Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՐ ՍԱՀՄԱՆ` ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ



ԱՄՈՒՐ ՍԱՀՄԱՆ` ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՎայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի հրապարակն այդ օրը մարդաշատ էր: Մեկնարկեց «Հզոր հայրենիք» ծրագիրը, որի շրջանակում այսուհետ Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ու սահման պահող զորամասերի զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կունենան օգտվելու արդի սարքավորումներով հագեցած շարժական բարեգործական ատամնաբուժարանի ծառայություններից: Շուրջ երկու շաբաթ հետո ատամնաբուժական կենտրոնն իր այս առաքելությունը կշարունակի հաջորդ սահմանամերձ համայնքում:

«Հզոր հայրենիք» ծրագիրը Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությունն է, որին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն են ցուցաբերում «Փարոս» հիմնադրամն ու «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միություն» կազմակերպությունը:

Իր երախտագիտությունը հայտնելով ծրագրի աջակիցներին` Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մասնավորապես նշեց. «Պետականության հաստատման առաջին իսկ օրվանից մեր կարևորագույն ձեռքբերումը հայկական բանակի կայացումն է եղել: Ունենք բանակ` ունենք հայրենիք, մշակույթ, պաշտպանված է մեր խաղաղ արարումը:  Հզոր է բանակն ու սահմանը` հզոր է հայրենիքը: Այսօր առավել, քան երբևէ, կարիք կա, որ մեր ազգի բոլոր ուժերն ու կարողությունները` քաղաքական, տնտեսական և հոգևոր, առավելագույնս ուղղվեն մեր բանակի և մեր սահմանապահ համայնքների հզորացմանը: Սա առաջին ավտոբուսն է, որը մշտապես գործելու է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում՝ ծառայելով, առաջին հերթին, պայմանագրային զինծառայողների ընտանիքներին, զինվորականներին, զինվորներին և սահմանապահ համայնքների բնակիչներին»:

Սրբազանը տեղեկացրեց նաև, որ արդեն սկսվել են երկրորդ շարժական ավտոբուսի պատրաստության աշխատանքները, որը կգործի ՀՀ մեկ այլ մարզում:

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և նշեց. «Սա առաջին դեպքը չէ, որ Վայոց ձորի թեմը նման գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես գալիս, ինչի համար անչափ շնորհակալ ենք: Առիթից օգտվելով` ուզում եմ իմ «ավանդական» կոչը հղել: Յուրաքանչյուր հայ մարդ գոնե մեկ անգամ պետք է այցելի սահմանամերձ բնակավայր, գոնե մեկ օր հյուրընկալվի գյուղացու տանը ու հաջորդ օրը մեկնի,  մտածելով՝ արդյո՞ք ինքը անելիք չունի ՀՀ սահմանամերձ գոտիների համար: Հաջողություն եմ մաղթում այս կարևոր ծրագրին»:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր նախաձեռնողներին և կարևորեց այն փաստը, որ շեշտադրումն արվում է հատկապես զինվորների առողջությանը, որոնք լիարժեք օգտվելու են այս ծառայություններից:

Սահմանապահ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մուրադյանն էլ շնորհակալություն հայտնեց նույն օրը Վայոց ձորի թեմի ջանքերով զորամասին նվիրաբերած էլեկտրաեռակցման սարքի համար: «Այն բոլոր ժամանակաշրջաններում, երբ ազգը, բանակը, հոգևոր դասն ու մեր պետական այրերը միասնական են եղել, մենք ունեցել ենք հաջողություններ,- նկատեց փոխգնդապետը:- Այսօր մենք բոլորս միասնական ենք, ու վստահ եմ, որ այս միասնականությունը մեզ մեծ հաջողություններ կբերի»:

ԱՄՈՒՐ ՍԱՀՄԱՆ` ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԾրագրի բացման հանդիսավոր արարողությունից հետո շարժական ատամնաբուժարանն անցավ իր պարտականություններին` բուժօգնություն ցուցաբերելով առաջին այցելուներին: Իսկ միջոցառմանը ներկա ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ուղևորվեցին սահմանին մարտական հերթապահություն իրականացնող հենակետերից մեկը. շրջեցին դիրքերով, օրհնեցին և ոգևորեցին դիրքապահներին:

«Հզոր հայրենիք» ծրագրի ներկայացուցիչները վստահ են՝ հայրենիքը սկսվում է սահմանից, և սահման պաշտպանող զինվորականների ու նրանց թիկունքին կանգնած սահմանամերձ գյուղերի բնակիչների այս կամ այն հոգսը թեթևացնելով՝ նրանք էլ այս կերպ են նպաստում հայրենիքի հզորացմանը: Խոսելով ծրագրի և դրա շրջանակում նախատեսվող այլ նախաձեռնությունների մասին՝ բարձրաստիճան հոգևորականներն ընդգծեցին՝ նմանօրինակ բարեգործությունները նյութական օգնությունից բացի, նաև հոգևոր խորհուրդ ունեն: Դրանք ժողովրդի, եկեղեցու և բանակի եռամիասնության արտահայտությունն են, շնորհիվ որի մենք ազգովի պատրաստ ենք դիմագրավելու ցանկացած փորձություն:

ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ բարեգործությունն աստվածային շնորհ է: «Մենք միշտ պետք է գիտակցենք դրա էությունն ու լինենք այս աստվածապարգև շնորհի մեջ: Ո՞վ է քրիստոնյան, եթե ոչ՝ բարեգործ, որ կարողանում է ձեռք մեկնել ուրիշին: Բարեգործությունը մի վիճակ է, երբ մարդ իրեն լիարժեք, Աստծու հետ միասնության մեջ է զգում: Եվ երբ այն օրհնությամբ է կատարվում, եռապատկվում, բազմապատկվում է դրա արժեքն ու նշանակությունը: Այսօրվա առաքելությունը կատարում է եկեղեցին՝ ի դեմս Վայոց ձորի թեմի և նրա ժրաջան առաջնորդ, մեր հոգևոր եղբայր Աբրահամ սրբազանի, որ մշտապես եղել է այդ բարեգործության մեջ: Սա նշանակում է, որ նա հավատում է մեր վաղվա օրվան, որը մեզ համար մեր հայրենիքի հզորությունն է: Նման նախաձեռնությունները ամրապնդում են մեր սահմանները, հողի վրա ամուր կանգնելու մեր հավատը, մեր միասնականությունը: Իսկ երբ հասկանում ենք այդ խորհուրդը, անհնար է, որ մեր քայլերը  ճիշտ ուղղությամբ չանենք: Աստված օրհնի մեր սահմանները, մեր բանակն ու մեր միասնությունը»:

Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նշեց, որ այս նախաձեռնության գաղափարը նոր չի ծնվել. «Սա իմ վաղեմի երազանքն էր, որն այսօր արդեն իրականություն է: Տա Աստված, որ մենք կարողանանք մեր ազգային բոլոր երազանքներն իրականացնել: Եվ դրա գրավականը մեր բանակն է, որի համար ոչինչ չի կարելի խնայել: Եվ ես ուրախ եմ, որ այս փոքրիկ ծրագիրը կարողացանք իրականացնել: Հուսամ՝ հետագայում ևս կկարողանանք մեր ուժերի ներածի չափով օգտակար լինել մեր բանակին ու սահմանամերձ համայնքներում բնակվող մեր ազգակիցներին»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (1313) 30.10.2019 - 5.11.2019, Բանակ և հասարակություն


31/10/2019