Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՏ



Հրադադարը նոր էր հաստատվել։ Երդման արարողությունից հետո ծնողներն ու հարազատներն իրենց զինվոր որդիների հետ ծառերի ստվերում սեղան էին գցել ու աշխույժ զրույցի բռնվել։ Սեղաններն առատ էին. պարզ էր, որ վերադառնալով՝ նրանք օրեր շարունակ ապրելու են նեղության մեջ, սակայն առանց զավակին կերակրելու հայ ծնողի կոկորդից պատառը ներքեւ չի գնա։ Ու սեղանի համեղ պատառներն այսուայն կողմից փոխանցվում էին զինվորներին։ Մի քանիսի ծնողներն ինչ-ինչ պատճառներով չէին եկել, սակայն եկած ծնողներն ու կարանտինում արդեն ընկերություն հաստատած տղաները նրանց «ստիպելով», համոզելով բերել էին իրենց սեղանների մոտ։ Աշխույժ խոսք ու զրույցի պահին հայացքս ընկավ գլուխը կախ, կիսադեմով (փորձում էր դեմքը թաքցնել սեղանակիցներից) մի զինվորի, որի ծնողները բացակայում էին։ Նա անխոս, դանդաղ ծամում էր, ու ամեն պատառ կուլ տալիս աչքերից արցունքի կաթիլներ էին ընկնում։ Թեւքով արագ սրբում էր ու շարունակում ուտել` դանդաղ, անշտապ։ Հարցուփորձով իմացա, որ հայրը մահացել է, իսկ մայրը հնարավորություն չի ունեցել գալու, սակայն որդու համար սննդի մի կապոց է ուղարկել։ Այդպիսին է մայրական սիրտը:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Հոգևոր-մշակութային


13/10/2011