Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԶրույց զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Սերյոժա Նազարեթյանի հետ:

 

-Պարոն Նազարեթյան, անձնակազմի հետ տարվող աշխատանքի ծառայությունը վերանվանվեց՝ կոչվելով բարոյահոգեբանական ապահովման ծառայություն: Այն պայմանավորված էր անվանումը ծառայության գործառույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությա՞մբ, թե՞ գործառույթներն են փոխվել:

-Գործառույթները նույնն են, մենք շարունակում ենք անձնակազմի հետ աշխատանքը, պարզապես նոր անվանումը սահմանում է, թե  որն է այդ աշխատանքի առանցքը: Մեր նպատակը նույնն է՝ ե՛ւ նախկինում, ե՛ւ այժմ: Մենք ջանում ենք ձեւավորել կայուն արժեհամակարգ ունեցող, գաղափարի շուրջ համախմբված, կանոնադրային հարաբերություններին հավատարիմ, բարոյակամային բարձր որակներով օժտված զինվորական անձնակազմ:

Դաստիարակել մարդուն նշանակում է ուղղորդել նրա մտածելակերպն այնպես, որ նա մեզ համար ընդունելի վարք դրսեւորի: Խնդիրը հստակ է՝ մեզ անհրաժեշտ են կանոնագրքի կանոնները հարգող, բանակային օրենքներով ապրող, իրենց ծառայությունը կարեւորող, բարեխիղճ, հայրենիքի պաշտպանությունը որպես անսակարկելի  արժեք ընդունող, ծառայակից ընկերների հանդեպ հոգատար  զինծառայողներ: Եվ մենք պիտի իրականացնենք բարոյահոգեբանական այնպիսի  ապահովում, որ տարբեր ընտանիքներում դաստիարակված 18-20 տարեկան զինծառայողները եւ տարբեր տարիքի, Հայաստանի տարբեր ծայրերից, տարբեր սոցիալական շերտերից եկած պայմանագրայինները ապրեն համակեցության նույն օրենքներով:

 

-Այսինքն՝ պետք է նրանց վերադաստիարակել:

-Վերադաստիարակությունը կարող է իրականանալ  երկար տարիների ճիշտ բարոյահոգեբանական ապահովման շնորհիվ:  Իսկ ծառայության ընթացքում բարոյահոգեբանական ապահովման անմիջական խնդիրը զինծառայողի բնավորության բացասական գծերի, վարքի բացասական դրսեւորումների  արգելակումն է եւ առաքինությունների ու դրական վարքի խթանումը:

 

-Մարդու բացասական գծերն ինչպե՞ս կարելի է արգելակել եւ արթնացնել դրական հակումներ:

-Մեթոդները բազմաթիվ են: Օրինակ՝ եկեք խոսենք ռեժիմի մասին: Ասենք՝ զորամասում հայտնվել է մեկը, որը քաղաքացիական կյանքում եղել է ծույլ, անկարգապահ եւ անպատասխանատու: Բանակում ռեժիմը օրենք է, որը խախտելը ենթադրում է համապատասխան պատիժ: Ռեժիմի կատարումը հսկում են բազմաթիվ սպաներ: Եթե հրամկազմը հետեւողական է, չի հանդուրժում անգամ ամենաչնչին շեղումը կանոնակարգից, արդյունքում՝ ռեժիմի բոլոր դրույթները իրագործվում են անշեղորեն: Կարգապահությունը դառնում է բոլոր զինծառայողների վարքի դրսեւորումներից մեկը, եւ դու չես էլ իմանում, թե հոգու խորքում ով է ծույլ, ով է անպարտաճանաչ, եւ ով է բարեխիղճ ու պատասխանատու: Այսինքն՝ բարոյահոգեբանական ճիշտ ապահովումը բերում է վարքի ցանկալի դրսեւորման: Եվ հետզհետե  կատարողական կարգապահությունը դառնում է  ներքին պահանջ. բնավորության գիծ անգամ ամենածույլ ու անպատասխանատու զինվորի  համար:

 

-Մեր զրույցների ժամանակ բազմաթիվ ծնողներ են պատմել, որ իրենց զավակները զորամասից վերադարձել են բնավորության նոր գծերով, բանակում ավելի կարգապահ են դարձել, մաքրակենցաղ, չեն թափթփում, պատասխանատու են…

-Բանակ եկած բոլոր զինվորներն ու պայմանագրայինները չէ, որ խորապես գիտակցում են հայրենիքի պաշտպանության կարեւորությունն ու իրենց առաքելությունը: Ռեժիմը, կարգապահությունը,  մարտական հերթապահությունը  ակամա մարդուն ստիպում են հարց տալ ինքն իրեն՝ հանուն ինչի՞… Ու ակամա  հայրենիքը, սահմանի պաշտպանությունը դառնում են գերակա գաղափար, գերակա արժեք:

 

-Ձեր նշած մեթոդով հնարավո՞ր է միասնական արժեհամակարգ ձեւավորել զինվորական կոլեկտիվի բոլոր անդամների համար:

-Ես չեմ կարող անտեսել մարդու բնատուր հակումների ուժն ու վերադաստիարակության՝ մտածելակերպի ու վարքի փոփոխության դժվարությունը, սակայն պիտի պնդեմ, որ բարոյահոգեբանական ճիշտ ապահովումը լուծում է հեռահար խնդիրներ: Եկեք խոսենք տեղեկատվական, իրազեկման աշխատանքների արդյունքներից: Իրազեկումը մարդուն ընդհանուր պատկերացում է տալիս երկրում տիրող քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական գործընթացների, աշխարհաքաղաքական զարգացումների մասին: Իրազեկումը մարդու մեջ ձեւավորում է կարծիք, դիրքորոշում, համոզմունքներ: Արթնացնում է իրավիճակներ փոխելու ցանկություն, մարդը որոնում է տարբերակներ: Այսինքն՝ հետզհետե դառնում է ակտիվ քաղաքացի:

 

-Բանակում պե՞տք են ակտիվ քաղաքացիներ: Զինծառայողի դրական հատկանիշներից ամենակարեւորը ենթարկվելն է օրենսգրքին, հրամաններին ու հրամանատարներին:

-Մեկը մյուսին չի հակասում: Օրենքներին ենթարկվելը, հրամանատարների հրամանները կատարելը չի խանգարում, որ զինծառայողը ունենա կարծիք, դիրքորոշում եւ իր շուրջը դրական փոփոխություններ անելու ցանկություն: Քաղաքացիական ակտիվությունը առաջընթացի աղբյուր է: Սակայն, եկեք բարոյահոգեբանական ապահովման համատեքստում առաջնահերթ քննարկենք իրավական գիտելիքների ազդեցությունը զինծառայողի վարքի վրա: Դու մարդուն բացատրում ես իր իրավունքները, իր պարտականությունները: Սեփական իրավունքները պաշտպանելու մեխանիզմներին ես ծանոթացնում, նաեւ իրազեկում ես, թե ինչ պատիժ է սպասում իրեն, եթե չկատարի պարտականություններն ու չենթարկվի օրենքներին: Իրավունքների ու պարտականությունների իմացությունը  անկասկած  փոխում է մարդու վարքը: Պատժի հեռանկարը ստիպում է, որ զինծառայողը  չխախտի  օրենքները: Զուգահեռաբար, ծանոթ լինելով սեփական իրավունքները պաշտպանելու մեխանիզմներին, թույլ չի տալիս ուրիշին ոտնահարել դրանք: Ժամանակի ընթացքում օրենքով ամրագրված վարքը պարտադրանքից վերածվում է համոզմունքի, որովհետեւ զինծառայողը հետզհետե սկսում է գիտակցել դրա անհրաժեշտությունը, դառնում է այդ գաղափարի կրողը:

 

-Այսինքն՝ միջանձնային հարաբերություններում կամ ծառայողական վարքի դրսեւորման այլ ձեւերում թերությունները բարոյահոգեբանական ապահովման աշխատանքներում առկա բացթողումների հետեւանք են:

-Այո՛: Եկեք անդրադառնանք նաեւ այնպիսի առաքինությունների, ինչպիսիք են ընկերասիրությունը, գթասրտությունն ու  պատասխանատվությունը: Տեսե՛ք, եթե սպան հոգատար է զինվորի կամ իր ենթակայի հանդեպ, եթե հարգալից է, հանդուրժող ու կարեկից, անհնար է, որ նրա ղեկավարած կոլեկտիվում տիրեն կոպիտ, հոռի բարքեր: Հրամանատարի վարքը կոլեկտիվում ձեւավորում է բարոյական արժեհամակարգ ու մթնոլորտ և բարոյահոգեբանական ապահովման բաղադրիչ է: Եթե հրամանատարը գերագույն պատասխանատվությամբ է պահպանում կանոնագրքի կանոնները՝ սկսած պատշաճ ողջույնից մինչեւ մարտական հերթապահությանն առնչվող կանոնները, ապա նրա զինվորի պատասխանատվությունը առանց քարոզի, առանց պատիժների մեխանիկորեն բազմապատկվում է:

Զինծառայողի խնդիրների, հոգեվիճակի, ապրումների հանդեպ հոգատար, կարեկից վերաբերմունքը ոչ միայն այդ խնդիրները լուծելու համար են, այլեւ անուղղակի հուշում են,  որ նա նույն հոգատարությամբ վերաբերվի իր ծառայակից ընկերներին: Մի օրինակ բերեմ. զինծառայողի մայրը հիվանդ է, զինծառայողը անտրամադիր է, չի կենտրոնանում, հրամանները կատարում է թերություններով… Դու կարող ես պատժել նրան օրենքով սահմանված կարգով եւ ստիպել, որ ծառայությունը կատարի անթերի: Բայց կա առավել արդարացված տարբերակ, երբ դու խոսում ես զինծառայողի հետ, լսում ես նրան, հնարավորության դեպքում՝ օգնում ես կազմակերպել հիվանդ մոր բուժումը: Հոգատար, կարեկից վերաբերմունքին զինծառայողը անպայման պատասխանում է նվիրված ու անթերի ծառայությամբ: Եվ, որ ամենակարեւորն է՝ փոխվում է նրա վերաբերմունքը ծառայակից ընկերոջ հանդեպ: Ու ձեւավորվում է սիրո, վստահության, բարության, մտերմության մթնոլորտ:

 

-Պարոն փոխգնդապետ, տարբեր խառնվածքի մարդիկ միանմա՞ն են արձագանքում բարոյահոգեբանական ապահովման միջոցառումներին:

-Բարոյահոգեբանական ապահովումը ենթադրում է նաեւ անհատական աշխատանք: Զորամաս մտնելու առաջին օրվանից զինծառայողի անհատական գրքույկում արձանագրվում են նրա հոգեբանական առանձնահատկությունները եւ վարքի աչքի ընկնող դրսեւորումները: Նրա համար մշակվում են բարոյահոգեբանական անհատական ապահովման մեթոդներ: Աշխատում ենք զորամասի հոգեբանի հետ: Զորամասն ունի բացազատված հոգեբանական կետ՝ կահավորված ըստ կանոնակարգի՝ անհատական հոգեբանական աշխատանքի համար:

Բարոյահոգեբանական ապահովումը ստեղծագործական աշխատանք է: Մարդիկ տարբեր են, երբեմն՝ շատ տարբեր: Եթե շատերը կարող են քո բարությունից, խրախուսանքից, հոգատարությունից ավելի նվիրված ու պատրաստակամ դառնալ, մեկը կարող է օգտվել առիթից եւ անել հակառակը: Կարևորն այն է, որ ժամանակին գտնենք զորամասում առկա բացասական երեւույթները վերացնելու ճիշտ ու արդյունավետ ճանապարհը ու թույլ չտանք, որ դրանք վերածվեն հանցանքի, առավել եւս՝ ավարտվեն ողբերգությամբ:

 

-Դուք կարծում եք, որ ծանր հանցանքը միշտ ունի նախապատմություն  եւ վերահաս ողբերգության մասին հուշող դրսեւորումնե՞ր:

-Ես չեմ կարծում, ես վստահ եմ: Պարզապես պետք է սրտացավ ու հետեւողականորեն արձագանքել այն ազդակներին, որոնք խոսում են միջանձնային հարաբերություններում առկա խնդիրների մասին: Առաջին հայացքից աննշան թվացող կոնֆլիկտը  հազար  անգամ կարող է ինքնուրույն, առանց միջամտության  հարթվել, մարել, բայց մեկ անգամ  կարող է ավարտվել ողբերգությամբ, ուստի սպայակազմը պիտի միշտ աչալուրջ ու հետեւողական լինի:

 

-Պարոն Նազարեթյան, մենք երկար խոսեցինք զինվորների ու պայմանագրայինների բարոյահոգեբանական ապահովման մասին, չանդրադառնալով ամենակարեւորին՝ սպայականությանը: Չէ՞ որ խնդիրների մեծ մասը ծագում են հենց որոշ սպաների թերի աշխատանքի պատճառով:

-Այստեղ ամեն բան շատ ավելի պարզ է. կան սպայի ծառայությունը կանոնակարգող դրույթներ, գնահատման չափանիշներ, խրախուսման եւ պատժի միջոցներ: Սպայի ծառայողական պարտականությունները հստակ են, նրան ներկայացվող պահանջները՝ նույնպես: Եթե  սպան թերանում է ու պատշաճ վերաբերմունքի չի արժանանում, թերությունը չի վերացվում, սկսվում են դրանից բխող հետեւանքները:

 

-Բարոյահոգեբանական ապահովման խնդիրը, պարզ ասած, հայրենիքի պաշտպանի կերպար ձեւավորելն է…

-Հայրենիքի պաշտպանի կերպար ձեւավորել՝ մարդուն ավելի լավը դարձնելով, խթանելով նրա դրական հատկանիշները: Այս պարզաբանումը շատ կարեւոր է: Մենք երբեք չենք մոռանում, որ ժամկետային զինծառայողները՝ մեր զինվորները, վերադառնալու են հասարակություն, որ պայմանագրայինները դիրքերից իջնելու, գնալու են տուն, եւ բոլորն իրենց հետ տանելու են բանակի բարոյախոսությունը: Նրանք գալիս են հասարակությունից, անցնում են բանակով ու վերադառնում են հասարակություն,  եւ  մեր պարտքն է, որ նրանք իրենց հետ մեծ բարոյական ներուժ տանեն: Տեսե՛ք, բանակում կա հոգեւոր սպասավոր, որը քրիստոնեական վարքուկանոնի ու զինծառայողի հոգեւոր  պահանջմունքների պաշտպանն է ու քարոզիչը: Առաջին հայացքից՝ հայրենիքի պաշտպանությունը  եւ  քրիստոնեական պատգամները սերտ աղերսներ չունեն, բայց մեր բանակը մարդակենտրոն բանակ է: Եվ մարդը՝ նրա հույզերը, ապրումները, նրա ցավը, հոգսը մեզ համար շատ կարեւոր են:

 

-Կանոնագրքում գրված է, որ հրամանատարը պետք է իր ենթակայի հանդեպ հոգատար լինի…

-Բառը շատ խոսուն է՝ տանել հոգսը, բարոյահոգեբանական ապահովման ելակետը հոգատարությունն է:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ