Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀայկական հարցի ձեավորումը

 

Ազգային ու պետական մտածողությունը չէին դառնա ժողովրդի սեփականությունը, եթե բացակայեր այն կրող ժողովրդի հոգեւոր ու մշակութային միասնությունը։ Այս խնդիրն էր ծառացած Տիգրան Մեծի հաջորդի՝ հոր գործունեության արժանի շարունակող Արտավազդ Երկրորդի առջեւ (55-34թթ.)։ Հայ ազատագրական միտքը արդեն ամուր հիմքեր էր ստեղծել, անհրաժեշտ էր միավորել ժողովրդի տարբեր շերտերի մտածողությունը, որպեսզի առավել կուռ ու համապարփակ դառնար հաստատագրվող ազգային գաղափարախոսությունը։

Արտավազդ Երկրորդին բաժին հասած հակամարտություններով լեցուն ժամանակահատվածը պարտադրում էր ցուցաբերել լայնախոհություն, հավասարակշիռ գործունեություն։ Հայաստանը դեռեւս հզոր էր ու ընդունակ պաշտպանելու իր շահերը, միաժամանակ Հայաստանի դիրքորոշումից էր կախված Հռոմի եւ պարթեւների հաջողությունը։ Այս պարագայում Հայոց թագավորի առաջ ծառացած էր նաեւ հայրենիքի նախկին հզորությունը վերականգնելու հրամայականը, հզորություն, ինչի շնորհիվ չէր ընդհատվի միասնական գաղափարախոսության ձեւավորումը։ Ռազմական գործունեությանը զուգընթաց Հայոց թագավորը, որ պատշաճ կրթություն ստացած ու զարգացած անձնավորություն էր, գրում էր ողբերգություններ, վճռեց մշակույթի տարածման ու լայն շերտերի սեփականությունը դարձնելու ճանապարհով միշտ արթուն պահել ազգային ու պետական մտածողության ոգին։ Նա հասավ իր նպատակին։ Մշակութային միավորիչ ատաղձը տիրական դարձավ։ Արտավազդ արքան, լինելով հասուն քաղաքական գործիչ, կռահում էր թե՛ պարթեւների, թե՛ հռոմեացիների թաքուն մտքերը։ Ինչքան հնարավոր է՝ խորացնել նրանց հակամարտությունը, նշանակում էր ճանապարհ բացել հայրենիքի հզորացման համար։ Ահա թե ինչու, տարօրինակ չպետք է հնչի Արտավազդի դաշինքն ու խնամիական կապը պարթեւ Օրոդես թագավորի հետ (Խառանի ճակատամարտից առաջ), միաժամանակ Արտաշատի պայմանագրին հավատարիմ լինելու հավաստիացումը Կրասոսին, ապա նաեւ Անտոնիոսին։ Այս ձեռնարկների միակ նպատակը հայրենիքը երկու վտանգներից դուրս բերելն էր։ Արդեն հեղինակազրկվող Անտոնիոսը, Հայոց արքայի վրա բարդելով իր անհաջողությունները, հռոմեական թարմ ուժերն ուղղեց Հայաստանի վրա, եւ պետական ու ազգային բարձր մտածողություն ունեցող Հայոց թագավորը, հայրենիքը փրկելու ուրիշ ելք չտեսնելով, հետեւեց հոր օրինակին։ Ոսկե շղթաներով գերված Հայոց թագավորին Անտոնիոսը «Կլեոպատրային է պարգեւում»,-գրում է Մովսես Խորենացին, Ալեքսանդրիայում կազմակերպվում է հաղթահանդես։ Գերված Արտավազդին, նրա ընտանիքին ազատություն կշնորհվեր միայն այն դեպքում, եթե ծնկաչոք ներում խնդրեին ու թագուհիների թագուհի անվանեին Կլեոպատրային։ Ունենալով ազգային մտածողություն, Արտավազդ արքան ու նրա ընտանիքը գերադասում են մահը անփառունակ կյանքից եւ հրաժարվում կատարել այդ նվաստացուցիչ պահանջը։ «Հայերը ցույց տվեցին իրենց հոգու վեհությունը,- հաղորդում է Դիոն Կասիոս պատմիչը,- ուստի եւ փառավոր անվան արժանացան»։ Ասել է` Հայոց թագավորն ու նրա ընտանիքը փառք ու պատիվ բերեցին թե՛ իրենց, թե՛ հարազատ ժողովրդին, ինչը պետք է գնահատել որպես ազգային մտածողության բարձրակետ, հայ ոգու անձնազոհության արտահայտություն, որն իր պտուղները տալու էր ապագայում. հորը փոխարինած Արտաշես Երկրորդը (34-20թթ.) հնարավորություն էր ստանալու վերականգնել Հայոց լիակատար անկախությունը։

Նենգաբար սպանված Արտաշես թագավորից հետո գահ բարձրացած Հռոմի կամակատար Տիգրան Երրորդը հռոմեացի բանաստեղծ Վիրգիլիոսի բնութագրմամբ` կամուրջ էր լինելու Հայաստանի ու Հռոմի միջեւ, սակայն, ինչպես նշում է բանաստեղծը՝ «Արաքսը կամուրջներ չի հանդուրժում»։ Հայ ժողովուրդը չընդունելով դրածոյին, ապստամբություն է բարձրացնում, կանխում հռոմեասեր գահակալի թագադրումը եւ գահ բարձրացնում թագաժառանգ Տիգրան Չորրորդին (6-5թթ.), որը վարելով ինքնուրույն քաղաքականություն, հայրենիքը դուրս է բերում Հռոմի ազդեցությունից։ Բնականաբար, նա վաստակում է կայսրության թշնամանքը, ստիպված հեռանում երկրից։ Ազգային մտածողությունը խորհրդանիշ դարձրած հայ ժողովուրդը չհանդուրժեց նրա հորեղբոր՝ Արտավազդ Երրորդի՝ նոր դրածոյի գոյությունը եւ 2թ. ապստամբություն բարձրացնելով, հռոմեական զորքը դուրս քշեց երկրից, գահի տիրակալ դարձնելով ազգանվեր Տիգրան Չորրորդին (2-1թթ.)։ Հզորություն ապրող Հռոմեական կայսրությունը անկարող էր համակերպվել հայ-պարթեւական նոր համագործակցության հետ եւ Հայաստանում իր գերիշխանությունը վերականգնելու ծրագրեր էր մշակում։ Թեեւ Տիգրան վերջինը պայմանագիր կնքեց Հռոմի հետ, պահպանեց հայրենիքի անկախությունը, սակայն, երբ Հայոց արքան զոհվեց լեռնականների դեմ ճակատամարտում, իսկ նրա կին Էրատոն հրաժարվեց գահից, Արտաշեսյան հարստությունն ավարտվեց, եւ շուրջ հարյուր տարի հայ ժողովուրդը պետք է մաքառեր, մինչ գահ կբարձրանար Հայոց Արշակունի առաջին թագավորը՝ Վաղարշ Երկրորդը (185-198թթ.)։

Արտաշեսյան հարստությունը, Լեոյի խոսքերով՝ հայրենիքը վերածեց «համայնական մի միության», իսկ նրա փառապանծ զավակ Տիգրան Մեծը, որն իր մեջ ամփոփում էր «հայ ազգի պատմական ճակատագիրը», ժառանգություն թողեց հստակ սահմանների մեջ ամբողջացած երկիր։ Ասել է՝ կայացել էր ու ժողովրդական լայն զանգվածների սեփականությունն էր դարձել հայրենիք հասկացությունը, ձեւավորման ավարտական փուլ էր մտել պետական ու ազգային մտածողությունը, որը Մովսես Խորենացին բնութագրում է՝ «Եզր հայկական խօսից»։ Ստրաբոն պատմիչը պետք է վկայեր, որ շնորհիվ Արտաշես-Տիգրան միավորիչ գործունեության` Հայաստան աշխարհում բոլորը «խոսում են միեւնույն լեզվով», նշանակում է՝ կայացել էր տառապանքների գնով փայփայված ազգային մտածողությունը՝ «ազգային ինքնապաշտպանության ամբողջ ուժը»։ Եզրակացություն. «Կարելի է ասել, թե այս տոհմն էր իսկական Հայաստան եւ հայ ազգության կազմակերպողը։ Ո՛չ Հռոմը, ո՛չ Պարսկաստանը չկարողացան ջնջել երկրի այս մեծ կենսունակությունը։ Նա մնաց, չնայած խոր եւ երկարատեւ ազդեցություններին, ինքնուրույն եւ անկախ իր ներքին ազգային կյանքով» (Լեո)։

Ազգային պետական մտածողության ոգու արտահայտությունն էր այն փաստը, որ Արտաշեսյան հարստության անկումից հետո Հայոց պետականությունը չվերացավ, այլ շարունակվեց Ուռհա-Եդեսիայի թագավորությունով, որի հիմնադիրն էր բարեպաշտ Աբգար արքան, որին վերագրվում է քրիստոնեությունը առաջինը ճանաչելու իրողությունը։

Մինչ գահ կբարձրանար առաջին Արշակունի հայ թագավորը, երկրում տիրում էր խառնաշփոթ։ Իրար էին հաջորդում դրածոները, որոնք, վարելով Հռոմի ու Պարսկաստանի թելադրած քաղաքականությունը, փորձում էին արմատախիլ անել հայ ազգային ոգին, մտածողությունը։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին։ Հայ ժողովուրդը իր կենսունակությունը, ազգային ինքնությունը նոր ձեւով արտահայտելու ելքը գտավ։ Քանի որ բացակայում էր ազգային պետականությունը, նախարարական տները իրենց վրա վերցրին ազգային իշխանության պարտականությունները` դառնալով ժողովրդական զանգվածների ձգտումների արտահայտիչները, պահապանները։ Ազգային մտածողության արդյունք էր հայ ավագանու դրական վերաբերմունքը 52թ. երկիր մտած պարթեւ Արշակունի Տրդատի նկատմամբ, ինչով էլ պետք է բացատրել նրա արագ հաղթանակն ու գահակալ հռչակվելը։ Այստեղ, բացի վերը նշված վճռական գործոնից, կարեւոր դերակատարում ուներ նաեւ այն փաստը, որ, ինչպես վկայում է հռոմեացի պատմիչ Տակիտոսը, «Հայերը լի էին ատելությամբ դեպի հռոմեացիները», բայց համակրանք ունեին մշակութային ու կրոնական առնչություններով ընդհանրություն ունեցող պարթեւների նկատմամբ։ Այդ իրադարձություններից հետո շուրջ 130 տարի ոգորումներ էին բաժին հասնելու հայությանը, մինչ գահ կբարձրանար Վաղարշ Երկրորդը։ Նրանով, ինչպես վկայում է Գառնիում հայտնաբերված արձանագրություններից մեկը, սկսվել է հայ Արշակունիների ժառանգական թագավորությունը։ Լինելով շրջահայաց ու հասուն քաղաքական գործիչ, Վաղարշ թագավորը կարողացավ պատվով դուրս գալ հռոմեա-պարթեւական նոր հակամարտությունից, երբ կողմերից յուրաքանչյուրը, ձգտելով Հայոց թագավորին դարձնել իրեն զինակից, գայթակղիչ առաջարկություններ էր անում։ Պահպանելով դրական չեզոքություն նաեւ Հռոմում ծայր առած գահակալական պայքարի նկատմամբ՝ Վաղարշը բարձրացրեց Հայոց գահի հեղինակությունը, ինչն էլ ստիպեց Սեւերիոս կայսրին բարեկամական հարաբերություններ հաստատել Վաղարշի հետ, քանզի զգուշանում էր հայ-պարթեւական համագործակցությունից։ Համաձայն դաշնագրի` կայսրությունը Հայաստանից դուրս էր բերում զորքերը, գումար էր հատկացնում հայկական այրուձին համալրելու եւ պահպանելու համար։ Հայաստանը նորից հայտարարվում էր Հռոմի «դաշնակից ու բարեկամ»՝ պահպանելով իր ինքնուրույնությունն ու անկախությունը։ Ասվածը դրական առաջընթաց էր դժնդակ ու վտանգներով լեցուն ժամանակահատվածում։ Հենվելով արդեն կենսունակ հայկական ոգու, մտածողության վրա, Վաղարշին հաջողվեց Հայաստանը դուրս բերել կռվախնձորի կարգավիճակից, իսկ երբ միացվեց կայսրությանը, ազատվեց պարսկական միջամտության վտանգից, ավարտուն տեսքի բերեց ազգային պետականության կայացման գործընթացը, որը չափազանց կարեւոր շրջադարձի սկիզբ էր։

Արտաշեսյան թագավորության անկումից հետո այս իրողությունը պետք է դիտել որպես առհավատչյան ազգային ու պետական մտածողության հաղթանակի։

226թ. Պարսկաստանում Սասանյան հարստության հաստատումով նոր իրավիճակ ստեղծվեց։ Արտաշիր Առաջինը, Հայաստանը դիտելով որպես Արշակունիների երկրորդ թագավորություն, անզիջում պայքար ծավալեց։ Պարտված պարթեւ թագավորի ու նրա ընտանիքի ներկայությունը, Սասանյանների հալածանքներից խուսափած Կամսարական եւ Մամիկոնյան տների հանգրվանելը Հայաստանում, երկրին տալիս էին հակասասանյան ուժերի միջնաբերդի տպավորություն, ինչը չէին կարող անուշադրության մատնել Սասանյանները։ Սկսված ու պարբերաբար շարունակվող հակամարտությունը հանգուցալուծվեց 298թ., երբ կնքվեց Մծբինի պայմանագիրը, որով Միջագետքն անցավ կայսրությանը, եւ Հայաստանում թագավոր հռչակվեց հայոց պետականության խոշորագույն դեմքերից մեկը՝ Տրդատ Երրորդը կամ Մեծը (298-330թթ.)։

Հայ ժողովրդի ոգորումների գլուխ է կանգնում մի մեծագործ անհատականություն, որը խառնակ ժամանակներում սուրը երբեք պատյան չդրեց։ «Տրդատը իր թագադրության սկզբից աշխատում էր վերանորոգում մտցնել հայ ժողովրդի կյանքում, ամրացնել ազգային գիտակցությունը եւ այդպիսով թումբ կանգնեցնել պարսկական ազդեցության դեմ, որ Սասանյանների համար հզոր զենք էր՝ հայ ժողովրդի քաղաքական անկախությանը հարվածելու եւ կազմալուծելու համար»,-գրում էր Լեոն։ Հռոմեա-պարսկական ազդեցության պատճառով երկիրը բաժանված էր երկու մասի։ Ստեղծված երկու կողմնորոշումները, պայքարելով միմյանց դեմ, Հայաստանը տանում էին դեպի կործանում։ Անհրաժեշտություն է դառնում ուժեղ ձեռքի գործունեությունը։ Հռոմում իր քաջագործություններով փառաբանված Տրդատը առաջինը պետք է ձեռնարկեր Հայոց տունը ավերող երկպառակությունների վերացումը։ Պատմահայր Խորենացին հայտնում է, որ Հայոց թագավորը հյուսիսային ավարառու արշավանքները կանխելու հետ մեկտեղ սուրն ուղղում էր նաեւ ներքին խռովարարների դեմ, որոնցից մեկն էլ Սլկունյաց ցեղի նահապետ Սղուկն էր։ Նա սպանելով թագավորի մերձավոր Օտա հազարապետին՝ իր փեսային, ամրացել էր Ողական ամրոցում, իր համախոհներով «թագավորին ընդդիմանալով՝ գրգռում էր երկիրը»։ Այստեղ Տրդատ թագավորը հանդես է բերում պետական բարձր մտածողություն եւ որպեսզի ներքին կայունության ապահովմանը մասնակից դարձնի հավատարիմ բոլոր ուժերին` դիմում է նախարարներին, առաջարկելով հնազանդեցնել Սլկունի Սղուկին։ Այդ հանձնարարականը հաջողությամբ կատարում է Մամգոնը (Մամիկոնյան տան նահապետը)։ Տրդատն այդ ընթացքում ճակատամարտ է տալիս հյուսիսային գարգարացիների դեմ, հաղթում նրանց, ցուցաբերելով անկրկնելի խիզախություն. «Չեմ կարող նկարագրել նրա ձեռքի արագությունը, թե ինչպես անհամար մարդիկ նրանից զարկվելով, թավալվում, գետին էին ընկնում, ինչպես հմուտ ձկնորսի ձկներով լիքը ցանցից գետին են թափվում ու վխտում հողի երեսին»,-պատկերավոր գրում է պատմահայրը։ Քաղաքագետ թագավորը զգում էր, որ ազգայինն ու պետականը կհաղթանակեն միայն այն ժամանակ, երբ հաստատվի նաեւ հոգեկան միասնություն։ Հայոց հին կրոնը, որի օգնությամբ Տրդատը ցանկանում էր իրականացնել իր ծրագրերը, անմարտունակ էր։ Ժամանակներն արդեն խարխլել էին բազմաստվածության հիմքերը, եւ Հայոց թագավորը ազգայինն ու պետականը փրկելու, ամրացնելու, հայության ինքնությունն առավել ընդգծելու նպատակով դիմեց համարձակ քայլի՝ ընդառաջ գնաց երկրում արդեն հավատացյալների կղզյակներ ստեղծած քրիստոնեական վարդապետությանը եւ 301թ. հունվարի 6-ին, Գրիգոր Լուսավորչի ձեռքով օծվելով Արածանի գետում, քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։ Սա խոշորագույն քաղաքական, գաղափարական ու հոգեկան շրջադարձ էր, առանց որի հնարավոր չէր լինի երկիրը վերածել հռոմեա-պարսկական ոտնձգությունների դեմ ցցված մի ամբողջական բռունցք՝ արմատավորելով ազգայինն ու պետականը։ Ահա թե ինչու էր պատմահայրը Տրդատ մեծագործին անվանում՝ «Նախաշավիղ ճանապարհ եւ մեր լուսավորության երկրորդ հայր»։

Սակայն դրանով չսահմանափակվեցին մեծագործ թագավորի իրագործումները։ Նա քրիստոնեությունը նպատակամղելով երկրի համախմբման ու հոգեկան միասնության կայացմանը, քաջ գիտակցում էր, որ նոր հավատը լայն զանգվածների սեփականությունը կդառնա միայն այն պարագայում, երբ գաղափարախոսության հիմքում դրվի ազգայինը, նոր կրոնի արտահայտչամիջոցները բխեն հայկականությունից։ Դա նկատի ուներ վաստակաշատ Լեոն, երբ գրում էր. «Այս բոլոր կազմակերպչական հանգամանքները շատ որոշակի ցույց են տալիս, որ սկզբից եւեթ հայ եկեղեցին կառուցվում էր ազգայնական հիմքերի վրա»։

 

Շարունակելի

Խորագիր՝ #34 (1305) 04.09.2019 - 10.09.2019, Պատմության էջերից


05/09/2019