Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԵՄ…



ՀՊԱՐՏ ԵՄ...Ազատամարտիկ Կարեն Մարտիրոսյանն այս զորակոչին բանակ կճանապարհի մինուճար որդուն՝ Համլետին:

-Հպարտ եմ ու երջանիկ, որ տղաս հայոց բանակի զինվորն է լինելու: Հայի քանի՜-քանի՜ սերունդ է երազել ազգային բանակ ունենալու մասին…

Ինքը համարյա որդու տարիքին էր, որ կամավոր մեկնեց ճակատ: Խորհրդային բանակից նոր էր վերադարձել, Հայաստանում ծանր իրավիճակ էր, հայ-ադրբեջանական սահմանին ազգամիջյան բախումները գնալով ավելի ու ավելի էին հաճախակիանում, թշնամին զինված ներխուժում էր հայկական բնակավայրեր, բռնի տեղահանում հայերին:

1992թ. Կարենն անդամագրվեց  Ռեմիկ Մարդանյանի  հրամանատարությամբ գործող ջոկատին,  1993թ. փետրվարի 23-ին Մարտակերտի հատվածում էին:

-Բառերով նկարագրելի չէ պատերազմական օրերի դաժանությունը՝  մարտական ընկերների կորուստ, շրջափակում, սով…,- վերհիշում է ազատամարտիկը:- Պատերազմը բնորոշող  մի խոսք ամուր դաջվել է մտքումս, ավելի դիպուկ, ավելի պատկերավոր, թերեւս, հնարավոր չէ ասել. «Պատերազմը խելագարություն է,  որը ստիպում է կասկածել մարդու  բանականությանը»:

Մարտերը գնալով  թեժանում էին, այդ թեժ կռիվներից մեկի ժամանակ էլ Կարենը վիրավորվեց ոտքից:  Հոսպիտալում ուշքն ու միտքը մարտական ընկերներն էին ու  մի կարգին չապաքինված՝ շտապեց վերադառնալ կռվի դաշտ:

-Մարտակերտ, Առաջաձոր, Հադրութ… Ինքնապաշտպանական-ազատագրական մարտերով հասանք մինչեւ Արաքսի ափերը,- մարտական անցած ճանապարհն է ներկայացնում Կարենն ու շարունակում:- Պատերազմում կյանքն ու մահը,  արցունքն ու ծիծաղը իրար կողք կողքի են…

Ամենաուրախ օրերից մեկն է վերհիշում, երբ  բարձունքին կանգնած՝ նայում էր, թե ոնց է քաղաքն ազատագրվում թշնամու ուժերից, ոնց է հակառակորդը խուճապահար  փախչում:

-Մերոնք հակառակորդի խաղաղ բնակչության համար անվտանգ ճանապարհ էին բացել, որ անվնաս անցնեին,- ասում է ազատամարտիկը:

…Ապրիլյան օրերին Կարենը նորից  Արցախ աշխարհում էր: Որդին՝ Համլետը, ցանկացել էր հորը միանալ, կանգնել հոր կողքին: Չէր թողել, կնոջը նոր էին վիրահատել, խնամքի կարիք ուներ,  խնդրել-համոզել էր որդուն,  որ մնա մոտը:

Երկրապահ ընկերների  հետ ապրիլի 4-ին արդեն  մարտական դիրքերում էին:

-Դիրք հասնելուն պես մի այնպիսի ուժգին հրետակոծություն սկսվեց: Մինչեւ ատամները զինված թշնամին մոլեգնել էր, ամբողջ զինանոցը գործի  դրել, ինչ զինատեսակից ասես՝ չէին կրակում: Հակառակորդի ամեն խրամաբջիջից 3-4 հոգի էր կրակում, դիպուկահարները ինտենսիվ գործում էին, դիվերսիաներին էլ վերջ չկար…  Ես Ջաբրայիլի հատվածում էի,  դեռ մութը կարգին  չընկած՝ թշնամու տանկերը սկսում էին ՊԿՏ-ով (տանկային գնդացրով) անդադար մինչեւ առավոտ  կրակել… Պատահում էր՝ քարացած, անշարժ վիճակում ժամերով գամված էինք մնում ցեխոտ, սառը  գետնին, կրակի տարափի տակ  մի շարժ անելը հավասարազոր էր կյանքին հրաժեշտ տալուն…Հենց այս պայմաններում էին կռվում մեր տղերքը ու ոնց էին կռվում…

Արցախյան պատերազմի ժամանակ սխրանքների, խիզախության բազում օրինակներ տեսած   Կարենը ապրիլյանի  ժամանակ ապշել-հիացել էր հայ զինվորի կամքի ուժից, վճռականությունից.

-Էդ երեխեքի «դուխը», խիզախությունը անչափելի էր,  ինչ անվախ էին, ինչ ինքնամոռաց էին կռվում 18-20 տարեկան  տղերքը… Նայում էի՝  էն ամենափոքր-մոքրն անգամ, որ հայացքից, ասես, դեռ մանկություն էր կաթում,  հիմա RPK-ն ձեռքն առած, մեզնից առաջ է վազում (անընդհատ պտտվում էինք դիրքերի շուրջբոլորը, որ հանկարծ դիվերսիոն ներխուժում չլինի):

-Հետ ընկիր,- սաստում էի: Անհանգստանում էի՝ իմ երեխու տարիքին է, հանկարծ մի բան չպատահի:

-Չէ՜, հոպար ջան,- պատասխանում էր առարկություն չընդունելով:

Ասում էի՝  ինչի՞ ես առաջ ընկնում, տղա՛ ջան, թող ես առջեւից գնամ, ես տարիքով եմ, կարճում էր՝ հոպա՛ր ջան, իմ լսողությունը սուր է, լավ կլսեմ, ավելի շուտ կլսեմ…

Ես չգիտեմ, սովորական կյանքում էս տղերքը ոնց կդրսեւորեն  իրենց տարբեր իրավիճակներում, բայց կռվի դաշտում ամեն մեկը հերոս էր… Հերոսներ չեն ծնվում, պահի, իրադարձության տակ են դառնում հերոսներ, ինչպես աստեղային ժամն է գալիս, այդպես էլ հերոսությունը: Վտանգվել էր հայրենի երկրի խաղաղությունը, ու սովորական այս տղերքն առյուծ էին կտրել:

«Ոչ մի քայլ հետ չենք նահանջելու, ամեն միլիմետր նահանջը  նշանակում է  թշնամուն մոտեցնել մեր սահմաններին: Միայն առաջ: Գնում ենք հաղթելու»,- ասում էին զինվորները: Ես էլ Արցախյան պատերազմի ժամանակ ամեն   մարտի գնալիս այդ բառերն  էի կրկնում՝ գնում ենք հաղթելու…

Կարենի դեմքին լուսավոր, տաք ժպիտ է.

-Հզոր սերունդ ունենք, արժանի փոխարինողներ՝ երկիր պահող տղերք….

Ազատամարտիկ Կարեն Մարտիրոսյանի որդին շուտով ազգային բանակի համազգեստ կհագնի եւ զենքը ձեռքին ամուր ու հաստատուն կկանգնի հայրենիքի պաշտպանների կողքին:

-Հայրենիքն ինձ համար  վերացական գաղափար չէ,- ասում է  Համլետը,-  հայրենիքը  ծնողներս են,  ինձ համար  թանկ ու հարազատ մարդիկ, ու  մեր սուրբ հողը, որի ամեն միլիմետրը  կյանքի գնով է  պահված…

Տանը հայրենասիրության քարոզներ չեն կարդացել, այստեղ հայրենասիրությունը ո՚չ  զրնգուն բառերի շարան է, ո՚չ էլ պաթետիկ խոսքերի տարափ, այլ՝ գործ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Բանակ և հասարակություն


06/12/2019