Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՀՈԳԻՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ



ԻՄ ՀՈԳԻՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Է ԱՊՐՈՒՄԶրույց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ

 

-Սերգե՛յ, մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ Ձեր ընտանիքը Գերմանիա մեկնելուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում եկել է Հայաստան, և Դուք նվագել եք մեր հայրենակիցների համար, նույնիսկ հասցրել եք Լորիս Ճգնավորյանի հետ բեմ բարձրանալ: Ու այդուհետեւ (սկսած 1998 թվականից) գրեթե ամեն տարի եղել եք հայրենիքում: Մի՞թե մանկության 7 տարիների զգացողությունները, ապրումները, հիշողությունները բավական են ծննդավայրին այդքան ամուր կապվելու համար:

-Գուցե զարմանաք, բայց իմ մանկության հիշողությունները հայրենիքից շատ աղոտ են, եւ մանկություն ասելիս արթնանում են պատկերներ, որոնք կապված են միայն Գերմանիայի հետ, որտեղ ես դպրոց եմ գնացել, ձեւավորվել եմ որպես երաժիշտ: Բայց ես վստահ եմ, որ իմ հուզաշխարհում, իմ ենթագիտակցության մեջ հայրենիքում անցկացրած յոթ տարիները ապրում են եւ հպարտության, սիրո, կարոտի թրթիռներ արթնացնում: 1998թ., երբ հինգ տարվա բացակայությունից հետո եկա Հայաստան, 12 տարեկան էի: Ու անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ շատ սուր ապրումներ ունեցա կամ խորապես տպավորվեցի: Հայրենիքի զգացողությունն իմ ներաշխարհում մեծանում է իմ մեծանալու հետ: Տարիները մեզ ավելի ու ավելի են մոտեցնում իրար: Ես երեւանցի եմ, բայց զարմանալիորեն հոգով ավելի մերձ եմ այն վայրերին, որոնք շատ հեռու են Երեւանից եւ շատ հարազատ են իմ էությանը: Տեսե՛ք, Դիլիջանը հրաշալի բնություն ունի, բայց այդպիսի բնություն կա աշխարհի բազմաթիվ երկրներում: Ես իմ արյան տրոփը զգում եմ Սաղմոսավանքում, քարակոփ ժայռերի կողքին… Ինչո՞ւ: Չգիտեմ: Ես զգում եմ, որ այդտեղից եմ սկիզբ առել, ու իմ հոգում հայրենիքի պատկերը սաղարթախիտ անտառն ու փարթամ կանաչը չեն, այլ լերկ, ահռելի բլուրները, ամեհի ձորերը, հնամենի եկեղեցին… Իմ հոգին այդտեղ է ապրում:

 

-Բազմաթիվ երիտասարդ ջութակահարներ կցանկանան իմանալ, թե ինչպես 7-ամյա հայ տղային հաջողվեց մասնագիտական մեկնարկն սկսել օտար երկրներում եւ …նվաճել աշխարհը: Դուք բացառիկ շնո՞րհ ունեք Աստծուց, թե շատ եք աշխատել, կամ գուցե Ձեզ բա՞խտն է ժպտացել…

-Անկեղծ ասած, երբեք այդ մասին չեմ մտածել: Իմ մեջ ապրում է երկու մարդ՝ նա, ով կա, և նա, որին ձգտում եմ: Ծնողներս ինձ սովորեցրել են սեփական չափանիշները չպայմանավորել այս կամ այն՝ թեկուզ ամենահանճարեղ ջութակահարի ձեռքբերումներով: Ես կատարելության եմ ձգտում: Ես գնում եմ դեպի հորիզոնը, որն անընդհատ հեռանում է: Որտեղ եւ երբ կավարտվի այս վերելքը, այս ձգտումը, չգիտեմ, բայց քանի ողջ եմ, կանգ չեմ առնելու: Ուզում եմ շեշտել, որ ասածս վերաբերում է ե՛ւ իմ մասնագիտական որակներին, ե՛ւ իմ էությանը:

 

-Ձեր հայկական ազգանունը խանգարե՞լ է Ձեզ, թե՞ օգնել:

-Ո՛չ խանգարել է, ո՛չ օգնել: Առհասարակ, ես մեծ վերապահում ունեմ օգնել բառի հանդեպ: Ե՛վ հայրենիքում, ե՛ւ արտերկրում դու ինքդ պիտի ճանապարհ հարթես քեզ համար՝ առանց օգնություն սպասելու, եւ առանց վախենալու խանգարողներից: Մանավանդ՝ եթե ընտրել եմ վերելքի ճանապարհը: Անկախ քո ազգանունից, քեզ ոչ ոք գրկաբաց չի ընդունելու, դու պիտի ապացուցես, որ արժանի ես, ուժեղ ես: Եթե դու ձախողել ես, մեղքը քոնն է: Ու եթե մեկ ուրիշը հաջողել է, ապա ոչ թե բախտն է ժպտացել նրան, այլ նա ավելի համառ, նպատակասլաց, աշխատասեր ու շնորհալի է եղել, քան դու:

 

ԻՄ ՀՈԳԻՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ-Աշխատասեր ասացիք, հիշեցի այն կենսունակ կարծրատիպը, որ ջութակահարը 6 տարեկանից պետք է օրը 8-12 ժամ պարապի, բակ չիջնի, չխաղա, ջութակից բացի այլ հետաքրքրություն չունենա…

-Դա խորհրդային շրջանին բնորոշ անհարկի ֆանատիզմ է: Ես շատ բարձր եմ գնահատում խորհրդային դպրոցը: Դրա շնորհիվ էր, որ մենք ունեցանք մեծ երաժիշտների հրաշալի աստղաբույլ, բայց նաեւ չեմ կարող չնկատել թերին: Խորհրդային մանկավարժները կարծում էին, որ եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա միակ ելքը շատ պարապելն է: Սա սխալ մոտեցում է: Ու ծնվել է հավասարության մասին խորհրդային պատկերացումներից: Ես ինչքան էլ պարապեմ, հազիվ թե լավ գրող դառնամ…Եվ հնարավոր է՝ շատ պարապելը Ձեզ չդարձներ լավ ջութակահար: Մենք պիտի կարողանանք ճիշտ գնահատել մեր հնարավորությունները:

 

-Դո՞ւք եք ցանկացել ջութակ նվագել, թե՞ դա Ձեր ծնողների ընտրությունն էր: Եվ հենց սկզբից նկատելի՞ էր, որ Դուք բացառիկ տվյալներ ունեք:

-Ծնողներս դաշնակահարներ են, քույրս՝ Լուսինեն, դաշնամուրի բաժնում էր սովորում: Եվ ծնողներս զանազանության համար ինձ ջութակի տարան: Ես Հայաստանում մեկ տարի երաժշտական դպրոց եմ գնացել, սովորել եմ Պյոտր Հայկազյանի դասարանում, որը շատ լավ մասնագետ էր, ու ափսոսում եմ, որ նրան երկար աշակերտելու հնարավորություն չեմ ունեցել: Ինչ վերաբերում է բնատուր բացառիկ տվյալներին՝ տաղանդը ո՛չ երաժշտական բացարձակ լսողությունն է, ո՛չ մեղեդին մաքուր վերարտադրելու կարողությունը: Տաղանդը այն զգացողությունն է, որ քո մեջ արթնացնում է երաժշտությունը, եւ ապրումը ունկնդրին փոխանցելու կարողությունն է: Ասվածից հետեւում է, որ երբեք չես կարող կանխատեսել, թե երաժշտության ասպարեզում իրենց առաջին քայլերն անող երեխաներից հատկապես որը մեծ երաժիշտ կդառնա: Երաժիշտը միջնորդ է մարդու եւ երաժշտական ստեղծագործության միջեւ: Ամեն ինչ կախված է քո զգալու «ծավալներից» եւ զգացածդ արտահայտելու կարողությունից:

 

-Իսկ տեխնիկա՞ն, կատարողական վարպետությո՞ւնը:

-Տեխնիկան այն է, ինչին կարող ես հասնել աշխատասիրության շնորհիվ: Երբ ես խոսում էի խորհրդային դպրոցում դրսեւորված դոգմատիզմի մասին, հենց դա նկատի ունեի՝ ձգտումը տեխնիկական կատարելության եւ վիրտուոզ կատարող դառնալու մղումը: Բայց վիրտուոզն ու երաժիշտը մի էական տարբերություն ունեն՝ երաժիշտը զգում, ապրում եւ արտահայտում է իր հույզերը, վիրտուոզը անսխալ կատարում է տեխնիկական բարդ առաջադրանքը: Մեղեդին զգալու, արտահայտելու եւ փոխանցելու շնորհը բնատուր է. կա՛մ կա, կա՛մ՝ ոչ, տեխնիկական վարպետությունը կարող ես ձեռք բերել ժամանակի ընթացքում: Ես ձգտել եմ երաժիշտ լինել:

Գուցե զարմանաք, բայց երբեք շատ չեմ պարապել, առիթ եմ փնտրել, որ երկար մնամ բակում, տարբեր օյիններ եմ հորինել, որ չպարապեմ: Տեխնիկան միջոց է, որ արտահայտես զգացմունքներդ, ասելիքդ: Էֆեկտիվ կատարումը ես նմանեցնում եմ հրավառությանը: Մի պահ ուշադրություն է գրավում, բայց մի քանի րոպե հետո մոռացվում է՝ չթողնելով ոչ մի ապրում, ոչինչ չփոխելով քո ներսում:

 

-Լրագրության մեջ էլ է նույնը, դու կարող ես տիրապետել լեզվին, ճիշտ շարադասությամբ նախադասություններ կազմել, բայց, եթե չունես ասելիք, չունես հույզեր, գիրդ ոչ ոքի չի հուզի:

-Երբ երաժիշտը դուրս է գալիս բեմ, նրա հոգին մերկ է ամբողջովին: Եվ որպեսզի զգացողություններդ լինեն խորը, բազմաշերտ, որպեսզի ասելիքդ լինի բովանդակալի ու տարողունակ, պիտի քո մեջ կրես կյանքը՝ իր ամբողջ ծավալով, գույներով, մութ ու լուսավոր անկյուններով: Խոհափիլիսոփայական խտացումները ծնվում են կյանքի փորձառությունից ու ապրումներից, ծնվում են բազմակողմանի զարգացած, մտավոր եւ զգայական խորքեր ունեցող հոգում, որը ներծծված է սիրով, կարեկցանքով, մարդասիրությամբ, հույզերով: Այդ իսկ պատճառով՝ սահմանափակ ինտելեկտով, կյանքի նվազ փորձառությամբ ու բարձր բարոյական արժեքներ չունեցող մարդը չի կարող լավ երաժիշտ դառնալ՝ անկախ տեխնիկական հմտություններից:

 

-Ինչու միայն երաժիշտ… Չի կարող դառնալ լավ լրագրող, դերասան, նկարիչ: Սերգե՛յ, մեր զրույցից առաջ ես համացանցով «Հայ զինվորի» ընթերցողին տեղեկացրի, որ պիտի հանդիպեմ Ձեզ եւ առաջարկեցի, որ Ձեր երկրպագուները իրենց հարցերով «մասնակցեն» մեր զրույցին: Ու որքան էլ զարմանալի է, հարցերի մեծ մասը վերաբերում էին ոչ թե Ձեր անձնական կյանքին, այլ Ձեր հաջողություններին: Մենք փոքր ազգ ենք, եւ մեր հայրենակիցների հաղթանակները անձնական ձեռքբերում ենք համարում: Ո՞րն է ամենաբարձր գագաթը, որ նվաճել եք՝ հարցնում է մեր հայրենակիցը: Վստահ եմ՝ Ձեր պատասխանից հետո նա իրեն նույն գագաթին է զգալու:

-Անկեղծ ասած՝ ես սովորաբար նայում եմ առաջ, ոչ թե հետ ու երբեք չեմ մտածել, թե որն է եղել իմ ամենամեծ հաջողությունը: 15 տարեկանում ես հաղթեցի Սիբելիուսի անվան մրցույթում, 2005թ. հաղթեցի Եղիզաբեթ թագուհու միջազգային մրցույթում, որը, կարող եմ ասել, ջութակի ասպարեզում ամենահեղինակավոր մրցույթն է… Բայց ես չեմ հասել գագաթին: Երբ դու գագաթին ես, հաջորդ քայլը պիտի լինի վայրէջքը: Իսկ ես դեռ բարձրանում եմ, իմ տարիքն ու ֆիզիկական վիճակը առայժմ հնարավորություն են տալիս առաջ գնալու:

 

-Դուք շատ թեթեւ եք պատմում Ձեր ճանապարհի, Ձեր հաջողությունների մասին, գուցե դա պայմանավորված է Ձեր ուժեղ բնավորությամբ, բայց, ես կարծում եմ, որ հեշտ չի եղել հայ տղայի համար աշխարհի լավագույն ջութակահարների աստղաբույլի մեջ տեղ նվաճելը. ե՛ւ զրկանքներ են եղել, ե՛ւ զոհողություններ…

-Ի պատիվ ծնողներիս՝ պիտի ասեմ, որ նրանք մանկության տարիներին ճիշտ են ուղղորդել իմ ուղին ու ճիշտ դասեր են տվել ինձ: Ես երբեք չեմ հրաժարվել իմ նախասիրություններից: Հայրս ինձ ժառանգել է ավտոսպորտի հանդեպ սերը: Ես սիրում եմ ոչ միայն վարել մեքենա, այլև սարքել: Դա սկսվեց լեգոյից, հետո ավելի լրջացավ: Առհասարակ, սիրում եմ կառուցել: Ես մեքենա ունեմ, որը նախապատրաստում եմ մրցույթի: Ես ու հայրս թիմով մասնակցում ենք ավտոսպորտի սիրողական մրցաշարերի: Հիշում եմ՝ երբ հայրս տեսնում էր, որ նվագելուն զուգահեռ լեգո եմ հավաքում, ասում էր՝ էս տղան մարդ չի դառնալու: Այդուհանդերձ, ինձ չէին ստիպում, չէին սահմանափակում շփումս արտաքին աշխարհի հետ:

 

-Բայց ավելի շատ ջութակն եք սիրել…

-Ավելի շատ սիրել եմ բեմում նվագելը: Դու չես կարող բեմ-դահլիճ մթնոլորտը մեկ այլ միջավայրում վերարտադրել: Բացառիկ վայելք, երբ դու ապրում ես մեղեդին բեմում՝ ունկնդրի ներկայությամբ:

 

-Ունկնդրի համա՞ր:

-Չէ՛… Ես անկեղծ կլինեմ: Ես ապրում եմ երաժշտությունը բեմում, և դա աննկարագրելի հաճույք է՝ իմ հաճույքը: Բայց ես նաեւ գիտեմ, որ պահ առ պահ դահլիճը հայտնվում է վայելքի իմ տիրույթում:

 

-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ Ձեր ջութակի ուսուցիչներից մեկը՝ Ռիսինը, Ձեզ ասել է՝ յուրաքանչյուր համերգի ժամանակ դու նվագում ես այնպես, ասես վերջին անգամ ես նվագում:

-Ռիսինը ասում էր՝ դու պետք է փորձես քեզ խնայել, եթե պատրաստվում ես երկար ճանապարհ գնալ: Իսկ դու տրվում ես մինչեւ վերջ: Բայց ես այլ կերպ չեմ կարողանում: Երբ սկսվում է իմ ու երաժշտության շփումը, ես այլեւս չեմ կարողանում արգելակել:

 

-Դա՞ է պատճառը, որ Դուք հաճախ չեք համերգներ ունենում:

-Այո՛, որպեսզի վերալիցքավորվելու ժամանակ ունենամ: Ոչ միայն ֆիզիկական ուժերս վերականգնեմ, այլեւ պարպված հուզաշխարհս:

 

-Սերգե՛յ, ի՞նչ է Հայաստանը այն հայի համար, որին ճանաչում են աշխարհի բոլոր ծայրերում, որի ներկայությունը փառք կբերի աշխարհի ցանկացած երկրի, որին գրկաբաց կդիմավորեն մոլորակի ամենաբարեկեցիկ պետությունները… Ի՞նչ է խնդիրներով, հոգսերով, դժվարություններով լեցուն Հայաստանը Ձեզ համար:

-Ես բարձրագոչ բառեր չեմ ասի. այն զգացողությունը, որ ես ունենում եմ Սաղմոսավանքում, ոչ մի երկրում չեմ ունենում: Հայաստանում իմ տան լուսամուտից ամեն առավոտ նայում եմ Արարատին, եւ դա ինձ համակում է յուրահատուկ զգացումներով: Ես պսակադրվել եմ Հայաստանում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, արտասահմանից բազմաթիվ հյուրեր ունեինք, նաեւ կնոջս՝ Անժելայի բարեկամներն էին եկել՝ 60-70 իսպանացիներ: Եվ բոլորն էլ հիացած էին Հայաստանով: Անժելան նույնպես շատ է սիրում Հայաստանը: Նրան շատ է դուր գալիս մշակութային արժեքների ու մարդու անմիջական շփման հնարավորությունը, որը բացառիկ է ու կա Հայաստանում: Այլ երկրներում մշակութային արժեքները, նույնիսկ մի քանի հարյուրամյակի վաղեմության նմուշները պահպանվում են գերագույն խնամքով, եւ չես կարող անմիջականորեն շփվել դրանց հետ: Իսկ մեր հայրենիքում անցյալը շնչում է կողքիդ, չկան պատնեշներ, արգելանքներ…

 

-Ձեզ լսելով՝ մտածում եմ, որ հայրենասիրությունը երկու ելակետ ունի՝ պարտականությունն ու վայելքը:

-Այո՛, եւ զգացական սերը ավելի շատ բնազդային զգացում է ու գերակշռում է հայերիս հոգում, ի տարբերություն գործնական սիրո: Եթե մենք մեր երկիրը սիրեինք այնպես, ինչպես, ասենք, սիրում ենք մեր երեխային, անկախ իշխանությունների բարոյականությունից, Հայաստանը զարգացման բոլորովին այլ հանգրվանում կլիներ: Հայրենիքը միայն սպառելու համար չէ, այլև պահպանելու, խնամելու, գեղեցկացնելու, կառուցելու, զարգացնելու…

 

-Սերգե՛յ, ինչո՞ւ հենց Ձեր իսպանուհի կնոջը հաջողվեց լինել Ձեր կողքին:

-Գուցե սխալ եմ արել, բայց ես կնոջը համեմատել եմ երաժշտության հետ ու փնտրել եմ այն մաքրությունը, գեղեցկությունն ու կատարելությունը, որ կա երաժշտության, իմ ու մեղեդու հարաբերության մեջ: Ես ուզում էի մարդուց ստանալ այն զգացողությունը, որն ինձ տալիս է երաժշտությունը: Անժելայի մեջ ես գտա դա:

 

-Անժելան երաժի՞շտ է:

-Ալտ է նվագում: Նա Կորդովայից է, այնտեղից, որտեղից գալիս է ֆլամենգոն: Անդալուզացիները շատ ավելի ավանդապաշտ են, պահպանողական, ինչ-որ չափով կտրված են աշխարհից, եւ քաղաքակրթության բացասական դրսեւորումները չեն հասել այնտեղ: Անդալուզացիները նման են հայերին:

 

-Ձեր որդին խոսո՞ւմ է հայերեն:

-Հայկը մայիսին դարձավ մեկ տարեկան: Դեռ ամբողջական նախադասություններ չի ասում: Բայց մենք տանը հայերեն ենք շփվում, եւ հայերենը Հայկի մայրենի լեզուն է:

 

-Ձեր իսպանացի կնոջ հետ հայերե՞ն եք շփվում:

-Այո՛, Անժելան ոչ միայն խոսում է հայերեն, այլև գրում է եւ կարդում: Գուցե զարմանալի թվա, Անժելայի ներկայությունն ինձ ավելի հայ դարձրեց: Եթե կինս հայուհի լիներ, ես չէի գիտակցի, թե որքան վատ եմ հայերեն խոսում: Երբ կողքիդ կա մեկը, որը օտար մշակույթի կրող է, դու ցանկանում ես ավելի անխաթար ու գեղեցիկ ներկայացնել քո մշակույթը: Անժելայի հետ խոսելիս ես չեմ կարող ռուսերեն բառեր գործածել հայերեն խոսքի մեջ, որովհետեւ նա իմ խոսքից սովորում է իմ մայրենի լեզուն:

 

-Ախր, Դուք նույնիսկ հայկական դպրոց չեք գնացել:

-Դա արդարացում չէ, ես հայ եմ՝ պարտավոր եմ լավագույնս տիրապետել մայրենի լեզվին: Իմ երեխան մեծանում է օտար երկրում, ու ես ստիպված եմ շատ լավ իմանալ հայկականության կարեւոր բաղադրիչները, որ փոխանցեմ զավակիս:

 

-Սերգե՛յ, զրույցի ավարտին պիտի հարցնեմ, թե ի՞նչ ճանապարհով պետք է զարգացնել հայկական դասական երաժշտարվեստը ու նրան վերադարձնել իր համաշխարհային նշանակալի տեղը:

-Ինձ հուզում է երաժշտական կրթության համակարգը Հայաստանում: Այսօրվա պայմաններն ու իրավիճակը ապագայի նախադրյալներ չեն ստեղծում: Դեռ կան մի քանի փորձառու ուսուցիչներ, եւ մենք դեռ վերջին ճիգերով սնվում ենք երաժշտական խորհրդային դպրոցից: Իսկ հետո ի՞նչ է լինելու: Անշնորհակալ զբաղմունք է՝ ապրել արտերկրում ու քննադատել Հայաստանում առկա թերությունները: Բայց ես գիտեմ իմ անելիքը այս ասպարեզում, մեծ ծրագրեր ունեմ: Ցավոք, դրանք չեմ կարող մոտ ապագայում իրագործել, որովհետեւ, եթե որեւէ գործ եմ ձեռնարկում, պետք է ներդնեմ ամբողջ ուժերս եւ հասնեմ մեծ հաջողության, ինչը անհնար է, եթե դու արտերկրում ես ապրում եւ շարունակում ես ջութակահարի կարիերադ:

 

-Ինչի՞ մասին է խոսքը: Ենթադրում եմ՝ Հայաստանում երաժշտական գործունեություն ծավալելու ծրագիր ունեք:

-Կրթական գործունեությամբ զբաղվելու ծրագիր է: Հայաստանը պետք է ունենա ջութակի իր դպրոցը, որպեսզի վաղը մենք ունենանք ջութակահարների մրցունակ սերունդ:

 

-Սերգե՛յ, որքան էլ Դուք խոսում եք Հայաստանում առկա խնդիրներից, երաժշտության բնագավառի թերություններից, Ձեր խոսքում ինչ-որ ներշնչանք կա, ինչ-որ հավատ, ամուր ու լավատեսական մի շեշտ…

-Ինձ ներշնչում է Հայաստանի երիտասարդությունը: Նրանք գործունյա են ու տաղանդավոր: Եվ իրենց ապագան կապում են Հայաստանի հետ: Ես չեմ հանդիպել մեկին, որն իր կարիերայի, իր երազանքների ծրագրում չտեղավորի Հայաստանին օգնելու, հայրենիքը բարձրացնելու նպատակը: Այդ ամենով հանդերձ, առանց պաշտպանված հայրենիքի բոլոր մշակութային ձեռնարկումները ոչինչ են ու դատապարտված են ձախողման: Եվ ինձ ներշնչում է Հայաստանի սահմանին կանգնած զինվորը, որը ապրիլյան պատերազմի ժամանակ մեկ անգամ եւս ապացուցեց, որ, ի հեճուկս լավ ու վատ կրթական էքսպերիմենտների, լավ ու վատ դաստիարակության, արժեհամակարգերի ու գաղափարախոսության, հայրենիք պաշտպանելու մղումը մեր արյան մեջ է, ու ինչ էլ լինի, Հայաստանի ամեն թիզ հողը կյանքով ենք պաշտպանելու:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Խորագիր՝ #34 (1305) 04.09.2019 - 10.09.2019, Հոգևոր-մշակութային


05/09/2019