Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱՐԳՎԱԾ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ



-Քրիստոնյաներից լսելով Աստծո խոսքը` ես դարձի եկա,- պատմում է մի նորադարձ եղբայր։ -Տիրոջ հետ հաշտվելու այդ ներքին ուրախությունս այնքան նոր ու անբացատրելի զգացմունք էր, որ ուզում էի անպայման բոլորի հետ կիսել ուրախությունս։ Ու քանի որ իմ մոտիկ մարդկանցից որպես բարեպաշտի միայն տատիս գիտեի, առաջինը նրան պատմեցի իմ հոգեվիճակի մասին։ Նա էլ, լսելով միայն մի նախադասություն, ասաց. «Մեռնեմ խաչի զորությանը»։ Ես զարմացած հարցրի, թե ի՞նչ է դա նշանակում։ Նա էլ հոժարությամբ հետեւյալ դեպքը պատմեց.

«Փեսաս մի օր թոռանս ուղարկեց գյուղի ծայրում գտնվող աղբյուրը՝ ջրի։ Թե երեխան ինչ չարաճճիություն էր արել այնտեղ, չգիտեմ, բայց աղբյուրի մոտ կանգնեցված փոքրիկ խաչքարը ընկնում ու թեթեւակի ճանկռում է սրա քիթը։ Փեսաս էլ, տեսնելով երեխայի ճանկռված երեսը ու իմանալով պատճառը, սկսում է հայհոյել Խաչը։ Այդ պահին հանկարծ տանեցիներիս աչքի առաջ թոռս այլայլվելով գետին է ընկնում ու սկսում ընկնավորի պես փրփուրը բերանին թավալվել։

Ոտ ու ձեռ ընկած` իսկույն գյուղի բանիմաց բժշկին կանչեցինք։ Նա էլ հենց հիվանդին տեսավ, չգիտես ինչպես, իսկույն հասկացավ պատճառը ու տղայի կարկամած հորը հարցրեց. «Կարո՞ղ է սուրբ բանի դեմ բերան է շաղ տվել»։ Լսելով, որ հայրն ինքն է Տիրոջ Սուրբ Խաչը հայհոյելով անարգել, խիստ հանդիմանանքով ասաց. «Շանորդություն ես արել, մինչեւ մեղա չգաս, տղադ լավացողը չի»։

Հասակ առած այդ մարդը իսկույն ծնկի է գալիս ու իրենց տան շեմից մինչեւ աղբյուրի խաչքարը չոքեչոք հասնում, խաչքարի մոտ կուրծքը ծեծելով լացով մեղա է գալիս եւ դեռ տուն չվերադարձած` տղան արդեն բժշկված է լինում»։

Ու այդ դեպքից հետո տատիս սիրած խոսքը դարձավ «մեռնեմ Խաչի զորությանը»։

Հիմա էլ, չնայած տարիներ են անցել, բայց միշտ զարմանում եմ այդ հավատքի վրա, որ ունեին ադրբեջանական հողում ծվարած գյուղի բնակիչները։ Մարդիկ, որոնք Ավետարան չէին կարդացել, բայց իրենց սրտերում Աստծո կենդանի երկյուղն ունեին, Խաչի մասին չէին կարդացել, բայց տեղյակ էին Խաչի զորությանը։

Մ.ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ «Խաչապատում» գրքից

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Հոգևոր-մշակութային


13/10/2011