Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

1716թ. Արեւելյան Հայաստան վերադարձավ Իսրայել Օրու գործի շարունակող Մինաս վարդապետ Տիգրանյանը։ Նա հանդիպեց Էջմիածնի կաթողիկոս Աստվածատուր Համադանցու եւ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ, նրանց տեղեկացրեց ռուսական ապագա արշավանքի մասին եւ առաջարկեց նախապատրաստվել համատեղ գործողությունների։ Թերեւս Մինաս վարդապետի հետ էլ Հասան-Ջալալյանը Պետրոս Մեծին ուղարկեց իր նամակը, որտեղ մասնավորապես ասված էր. «Մեր նահանգի մելիքներով, մեծով-փոքրով, մենք պատրաստ ենք, ըստ մեր կարողության, ընդառաջ գալ, երբ հզոր եւ մեծ թագավորությունը ցանկանա շարժվել դեպի այս կողմերը»։ Կաթողիկոսի նամակը ավելին էր, քան օգնության խնդրանքը։ Այն զինական համագործակցության հավաստիացում էր։

Ծավալվող այս իրադարձությունները դուրս չէին մնացել Թուրքիայի ուշադրությունից։ Որպեսզի խափանվի Ռուսաստանի հետ համագործակցության հայ-վրացական ծրագիրը, արգելակվեն ռուսական գործողությունները, թուրքերի դրդմամբ լեզգիները սկսեցին դաժան ասպատակությունները։ Փրկության միակ ելքը ինքնապաշտպանությունն էր, որին էլ ձեռնամուխ եղան Արցախի ու Սյունիքի մելիքները։ Մռավ լեռան շրջակայքում կազմավորվեց Մեծ սղնախը՝ ամրացված շրջանը, որն ուներ 10000 զինվոր։ Նրա կազմակերպիչներն էին Սարուխան, Շիրվան, Գրիգոր եւ Սարգիս Յուզբաշիները, Մելիք Հովսեփը։ Փոքր սղնախը, որ գլխավորում էր Ավան Յուզբաշին, տեղավորված էր Շուշիի շրջակայքում եւ ուներ 2000 զինվոր։ Դիզակի սղնախը եւս կարեւոր դեր խաղաց թափառական ու ավարառու լեռնականների դեմ մղված պայքարի ընթացքում։

Ամրացված շրջաններ կազմվեցին նաեւ Սյունիքում։ Ջոկատների մարտիկների թիվը հասնում էր 7-8000-ի։ Եթե Արցախի ջոկատները միավորված էին ու ընդհանուր հրամանատար ունեին, հանձին Ավան Յուզբաշու, ապա Սյունիքի ջոկատները ցրված էին, զուրկ միասնական ղեկավարությունից։

Այսպիսով, դարասկզբին իրականանում էր Իսրայել Օրու՝ զինված պայքարի գաղափարը, որը նոր երեւույթ էր ազատագրական շարժման` մասնավորապես եւ Հայկական հարցի լուծման տեսանկյունից։

1722թ. Գանձակում լեզգիներին պարտության մատնելուց հետո Հասան-Ջալալյանը Վախթանգ VI-ի հետ գնում է Թիֆլիս՝ համատեղ պայքարի ծրագիր մշակելու եւ ռուսական զորքերին միանալու հարցերը ճշգրտելու։ Այս նույն ժամանակ էլ Թիֆլիս են գալիս ռուսական, պարսկական ու թուրքական պատվիրակությունները։ Ցարը, հայտնելով սկսվելիք արշավանքի մասին, առաջարկում էր զորքերով ընդառաջ գալ ու Շամախիում միանալ ռուսական ջոկատներին։

1722թ. հուլիսին ռուսական 70000-ոց բանակը նավերով հասնում է Բաքվի եւ Գիլանի մոտակայքը եւ Դերբենդը գրավելուց հետո, Պետրոս Առաջինի հրամանով, ետ է վերադառնում։ Ինչ խոսք, Ռուսաստանի նման վերաբերմունքը ունեցավ իր բացասական ազդեցությունը, եւ, քանի որ նախապատրաստական աշխատանքներն ավարտվել էին, առկա էին հաջողության հասնելու գործոնները,1722-1730 թթ. Արցախն ու Սյունիքը զինված պայքարով ձեռք բերեցին անկախություն։ Հերոսամարտերը, որոնց շնորհիվ ութ տարի Սյունիքում եւ Արցախում վերականգնվեցին հայկական իշխանությունները, դրական տեղաշարժերի մեծ ակնկալիքներ էին ստեղծում։ Հասունանում էր հայության համընդհանուր ազատագրական պայքարի գաղափարը, հստակ ծրագիրը։

Թեեւ ստեղծված համեմատաբար տանելի վիճակին, Հայկական հարցի ռուսական տարբերակը մոռացության չէր մատնվում, եւ փորձեր էին արվում վերականգնելու համագործակցությունը։ Դեռեւս 1742թ. Պետրոս Առաջինը Անդրկովկաս էր ուղարկել իր պատվիրակ Իվան Կարապետին։ Նույն թվականի հունվարին, հանդիպելով Արցախի մելիքների ու Հասան-Ջալալյանի հետ, պատվիրակը նրանց հանձնեց ցարի 1723թ. հունիսի 3-ի հրովարտակը, որով խոստանում էր անպայմանորեն օգնել Սյունիքի եւ Արցախի ապստամբներին։ Սակայն Պետրոս Առաջինի մահից հետո ռուսական արքունիքը խուսափեց Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա լարվածությունից, որեւէ գործնական քայլ չձեռնարկեց։

18-րդ դարի ազատագրական գաղափարախոսության զարթոնքին շարժման բորբոքմանը մեծապես նպաստեցին հայկական գաղթօջախները։ Ռուսաստանի, Հնդկաստանի, Արեւմտյան Եվրոպայի, Լեհաստանի, Ուկրաինայի երեւելի հայերը հիմնականում առեւտրականներ ու արհեստավորներ էին։ Ընդգրկված լինելով տնտեսական լայն հարաբերությունների շրջանակում՝ նրանք օրավուր զգում էին իրենց նկատմամբ իրականացվող սահմանափակումների ճնշող ազդեցությունը եւ դրանից խուսափելու, ազատ ու անկաշկանդ պայմաններ ունենալու նպատակով մտածում էին ազգային պետականության վերականգնման մասին։ Ձեւավորվում էին Հայաստանի ազատագրության ծրագրերը, որոնց արտահայտիչը դարձավ Հովսեփ Էմինը։ Նա առաջին անգամ առաջադրեց համընդհանուր պայքարի ծրագիր, որն աղերսվելու էր Ռուսաստանի նվաճողական ձգտումների եւ Վրաստանի ազատագրական պայքարի հետ։

Հայկական պետականության վերականգնման նպատակն էր հետապնդում նաեւ Հնդկաստանի Մադրաս քաղաքի հարուստ ակնավաճառ Շահամիր Շահամիրյանի գլխավորած խմբակը։  Խմբակը ազատագրական պայքարը բորբոքելու նպատակով 1772թ. տպագրում է Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գիրքը։ Այն 1786թ. թարգմանվեց ու երկու հազար տպաքանակով հրատարակվեց ռուսերեն։ Ապա լույս տեսավ «Որոգայթ փառաց» գիրքը, որն ապագա՝ ազատագրված Հայաստանի օրենքների ժողովածուն էր։ Երկու գրքերն էլ ուղարկվեցին Էջմիածնի եւ Գանձասարի Սիմոն Երեւանցի եւ Հովհաննես կաթողիկոսներին, Արցախի մելիքներին։ Շահամիր Շահամիրյանը գրքերի հետ նույն հասցեատերերին էր ուղարկել նամակ, որում ներկայացնում էր Հայաստանի ազատագրության իր ծրագիրը՝ ժողովրդին զինել, երիտասարդությանը սովորեցնել ռազմական գործ ու նախապատրաստել ապագա զինված պայքարին, ազատագրության ծրագիրը իրականացնել ռուսական պետության հովանավորությամբ՝ հարեւան վրաց ժողովրդի հետ համընդհանուր պայքարում։ Այն սկզբունքները, որ դավանում էին «Նոր տետրակն» ու «Որոգայթ փառացը», նոր երեւույթներ էին Հայկական հարցի լուծման պատմության մեջ։ Ծրագրերի հեղինակները ցանկանում էին հայրենիքը տեսնել ժամանակակից առաջադեմ տնտեսությամբ ու մշակույթով։ Այս առումով էլ նրանք ներկայանում էին որպես լուսավորիչներ, հայկական միասնական պետության ջատագովներ։ Հայ քաղաքական մտքի պատմության մեջ Հայկական խնդրի լուծման գործում հեղաբեկիչ այս գաղափարները շաղկապվում էին նաեւ դիվանագիտական բեղուն գործունեության, ազատագրական բանակի կազմավորման հետ։ Շահամիրյանի խմբակի քարոզչական գործունեության արդյունք պետք է համարել հնդկահայերի կայացրած որոշումը, որով պարտավորվում էին Էմինին տրամադրել 12000 ռուփի` բանակ կազմակերպելու համար։

1768-1774թթ. ռուս¬թուրքական պատերազմը, 1783թ. Գեորգիեւյան պայմանագիրը, որով Վրաստանը ընդունում էր ռուսական հովանավորությունը, Ռուսաստանի անթաքույց հետաքրքրությունները Անդրկովկասի նկատմամբ նպաստավոր պայմաններ էին ստեղծում ազատագրական գաղափարախոսության զարթոնքի համար։ Նպաստավոր էր նաեւ իրադարձությունների փոփոխությունը Պարսկաստանում։ 1747թ. Նադիր շահի մահից հետո Վրաստանի Հերակլ թագավորը իրեն հայտարարեց անկախ, ապա իր իշխանության տակ առավ Երեւանի եւ Գանձակի խաներին։ 1760թ. Էջմիածնի Հակոբ կաթողիկոսը դիմում հղեց Եկատերինա II կայսրուհուն՝ նրանից իր հոտի համար օգնություն խնդրելով։ 1766թ. նույն բովանդակությամբ նամակ գրեց Սիմոն Երեւանցի կաթողիկոսը։

Արեւմտյան Հայաստանում եւս տեղի էին ունենում տեղաշարժեր։ Ժողովրդի մեջ բորբոքվում էր ազատագրական պայքարի գաղափարը, առանձին շրջաններում տեղի էին ունենում զինված ելույթներ։ 1760-1780թթ. Զեյթունում սկսվեց ապստամբություն, հայերը Զարմանուհի իշխանուհու գլխավորությամբ պարտության մատնեցին եգիպտական զորքերին. եւ փաստորեն այդ ժամանակից էլ սկզբնավորվեց Զեյթունի անկախությունը։

Դեռեւս շարունակվում էր 1768-1774 թթ. ռուս-թուրքական պատերազմը, երբ մետաքսի գործարանատեր, աստրախանցի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը (Սարաֆով) 1769թ. հունիսին ռուսական արքունիք է ներկայացնում Հայաստանի ազատագրության իր ծրագիրը։ Մ. Սարաֆյանը ժամանակաշրջանի հայ առեւտրական դասի այն ներկայացուցիչներից էր, որոնք որոշակի կարեւոր դիրքեր էին զբաղեցնում ռուսական կայսրությունում։

Մ. Սարաֆյանի ծրագիրը կազմված էր Թուրքիային եւ Պարսկաստանին քաջածանոթ մարդու դիտանկյունից։ Լինելով առեւտրական, նա քանիցս անցել էր այդ երկրներով եւ զգացել, որ զինական զորակցության պայմաններում հնարավոր է հայրենիքի ազատագրությունը։ Արեւելյան, Արեւմտյան Հայաստաններից հավաքագրված կամավորական խմբերը, միանալով վրացական ուժերի, ռուսական զորամիավորման հետ, որի շարքերում էին լինելու նաեւ կայսրությունում ապրող հայերից կազմված ջոկատները, Արցախի մելիքների ջոկատները, ազատագրելու էին Հայաստանը, հիմնվելու էր միասնական պետություն։ Մեծ ոգեւորություն էին առաջացրել հատկապես ռուսական նախապատրաստվող արշավանքը, որը հանձնարարված էր Սուվորովին եւ, կայսրուհու առաջարկով, 1780թ. գումարված խորհրդակցությունը, որտեղ հրավիրված էին Հովհաննես Լազարյանն ու Հովսեփ Արղությանը։ Խորհրդակցությունից հետո երկու հայ գործիչները նոր հանդիպումներ են ունենում թե՛ զորավարի, թե՛ իշխան Պոտյոմկինի հետ։

Շարունակելի

Խորագիր՝ #43 (1314) 6.11.2019 - 12.11.2019, Պատմության էջերից


07/11/2019