Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՈՒՆ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐԻ



ՀԱՆՈՒՆ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐԻՌուսաստանի Դաշնությունում և Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հնդկաստանի, Իրանի Իսլամական, Չինաստանի Ժողովրդական հանրապետություններում առաջիկայում անցկացվելու է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը, որի մի քանի մրցաձևերին մասնակցելու են նաև ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Մրցաշարի շրջանակում «Անվտանգ միջավայր» մրցույթին մասնակցելու նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է մեկնել ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի զինծառայողների խումբը:

«Անվտանգ միջավայրը» զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական հետախուզության լավագույն հաշվարկների մրցույթ է: Հայ զինծառայողներն արդեն երկրորդ անգամ են մասնակցում մրցույթին: Նախորդ տարվա ելույթը, կարելի է ասել, փորձնական էր. մեր մասնագետները ծանոթացել են այլ պետությունների թիմերի հնարավորություններին, մրցավարական առանձնահատկություններին, կանոններին, նաև մասնագիտական մեծ փորձ են ձեռք բերել:

Այս տարի մրցույթին պատշաճ ներկայանալու համար ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի զինծառայողները զորավարժարաններից մեկում անցկացրել են նախապատրաստական պարապմունքներ: Նպատակային վարժանքների միջոցով կատարելագործվել է հավաքական խմբի ֆիզիկական, կրակային, մասնագիտական պատրաստության աստիճանը: Օրերս ՉԺՀ մեկնելուց առաջ մեր զինծառայողներն անցկացրին մրցելույթի գլխավոր փորձը:

…«Բաղրամյան» զորավարժարանում ենք: Սաստիկ շոգ է, սակայն մասնակիցների վարժանքների համար իդեալական պայմաններ են. Չինաստանում ավելի շոգ է, մրցույթն էլ անցկացվելու է կիսաանապատային տեղանքում: Մրցույթի վարման կարգին ու չափորոշիչներին համապատասխան՝ զորավարժարանի տարածքում կահավորվել է երթուղի: Պարապմունքն սկսելուց առաջ անձնակազմին հրահանգավորում է ՌՔԿՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Տ.Գևորգյանը: Քննարկվում են նաև Չինաստանում տեղաբաշխման, կազմակերպչական բնույթի տարբեր հարցեր:

Մեր երկիրը ներկայացնելու են երեք անձնակազմեր՝ երկու հիմնական և մեկ պահեստային: Մեկ թիմի կազմում երեք զինծառայող է՝ մեքենայի հրամանատար, քիմիկ-հետախույզ, մեխանիկ-վարորդ: Նրանք են դուրս գալու երթուղի, սակայն պակաս կարևոր չէ նաև սպասարկող անձնակազմի դերը: Տեխնիկներն ու ընթացամասի մասնագետները հարկ եղած դեպքում գիշերներն էլ աշխատելու են, որ ամեն օր վաղ առավոտյան մեր ստորաբաժանմանը կցված ռազմական տեխնիկան սարքին վիճակում լինի, ապահովի մեր տղաների հաջող ելույթը:

ՀԱՆՈՒՆ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐԻԱնձնակազմերից առաջինը մեկնարկային գոտում է: Վաշտի հրամանատար, կապիտան Մ.Կարապետյանը սեղմում է վայրկենաչափը: Տղաներն արագ նստում են հատուկ նշանակության ամենագնացն ու սահմանված երթուղով մեկնում նշանակման վայր: Քիչ անց նրանք կորչում են տեսադաշտից: Վաշտի հրամանատարն անհամբեր ստուգում է ժամանակը. առաջադրանքը ճիշտ կատարելուց բացի, միավորներ է բերում նաև արագությունը: Զրահատեխնիկայով հատուկ արգելագոտու հաղթահարումից հետո անձնակազմը նախորոշված տեղանքում գործնական խնդիր է կատարում: Նրանք պետք է ռադիացիոն-քիմիական հետախուզման սարքերով հայտնաբերեն զինտեխնիկայի պայմանական վարակված տեղամասերը, ռադիացիոն վարակի հիմնական օջախները, ապա իրականացնեն տվյալ հատվածների մասնակի հատուկ մշակում:

Խնդիրը կատարելուց հետո նրանք վերադառնում են: Հեռվում ավազի ու փոշու ամպ է բարձրանում, և մեկ-երկու րոպեից երևում է ամենագնացը, կտրուկ շրջադարձ է կատարում և արգելակում արգելագոտու հաղթահարման տեղամասի մոտ: Այստեղ ստուգվում է մասնակիցների ֆիզիկական պատրաստության աստիճանը: Տղաները վազքով անցնում են առաջին հատվածը, ապա ճոպանն ու պարաններով սանդուղքը: «Ավարտ» կետին հասնելուց հետո վաշտի հրամանատարը գոհունակությամբ նշում է. առաջադրանքը կատարել են  տասներկու րոպեից էլ քիչ ժամանակում: Բոլոր անձնակազմերն էլ գրեթե նույն ժամանակն են ապահովում, ընդ որում՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ առաջընթացը զգալի է:

Տեղափոխվում ենք կրակային դիրք, ուր մասնակիցները մարտական հրաձգություն են իրականացնում շարժվող և անշարժ թիրախների ուղղությամբ: Մասնագիտական պատրաստության հետ մեկտեղ մրցավարական հանձնաժողովը գնահատելու է նաև թիրախների խոցման արդյունավետությունը: Թիմերի գործողություններին ուշիուշով հետևում է վարչության սպայակազմը: Նրանք համակողմանի ուսումնասիրել են թիմի անդամներից յուրաքանչյուրի գործողությունները, անհրաժեշտ ցուցումներ տվել և օգնել մեթոդապես:

Պարապմունքներն ավարտվում են: Հաջորդ օրն անցկացվում է մեկնող անձնակազմի շարային ստուգատես ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովը փաստում է, որ մասնակիցները պատրաստ են մրցմանը: Տրվում են վերջին հանձնարարականները, և տղաներին ճանապարհում են Չինաստան՝ նրանցից ակնկալելով գերազանց պատրաստությանը համարժեք արժանապատիվ մրցելույթ:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #28 (1299) 24.07.2019 - 30.07.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


25/07/2019