Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳԻԾ



ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳԻԾԶինված ուժերի գլխավոր շտաբում շուրջ մեկ ամիս է՝ գործում է վստահության գիծ հեռախոսահամարը։ Ծառայությանը միանալու համար հարկավոր է զանգահարել 85-01 և 85-03, հեռախոսազանգն անվճար է, հասանելի է աշխատանքային օրերին ժամը 12:00-ից 20:00-ն։

 

ՀՀ ԶՈւ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը նշում է, որ վստահության գծի նպատակը զինված ուժերում բացասական երևույթները բացառելն է, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելը, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելն ու ընթացք տալը, ինչպես նաև  բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելը։

Իսկ պաշտպանության նախարարության թեծ գիծը՝ 1-28-ը, արդեն գործում է երկուսուկես տարի։ Զինծառայողների իրավունքներից մինչև նրանց ընտանիքի անդամներին վերաբերող հարցեր, խորհրդատվություն, գանգատներ, առաջարկներ և, ինչը եւս քիչ չի պատահում, շնորհակալական խոսքեր։ Այստեղ օրական հնչում է 80-120 զանգ։

ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ասում է, որ սա բավականին մեծ թիվ է, որը վկայում է վստահության մասին։ Ըստ նրա՝ ծառայությունը հնարավորություն է տալիս հասարակության հետ պաշտպանության նախարարության կապը կառուցել ավելի ամուր հիմքերի վրա՝ զինծառայողների համար ապահովելով իրավունքների պաշտպանության միջոցներ։

Դրական միտումը զանգերի ընդհանուր դինամիկայում, ըստ Ալեքսանդր Ավետիսյանի, վերջին մեկ տարում ակնհայտ է։ Զանգերի թիվը կտրուկ չի պակասել, սակայն փոխվել է բարձրացվող հարցերի բովանդակությունը։

Այժմ մարդիկ զանգում են խնդրահարույց հարցերով։ Թեժ գիծը նաև հնարավորություն է տալիս շտկել այն կարևոր բացթողումները, որոնք առաջանում են տեղեկատվության կամ իրազեկվածության պակասի պատճառով։

Հետադարձ կապի երկու միջոցների նպատակը պաշտպանական գերատեսչություն-բանակ-քաղաքացի անմիջական կապն է, հասարակությանը մտահոգող բացասական հարցերը վեր հանելն ու դրանց լուծումներ տալը։

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Խորագիր՝ #33 (1304) 28.08.2019 - 03.09.2019, Բանակ և հասարակություն


29/08/2019