՝ զինակից ընկերների հետ օգնում հաշմանդամներին, ամանորյա նվերներ բաժանում մանկապարտեզի սաներին, միևնույն ժամանակ հերոսաբար ու նվիրումով պաշտպանում հայրենիքի սահմանի իրեն վստահված հատվածը: Ես սկսեցի փնտրել զինվորին: Ու պարզեցի, որ նա ավարտել է ժամկետային զինծառայությունը, բայց չի հեռացել բանակից, այլ անցել է պայմանագրային ծառայության և այսօր հյուսիսարևելյան սահմանի դիրքերից մեկի ավագն է: 

 

-Արթուր, զինակից ընկերներդ այնքան են քեզ գովել,  որ ես ուզում եմ ամեն ինչ իմանալ քո մասին: Արի սկսենք մանկությունից:

-Երբ լսում եմ մանկություն բառը, անմիջապես հիշում եմ մի դեպք, որը  ճակատագրական եղավ ինձ համար: Երկու տարեկան էի, բակում խաղալիս մեր աքլորը հարձակվեց վրաս ու սկսեց կտցահարել: Մոտակայքում հակառակի պես ոչ ոք չկար,  ոչ ոք չէր լսում  ճիչերս: Երբ ինձ ազատեցին աքլորի ճանկերից, արդեն ուշ էր: Ես կորցրել էի խոսելու ունակությունը, լեզուս կապվել էր: Մերոնք ինձ որ բժշկի մոտ ասես չտարան, բայց օգուտ չեղավ: Մինչեւ յոթերորդ դասարան: Յոթերորդ դասարանում միանգամից լեզուս բացվեց:

-Մինչեւ յոթերորդ դասարան չե՞ս խոսել:

-Դպրոցական տարիներին  կակազելով կարող էի ինչ-որ բան հասկացնել: Ես հոգեպես մեկուսացա, ներամփոփվեցի: Երբեմն փորձ էի անում մարդկանց պատմել իմ գլխում պտտվող մտքերը, բայց երբ տեսնում էի, թե նրանք ինչպես են լարվում իմ կակազելուց, դադարում էի խոսել: Իրականում, ես խաղաղ մարդ եմ, բայց խոսքով հաղորդակցվելու անկարողությունը ինձ դարձրել էր կռվարար:  Ես իմ մանկությունն ու պատանեկությունն անցա երազելով:

-Երազում էիր խոսե՞լ:

-Գիտե՞ք ինչով են տարբերվում միմյանցից երազանքներն ու նպատակները:

-Ինչո՞վ:

-Նպատակի կողքին այն իրականացնելու հնարավորություններն են, երազանքի կողքին ապրում է հրաշքի սպասումը: Ու հավատը, որ հրաշք է լինելու:

-Դու ի՞նչ էիր երազում:

-Իմ երազանքները պտտվում էին այս համազգեստի շուրջ, որ հիմա հագիս է: Ես չէի կարողանում խոսել, չէի կարողանում պատմել դասերս, թեև պարտաճանաչորեն սովորում էի, բայց… երազում էի իմ զորքն ունենալ, ուսադիրներ կրել:

Հետո, ինչպես և սպասում էի, հրաշք եղավ: Յոթերորդ դասարանում անակնկալ լեզուս բացվեց: Ու իմ կյանքը փոխվեց միանգամից: Փոխվեց իմ կարգավիճակը՝ տանը, բակում, դպրոցում, ընկերական շրջապատում: Երբ սկսեցի խոսել, մարդիկ ճանաչեցին ինձ…

-Արթուր, դու որտե՞ղ ես մեծացել, որտե՞ղ է քո տունը:

-Արթիկում: Մի քաղաքում, որտեղ մարդիկ արտաքուստ իրենց բնության պես սառն են ու խիստ, բայց հոգիները տուֆ քարի պես արեւագույն է ու տաք: Մեկ տարի անց՝ ութերորդ դասարանում պատահեց երկրորդ ճակատագրական հաջողությունը՝ հանդիպեցի իմ ռազմագիտության ուսուցչին՝ ընկեր Կարապետյանին, որն անմիջապես նկատեց ինձ, իմ սերը բանակի հանդեպ: Նա մտավ հոգիս, ճանաչեց ու սիրեց ինձ:

Ես ծնվել եմ Մոնթե Մելքոնյանի մահվան օրը, հենց այն ժամին,  երբ նա զոհվեց: Այս զուգադիպությունն ինձ թվում էր խորհրդավոր ու լի թաքուն ուղերձներով: Մտածում էի, որ ես առաքելություն ունեմ: Ու սպասում էի իմ ժամին:

-Հատկապես՝ ինչի՞ն:

-Յոթերորդ դասարանից սկսած՝ ես պատրաստվում էի իմ կյանքի ամենամեծ իրադարձությանը՝ զորակոչվելուն: Մարզվում էի, պատմական ու ռազմական գրքեր էի կարդում: Եվ պատկերացրեք իմ ապրումները, երբ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովն ինձ ուղարկեց կենտրոնական հանձնաժողով: Ես խնդրում էի բժիշկներին, համոզում էի, որ առողջ եմ, բայց… ապարդյուն: Տարկետման թերթիկը  տվեցին ձեռքս եւ ինձ ճամփեցին տուն: Սարսափելի հուզված էի, բայց ես այնպիսի դժվարություններ էի հաղթահարել կյանքում,  տարկետումն ի՞նչ էր, որ ինձ կոտրեր: Բժիշկներն ասել էին, որ սրտիս խնդիրները հիմնականում գիրությունից է (ես 130 կգ էի այդ ժամանակ), ուստի սկսեցի եռանդով մարզվել ու հետեւել սննդակարգիս:

-Այսինքն՝ դիետա պահեցի՞ր:

-Այո՛, շատ քիչ էի ուտում ու մեկ տարում 30 կիլոգրամ նիհարելուց հետո հերթական զորակոչին, չսպասելով, որ տարկետման երեք տարիները լրանան, դիմեցի զինկոմիսարիատ՝ ինձ զորակոչելու խնդրանքով: Բժշկական հետազոտության ժամանակ բժիշկները  ինչ-որ հիվանդություններ արձանագրեցին ու կրկին տարկետում տվեցին: Ես շարունակեցի բուժվել ու կոփել մարմինս: Հոգիս առողջ էր ու հավատով լի, հույսը ուժ էր տալիս: Ու ես հաղթեցի. տարկետման երեք տարին չլրացած՝ զորակոչվեցի: Չեմ ուզում պատմել ապրումներս, երբ զորահավաքակայանում սիրտս ստուգելիս բժիշկները կասկածանքով ինչ-որ բան էին փսփսում, խորհրդակցում էին: Մոտեցա, ասացի, որ ես ոչ մի խնդիր չունեմ, կարող եմ վազել, թռչել, մագլցել՝ առանց հոգնելու… մի խոսքով, հասա վիճակահանության փուլ ու… այ քեզ բան՝ ընկա Հայաստանի ամենահարավային շրջանը: Հիմա զինվորականներին խնդրում եմ, որ ինձ Արցախ տանեն, բանի տեղ չեն դնում: Հետո (գլուխները պրծացնելու համար) ասացին՝ հասիր զորամաս, այնտեղ զեկուցագիր կգրես, կտեղափոխեն Արցախ: Հասա ու ընկա «դժոխք»: Ես Արթիկի սառնամանիքին սովոր տղա, այնտեղ՝ շոգ, տոթ: Էդքանն էլ քիչ էր, ինձ ուղարկեցին շարային վաշտ՝ որպես կապավոր: Ես իրենց ասում եմ՝ ինձ Արցախ ուղարկեք, իրենք նույնիսկ սահման չեն ուղարկում, ուղարկում են շարային վաշտ:

Մի խուրձ զեկուցագիր էի գրել՝ Արցախ տեղափոխվելու խնդրանքով, ու երբ գնդի հրամանատարի գլուխը շատ տարա, ասաց՝ թող քո ծնողները դիմում գրեն, գցեն նախարարի փոստարկղի մեջ: Երկար սպասելուց հետո տեսա՝ նախարարությունից պատասխան չկա, Ձեզ ֆեյսբուքով նամակ գրեցի:

-Ի՞նձ, չեմ հիշում, դա ո՞ր թվին էր…

-2014: Բնականաբար, չեք հիշի: Ես Ձեզ բացատրում եմ, թախանձագին խնդրում եմ, որ օգնեք ինձ Արցախ՝ առաջնագիծ տեղափոխվել, Դուք նամակս կարդում եք ու սմայլիկ եք ուղարկում:

-Արթուր, ես հավանաբար ուրախացել եմ, որ անծանոթ մի զինվոր, մի հզոր տղա ուզում է շտաբային ծառայությունը փոխել սահմանապահի ծառայությամբ:

-Հրամանատարն ասաց՝ մեզ էլ են քաջ զինվորներ պետք, ու այստեղ էլ վտանգավոր դիրք կա, արի Արցախի մասին մոռացիր, գնա էդ դիրքը պաշտպանիր: ….Ինչ վտանգավոր, ադրբեջանցիները հեռադիտակով հազիվ էին երեւում: Բայց ես հեռահար երազանքներ ունեի բանակի հետ կապված ու համակերպվեցի:

-Ի՞նչ հեռահար երազանքներ…

-Դե, պիտի մնայի բանակում, սպայի կոչում ստանայի: Այդ պատճառով էլ հիմա սովորում եմ համալսարանում:

– Ես էլ ասում եմ՝ ապագա դեղագործն ի՞նչ գործ ունի բանակում:

-Իմ տարերքը ԱԿՍ ավտոմատն է, ես գերազանց եմ կրակում, բայց ՌՊԿ գնդացիրն էլ վատը չէր, ու հետզհետե սկսեցի սիրել զենքս: Մեր դիրքը նույնպես որոշ ժամանակ անց դարձավ սիրելի ու հարազատ: Դիրքը բարձունքին էր, դիմացը փռված էր ադրբեջանական Օրդուբադ քաղաքը, ու մենք էինք դրության տերը: Մեր դիրքի ավագը՝ Հրայրը, պայմանագրային զինծառայող էր, մի հիանալի մարդ, անմնացորդ նվիրված բանակին (մենք հիմա էլ ենք միասին ծառայում): Դիրքը դարձավ իմ աշխարհը, իմ տունը, իմ փոքրիկ հայրենիքը: Ամեն ինչ մնաց հետեւում, ասես միանգամից հեռացավ ինձնից: Մնացինք ես, սահմանը, դիրքն ու զինակից տղերքը:

Սիրած կին, լավ ընտանիք ունեցող թասիբով տղամարդը ո՞նց կնորոգի իր տունը, էդպիսի բծախնդրությամբ  սկսեցինք մեր դիրքը նորոգել: Դարձրինք կատարյալ: Մի օր էլ սահմանը հսկելիս ուղեղիս մեջ միտք ծագեց՝ ականապատված տարածքում նոր դիտակետ դնել: Դիրքիս ավագին ասացի՝ «Բելազի» պագրիշկա է պետք:  Զարմացավ: Բացատրեցի՝ պագրիշկան կգլորենք, ականներ եթե լինեն, կպայթեն, պագրիշկայի հետագծով անվտանգ  կմտնենք տարածք: Զեկուցեցինք հրամանատարությանը, թույլտվություն ստացանք:

…Մենք դիրքի տղերքով 30 կիլոգրամանոց քարերը մեջքներիցս կախած՝ 6 կմ զառիվերով բարձրանում էինք, որ նոր դիտակետ ու բլինդաժ կառուցենք: Մի ոտատեղ ճանապարհ էր, տակը՝  ահռելի ձոր: Բարձրանում էինք, քարերը դատարկում, հետո զառիթափով վազելով իջնում: Հերթական վայրէջքի ժամանակ  մեկ էլ որտեղից որտեղ դիմացս հայտնվեցին գնդի հրամանատար, գնդապետ Կարեն Սեդրակյանն  ու մեր զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Թափս չկարողացա պահել, ուսով խփեցի հրամանատարին ու դեմ առա ծառին: Անդրանիկ Մակարյանը նայեց դեմքիս, երեսս՝ մրոտ, հագուստս՝ ցեխի մեջ կորած, ես քրտնած… Հայացքի մեջ էնպիսի հարազատություն,  հայրական ջերմություն կար, որ բառերով չես պատմի: Քանի՞ քար ես բարձրացրել՝ հարցրեց: Ասացի՝ չորս: Զարմացավ՝ էս ճանապարհը չորս անգամ ո՞նց ես անցել: Հետո դարձավ մեր հրամանատարին, թե՝ էս զինվորը ի՞նչ պարգեւ ունի: Հրամանատարն ասաց՝ զինվորին հասանելիք բոլոր հնարավոր պարգեւներն ունի: Ու սկսեց գովել ինձ: Անդրանիկ Մակարյանը նայեց ուսադիրներիս, ասաց՝ սերժանտի կոչում տվեք զինվորին: Երբ իջա դիրքերից, գնդի հրամանատարը իր աշխատասենյակ հրավիրեց տարվա լավագույն զինվորներին: Մեր գումարտակից միայն ես էի լավագույնը լինելու պատվին արժանացել:…Հետո նշանակվեցի դիրքի ավագ:

Նոր տարին որքան մոտենում էր, դիրքում կանգնած զգում էի՝ Ամանորի   գալուստը պիտի ինչ-որ բանով նշեմ, որ սիրտս իսկապես ուրախանա: Ու որոշեցի Ագարակի մանկապարտեզների 270 երեխաներին ամանորյա նվերներ բաժանել:

-Ի՞նչ միջոցներով:

-Իմ: Ես շատ ընկերներ ունեմ՝ հրաշալի տղաներ, որոնք սիրում են իրենց երկիրն ու լավ գործի համար ոչինչ չեն խնայի: Ես էլ իմ զինվորավարձն էի հավաքել: Մի խոսքով, հանդիսավոր պայմաններում, միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին Ագարակի քաղաքապետը ու էլի շատ հյուրեր, 270 երեխա տարեմուտի նվերներ ստացան:

-Ես այդ մասին կարդացել եմ թերթում:

-Չորս սայլակ էլ հաշմանդամների համար գնեցինք ու տարին փակեցինք հանգիստ խղճով: Ես բանակից վերադարձա ավագ սերժանտի ուսադիրները ուսերիս, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով, զինվորի համար նախատեսված բոլոր հնարավոր պարգեւներով: Հրամանատարները լավ ծառայության համար ինձ անընդհատ արձակուրդ էին տալիս՝ որպես խրախուսանք, բայց ես մերժում էի: Ես սահմանին ինձ ավելի լավ էի զգում, քան տանը:

-Իսկ մամայի եփած համով ճաշերը:

-Ես քարից փափուկ ամեն ինչ ուտում եմ: Չգիտեմ՝ ոնց բացատրեմ, թիկունքում, ասֆալտի վրա իմ հոգին մի բուռ է դառնում, կծկվում է մարմնիս մեջ, իսկ սահմանին դուրս է գալիս մարմնիցս ու ճախրում լեռների վրա…

-Ժամկետային ծառայությունն ավարտել ես ու հիմա պայմանագրային զինծառայող ես:

-Այո, մեր դիրքի ավագն եմ: Զուգահեռ սովորում եմ բուհում, դեղագործի մասնագիտություն եմ ստանում, դիրքում պետք կգա: Երազում եմ սպայի ուսադիրներ կրել:

-Արթուր, անընդհատ ուղեղիս մեջ էն աքլորի դաժան պատմությունն է: Մտածում եմ՝ մարդ ի՞նչ ուժ պիտի ունենա, որ դուրս գա էդ մղձավանջից էսքան ուժեղ, մարդասեր, լավատեսությամբ լի: Ու հաղթած: Դու սկսել ես քո վերելքը…

-Հենց զինվորական համազգեստ հագա, հայտնվեցի ամենաբարձրում: Հիմա ոչ թե վերելք է, այլ տարածքի ընդլայնում հորիզոնական տիրույթում: Այսօր դիրքի ավագ եմ, վաղը մեծ զորք կունենամ: Հետո ավելի մեծ… Սահմանին, լեռան վրա լեռ կբարձրանա՝ մեծ ու ուժեղ զորք: Երկիրը իր զինվորի սիրուց կծաղկի:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #3 (1323) 22.01.2020 - 28.01.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/01/2020