Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆերքին կայունության ամրապնդումը, Հռոմի հետ 321թ. «Դաշնաց թուղթ» անունով պայմանագրի ստորագրումը, Պարսկաստանի՝ խաղաղություն պահպանելու պարտավորությունը այն հիմքերն էին, որոնց շնորհիվ Տրդատ Մեծի ժամանակ հզորացավ կենտրոնացված իշխանությունը, երկրի պաշտպանունակությունը, տնտեսությունը զարգացման հնարավորություն ստացավ։ Սակայն, պարսից Շապուհ Երկարակյացի իշխանության գալով (310-379 թթ.), իրավիճակը նորից խաթարվեց, քանզի Հայաստան-Հռոմ դաշնակցությունը համարելով իր պետականությանը սպառնալիք՝ շահն ամեն կերպ ձգտում էր Հայաստանում ուժեղացնել պարսկական գերիշխանությունը։

Ահա այսպիսի խառնակ իրավիճակում, երբ պարսկասեր նախարարներ Սանատրուկը (Փայտակարան), Աղձնիքի բդեշխ Բակուրը, Ծոփքում Արքեղայոսը փաստորեն ապստամբել էին կենտրոնական իշխանության դեմ, Արիստակես կաթողիկոսի ջանքերով գահ բարձրացավ Տրդատի որդի Խոսրով Երրորդը կամ Կոտակը (330-338թթ.)։

Նրա գահակալության սկզբից եւեթ ծնունդ առավ մի շատ նրբին, բայց վտանգահարույց գործընթաց։ Փոքրամարմին եւ ոչ խիզախ թագավորի գոյության պայմաններում Վրթանես կաթողիկոսը ցանկանում էր եկեղեցական իշխանությունը հավասարեցնել թագավորականին։ Հայոց երկրում տեղի ունեցող իրադարձությունները արդյունք էին ոչ միայն թագավորի թուլության, այլեւ ավատատիրական կարգերի խորացման, քանի որ հակասությունները սրվում էին իշխանների միջեւ, նրանք, պայքարելով միմյանց դեմ, ձգտում էին տեր դառնալ նոր կալվածքների։ Ավատատիրական կարգերին հատուկ այս խառնակությունները տանում էին մասնատվածության, կենտրոնական իշխանության թուլացման։

Հարաբերություններն ավելի սրվեցին Տիրանի գահակալության տարիներին (338-350 թթ.)։ Այն ամենը, ինչը կատարվում էր երկրում, Խոսրով հայրը փորձում էր լուծել խոհեմության ու համբերատարության զենքով, Տիրանը չէր կարող հանդուրժել։ Թագավորը անկարող էր չնկատել Հուսիկ կաթողիկոսի՝ իր փեսայի դիրքորոշումը թագավորական իշխանության նկատմամբ։ Դրսի՝ հասունացող վտանգի պայմաններում եկեղեցին հոգում էր միմիայն իր կալվածքների անվտանգության մասին։ Տիրանը անողոք էր դարձել, որովհետեւ, օգտվելով թագավոր հոր համբերատարությունից, նախարարները հեռանում էին ազգային ու պետական մտածողությունից, տարվում նեղ անձնական խնդիրներով ու շահերով։ Արքայի վճռական գործողությունները պարտադրված էին այս հանգամանքներով, հանգամանքներ, որոնց գոյության պայմաններում թագավորը, ելնելով երկրի ներքին վիճակից, իրեն ներկայացնում էր թե՛ Հռոմի, թե՛ Պարսկաստանի բարեկամ ու հավատարիմ։ Այլ ելք չկար, պետք էր ժամանակ շահել, զորեղանալ, կայացնել հզոր բանակ։ Փավստոս Բուզանդ պատմիչի՝ Տիրանին ներկայացված մեղադրանքների մեջ ամենածանրագույնը հեթանոսության ծաղկման դեմ անտարբերության ցուցաբերումն էր։ Ասել է թե՝ թագավորը իր հանդուրժողականությամբ ճանապարհ էր բացում հոգեւոր միասնության խախտման համար։ Վրթանես կաթողիկոսը քաղաքական նկատառումներով, որպեսզի ապահովեր Հուսիկ որդու կաթողիկոսական գահին հասնելը, 12-ամյա որդուն ամուսնացրել էր թագաժառանգ Տիրանի աղջկա հետ։ Բայց արդեն կաթողիկոս դարձած Հուսիկը չէր սիրում իր կնոջը եւ երկվորյակ զավակների ծնվելուց հետո լքեց ընտանիքը։ Փավստոս Բուզանդ պատմիչը Հուսիկի այդ քայլը համարում է անձնազոհություն եւ Քրիստոսին ծառայելու, նրա պատվիրանները կատարելու պատրաստակամություն։ Ավելին, կաթողիկոսը այս սրված հարաբերությունների պայմաններում թագավորին արգելեց եկեղեցի մտնել։ Հարաբերությունների պարզեցումը արյունալի էր։ Սպանվեց նախ Հուսիկը, ապա նրան փոխարինած Դանիել կաթողիկոսը։ Անձնական հողի վրա կատարվող այս դժնդակ իրադարձությունների պատճառով զարթոնք ապրեցին բյուզանդական ու պարսկական կողմնորոշումները, կաթողիկոսը սպանվեց, թագավորը կուրացվեց, եւ Հայկական հարցը նորից հայտնվեց փակուղում։ Բարեբախտաբար, նոր գահակալ Արշակ Երկրորդը (350-368 թթ.) կարողացավ ժամանակավորապես կանխել երկրին սպառնացող վտանգը, կարգավորվեցին հարաբերությունները, բարեկամական հարաբերությունները խորացվեցին Բյուզանդիայի հետ։ Այս իրադարձություններին հետեւող պարսից շահը նոր ձեռնարկներ էր ծրագրում եւ անմիաբանության խայծը գցելով նախարարական տներ՝ ձգտում էր դյուրացնել Հայաստանի նվաճումը։

Արշակ Երկրորդի գործունեությունն ուղղված էր պետականության ու ազգային մտածողության զորեղացմանը, ուստի, բնական է, առաջին հարվածն ուղղվելու էր արթնացած հեթանոսության դեմ։ Հայոց հոգեւոր միասնության ապահովմանն էր նպաստում 356 թ. Աշտիշատում հրավիրված եկեղեցական ժողովը։ Կայացված որոշումներից շատերը կրում էին քրիստոնեական բարոյականության ազդեցությունը, սակայն բարերար դեր ունեցան Հայոց հոգեւոր միասնության ապահովման գործում։

Արշակ թագավորի պետական մտածողության արդյունքն էր Արշակավանի կառուցումը, որը պետք է դիտել Հայոց պետականության հաղթանակի ապացույց, տարածաշրջանում հեղինակության բարձրացման վկայություն։ Փավստոս Բուզանդը նշում է. «Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ, ինչպես առաջ…»։

Հայոց անմիաբանության, պետական ու ազգային մտածողության տեղատվության արտահայտությունն էին Արշակավանի շուրջ  ծավալված իրադարձությունները։ Սա ոչ այնքան նախարարական տների թշնամանք էր թագավորի դեմ, որքան պարսկական ու բյուզանդական կողմնորոշումների վկայություն։ Հայկական հարցի այս վտանգահարույց շրջադարձում առավել ուժեղ էին Հայաստանը բաժան-բաժան անող հարեւանները, քան հայրենասիրական, ազգայնական ուժերը։ Արշակն ուներ հզոր զինակիցներ, ինչպես Ներսես կաթողիկոսն ու Վասակ սպարապետը, սակայն իրադարձությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ ազգային ու պետական մտածողությունը դեռեւս արմատավորված չէր հայ ազնվականության շրջանում, նրանք հեշտությամբ էին ենթարկվում այս կամ այն ազդեցությանը, անձնականը վեր դասում ազգայինից։ Իսկ Ներսես կաթողիկոսը, թեեւ առիթներ ուներ թագավորից դժգոհելու, ցուցաբերում էր պետական բարձր մտածողություն եւ նախարարներին հորդորում հեռու մնալ ազգադավությունից. «Լա՛վ մտածեցեք, ասում էր նա, հիշեցե՛ք տիրոջ պատվիրանը միաբանության մասին»։

Մերուժան Արծրունու եւ Վահան Մամիկոնյանի համախոհներին, որոնք կորցրել էին ազգային ու պետական մտածողությունը, հայ ժողովուրդը հակադրեց իր նվիրվածությունը հայրենիքին, պայքարը մինչեւ հաղթական ավարտ շարունակելու պատրաստակամությունը։ Հոծ զանգվածների ջանքերով էր, որ հարատեւում էր ազգային ու պետական մտածողությունը, հայրենիքի նկատմամբ նվիրվածությունն ու հավատը, որն իր արտահայտությունն է գտել նաեւ Արշակ թագավորի մասին հյուսված ժողովրդական ավանդության մեջ, որտեղ հայկական հող հասկացությունը պետք է դիտարկել որպես Հայրենիք: Հայրենիք, որի նկատմամբ սերն ու նվիրվածությունը ուժ, համարձակություն էր տալիս Հայոց արքային։

…Պապի գահակալությունը (369-374 թթ.), Ատրպատականի եւ Ձիրավի ճակատամարտերը (370, 371 թթ.) վերակենդանացրին Հայոց երկիրը։ Քաջազուն զորավարը, բանակի գլուխ անցած, անողոք պատժում էր դավաճաններին։ Ազգային միաբանության վառ օրինակ էր Ձիրավի ճակատամարտը, որտեղ Հայոց բանակի քաջությունն ու անձնազոհությունը զարմացնում են գոռոզ Շապուհին, եւ նա ասում է. «Զարմացել եմ ես… իմ տեսածի վրա… երբ հայոց նիզակավորները առաջ էին գալիս՝ այնպես էին հարձակվում, ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հաստ՝ հզոր եւ անշարժ աշտարակ…»  (Փավստոս Բուզանդ)։

Հայկական հարցի զարգացման այս փուլում, երբ ժողովուրդն ու բանակը անձնազոհությամբ մաքառում էին հայրենիքի համար, ընդարձակ հորիզոններ էին բացվում ազգային համընդհանուր մտածողության առջեւ։ Գուցե նաեւ այս հանգամանքն էր Պապ արքային մղում ներքին ու արտաքին նորոգության, հայրենիքի անվտանգության ապահովման, հզորացման։

Հենվելով սպարապետի ու կաթողիկոսի վրա, Պապը ջանքեր էր թափում զորեղացնելու Հայոց պետականության պատվարը՝ բանակը, որի թիվը հասցվեց 90 հազարի։

Նման հաջողությունները ամրացնում էին Պապի իշխանությունը, Հայաստանը ձեռք էր բերում նախկին փառքը։ Ի պատիվ հայոց երիտասարդ թագավորի, պետք է նկատել, որ նա չդարձավ ոչ մեկի կամակատարը, այլ իրեն դրսեւորեց որպես ազգային բարձր մտածողության տեր անհատականություն։ Նա վարելով երկրի անկախության զորեղացման քաղաքականություն, անհամատեղելի էր համարում որեւէ կողմնորոշման գերապատվությունը, քանզի այն մեծագույնս վնասելու էր պետականության սկզբունքը։

Շարունակելի

Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Պատմության էջերից


12/09/2019