Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ



ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՎԱՅՈՑ ՁՈՐԻ   ՄԱՐԶ

 

Տարածքը –     2308 քառ. կմ

ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը-     7.8%

Մարզկենտրոնը`     ք. Եղեգնաձոր

Տարածաշրջանները`    Եղեգնաձոր, Վայք

Քաղաքները`         Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ

Ամենաբարձր կետը ծովի մակարդակից –    3522 մ (Վարդենիս լ.)

Ամենացածր կետը ծովի մակարդակից –       850 մ

Բնակչությունը –        49.6 հազ. մարդ (2018 թ-ի դրությամբ)

 

Վայոց ձորի մարզը Հայաստանի Հանրապետության հարավարևելյան մասում է: ՀՀ մարզերի շարքում Վայոց ձորը տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է: Այն զբաղեցնում է 2308 քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքից` ԼՂՀ-ին, հարավ-արևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանի Հանրապետությանը, արևմուտքից` Արարատի մարզին: Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից: Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտնաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբերող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր: Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով: Իսկ 2008թ. միջազգային հնագիտական արշավախմբի նոր հայտնագործությունը Վայոց ձորում ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարզը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ: Արշավախումբը Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտնաբերեց 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ, որն առայժմ ամենահին կոշիկի նմուշն է աշխարհում: Այժմ այն պահվում է ՀՀ պատմության թանգարանում: Քարանձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս): Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին վկայությունն է:

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸՀայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակել է Մովսես Խորենացին: Դեռևս մ.թ.ա. VIII դ. Վայոց ձորի ներկայիս տարածքն ընդգրկված է եղել Ուրարտական թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ` կազմելով Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառը: Եղել է բազմաթիվ իշխանությունների նստավայր, հատկապես ծաղկում է ապրել Զաքարյան, Պռոշյան և Օրբելյան իշխանությունների տիրապետության օրոք (XII-XIVդդ): XIII դ. պատմության մեջ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Վայոց ձորի 94 բնակավայրերի անուն: Այդ դարերում են կառուցվել բազմաթիվ նշանավոր եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ, քարավանատներ, որոնք այսօր զբոսաշրջային կարևոր օբյեկտներ են և Վայոց ձորի հարուստ պատմության լուռ վկաներն են: Միջնադարում Վայոց ձորի տարածքով է անցել Մետաքսի մեծ ճանապարհը, որն այսօր Մարտունի-Եղեգնաձոր խճուղին է:

Վայոց ձորի պատմության վատագույն ժամանակաշրջանը XV-XVII դարերն են, երբ թրքախոս ցեղերն ու իրանական զորքերը ավերել են շեն գյուղերը, տեղահանել բնակչությանը: Ռուսաստանին միանալուց հետո այն կազմում էր Երևանի նահանգի Շարուր-Ղարալագյազի գավառը: 1918-20թթ. եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում, 1920-1991թթ.` Խորհրդային Հայաստանի: 1929-1930թթ. մարզի ներկայիս տարածքը բաժանված էր Եղեգնաձորի և Ազիզբեկովի (այժմ` Վայք) շրջանների միջև, 1991թ. մտել է Հայաստանի անկախ Հանրապետության կազմի մեջ` ենթարկվելով 1995թ. վերջին վարչատարածքային փոփոխությանը, որից հետո վերը նշված շրջանները միավորվել են Վայոց ձորի մարզի մեջ:

Մարզն ունի կտրտված մակերևույթ` լայն, խորը ձորերի և բարձր լեռների տարածք է: Հարևան մարզերի հետ կապող ճանապարհները անցնում են բարձրադիր, դժվարամատչելի և ոլորապտույտ լեռնանցքներով: Գեղարքունիքի մարզի հետ կապված է Սուլեմայի լեռնանցքով (2410մ), Արարատյան գոգավորության հետ` Զովաշենի (Թուխմանուկի) լեռնանցքով, Սյունիքի հետ` Որոտանի լեռնանցքով: Մարզի կենտրոնով ձգվում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր-Վայք-Մեղրի-Իրան միջպետական նշանակության մայրուղին:

Վայոց ձորը խոր կիրճերի, բարձրադիր լեռների, սառնորակ աղբյուրների ու սրընթաց գետակների և խորհրդավոր քարանձավների երկիր է: Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված մի թասաձև գոգավորություն` բարդ և խիստ մասնատված մակերևույթով: Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850մ (Արենի) մինչև 3522մ (Վարդենիսի լեռ): Այս մարզին բնորոշ են լանդշաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանավորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը: Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան: Մարզի արևելյան սահմանը Սյունիքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով: Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735թ. ավերված Մոզ քաղաքի ավերակները: Նշենք, որ Մոզ քաղաքը կործանվել է հրաբխի ժայթքումից և երկրաշարժից:

Կլիման աչքի է ընկնում չորությամբ: Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում: Բնական հիմնական լանդշաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են: Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը: Մարզի տարածքում հայտնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ:

Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է. 1650 բուսատեսակներից 1500-ը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը: Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700հա): Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են: Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսրանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը: Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորված նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը: ՀՀ-ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորում: Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղները, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը: Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր` հայկական իժ, գյուրզա:

Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»: Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր: Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ:

Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով: Հիմնական զարկերակը Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92կմ, 2080մ քառ. ջրահավաք ավազանով: Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, թափվում է Արաքս գետը, Նախիջևանի տարածքում: Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ, որոնցից են Ջերմուկի (Ջրահարսի ջրվեժը) և Հերհերի ջրվեժները: Ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ վայրերից է, հատուկ պահպանվող տարածք: Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով: Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից: Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն:

 

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին

 

Եկեղեցին կառուցվել է 1321 թ. արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից, որը նաև Նորավանքի պատվիրատուն է: Ճարտարապետը ժամանակի ճանաչված քանդակագործ ու մանրանկարիչ Մոմիկն է:

1302թ. Մոմիկը ծաղկում է իր լավագույն աշխատանքը համարվող «Պատերազմի Ավետարան» (առանձնանում են «Համբարձում» և «Հրեշտակի հայտնությունը սուրբ կանանց» մանրանկարները): Տեսողության աստիճանաբար վատթարացման պատճառով 1307թ. նա չի կարողանում ավարտին հասցնել իր վերջին ավետարանը: Մոմիկն իր ողջ տաղանդն այնուհետև ուղղում է ճարտարապետությանն ու քանդակագործությանը և ստեղծում այնպիսի բարձրարժեք գործեր, ինչպիսիք են նրա աշխատանքները Նորավանքում, Տաթևում, Եղեգիսում (Զորաց եկեղեցի), Գլաձորում և այլուր:

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸՍուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով: Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված «Տիրամայրը` մանուկ Հիսուսը գրկին» հոյակերտ բարձրաքանդակը: Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական` ժամանակի հագուստով: Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով: Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը` հենված երկու որմնամույթերի և երկու առանձին սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին: Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները: Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր: Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն: Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են:

Արենիի միջնադարյան ավերակներ. Միջնադարյան Արենին Օրբելյան իշխանական տան մեծ կալվածքն էր: XIIIդ. Օրբելյան Տարսայիճ իշխանը Սյունիքի իշխանանիստ կենտրոնը Եղեգիս ավանից փոխադրել է Արենի, դարձրել է իր նստավայրը: Նրա ապարանքի ավերակները գտնվում են անմիջապես եկեղեցու հարևանությամբ:

Արփա գետի հին հունի վրա պահպանվել են լայն քառաթռիչք կամրջի (13-րդ դ.) մնացորդները: Կամրջի պատվիրատուն Նորավանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսն է:

Մատուռներ. Արենի գյուղի տարածքում պահպանվել են միջնադարյան մի քանի մատուռներ և խաչքարեր: Դրանց մի մասը բնակելի տների բակերում են, մյուսները` գյուղի շրջակայքում: Դրանց թվում են Սուրբ Սարգիս քարայր-մատուռը և Սուրբ  Գրիգոր Նահատակ մատուռը, որը նման է «Թուխ մանուկ» սրբատեղիին:

Հրաշքաբերդը միջնադարյան ավերված բերդ-ամրոց է: Գտնվում է սարի լանջին, Ամաղու գյուղ տանող ճանապարհի հարավարևելյան կողմում, բարձունքի վրա: Ամրոցը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ (գրված մոտ 1299 թ.), որտեղ նկարագրվում է, թե ինչպիսի հետևանքներ են ունեցել մոնղոլական արշավանքները Սյունիքում Օրբելյանների տիրապետության վրա:

 

Արկազի Սուրբ Խաչ վանք

 

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ արևելք գտնվում է Արկազի Սուրբ Խաչ վանքը, որը նշանավոր ուխտատեղի է և հիշատակվում է VIII դարից: Վանքի ներկայիս եկեղեցին հիմնովին վերաշինվել է 1870-1871թթ.-ին:

Եկեղեցու հարավարևելյան ավանդատանը թաղված է Հիսուսի խաչելության փայտի մի կտորը, այդ պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Ըստ ավանդության` երկար ժամանակ չէին կարողանում որոշել եկեղեցու կառուցման տեղը: Այդ ժամանակ վարդապետին երազում գալիս է Սուրբ Հոգին և պատվիրում է խաչի կտորն ու եկեղեցու կառուցման համար հավաքված գումարը բարձել մի ջորու վրա: Այնուհետև բաց թողնել և հետևել նրան, որտեղ կենդանին կանգ առնի և քնի, այնտեղ էլ կառուցել եկեղեցին: Այդպես էլ անում են: Ճանապարհին մի տեղ ջորին պառկում է, բայց չի քնում, մի քիչ հանգստանում է և շարունակում ճանապարհը: Այդ տեղում խաչքար են կանգնեցնում, որը կանգուն է մինչ օրս: Իսկ երբ սկսում են փորել ջորու քնելու տեղը, որպեսզի եկեղեցին կառուցեն, գետնի տակ մի խաչքար են գտնում, ինչը վստահություն և ոգևորություն է ներշնչում շինարարներին:

 

Շարունակելի

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ենթասպա

Խորագիր՝ #24 (1295) 26.06.2019 - 2.07.2019, Հոգևոր-մշակութային


27/06/2019