Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՄԻՏԱՍ – 150



ԿՈՄԻՏԱՍ - 150Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի  այս բարձր գնահատականին: Նա ո՛չ օպերա է գրել, ո՛չ օրատորիա և համարյա թե ո՛չ արիաներ կամ ռոմանսներ:

Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը:

Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ:

Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային:

Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թուրքականին, քրդականին:

Կոմիտասը անխոնջ աշխատությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտոնացիայի շնորհիվ ապացուցեց հակառակը. ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած:

Նա  դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի  երգին, Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Սրտով հասկացավ նա, որ հայ երգի ոճը ժողովրդի այդ երգերի մեջ  պիտի թաքնված լինի: Պիտի մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին: Կուլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը,  և նրանք հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ:

Այսպիսով մեր շինականի  երգերը՝ աշխատանքի, բնության, սիրո, ուրախության և տխրության, նա բյուրեղացրեց, բարձրացրեց  և որպես ազգային  մեծարժեք գանձ  դրեց մեր ժողովրդի հոյակապ գանձերի՝ ճարտարապետության և Սասունի էպոսի կողքին:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում  հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում՝ ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական  հուժկու երգը: Շատ ոգևորված էր և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ համար արվեստի բացարձակ կատարելությամբ: Անկարելի է նկարագրել այդ: Ես հիացած էի և նույնիսկ երջանկացած: Դեռ մինչև այսօր  ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին  և լսում եմ նրա սրտաբուխ ձայնը:

ԿՈՄԻՏԱՍ - 150Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

«Այդ երգը  շատ հին է, հեթանոսական դարերից. տե՛ս, խոսքերն ու եղանակը ինչպես միաձույլ են: Բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից է ծագում առել: Մեր քաջ նահապետների հոգուց է բխել. այնքան հին է, որ Ձենով Օհանը երգել է, և Սասունցի Դավիթը՝ լսել…»:

Եվ ուրախությունից փայլում էին Կոմիտասի աչքերը:

Նա մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը բյուրեղացրած վերադարձրեց նորից նրան: Այդ երգը  եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում: Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Կոմիտասը համազգային մեծություն է: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար  զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ. ինքնաճանաչեց, զգաց հայ աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը. նրա աշխատանքի խանդը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ.  նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը:

Կոմիտասը զոհն եղավ թուրք պետության բարբարոսության. նա տեսավ հայ ժողովրդի՝ կին, երեխա, ծեր, աշխատավոր և մտավորական ժողովրդի երթը դեպի մահ, դեպի գերեզման, բոլորը, բոլորը անցան նրա մեծ, խորազգաց սրտի միջով, և նա խորտակվեց, ջախջախվեց:

Անհունորեն մեծ է մեր վիշտը, մեր կորուստը. ինչքա՜ն գանձեր նա տարավ իր հետ… նա կարող էր այսօր մեզ հետ լինել, մեր ազատագրված հայրենիքում, ուր ինչքա՜ն գործ ուներ կատարելու. ի՜նչ հրճվանքով կտեսներ նա մեր երաժշտական մեծ սերնդին, որը Կոմիտասի պաշտամունքն ունի:

Սիրելի՛ Կոմիտաս, այսօր և  միշտ դու մեզ հետ ես քո շքեղ երգերով, քո բարձր արվեստով, պատմական սխրալի գործով՝ դու անմահ ես. ինչքան ժամանակ  որ հայ ժողովուրդը կապրի, կապրի և քո երգը: Բայց դու հոգնել ես շատ, սիրելի՛ Կոմիտաս, թանկագի՛ն եղբայր Սողոմոն, տառապել ես շատ, զարհուրանքներ ես կրել, վայրագ թշնամու սուրն ես տեսել, հանգստացի՛ր հիմա, մայրենի հարազատ հողի գրկումն ես հիմա: Քո սիրած Արարատյան դաշտի բուրումնալից երգը  ծավալվում է քո շուրջը, քո երգերի հետ ծփում են աշխատանքի և ազատության նոր, հաղթական, կորովի երգեր…

 

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

***

 

Կոմիտասի հիշատակին

REQUIEM AETERNAM

(հատվածներ)

 

Հայրենի երգն ես դու մեր՝                                                                                            Վերադարձած հայրենիք:-                                                                                                      Դեմքիդ  տանջանքն է դրել                                                                                          Անագորույն մի կնիք:-                                                                                                                Եվ հանճարի հեռակա                                                                                                             Հուրն է հանգչում ճակատիդ,                                                                                             Ինչպես մարող  ճառագայթ                                                                                             Արարատի գագաթին:-

 

Հայրենի երգ մեր վսեմ,                                                                                                 Հազարամյա՜  մեր հանճար,-                                                                                                       Լոկ ժողովո՛ւրդն է հյուսել                                                                                                               Քո դաշնությունը պայծառ,-                                                                                                         Քեզ ժողովուրդն է խոնարհ                                                                                       Տառապանքով իր ծնել,                                                                                                                        Իր ավյունով պահել վառ,                                                                                                             Իր ոգու մեջ ընդունել…

 

Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ                                                                                                 Երգը՝ երկրում մեր անշող-                                                                                             Տանիքների վրա մեր                                                                                                                    Եվ սրտերի ղողանջող:                                                                                                Կարկաչում էր նա հուշիկ,                                                                                                    Մինչև խորշակն այն դաժան                                                                                                     Հո՜ւշ դարձրեց ու փոշի                                                                                                          Երկիր ու երգ սրբազան…

 

Կարոտով խոր իբրև վերք                                                                                                         Եվ երկյուղով սրբազան-                                                                                              Խոնարհվել եմ ահա ես                                                                                                       Աճյունիդ դեմ երգաձայն,-                                                                                                    Սիրտն ու հոգին իմ ահա                                                                                                       Նույն ափսոսանքն են հորդում՝                                                                                                     Օ՜, իմ անդարձ ննջած հայր,                                                                                                        Որ չտեսար քո որդուն…

 

…Միջագետքից Օրենբուրգ,                                                                                      Հելեսպոնտից մինչև Վան,-                                                                                                             Ո՞ր աշխարհում արդյոք սուրբ                                                                                             Չկա մասունք Նաիրյան…                                                                                                            Որ ափերով աշխարհի                                                                                                       Քո մերկ ոտքերը չանցան,-                                                                                                    Օ՜, Նաիրյան հանճարի                                                                                                   Հազարամյա Սերմնացան…

 

Կխաղաղվի՜ վերջապես                                                                                                                        Խոնջած աճյունը քո հար-                                                                                                 Դարձած մոխի՜ր կենսաբեր,                                                                                 Դարձած ավյո՛ւն, դարձած քար:-                                                                                        Անէացա՜ ծ, սրբացած                                                                                                             Կապրի ոգիդ հմայող՝                                                                                                               Դարձած ելնո՜ղ երգի ձայն-                                                                                                             Եվ հայրենի՜ դարձած հող…

Եղիշե Չարենց

 

***

 

Խորհրդավո՜ր ու պաշտելի՜ գաղտնիք. շինականը բնության գրկում, բնությունը շինականի սրտում վերստին  ու միաժամանակ  ծնունդ են առնում:

Արևն արդեն թռել ու գիշերն իր մութն է փռել:… Լուսինն անցել է աստղերի  գլուխը՝ հերկելու շարան ամպերը. երգում են տարուբեր հովերը, իսկ մաճկալն անցել է գութանավորների գլուխը՝ արթնցնելու պարարտ արտերը. նվագում են գլգլան առվակները: Վերև երկինքն է շնչում, ստորև՝ երկիրը. վերն աշխատում են լուսինն ու աստղերը և հողմավար ամպերը, վարը՝ գութանն ու շինականը  և գործավար եզները. վերև կյանքն ու ստորև ջանքը հուզում են միտքն ու սրտի լարերը: Շունչ է առնում շինականն ու շունչ տալիս իր շուրջը: Թև է առնում գութանն ու թև տալիս մշակին՝ պատռում է արտը, դիզում  հողակույտ ալիքներն աջ ու ձախ և ձևում ոսկի ակոսների շարը: Հևո՜ւմ է, հևում ամբողջ  վարը, և կռկում է գոմշուկը, և գանչում է գեղջուկը, և սուլում է սարի հովիկը, և փսփսում լեռան ծաղիկը, և գլգլում թոթով վտակը, իսկ գութանի ակը՝ հեծում, լալիս, ծլվլում, ճռճռում ու ճլվոտում է: Շինական  կյանքի մութն ու լույսը, գործն ու հույսը ծնում են մեր գողտրիկ գութաներգը:

Շինականն այն կախարդ վարպետն է, որ կարդում է հարազատորեն բնությունը, ստեղծում բազմաբեղուն  մտքեր, նոցա փչում է  իր հզոր ու պարզ շունչը, դրոշմում է իր բնավորության  էականով՝ ներքին և արտաքին լրիվ կյանքով և կնքում է բառերով ու եղանակով իր հարազատ զավակը՝ Գութաներգը:

 

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Խորագիր՝ #36 (1307) 18.09.2019 - 24.09.2019, Հոգևոր-մշակութային


19/09/2019