Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՄԻՏԱՍ -150. ԿՈՄԻՏԱՍԻ ՓԱՌՔԻ ՕՐԵՐԷՆ



ԿՈՄԻՏԱՍ -150  ԿՈՄԻՏԱՍԻ ՓԱՌՔԻ ՕՐԵՐԷՆ1913թ. հոկտեմբեր

Հայ տառերու գյուտին 1300 եւ տպագրության 400-ամյակին առթիվ Կոմիտասի նախաձեոնությամբ կազմակերպվեցավ մեծ նվագահանդես Բերա «Փըտի-Շան»-ի ձմեռային թատրոնին մեջ։ Ներկա էին բազմահազար հայեր, որոնց մեծ մասը Պոլսո հեռավոր արվարձաններեն։

«Պըտի-Շան»-ի մուտքի ընդարձակ պարտեզեն սկսյալ, այդ մարդկային զանգվածը իր խլացուցիչ ժխորով շշմեցուցիչ մի մթնոլորտ ստեղծեց: Աննկարագրելի էր դահլիճին թե՛ ներքին, թե՛ արտաքին միջանցքներուն մեջ, մինչեւ երկարապատ ձողերուն կառչած հարյուրավոր մարդկանց տեսքը։ Շատեր հազիվ տեղավորվեցան «Պըտի-Շան»-ի միջանցքներուն վրա, առանձնահատուկ լոժաները գրաված էին ոտքի վրա սեղմված մարդիկ։ Վերնատունեն լսվող աղմուկը կզգացներ ազգային այդ մեծ տոնին ժողովրդականությունը:

Մասնակցող արվեստագետները կուլիսի դռնեն ներս հազիվ կմտնեին… Այստեղ էր Կոմիտասը՝ ժիր ու կորովի, սիրալիր շրջապատված բարեկամներեն՝ Ռուբեն Սեւակ, Սիամանթո, Բյուզանդ Քեչյան, Ռուբեն Զարդարյան, բժիշկներ՝ Տաղավարյան, Պեննե եւ դեռ ինծի շատ անծանոթներ, որոնցմե շատերը ելույթ ունեցան օրվան հանդեսին մեջ:

Կազմակերպիչ Կոմիտասը ժամացույցը ձեռքին բռնած կորոշեր յուրաքանչյուր ելույթին տեւողությունը: Երեկոյան ժամը 8-ին Կոմիտասը որոտընդոստ ծափահարությանց մեջ առաջինը երեւաց բեմի վրա եւ իր հակիրճ ներածականով դրվատեց Սահակ-Մեսրոպյան հանճարեղ զյուտը եւ հոբելյանական համազգային տոնը հայտարարեց բացված։ Աննկարագրելի էր Կոմիտասի խանդավառությունը, որով ոգեւորվեցավ ժողովուրդը։ Հռետորները մեկզմեկու ետեւե իրենց պերճախոս ելույթներով արժանացան ջերմագին ծափահարությանց: Կոմիտասի ամենասիրելի ընկերներեն հայտնի բանաստեղծ Սիամանթոյի օրվան տոնին նվիրած «Սուրբ Մեսրոպ» երկարաշունչ բանաստեղծությունը արժանացավ որոտընդոստ ծափահարությանց եւ Կոմիտասի ջերմ շնորհակալության:

Դադարի պահուն Կոմիտասի ոգեւորությունը իր գագաթնակետին հասավ։ Նա բեմին ետեւ, ճակտեն հոսող քրտինքին անգիտակ, իր բազմաթիվ ընկերներուն շնորհավորությունը կընդուներ, որ, Պոլսո թուրքական հայատյաց ռեժիմի տակ հերոսաբար մաքառելով, կարողացավ կազմակերպել հայկական այդպիսի տոնահանդես…

Սկսավ մեծ նվագահանդեսին առաջին բաժինը։ Իրարու ետեւե հանդես եկան Սինանյան երեք եղբայրները, որոնց ավագ եղբոր՝ հայտնի դաշնակահար երգահան Հարություն Սինանյանի օրվան տոնին նվիրված քայլերգը եւ երգերը արժանացան ջերմ ընդունելության: Հարություն Սինանյանի երգերով բեմ ելան առաջինը Փարիզի օպերայի հայտնի տենոր՝ Էջմիածնա նախկին սան Արմենակ Շահմուրադյանը, իսկ երկրորդը՝ Փարիզի նորավարտ երիտասարդ երգիչ (բարիտոն) Թորգոմ Պեզազյանը, ապա տողերուս գրող նորավարտ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը…

Հասավ համերգին դյութական բաժինը… Բացառիկ մեծություններուն տրված համեստությամբ, ինքը՝ Կոմիտաս, հայտարարեց իր անունը եւ կատարելիք հայ ժողովրդական երգերուն անունները։ Կոմիտասի անունը տեղի տվավ երկարատեւ ծափահարությանց: «Հորովել»-ի, «Անտունի»-ի, «Մոկաց Միրզա»-ի անմահ երգերը դյութեցին բազմահազար ժողովուրդը: Կրկին որոտացող ծափահարություններով Կոմիտասը նստավ այս անգամ դաշնամուրին առջեւ: Այդ խորախորհուրդ եւ սրբազան րոպեին մարդկային վշտի, թախիծի պոռթկումներն էին, որ անմահ երաժշտին կոկորդեն բխելով հոսեցան բազմահազար լսողներուն սրտերուն մեջ, կազմելով հայ ժողովրդի հոգեւոր հարստության ծովը…

Անչափ հուզական ու հետաքրքիր էր նույնպես նվագահանդեսին վերջավորությունը: Պոլսո հայաշատ արվարձաններեն նվիրաբերված եւ դահլիճին չորս կողմերեն հանկարծակի արձակված սպիտակ աղավնիներուն երամները խելահեղ կերպով սկսան թռչկոտիլ ամեն կողմ…

Գույնզգույն ծաղիկներ ծածկեցին բեմը, եւ ժողովրդի չդադարող ուռաներու եւ «Հավերժ կեցցե՛ Կոմիտաս վարդապետը» բացականչություններուն մեջ «Պըտի-Շան»-ի վարագույրը փակվեցավ:

 

Շահմուրադյանի համերգը

ԿՈՄԻՏԱՍ -150  ԿՈՄԻՏԱՍԻ ՓԱՌՔԻ ՕՐԵՐԷՆ

1913թ. նոյեմբերի 3-ին, Պոլսո «Պըտի-Շան»-ի թատրոնին մեջ Արմենակ Շահմուրադյանի տված շատ հաջող համերգի առիթով Կոմիտաս թեւանցուկ բեմ գալով Շահմուրադյանին հետ, մի քանի զգացված բառերեն վերջ՝ հանուն իր երգչախումբին, ոսկին նրբակերտ խորհրդանշան մը նվիրեց անոր, եւ սրահը թնդաց ծափահարություններու տակ:

Այդ օրը, նվագահանդեսին վերջավորության, կուլիսին մեջ, հուզական պատկեր ստեղծվեցավ. Կոմիտաս ողջագուրեց իր անցյալ ճեմարանական սան՝ Արմենակ Շահմուրադյանը, մինչ այնտեղ հավաքված «Գուսան» երգչախմբի սաները եւ երաժիշտները ծափահարելով թարմ ծաղիկներ կսփռեին անոնց վրա… Հուզվեցավ Կոմիտաս՝ մեծ ուսուցիչը, եւ իր նախկին սանի՝ օրվա հերոսի ճակատը համբուրեց եւ ըսավ. «Իմ միակ փափագս է քեզ լսել մեր հայրենի օպերաներուն մեջ…»:

Խորագիր՝ #38 (1309) 2.10.2019 - 8.10.2019, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր


03/10/2019