Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ



ԼԱՎԱԳՈՒՅՆԸ-Դե, իհարկե, պետք է հրետանին ընտրես: Դա ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ արհեստ,- այսպես էր պատասխանել Մեծ հայրենականի վետերան պապիկը, երբ տակավին պատանի Ջիվանը նրանից խորհուրդ է հարցրել զինվորական մասնագիտություն ընտրելիս: Այդպես էլ արեց և չսխալվեց:

 

-Պատերազմի ելքը միշտ էլ որոշում է հրետանու ճշգրիտ կիրառումը. այս դեպքում հաղթանակը միանշանակ քոնը կլինի,- ասում է այժմ արդեն փոխգնդապետ Ջիվան Մհերյանը: Մանկուց մաթեմատիկական բարդ հաշվարկների, երկրաչափական և տրամաբանական խնդիրների սիրահար երիտասարդը շատ շուտով համոզվելու էր, որ իսկապես՝ «Հրետանին պատերազմի աստվածն է»:

Որպես հրետանավոր՝ անցել է հրամանատարական տարբեր օղակներով, եղել զորամասի շտաբի պետ, դիվիզիոնի հրամանատար… 2017թ. ավարտել է նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետը:

-Ծառայությանս ընթացքում հրետանային տարբեր զինատեսակներ եմ շահագործել, բայց ամենից հոգեհարազատն ինձ համար «Գրադ» կայանքն է:- ասում է Ջիվան Մհերյանը:- Մարտական մեծ ներուժ, խոցման մեծ մակերես ունի, հատկապես, երբ մի քանի դիվիզիոն միաժամանակ են գործում նշանակետերը խոցելու համար: Բացի այդ, ինձ միշտ հուզել է կրակելու պահին դեպի երկինք հրթիռների գեղեցիկ սլացքը: Առաջին անգամ, երբ զորավարժության ժամանակ մարտկոցի կազմով խոցեցինք նշանակետը, հարվածն այնքան դիպուկ էր, որ դիտակետում բոլորը ծափահարեցին:

Ընդգրկուն է փոխգնդապետ Մհերյանի ծառայության աշխարհագրությունը: Որտեղ էլ ծառայել է, իրեն դրսևորել է որպես փայլուն հրետանավոր: Մեր այս հանդիպման առիթն էլ «Կրակային վահան-2019» համաբանակային հրետանային մրցույթի ընդհանուր արդյունքներով բացարձակ հաղթող ճանաչվելն ու 1-ին խմբում 1-ին տեղը զբաղեցնելու փաստն էր:

Լավագույնը լինելու ձգտումը փոխգնդապետ Մհերյանի համար ծառայության առաջին իսկ տարիներից սկզբունք է եղել: Հիշում է առաջին մրցութային փորձը, երբ լավագույն մարտկոցի հրամանատար ճանաչվեց:

-Զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձն էր. հայտարարվեց վաշտի և մարտկոցի հրամանատարների մրցույթ: Ուսումնական տարին նոր էր սկսվել: Անձնակազմիս ներկայացրի մրցույթի պահանջները և ասացի՝ «Ինչո՞ւ ոչ, մենք լինենք հաղթող»: Արդյունքը փայլուն էր:

«Կրակային վահանը» ամենամյա մրցույթ է, որը նվիրվում է ՀՀ ԶՈՒ hրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորմանը: Մինչև 2016 թվականն այն անցկացվում էր պարտադիր հիմունքներով, այժմ հրետանավորներն իրենց ցանկությամբ են մասնակցում:

-Վստահ էի, որ կարող եմ լավ արդյունքներ գրանցել: Այս տարվա մրցույթում հիմնականում հարձակողական մարտին առնչվող խնդիրներ էին,- ասում է փոխգնդապետը:

Մարտական հրաձգությամբ բազմաթիվ մարտավարական զորավարժությունների է մասնակցել: Այս օրերին էլ պատրաստվում է հերթականին:

-Զորավարժությունները, համաբանակային մրցումները ապագային ավելի մեծ վստահությամբ նայելու հնարավորություն են տալիս: Իսկ մրցակցությունը ինքնակատարելագործման, անձնակազմին ոգևորելու և մարզելու լրացուցիչ խթան է,- ասում է սպան:- Ինքդ քո առջև ինքնակատարելագործվելու պայման ես դնում: Եվ, իհարկե, սա պետք է փորձես փոխանցել մյուսներին, այլապես, գիտելիքը ոչինչ է: Բայց, ամենակարևորն այն է, որ բոլորը՝ ծառայողական ցանկացած օղակում գիտակցեն ինքնակրթության կարևորությունն ու լրջորեն զբաղվեն դրանով: Եթե մարդ մի բան ինքնուրույն է սովորում, երբեք չի մոռանա: Իմ փորձից եմ ասում: Եթե անընդհատ կարդաս, հասկանաս, ընկալես, որպես մնայուն արժեք, այդ գիտելիքը քոնը կդառնա:  Սա նաև զորքը մարտունակ պահելու կարևոր պայման է, հատկապես՝ մարտի վարման օրեցօր բարդացող ու զարգացող համակարգի պայմաններում: Ունենք մարտունակ ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են ցանկացած պահի կատարել իրենց առջև դրված յուրաքանչյուր խնդիր` առաջադրվող ցանկացած ուղղությամբ: Ի դեպ, մեր զորամասն այսօր արդեն ներգրավված է նաև մարտական հերթապահությունում, ինչը պատվով ենք իրականացնում:

Փոխգնդապետ Մհերյանի ոգեշնչման աղբյուրը իր ջերմ ու համերաշխ ընտանիքն է՝ կինը` Նելլին, և իր երկու հրաշալի զավակները`  Սամվելն ու Անին:

-Զինվորականի համար ընտանիքը կյանքի կարևոր խթաններից է, քանի որ ընտանիքիդ համար ես ապրում, սիրելիներիդ համար ես արարում և վերջապես` նաև ընտանիքիդ համար ես հայրենիքը պաշտպանում: Սպայի երջանկությունն է ընտանիքը…

Մեր հանդիպման օրը հնարավորություն ունեցա հյուրընկալվելու փոխգնդապետի ընտանիքում: Երեխաների համար մեծ անակնկալ և ուրախություն էր, նաև՝ դասընկերների մոտ հպարտանալու առիթ, երբ զորամասից տունդարձի ճանապարհին հայրիկն իրենց դիմավորեց դպրոցում ու տուն ուղեկցեց:

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ-Շատ ենք կարոտում իրար,- ասում է փոխգնդապետ Մհերյանը` գիրկն առնելով երեխաներին: Առավոտյան` մինչև իրենց արթնանալը, ես արդեն տնից դուրս եմ գալիս: Երբ երեկոյան տուն եմ մտնում, նրանց ուրախությանը չափ ու սահման չի լինում, ո՜նց են ընդառաջ վազում, գրկում, դա ամեն ինչ է ինձ համար: Անմիջապես տեղեկացնում են՝ «9», «10» ենք ստացել: Երկուսն էլ գերազանցիկ են:

Ամեն անգամ շփվելով սպաների ընտանիքների անդամների, հատկապես նրանց կանանց հետ, նորից ու նորից համոզվում եմ` զինվորականի կինը նույնպես զինվորական է, անկախ նրանից` ուսադիրներ կրում է, թե ոչ: Տան շեմից մեզ դիմավորում է ժպտադեմ ու բարետես տանտիկինը` Նելլին: Թեյի սեղանի շուրջ փոխգնդապետ Մհերյանը իրենց հանդիպման պատմությունն է անում.

-Ես հարավային զորամասերից մեկում էի ծառայում այդ ժամանակ: Մեր ենթասպաներից մեկը` Ռուբենը, հիվանդանոցում բուժվում էր, Նելլին էլ նույն հիվանդանոցում իր տատիկին էր խնամում. այդպես ծանոթացել էին: Ռուբենը գիտեր, որ ուզում եմ ամուսնանալ: Երբ վերադարձավ զորամաս, ասաց. «Մի աղջկա հեռախոսահամար եմ տալիս, գնա՛ Մարտունի, գտի՛ր»: Այնպես ներկայացրեց աղջկան, նրա հոգատարությունն ու բարի սիրտը, որ որոշեցի անպայման ծանոթանալ: Հերթական արձակուրդիս եկա, զանգեցի, ու շատ արագ ստացվեց մեր ծանոթությունն ու ամուսնությունը:

-Զանգ եկավ,- ժպիտով վերհիշում է Նելլին,- «Ես Ջիվանն եմ: Ուզում եմ Ձեզ հետ ծանոթանալ»: Մի քանի անգամ անջատեցի հեռախոսը: Նորից զանգեց ու արդեն խիստ ձայնով ասաց. «Ախր, ես լուրջ բան եմ ասում, իսկ Դուք անջատում եք հեռախոսը»: Այսպես մի քանի հեռախոսազրույցներից հետո եկավ մեր տուն: Մի շաբաթից զանգեց, թե` «Կարո՞ղ ենք գալ, նշան դնել»: Անմիջապես պատասխանեցի. «Այո՛»:

Առաջին նշանակումից` ամուսնու կողքին է եղել Նելլին: Ծառայության բերումով տեղափոխություններ շատ են եղել: Հիմա էլ վստահ չէ` արդյո՞ք իրենց վերջին կացարանն է սպայական այս բնակարանը: Բայց, երբ հարցնում եմ` դժվար չէ՞ սպայի կին լինելը, ու գո՞հ է արդյոք իր ընտրությունից, անվարան պատասխանում է. «Իհարկե, գոհ եմ: Ջիվանը իդեալական` հոգատար, ջերմ, բարի, ամեն ինչում ուշադիր հայր ու ամուսին է: Այս ամենը բավական է, որ ցանկացած դժվարություն հաղթահարենք: Շատ ուրախ ու երջանիկ եմ, որ ինքն է իմ կողքին: 11 տարվա ամուսիններ ենք: Ինձ համար հպարտություն է սպայի կին լինելը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #41 (1312) 23.10.2019 - 29.10.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


24/10/2019