Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏՎՈՎ ԿԾԱՌԱՅԵՆՔ, ՊԱՏՎՈՎ ԷԼ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ
ՊԱՏՎՈՎ ԿԾԱՌԱՅԵՆՔ, ՊԱՏՎՈՎ ԷԼ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ

ՊԱՏՎՈՎ ԿԾԱՌԱՅԵՆՔ, ՊԱՏՎՈՎ ԷԼ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔԶորակոչ է. Արագածոտնի զինկոմիսարիատում աշխատանքային եռուն մթնոլորտ է:

Զինկոմիսարիատի բակը վաղ առավոտից մարդաշատ է՝ զորակոչիկների հարազատ-բարեկամներին թիվ ու հաշիվ չկա:

Ձորափցի (աղձքցի) Փոթոյանների ընտանիքը բանակ է ճանապարհում  երկրորդ որդուն՝ Ռոմանին:

Կոփված, ջլապինդ երիտասարդ է Ռոմանը, «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւով է պարապել,  հայաստանյան առաջնությունում նկատելի հաջողություններ գրանցել:  Բանակից հետո շարունակելու է մարզական կարիերան:

Ռոմանի ավագ եղբայրը՝ Ռուբենը,  մեկ տարի առաջ է զորակոչվել, ու հիմա ծնողները հավաքակայանում  սրտատրոփ եւ անհանգիստ  մյուս  ծնողների նման   անհամբեր չեն  հետեւելու  վիճակահանությանը, թե որտեղ կմեկնի ծառայության  իրենց կրտսեր որդին: Ամեն ինչ արդեն հստակ է՝ ավագ եղբոր մոտ: (Շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ կարող է  ծառայության նշանակվել եղբոր ծառայության զորամասում, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը):

-Անհամբեր սպասում եմ  մեր մոտալուտ հանդիպմանը,- ասում է Ռոմանը,- միասին ավելի հեշտ կծառայենք, համ էլ մերոնց համար հեշտ կլինի՝ միանգամից  մի տեղ կայցելեն: Մի քանի անգամ գնացել եմ  եղբորս ծառայավայր, ինքը գոհ է եւ՛ ծառայությունից, եւ՛ ծառայության պայմաններից:

-Հիմա շատ բան է փոխվել բանակում,- զրույցին միանում է Ռոմանի հայրը՝ Արմեն Փոթոյանը:

Հայկական բանակի առաջին զինվորներից է Արմենը, ծառայել է Քարվաճառում, մասնակցել մարտական գործողությունների:

-Մեր ժամանակ բանակը նոր-նոր էր ձեւավորվում,  երկիրը ծանր պայմաններում էր՝ երկրաշարժից դեռ ուշքի չեկած, պատերազմ, շրջափակում, փախստականներ… Բանակում սնունդը քիչ էր, զինվորական հագուստը սակավ, զորանոցները ցուրտ: Հազար դժվարություն էինք հաղթահարում: Այսօր անհամեմատելի է տարբերությունը: Մի պարզ, հասարակ օրինակ բերեմ` հիմա զորամասում համազգեստը լվացքի մեքենայի մեջ են գցում-լվանում, իսկ մեր ժամանակ՝ մի հատիկ համազգեստը ամբողջ գիշեր անքուն մնալով` սալյարկայով վառվող վառարանի մոտ էինք չորացնում, որ լուսաբացին կազմուպատրաստ լինեինք: Հիմա թե՛ կենցաղային պայմանները, թե՛ սնունդը, ամեն ինչ զգալի լավացել է, մնում է միայն մեր զինվորները լավ ծառայեն, միմյանց հանդեպ հանդուրժող լինեն, զիջող, կատարեն հրամանները, զենքին-զինատեսակին լավ տիրապետեն ու պահպանեն անվտանգության բոլոր կանոնները, եւ ամենակարեւորը՝ զգոնությունը չթուլացնեն ՝ իրենց դիմաց թշնամին է:

-Աստված մեր բոլոր զինվորների հետ, թող ոչ մեկի մատը մի փուշ անգամ չմտնի, մի մազ անգամ չպակասի մեր զինվոր բալեքի գլխից…,- բարեմաղթում է Վարդուհի տատը:

Բյուրականցի Նորիկ պապն էլ երկրորդ թոռանը՝ Սերգեյին է ճանապարհում բանակ:

-Ամենամեծ թոռս՝ Սամվելը, առաջնագծում է ծառայում: Տասնմեկ թոռ ունեմ,  որոնցից յոթը տղա, յոթը հայրենիքի զինվոր,- հպարտությունը չի թաքցնում պապը:- Պատմության դասերը մեզ մի պարզ ճշմարտություն են սովորեցրել՝ ապավինել,  հույսը դնել միայն ու միայն  սեփական ուժերին.  քո երկիրը, քո հողը, քո իրավունքը դու պետք է պաշտպանես: Պապս զինվորական է եղել, Մեծ հայրենականին մասնակցել, կռվել օտար երկնքի տակ: Մեր որդիներն էլ ծառայել են խորհրդային բանակում: Հիմա մեր զինվոր թոռները մեր հայրենիքն են պաշտպանում, մեր սահմանները, մեր հողնուջուրը,  պաշտպանում են տիրոջ իրավունքով, տիրոջ սրտացավությամբ: Հայրենիքի զինվոր՝  սրանից ավելի մեծ բախտավորություն կա՞…

-Թասիբով, նամուսով կծառայեն մեր զինվոր զավակները, ու  տա Աստված, Սասունում, Մուշում, մեր կորցրած հայրենիքում էլ մի օր տիրոջ իրավունքով ոտք դնեն ու ծառայեն,- իրինդցի Ղազար Մուրադյանն իր սրտում, մտքում,  հոգում  փայփայած  երազանքն է բարձրաձայնում:

Արմատներով սասունցի է Ղազարը, հինգ զավակի ծնող՝  չորս աղջիկ ու մի տղա:

-Հայի քանի սերունդ է երազել սեփական, ազգային բանակ ունենալու մասին… Այսօր միակ որդուս՝ Արամիս եմ ճանապարհում: Անբացատրելի է ապրումներս, հպարտությունս՝ անչափելի: Որդուս խորհուրդներ շատ եմ տվել, ասել եմ՝ բոլոր հարաբերություններում ազնիվ լինի, արդարամիտ,  պատվախնդիր, հարգանքով:

ՊԱՏՎՈՎ ԿԾԱՌԱՅԵՆՔ, ՊԱՏՎՈՎ ԷԼ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔԱշտարակցի Վալերի Կարապետյանի մայրը` Ելենան, ամուր-ամուր փարվել է որդուն, դեռ չգնացած՝ արդեն կարոտած հայացքով ժպտում է: Որքան էլ ճոխ ու շքեղ բառագանձ ունի հայերենը, հիմա բառեր չի գտնում, բառերը չեն հերիքում ու անզոր են  արտահայտելու մայրական սրտի զգացածը:

-Երեք տղա ունեմ, առաջին զինվորս է….

Մի քանի  հատիկ բառից սեր, կարոտ, հուզմունք, հպարտություն է միաժամանակ հորդում:

-Ութերորդ դասարանում էի սովորում, երբ ընտանիքով Ռուսաստան տեղափոխվեցինք, այնտեղ էլ ավարտեցի դպրոցը, հետո վերադարձանք հայրենիք, ընդունվեցի գյուղինստիտուտ ու հիմա էլ մեկնում եմ բանակ՝ ծառայելու հայրենիքիս,- ասում է Վալերին:

Նրան ճանապարհելու է եկել նաեւ հորեղբոր տղան՝ Հայսեր Կարապետյանը, հունվարի 21-ին ինքն էլ կհամալրի հայոց բանակի շարքերը:

-Պատվով կծառայենք, պատվով էլ տուն կվերադառնանք,- վստահեցնում  է Հայսերը:

Զորակոչը շարունակվում է, զորակոչվող ամեն երիտասարդով բանակն է՛լ ավելի է զորանում:

Պատվով կծառայեն, պատվով էլ տուն կդառնան մեր զինվորները:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

լուս.՝ հեղինակի