Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐԸ



ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐԸՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը խոսել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հայկական երկու հանրապետություններում անցկացված աննախադեպ լայնածավալ ռազմավարական զորավարժությունների արդյունքների մասին, պատասխանել լրագրողների՝ տարբեր թեմաների և խնդիրների վերաբերյալ հարցերին: Ներկայացնում ենք գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ուղղված հարցերի պատասխանները:

 

Զորավարժության մասին

 

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում անցկացվեցին զորավարժություններ, որոնք աննախադեպ էին տևողությամբ, ուժերի և միջոցների ընդգրկվածությամբ, զորքերի տեղաշարժի քանակով ու նաև առաջադրված խնդիրների բնույթով։ Փորձարկվեց զինված ուժերի ղեկավարման ամբողջ համակարգը, ճշտվեցին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հետ փոխգործակցության, տարբեր զորատեսակների գործակցության հարցերը, նաև փորձարկվեց որոշակի քանակությամբ ու տեսակի նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա։

Զորավարժության սցենարն ընդգրկուն էր. առաջին փուլում կատարվեց զինապարտների և տրանսպորտային միջոցների համալրում, փաստացի առավելագույնը 24 ժամում ունեցանք ևս մեկ բանակ։ Այնուհետև իրականացրինք զորքերի վերախմբավորումներ և ստեղծեցինք նոր խմբավորումներ։ Անցկացվեցին տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ ավելի քան 35 զորավարժություններ, այդ թվում՝ մարտական հրաձգությամբ։ Ամեն օր 5-6 ստորաբաժանումներ կատարեցին իրական մարտական խնդիրներ, բացի այդ, եղան նաև պայմանական գործողություններ:

 

Զորավարժության արդյունքները

 

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐԸՆախնական ամփոփումը թույլ է տալիս ասելու, որ զինված ուժերը կատարել են իրենց խնդիրը։ Այդուհանդերձ, շատ կարևոր է հասկանալ մեր գործողությունների արդյունքները, արդյունավետությունը, վերլուծել դրական և բացասական կողմերը, կատարել համապատասխան հետևություններ:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերլուծել Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացված «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության արդյունքները: Մանրամասն ուսումնասիրվելու է բոլոր ստորաբաժանումների, օղակների մասնակցությունը, որից հետո պարզ կդառնա տարբեր կառույցներում հավանական մարտահրավերներին դիմակայելու պատրաստվածության մակարդակը:

 

Պահեստազորի մասնակցության մասին

 

Զորավարժությանը մասնակցած պահեստազորայինների թիվն ամփոփման փուլում է: Չափազանց մեծ ծավալի պատճառով դեռ չենք հասցրել ընդհանրացնել, սակայն այժմ արդեն պարզ է, որ զորահամալրումից խուսափածներն ընդհանուր թվի մեկ-երկու տոկոսն էլ չեն կազմում։ Նրանց հանդեպ տույժ-տուգանքների կամ օրենքով նախատեսված այլ դեպքերի վերաբերյալ գործընթացներին կմասնակցեն համապատասխան մարմինները: Գլխավոր շտաբն անմիջականորեն այդ գործընթացով չի զբաղվում, բայց մեր դիտողություններն անպայման ներկայացնում ենք: Եթե տեսնենք հանցակազմի դրսևորումներ, անպայման կդիմենք իրավապահ մարմիններին։ Ուսումնասիրվում են նաև զինկոմիսարիատ չներկայանալու խորքային պատճառները։ Հասկանալի է, որ մի շարք դեպքերում մարդկանց ժամանակին և պատշաճ իրազեկելու խնդիր կա, օրինակ՝ հողագործական աշխատանքներ կատարող գյուղացին չի ծանուցվել։ Զինապարտների որոշակի մասն էլ առողջական կամ ընտանեկան խնդիրների պատճառով չի ներկայացել հավաքակայան։ Ունեցել ենք նաև անհատական այլ հարգելի պատճառներ։ Միտումնավոր չներկայանալու բոլոր դեպքերը ուսումնասիրվում են։ Շուտով կունենանք ամբողջական պատկերը:

 

Սահմանային իրավիճակ

 

Իրավիճակը սահմանին ընդհանուր առմամբ կայուն է, վերահսկելի։ Լարվածություն, միջադեպեր միշտ եղել են, այժմ որոշ չափով նվազել է կրակոցների և միջադեպերի քանակը: Վերջին շրջանում լարվածության որոշակի աճ գրանցվեց Տավուշի մարզում: Մեր հանդիպումից քսան րոպե առաջ էլ եղել են ոչ նպատակային կրակոցներ, մեր պատասխան կրակից հետո դադարել են, արդեն հանգիստ է։ Վերջերս այդ ուղղությամբ ունեցանք մեկ զոհ, երեք վիրավոր: Կարող եմ ասել, որ մենք համարժեք պատասխան ենք տվել։ Չի լինում նմանատիպ որևէ դեպք, երբ մենք չենք պատասխանում, պարզապես երբեմն նպատակահարմար չէ բարձրաձայնել այդ մասին:

 

Թիկունքային ապահովման մասին

 

ՀՀ զինված ուժերում շարունակվում են զինծառայողների սննդակարգի, համազգեստի ու կոշիկների որակի բարելավման աշխատանքները:

Արդեն 20 զորամասում մոտ 7000 զինծառայող սնվում է նոր կարգով։ Ամեն ամիս այս թվերն աճում են, նոր զորամասեր են անցնում ճաշարանները քաղաքացիական կազմակերպությունների սպասարկմանը հանձնելու տարբերակին: Զորավարժության ժամանակ նաև փորձարկեցինք, թե ինչպես են քաղաքացիական կազմակերպությունները պատերազմական պայմաններում ապահովելու զինծառայողների սնունդը դաշտային պայմաններում:

Կոշիկի կամ համազգեստի որակի մասին կարող եմ ասել, որ դեռ բարելավման տեղ ունենք, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Արդյունքները առաջիկայում տեսանելի կլինեն:

 

Սպառազինության համալրում

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մշտապես կատարվում է ռազմական տեխնիկայի համալրում և արդիականացում: Ավելացրել ենք հակաօդային պաշտպանության զինատեսակների հեռահարությունը և գործողության բարձրությունը: Երկու անգամ ավելացվել է հակատանկային միջոցների հեռահարությունը: Որոշակի աշխատանքներ ենք տարել հակատանկային միջոցներ կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում մեծացնելու նպատակով:

Ձեռք ենք բերում հիմնականում փոքր թվաքանակով, լավ ուսուցանված անձնակազմով  և արդյունավետ խնդիրներ կատարող նորագույն սպառազինություն:

Առաջիկայում ևս ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ թարմացումներ կլինեն:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարը՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1310) 9.10.2019 - 15.10.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/10/2019