Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉ ՄԻԱՅՆ ԶԻՆՎՈՐ…



Մեր տանը մի հին, դեղնած, Հայրենական մեծ պատերազմից առաջ էլ արված լուսանկար կա։ Մայրս ամեն անգամ ձեռքով շոյում է լուսանկարում պատկերված երեք տղամարդկանց դեմքերն ու հանդարտ լաց է լինում։ Լուսանկարում երեւացող մարդկանցից մեկը մայրական պապս է, մյուս երկուսը՝ նրա երկու եղբայրները։ Ճակատագրի չար կամքով եղբայրներից միայն մեկը, ամենափոքրը՝ պապս է պատերազմից ողջ տուն վերադարձել, մյուս երկուսը զոհվել են։ Թե ի՞նչ է անցնում մորս մտքով, երբ ձեռքն է առնում խունացած լուսանկարը, ես չգիտեմ, բայց կարելի է կռահել նրա աչքերից ամեն անգամ գլոր-գլոր հոսող արցունքներից… Իսկ ես նման օրերին վերհիշում եմ իմ մանկության մայիսի 9-ները, երբ պապս, ձեռքս բռնած, ինձ Անմար կրակի մոտ էր տանում, ու մենք երկուսով հուշակոթողին ծաղիկներ դնելուց հետո լուռ գլուխ էինք խոնարհում բոլոր զոհվածների հիշատակի առաջ՝ այդ թվում նաեւ պապիս երկու եղբայրների։ Ափսոս, պապս այնքան չապրեց, որ ինձ զինվորական համազգեստով տեսներ։ Նա մահացավ հենց հաղթանակի օրը՝ 2007թ. մայիսի 9-ին։
Պատկերացնում եմ նրա դեմքի արտահայտությունը՝ աչքերը ուրախությունից կկկոցեր, հեռվից ինձ կնայեր իր բարի ու կենսախինդ հայացքով, հաղթանակած զինվորի իր կեցվածքը կընդուներ ու… ե՛ւ կծիծաղեր, ե՛ւ լաց կլիներ։ Կծիծաղեր՝ ուրախությունից, լաց կլիներ՝ իմ մեջ տեսնելով պատերազմից չվերադարձած իր եղբայրներին։
Պապս ինձ երբեք չպատմեց պատերազմական կյանքից ու դժվարություններից. նրա տխրությունն ինձ արդեն իսկ ամեն ինչ ասում էր։ Պապս երբեք հայրենասիրության դասեր ինձ չտվեց. նրա կերպարն ինձ համար արդեն իսկ ե՛ւ կենդանի դաս էր, ե՛ւ պատմություն էր, ե՛ւ հայրենասիրության անմոռանալի խրատ։
Հիմա ես ծառայում եմ եւ միայն մի անհանգստություն ունեմ՝ այնպես ծառայել, որ պապիս անունն ու վաստակը գետնով չտամ։ Ծառայում եմ պատվով եւ պատվով էլ կրում եմ հայոց բանակի համազգեստը՝ միշտ պատրաստ հայրենիքիս ամեն մի թիզ հողի համար կյանքս տալ։ Ճիշտ այնպես, ինչպես պապիս երկու եղբայրները։
Հանգստություն ոսկորներիդ, իմ սիրելի պապ, ես պատվով կկատարեմ իմ պարտքը, չէ որ քո թոռն եմ, իսկ քո թոռը լինել նշանակում է ոչ միայն զինվոր լինել…

շարքային ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
ք. Ճամբարակ

Խորագիր՝ #48 (863) 8.12.2010 – 15.12.2010, Բանակ և հասարակություն


16/12/2010