Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՏՆՎԱԾ ՕՐ



Ով չի եղել Կանսկում, նա չի իմանա, թե ինչ ասել է ձմեռ։ Ով չի ծառայել Կանսկի զինվորական դպրոցում, նա չի իմանա, թե ինչ բան է ծառայությունը։ Ով չի ծառայել Կանսկի զինվորական դպրոցում, նա հաստատ չի ճանաչի ենթասպա Լապատինին, այսինքն՝ չի իմանա, թե ինչ ասել է զինվորական։ Վերջապես՝ ով չի ծառայել Արեւելյան Սիբիրում գտնվող այդ փոքրիկ քաղաքի զինվորական դպրոցում, նա չի իմանա, թե ինչ ասել է ժամանակ, տարածություն, կարոտ, հայրենիք…

Այս ամենի մասին պատմեմ հերթականությամբ, ավելի շուտ՝ հակառակ հերթականությամբ, թերեւս՝ ինչպես ստացվի։

Դեռ օրապահները հատակին ծնկած՝ ամենայն եռանդով տրորում-հանում-մաքրում էին երեկ գիշերվա երկարատեւ «վեր կաց-դադարներից» հետո զորանոցի երկայնքով ձգվող սպիտակ զոլերի վրա թողած մեր զինվորական կոշիկների թողած բծերը, ես կազմ-պատրաստ, տոնական համազգեստով, ազատականը ծոցումս, զգաստ կանգնել էի ենթասպա Լապատինի առջեւ։

-Ժամանակին կվերադառնաս։ Տե՛ս, հանկարծ չուշանաս,- ասաց՝ ոտից գլուխ զննելով ինձ։

-Ճիշտ այդպես,- խրոխտ գոռացի։ Այդպես էր կարգը, բայց ես ուրախությունից էի այդպես բղավում։

Լապատինը շարունակում էր վրա-գլուխս զննել, ասես՝ վաճառքի իր էի։ Ասաց. «Օձիքդ ուղղիր»։ Ուղղեցի։ «Գլխարկդ ուղղիր»։ Ուղղեցի։ «Աջ ոտքիդ սապոգը հանիր»։ Հանեցի։ Տեսավ՝ փաթաթանը ճիշտ եմ փաթաթել։ «Գոտիդ ձգիր»։ Ձգեցի։ «Անվանականչից չուշանաս»։ Ուզում էի բղավել՝ «ճիշտ այդպես», բայց նա շարունակեց կիսատ թողած միտքը. «Ասենք՝ 30 աստիճանի սառնամանիքին դրսում ի՞նչ ես անելու, էլի ետ՝ զորամաս ես փախչելու»։ Երբ արդեն շուռ էի եկել եւ զինվորական քայլերով գնում էի դեպի դուռը, հետեւիցս կանչեց. «Ձախ սապոգիդ կրունկը կմաքրես, նոր զորամասից դուրս կգաս»։ Մտքիս մեջ ասացի. «Քթի մազ», բայց առանց դույզն-ինչ չարության։ Մենք՝ կուրսանտներս, սիրում էինք այդ սպիտակաբաշ, ծերունազարդ զինվորականին, որը թեեւ ենթասպայի ուսադիրներ էր կրում, բայց կեցվածքով, իմաստությամբ ու հոգով գեներալ էր, իսկակա՛ն գեներալ։ Նա անգիր գիտեր զինվորական բոլոր կանոնագրքերը, եւ ամեն անգամ, երբ մեկնումեկս զանցանք էինք կատարում, թերանում, նա խստագույնս զգուշացնում էր. «Հիշե՛ք, զինվորական կանոնագրքերը գրված են արյունով»։ Ծեր այգեպանի պես, որ մեկիկ-մեկիկ ճանաչում է իր այգու բոլոր ծառերն ու թփերը, գիտե` որը երբ է տնկել, երբ է առաջին անգամ ծաղկել, երբ է առաջին բերքը տվել, ինչպես հմուտ դեղագործը, որ աչքերը խուփ գիտե յուրաքանչյուր դեղատուփի ու սրվակի տեղը, Լապատինը անգիր, առանց նայելու էլ գիտեր մեր զորանոցի ամբողջ տնտեսությունը՝ ձյուն մաքրելու քանի թիակ ունենք, որի կոթն է ճաքած, քանի երկար ցախավել ունենք, քանի՝ կարճ, քանի լինգ, ինչքան նավթ կա ճրագների մեջ, քանի տուփ կոշիկի քսուք է մնացել, քանի մոմ կա պահեստում, յուրաքանչյուրը որտեղ է, որ դարակում, որ անկյունում, եթե պոկված շինելի կոճակ կա, ումն է, որ մահճակալի տակ է գլորվել-մնացել…

Նա հոր նման խիստ էր ու մոր նման հոգատար, այդ պատճառով էլ սիրում ու հարգում էինք նրան։

Հերթապահի մոտով անցնելիս (ընկերս էր, հայրենակիցս), ցուցադրաբար պատվի առա ու աչքով արեցի (թիկունքումս զգում էի Լապատինի քննախույզ հայացքը)։ Համենայն դեպս, մի հայացք գցեցի պատից կախված օրակարգին, իբր ուզում եմ մեկ անգամ էլ ճշտել անվանականչի ժամը, թեեւ առանց այդ էլ անգիր գիտեի։ Այդ ցուցակը դաժանորեն րոպեի ճշտությամբ, չէ՝ վայրկյանի, հաշվում էր մեր ծառայության յուրաքանչյուր օրը։ Այն մեզ՝ կուրսանտներիս համար նույնն էր, ինչ հավատացյալ հրեայի համար Մովսես մարգարեի տասը պատվիրանները. ապա փորձիր չենթարկվել, թերանալ… Զինվորական դպրոցում ժամանակը ոսկու գին ուներ, եւ ոչ ոք իրավունք չուներ եւ թույլ չէին տալու այն շռայլել։ Հինգ րոպե դադարը մեզ մի ամբողջ հավիտենություն է թվում։ Հի՜նգ րոպե ազատ ես՝ շարքից, կարգից դուրս, հի՜նգ րոպե քո մտքերի հետ, ինքդ քեզ հետ…

Ոտքս զորամասի դռնից դուրս եմ դնում ու թեթեւացած շնչում սիբիրյան ձմեռվա զրնգուն օդը՝ «ա՜հ», ու հատու քայլերով գնում դեպի անցագրային կետը։ Ճանապարհի աջ ու ձախ կողմերը երիզված են մարդաբոյ հարթ ու ողորկ, ասես քանոնով գծած ձյունե պատերով։ Ամեն շրջադարձի վրա, խաչմերուկների անկյուններում ձյունե զանազան զամբյուղներ են քանդակած։ Ասես քայլում էի ձյունե թագավորության միջով։ Աջ ձեռնոցիս միջից մատնեմատովս թեթեւակի շոշափում եմ միջնամատիս վրայի մեծ կոշտուկը, որ առաջացել էր Մորզեի այբուբենի հաղորդիչ բանալուց։ Առաջի՛ն անգամ այն ինձ ցավ չպատճառեց, այլ հաճույք, խնդություն, հպարտություն։ Այդ կոշտուկով էի վաստակել ազատականը, իսկ կոշտուկը՝ րոպեում 120 տառ ու թիվ Մորզեի այբուբենով հաղորդելու եւ ընդունելու՝ համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Վաշտում առաջինն էի լրացրել առաջին կարգայինի նորմը, մինչդեռ կուրսանտներիս բավարար էր երրորդ կարգն իսկ։

Ահա եւ անցագրային կետը, որտեղով ուղիղ չորս ամիս առաջ ներս էի մտել քաղաքացիական հագուստով։ Ընդամենը չորս ամիս է անցել ծառայությունիցս, բայց ասես հազար տարի առաջ էր։ Մեր տունը, մերոնք, մեր փողոցը, ընկերներս, ասես, հեռավոր հուշ էին։ Անցագրային սահմանը ներկան բաժանում էր իմ անցյալից։ Եվ ոտքս դուրս եմ դնում զորամասի սահմաններից։

Ազատություն, ես որքա՜ն եմ քեզ կարոտել։ Կորչեն բոլոր վերկաց-դադարները, շարքերը, կանոնագրքերը, Մորզեի այբուբենը… Հեռվում քաղաքացիական հագուստով մի տղամարդ եմ տեսնում. ինձ թվում է՝ հարազատիս, բարեկամիս եմ հանդիպել։ Քիչ է մնում մոտենամ, գրկեմ նրան… Հազիվ ինձ տիրապետում եմ ու ձյունոտ ու սառցակալած փողոցով քայլում անծանոթ քաղաքին ընդառաջ։

Առաջին անգամ գլուխս բարձրացնում եմ՝ փողոցն ամբողջությամբ տեսնելու համար. աջ ու ձախ շարված էին փայտաշեն, ձնածածկ տներ։ Ագահորեն ներս եմ ծիկրակում` ամեն լուսամուտից՝ քաղաքացիական իմ կյանքի մասնիկները տեսնելու, տնական մթնոլորտը վերապրելու ակնկալիքով։ Շինելիս կեռիկն եմ ստուգում, կոճակները։ Ընդամենը կես ժամ է, ինչ զորամասից ոտքս դուրս եմ դրել, եւ արդեն զգում եմ սառնամանիքի անողոք շունչը։ Հիշում եմ ենթասպա Լապատինի խոսքերը. «Ասենք՝ 30 աստիճանի սառնամանիքին դրսում ի՞նչ ես անելու, էլի ետ՝ զորամաս ես փախչելու», եւ մտքումս էլ պատասխանում. «Ձեզ թվում է, ընկեր ենթասպա, ես մինչեւ վերջին րոպեն կշնչեմ ազատության օդը, սառնամանիքն ինձ չի կարող հետ բերել»։ Եվ արագացնում եմ քայլերս։ Առաջին խաչմերուկից ձախ եմ թեքվում. ինձ թվում է՝ քաղաքի կենտրոնը հենց այդ ուղղության վրա պետք է լինի։ Նույն պատկերն է՝ ձյունածածկ, փայտաշեն, միհարկանի տներ, ծխնելույզից բարձրացող ծուխ։ Ժամացույցին եմ նայում՝ ուղիղ մեկ ժամ է, ինչ քայլում եմ։ Անցնում եմ դռան շեմին կանգնած մի պառավ տատիկի կողքով։ Նա հենց ինձ տեսնում է, հարազատի պես ժպտում է. «Էս ինչ սիրուն զինվորիկ է»։ Իմ դուրը գալիս է «զինվորիկ» բառը եւ ժպտում եմ ի պատասխան։ «Արի թեյ հյուրասիրեմ»,- ձեռքիցս բռնում, տուն է տանում։ Չեմ առարկում, չեմ ընդդիմանում։ Վայելում եմ տան այնքան ցանկալի տաքությունը, թեյը, խմորեղենը, շնորհակալություն եմ ասում, կռանում համբուրում եմ տատիկին ու դուրս գալիս՝ իմ ազատությանն ընդառաջ։ Գնում եմ տատիկիս ցույց տված ուղղությամբ՝ դեպի կենտրոն։ Չեմ շտապում՝ ո՞ւր։

Մերոնց մասին մտածելը իմ ամենօրյա զբաղմունքը, սովորությունն է դարձել։ Քայլում եմ, բայց մտքերս մերոնց հետ են։ Այդպես հաճախ է պատահում, անգամ Մորզեի այբուբենը սերտելու ամենաթունդ, կամ ինչպես մեր կրտսեր սերժանտն էր ասում՝ «Մորզեի այբուբենը ուղեղներիս մեջ փորագրելու» պահին։ Երբ նա այբուբենը հաղորդելու արագությունը հասցնում էր րոպեում 80 տառի, հետո ավելացնելով արագությունը՝ 100-ի, եւ երբ ձեռքս հազիվ էր հասցնում թղթին հանձնելու ականջակալների միջոցով ուղեղիս մեջ մխրճվող տառերի ու թվերի հեղեղը՝ տի՛-տի՛, տա՜-տա՜, տի՛-տի՛, տա՜-տա՜… Հանկարծ ինքս ինձ բռնում էի այն բանում, որ մտքով լսարանում չեմ եղել, այլ տանը, մերոնց մոտ, իսկ ձեռքս ինքն իրեն լրացրել է տառերի ու թվերի երկարաձիգ սյունակները… Իմ «դասալքության» մասին, բարեբախտաբար, միայն ես էի իմանում, ուրիշ ոչ ոք։

Ցուրտն ինձ սթափեցնում է. ոտքիս մատներն արդեն փայտացել են, զինվորական ձեռնոցներս ու շինելիս գրպաններն այլեւս չէին տաքացնում մատներս։ «Հրապարակը հեռու չէ,- սիրտ եմ տալիս ինձ,- այնտեղ հաստատ խանութներ կլինեն, որ ներս մտնեմ տաքանամ»։ Եվ իսկապես, շուտով դեմս է բացվում այդ փոքրիկ փայտաշեն քաղաքի բավական ընդարձակ հրապարակը։ Հրապարակի մի անկյունում սպիտակ երկհարկանի շենքի ճակատին կարդում եմ՝ «Ունիվերմագ»։ Ա՜խ, որքան հարազատ բառ է, մեր քաղաքի ունիվերմագի ճակատին էլ նույն տառերով էին գրել։ Շտապ ներս եմ մտնում ու սառած ձեռքերս մտցնում ջեռուցման մարտկոցների արանքները, կոշիկիս ծայրերը խցկում տակը։ Մեկը մոտենում կողքից խորհուրդ է տալիս. «Ավելի լավ է համբերես, կամաց-կամաց տաքանաս»։ Ցուցափեղկից ցուցափեղկ եմ անցնում, վաճառասեղանից՝ վաճառասեղան, պատվի եմ առնում դեմս ելած անծանոթ կապիտանին։ Հենց այդ ժամանակ էլ աչքս ընկնում է պատուհանից այն կողմ, հրապարակի մյուս կողմում տեղադրված խորհրդային 15 հանրապետությունների դրոշներով ու զինանշաններով ձեւավորված կամարաձեւ երկաթակուռ կառույցին։ Հեռվից ագահաբար փնտրում եմ մեր դրոշն ու գերբը։ Դժվար չէր. 15 հանրապետությունների շարքում մենք միշտ վերջից երրորդն էինք։ Գտնում եմ, աչքերս հուզմունքից արցունքոտվում են, արագ դուրս եմ գալիս ու վազում հեռվից ինձ ժպտացող կապույտ, կարմիր, կապույտ դրոշին ընդառաջ։ Որքան մոտենում եմ, այնքան հուզմունքս մեծանում է։ Ահա եւ հստակ նշմարում եմ մեր զինանշանի կապույտ Մասիսների ուրվագծերը։ Աստված իմ, որքա՜ն գեղեցիկ էին, որքա՜ն հարազատ։ Մոտենում եմ, կանգնում մեր դրոշի ու զինանշանի տակ եւ ձեռքս մեկնում, որ բռնեմ, շոշափեմ, բայց չեմ հասնում։ Ձգվում եմ ոտքերիս մատների վրա, դարձյալ անօգուտ։ Մի քանի քայլ հետ եմ գնում ու սկսում եմ կարդալ զինանշանի վրա շրջանաձեւ գրված հայերեն տառերը. «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»։ Նորից եմ կարդում, այս անգամ տառ առ տառ, ասես՝ ոչ թե կարդում, այլ հայացքով շոյում, փայում եմ ամեն տառը… Դրոշները նկարված էին երկաթյա թիթեղի վրա, բայց ես, ասես, լսում էի մեր դրոշի փռփռոցը: Հետո կրկին ուշադիր զննում եմ ինձ հարազատ զինանշանը, աչքերով փայում եմ մեր խաղողի ողկույզը, հետո հասկերը… Ինձ իրականություն է վերադարձնում կողքիցս անցնող մի կին. «Երիտասարդ, շարժվիր, կսառչես, սառնամանիք է»։ Գլխով շնորհակալություն եմ ասում եւ ետ-ետ նայելով նորից վազում դեպի ունիվերմագ՝ տաքանալու։ Այս անգամ միանգամից բարձրանում եմ երկրորդ հարկ, որպեսզի վերեւից ավելի լավ տեսնեմ հրապարակը։ Եվ, ով զարմանք, առաջին անգամ նկատում եմ սիբիրյան ցրտաշունչ օրվա հսկայական արեգակի վարդագույն գունդը, որ փակել էր ամբողջ հորիզոնը։ Հիանում եմ այդ չքնաղ տեսարանով ու անմիջապես էլ մոռանում։ Հեռվից ձեռքով եմ անում մեր դրոշին. «Ոչինչ, ոտքերս ու ձեռքերս մի քիչ տաքացնեմ, խելքի գամ ու նորից կիջնեմ ձեզ մոտ»։ Որոշում եմ, որ այս անգամ մեր դրոշն ու գերբը կհամեմատեմ մյուսների հետ։ Անհամբերությունից նորից ներքեւ եմ վազում՝ դեպի հրապարակ։ Ահա Ռուսաստանը, ահա Ուկրաինան, ահա Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը… Եվ ծիծաղում եմ ինքս ինձ վրա. որքա՜ն հիմարն եմ, ախր, համեմատելու բան էլ չկա, մերն ուղղակի չքնաղ է։ Հետ եմ դառնում, որ կրկին վազ տամ դեպի ունիվերմագ։ Տեսնում եմ՝ արդեն փակ է։ Ամբողջ օրվա մեջ առաջին անգամ ցուրտը սողոսկում է ոսկորներիս մեջ։ Շուռ եմ գալիս, ժպտում։ Ժպիտով էլ հրաժեշտ եմ տալիս մեր դրոշին ու զինանշանին ճիշտ այնպես, ինչպես հրաժեշտ են տալիս կենդանի մարդկանց ու հարազատին…

Դեռ մինչեւ անվանականչը ահագին ժամանակ ունեի։ Սարսափելի ցուրտ էր, բայց հոգուս մեջ, ինչպես բանաստեղծն է ասում, գարուն է։ Շուրջս նույն միապաղաղ պատկերն է՝ միհարկանի, փայտաշեն տներ։ Քայլում եմ, որ չսառչեմ։ Ճարահատ թեթեւ վազքի եմ անցնում։ Օգնում է։ Այն միտքը, որ պետք է զորամաս վերադառնամ, փորձում եմ գլխիցս հեռու վանել… Բայց ո՞ւր գնամ, ո՞ր ուղղությամբ։ Մեկ էլ գլխի եմ ընկնում, որ խաչմերուկներից միշտ դեպի ձախ եմ թեքվել։ Այս անգամ աջակողմյան փողոցով եմ առաջ գնում։ Դարձյալ նույն պատկերն է՝ ձյունածածկ միհարկանի տներ։ Ախր ո՞ւր գնամ, որտե՞ղ պատսպարվեմ, ո՞ւմ մոտ՝ այս օտար, սառած, անկենդան քաղաքում… Հոգնած եմ, սառած, քաղցած… Ո՞ւր գնամ, ո՞ւր… Եվ ոտքերս ինքն իրեն, ինքնակամ, ինչպես ձեռքերս՝ Մորզեի տառերն ու թվերը ընդունելու ժամանակ, ինձ տանում են հետ՝ դեպի քաղաքի հրապարակը, որի մի անկյունում ծվարել էին մեր դրոշն ու զինանշանը… Մոտենում եմ, հեռվից հոգնած ժպտում եմ նրանց եւ արդարանում. «Ուրիշ գնալու տեղ չունեմ այստեղից բացի»։ Եվ ձեռքով ամուր բռնում եմ այն հենասյունը, որ պահում է մեր դրոշն ու զինանշանը։ Հետո հոգնած մարմինս հենում եմ այդ սյունին ու աչքերս փակում՝ քիչ հանգստանալու… Քնե՞լ էի՝ չգիտեմ, շուրջս արդեն մութ էր։ Տեղումս ցատկում եմ, որ անզգայացած ոտքերիս շունչ տամ։ Պետք է շտապեմ, արդեն ուշանում էի։ Մեկ անգամ էլ եմ գլուխս բարձրացնում, նայում մեր դրոշին ու զինանշանին, սառած ձեռքս թափահարում եմ ու ետ-ետ գնալով, ինչպես հավատացյալը եկեղեցում, շարժվում դեպի զորանոց…

Դեռ ահագին ճանապարհ կա մինչեւ կհասնեմ, բայց հեռվից ականջիս են հասնում ռազմական դպրոցի սաների երեկոյան զբոսանքի երգի հնչյունները. «Կա՛թ, կա՛թ, կա՛թ, արցունք է կաթում Մարուսյայի աչքերից։ Մա-րուս-յա՜…»։

Զորանոցում ինձ դիմավորում է, ինչպես եւ սպասում էի, ենթասպա Լապատինը.

-Վերադարձար վերջապես։ Ո՞ւր էիր գնացել,- ասում է՝ աչքը ժամացույցից ինձ վրա դարձնելով։

-Տո՛ւն,- պատասխանում եմ երկա՜ր, շա՜տ երկար լռելուց հետո։

Հ.Գ. -1991թ. ինձ բախտ վիճակվեց Հայաստանի հեռուստատեսությամբ վարելու հայոց զինանշանին, դրոշին եւ հիմնին նվիրված հաղորդումների մի շարք՝ ժամանակի անվանի մտավորականների, արվեստագետների մասնակցությամբ։ Այն ժամանակ ես այդպես էլ չկարողացա, հնարավորություն չունեցա (գուցե նաեւ չհամարձակվեցի) գոնե ընդհանուր գծերով ներկայացնելու իմ այս պատմությունը։ Երբ իմ ապրումների մասին պատմեցի ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Գրիգոր Խանջյանին, նա խորհուրդ տվեց եւ խնդրեց, որ պատմածս անպայման թղթին հանձնեմ։ Եվ ահա կատարում եմ Վարպետի խնդրանքը՝ 20 տարի ուշացումով՝ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի օրը։

Գ.Ա.

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Հոգևոր-մշակութային


13/10/2011