Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՋԱԽԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՅՈՒՆԵՐԸ



ՕՋԱԽԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՅՈՒՆԵՐԸՀայոց հողում զորակոչ է…

Հայաստան աշխարհի հեռու-մոտիկ անկյուններից կենտրոնական հավաքակայան են մտնում զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսները:

Հավաքակայանում ամեն ինչ հստակորեն կարգավորված է՝ նորակոչիկների դիմավորում-ընդունումից մինչեւ ծառայավայր մեկնելը: Դիմավորող-ընդունող կետում մուտքագրում են զորակոչիկների տվյալները, հատկացնում թվապիտակներ, որից հետո երիտասարդներն անցնում են բուժզննում:

-Փորձառու բժիշկ-մասնագետներով համալրված խումբ է աշխատում, արվում է առավելագույնը, որ բանակը համալրվի միայն առողջ երիտասարդներով,- վստահեցնում է Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բուժծառայության մայոր Գեւորգ Շահսուվարյանը:- Զինկոմիսարիատներում հետեւողական աշխատանքի արդյունքն ակնհայտ է՝ երիտասարդները հիմնականում  մանրակրկիտ հետազոտված են ներկայանում կենտրոնական հավաքակայան:

Զորակոչիկների մի խումբ հավաքակայանի ճաշարանում բանակային առաջին կալորիաներն է ընդունում. արդեն մի քանի զորակոչ է՝ զորակոչիկները սնվում են հավաքակայանում:

«Զինվորական մենյուն» բավականին բազմազան է, հագեցած:

Մի այլ խումբ էլ հանդերձարանում համազգեստ է փորձում, դեռեւս անվարժ են, միմյանց աշխատում են օգնել, խորհուրդներ տալ՝ թեւքերն այսքան պետք է ծալել, գոտին այսպես կապել…. Արդեն հստակ գիտեն՝ զինվորական համազգեստի ոչ մի մանրուք սխալ չպետք է լինի՝ ծառայած  ընկերներն են ասել:

Դե, գոտին պինդ ձգեցին, զինվորական կոշիկի քուղերն էլ ամուր կապեցին ու հաղթ հասակով կանգնել եւ ժպտալով նայում են հայելուն՝ հայելու միջից զինվորն է ժպտում…

-Դե, հագանք-կապեցինք, հիմա էլ գնանք ընտրությունների՝ վիճակահանության մասնակցենք,- կատակում են տղաները:

Վիճակահանության սենյակում ապակեպատ թմբուկից  ամեն մեկը հանում է իր ապագա ծառայավայրի համարը:

-Սկզբում ուսումնական զորամասում եմ ծառայելու, հետո կտեղափոխվեմ հիմնական զորամաս,- ներկայանում է Նարեկ Գասպարյանը: Նարեկը Գեղարքունիքի մարզի  Երանոս համայնքից է:-Անկեղծ ասած՝ ինձ համար տարբերություն չկար, թե որտեղ կծառայեմ, ուր էլ գնամ, մեր երկիրն է: Եղբայրս  էլ է ծառայում, վեց ամսից զորացրվելու է: Պատվով կծառայենք, կվերադառնանք մեր գյուղ՝ աշխարհի ամենասիրուն, ամենախաղաղ գյուղը: Հա, իմիջիայլոց, էս վերջերս եմ իմացել՝ Երանոս հունարեն նշանակում է խաղաղասեր, խաղարարար:

-Դե, հենց էդ է՝ խաղաղարարները գնում են խաղաղությունը պահպանելու,- սրամտում է Նարեկի ձորագյուղցի ընկերը՝ Ժորան, ու վիճարկում է  Երանոսի ամենասիրուն գյուղը լինելու տարբերակը. «Ինձ հմար՝ Ձորեգեղ հմենեն սիրունն է»:

Երիտասարդներն ինքնամոռաց, առարկություն չընդունողի վճռականությամբ, մեկմեկու հերթ չտալով՝ թվարկում են իրենց ծննդավայրի առավելությունները,  բայց հետո համոզիչ հայտարարի են գալիս՝ աշխարհում շատ ու շատ սիրուն քաղաքներ ու գյուղեր կան, սակայն ամեն մարդու համար ամենասրտամոտն ու գեղեցիկը հարազատ բնօրրանն է:

Հավաքակայանում խառնվել են խա-ն ու ծո-ն, իմալն ու ինչխը…Ամենքն իրենց տարածաշրջանին բնորոշ խոսակցական համուհոտով տաք-տաք զրուցում են, կատակներ անում, ծանոթանում իրար հետ, ընդհանուր ընկերներ գտնում ու արդեն մտերմացած, հարազատի պես միմյանց բարի ծառայություն, բարի վերադարձ մաղթում:

Զինվորագրվելու նպատակով արտերկրից հայրենիք վերադարձածներն էլ այս զորակոչին քիչ չեն:

Տաշիրցի Փեթակչյան Վալենտինը Նովոռոսիյսկից է եկել, Համլետ Մուրադյանն էլ՝ Յարոսլավլից:

-Ռուսաստանից եկել ենք, սրտի թելադրանքով ենք եկել, ոչ թե պարտադրանքով, -շեշտում է Համլետը:- Ապրիլյան պատերազմի ժամանակ իմ հարազատներից Արտակ Պետրոսյանը զոհվեց… Տանկիստ էր Արտակը ու հայրենիքին նվիրեց ամենաթանկը՝ կյանքը… Այդ օրվանից ավելի վճռական  ու ավելի հաստատապես որոշեցի ծառայել հայրենիքում. մեր հողն ու ջուրը, մեր երկինքը, մեր ծնողներին ու հարազատ մարդկանց մենք պիտի պաշտպանենք:  Օտարի հողը, որքան էլ որ լավը լինի, միեւնույն է՝ հայրենիք չի դառնա:

-Հայրս էլ ապրիլյան պատերազմին մասնակցել, վիրավորվել է,- զրույցին միանում է Վազգեն Սուքիասյանը Ներքին Գետաշեն գյուղից,- հայրս միայն մի խորհուրդ է տվել՝ դուխով կծառայեք  ու ամուր կպահեք հային հայ պահող հողը:

-Հիմա մեր սերունդն է գնում մեր պապերի,  մեր հայրերի, մեր եղբայրների անցած  ճանապարհով: Եղբայրս  այս պահին առաջնագծում է ծառայում, գնում եմ եղբորս մոտ,- ասում է զոլաքարցի Արման Հակոբյանը,- անհամբեր սպասում եմ մոտակա հանդիպմանը, ինքն էլ էնտեղ ինձ է սրտատրոփ սպասում: Միասին ավելի թեթեւ կանցկացնենք բանակային կյանքի հեշտ ու դժվար օրերը:

Էդգար եւ  Գոռ Հակոբյան եղբայրներն էլ միասին են զորակոչվել, Արարատի մարզի Այնթապ գյուղից  են:

-Պոլիտեխնիկն  եմ ավարտել,- ասում է Էդգարը,- կարող էի ուսումնական զորամաս գնալ, բայց նախընտրեցի ընդհանուր հիմունքներով ծառայել, որ եղբորս հետ  միասին նույն զորամասում լինենք: Մեր ավագ եղբայրը՝ Կարենն արդեն ծառայել է, ասում է՝ բանակում ձեր պահվածքից, ձեր ազնիվ փոխհարաբերություններից  շատ բան է կախված:

-Ձեր, արդեն նաեւ մեր զինվորական ամսագրում անպայման գրեք՝ բանակ ենք գնում ուրախ սրտով  ու հայրենիքն ամուր պահելու վճռականությամբ,- ասում են տղերքը:

ՕՋԱԽԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՅՈՒՆԵՐԸ♦♦♦

Հավաքակայանում օրվա ամենահուզառատ պահն է՝ ծնողները պետք է հրաժեշտ տան զինվոր զավակներին: Մեր  նորաթուխ զինվորներն  ամուր-ամուր գրկում են հարազատներին. այդպես ամուր էլ հայրենիքն են պահելու…

-Երկրորդ որդուս եմ ճանապարհում բանակ,  հիմա արդեն երկու զինվորի մամա եմ- արցունքախառն ժպիտով ասում է մարտունեցի Լիլյան,- Ամենակարող Տեր, այնպես արա, որ մեր  երեխեքը խաղաղ ու անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց մայրերի գիրկը…

Հավաքակայանում հուզմունքն ու հպարտությունը միախառնվել են՝ օջախի սյուները հիմա հայրենիքի սյուներն են, հայրենիքի ամուր  հենարանը…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (1297) 10.07.2019 - 16.07.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/07/2019