Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԱՃՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ Է»



Զրույց պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Պարոն Հարությունյան, սեպտեմբերի 21-ին տոնեցինք Հայաստանի Երրորդ Հանրապետության 20-ամյակը։ Ի՞նչ է անկախությունը մեր ժողովրդի համար:

-Անկախացումը յուրաքանչյուր ժողովրդի կյանքում ամենանշանակալի եւ բախտորոշ իրադարձությունն է։ Հայ ժողովուրդն իր բազմադարյա անկախ ու ինքնիշխան գոյությունից հետո, երբ ընկավ Կիլիկիայի թագավորությունը, երբեք չհամակերպվեց օտարի լծին եւ սերնդեսերունդ պայքարեց անկախ պետականություն ունենալու համար։ 600 տարվա մաքառումից հետո 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին հաջողվեց վերականգնել անկախ պետականությունը, ինչն իրականացվեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքերի կազմակերպած՝ արեւմտահայության Մեծ եղեռնից հետո, երբ հայ ժողովուրդը գրեթե արնաքամ էր եղել։ Սակայն, չնայած օրհասական վիճակին, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ հիմնելու հայկական առաջին հանրապետությունը։ Ցավոք, հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ (երկուսուկես տարի)։ Սակայն, պետք է խոստովանել, որ մենք Առաջին Հանրապետությանն ենք պարտական ե՛ւ Խորհրդային Հայաստանի, ե՛ւ ներկայիս անկախ Հանրապետության համար։ Եթե մայիսյան հերոսամարտերով չկասեցվեր թուրքական առաջխաղացումը, ոչնչացման վտանգը կկախվեր արեւելահայության վրա։ Քեմալական Թուրքիայի եւ Խորհրդային Ռուսաստանի գործարքի հետեւանքով Առաջին հանրապետությունն ընկավ, Հայաստանը զրկվեց իր տարածքների մեծ մասից, անդամահատվեց։ Թուրքիան գրավեց հայկական տարածքների գերակշիռ հատվածը։ Մեր հայրենիքի անդամահատման հետեւանքով նշանակալի տարածքներ հասան Ադրբեջանական ԽՍՀ-ին եւ Վրաստանի ԽՍՀ-ին։

Անշուշտ, պետք է խոստովանել, որ Խորհրդային Հայաստանն իր 70-ամյա գոյության ընթացքում մեծ նվաճումներ ունեցավ տնտեսության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում, սակայն փաստը մնում է փաստ, որ Խորհրդային Հայաստանը անկախ պետություն չէր, այլ խորհրդային ամբողջատիրական կայսրության ծայրամասային տարածքներից մեկը։

Կարող եմ համոզված ասել, որ հայ ժողովրդի դարավոր պատմության ընթացքում չկա մի այնպիսի ժամանակաշրջան, երբ հայ ժողովուրդն այդքան նշանակալի ազդեցություն թողած լինի համաշխարհային պատմության վրա, ինչպես դա տեղի ունեցավ Արցախյան շարժման օրերին։ Արեւելյան Եվրոպայի ժողովուրդների զարմացած հայացքի առաջ մի փոքրիկ ժողովուրդ ձեռնոց էր նետում խորհրդային կայսրությանը։ Եվ նրանք հասկացան, որ Խորհրդային Միությունը բոլորովին էլ անպարտելի չէ, եւ կարելի է պայքար սկսել սեփական անկախության համար։

Անկախությունը ժողովուրդների հարատեւության առաջին պայմանն է։ Օտարի իշխանության տակ (թեկուզ` ամենաժողովրդավարական պայմաններում) ժողովուրդը դատապարտված է ուծացման։ Հիշենք Խորհրդային Հայաստանի օրինակը։ Վերջինիս տնտեսական, մշակութային հաջողությունները ակնառու էին, բայց երկիրը պատված էր ռուսական դպրոցների ցանցով, եւ քաղաքացին առանց ռուսական կրթության չէր կարող աշխատել պետական բարձր կառույցներում։ Շատերը սեփական հայրենիքում՝ Հայաստանում, ռուսերեն էին խոսում։ Ես վստահ եմ, որ եթե այդ վիճակը շարունակվեր եւս 100 տարի, մեր ինքնությունն էապես կվտանգվեր։ Ուկրաինան եւ Բելառուսը Ձեզ օրինակ, այսօր Ուկրաինայի կեսը գործնականում ուկրաիներեն չի խոսում, Բելառուսի գրեթե ամբողջ բնակչությունը ռուսերեն է խոսում։

– Օրինաչա՞փ էին անկախության ճանապարհի այն դժվարությունները, որ վիճակվեցին մեզ պատերազմի եւ խաղաղության տարիներին։

-Բնականաբար, ժողովուրդը ոգեշնչված էր իր անկախությամբ, սակայն, ինչպես պարզվեց, ցանկությունն ու խանդավառությունը բավարար չեն սխալներից խուսափելու համար։ Իշխանության գլուխ եկան պետական կառավարման փորձ չունեցող մարդիկ։ Նրանց կատարած քայլերը երբեմն ծանր հետեւանքներ էին ունենում։ Խոսքը առաջին հերթին վայրագ սեփականաշնորհման ու տնտեսական մենաշնորհի մասին է, ինչը հանգեցրեց տնտեսության անկման, հասարակության բեւեռացման, հասարակության լայն շերտերի ծայր աղքատացման։ Հետընթացն ակնհայտ է գիտության ասպարեզում։

Ուզում եմ խոսել մի կարեւոր խնդրի մասին եւս։ Մենք վատ ենք աշխատել մեր քաղաքացիների հետ։ Անկախության 20 տարիները ի զորու չեղան վերջնականապես ձեւավորելու Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը կունենար պետական մտածողություն, անսահման նվիրվածություն իր հայրենիքին եւ պատրաստակամություն՝ հայրենի հողը պաշտպանելու համար արյուն թափելու, անգամ կյանքը զոհաբերելու։

– Բայց չէ՞ որ մենք ապացուցեցինք, որ հայրենի հողի համար զոհաբերվելու չափ քաջություն ու անձնազոհություն ունենք։

-Անկեղծ ասած՝ մեր մեջ գլուխ պահողների ահռելի բանակ կա` քաջերի, հայրենասերների ու նվիրյալների կողքին։ Եթե ուզում ենք երկիր կառուցել, ապա քաղաքացու հոգեբանության մեջ պիտի ամրագրենք պետական ու հասարակական շահի գերակայության գաղափարը։ Քաղաքացի դաստիարակելու առաջին պայմանը նրա համար աշխատանք ապահովելն ու բարեկեցության երաշխիքներ ստեղծելն է։ Փորձենք հասկանալ, թե որտեղի՞ց ծնվեց «երբ երկիրը լավանա, հետ կգամ» անբարո մտածելակերպը, իսկ ո՞վ պետք է լավացնի մեր երկիրը…

Մենք լուրջ վրիպումներ ունենք քարոզչության ասպարեզում։ Մեր հակառակորդը բառիս բուն իմաստով աշխարհը հեղեղում է ստով, բայց չմոռանանք, որ սուտը հարյուր անգամ կրկնվելուց հետո չիմացողի համար ճշմարտության երանգ է ստանում։ Քարոզչությունը պետք է դառնա պետական հովանավորության ու պետական ուղղորդման առարկա ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության դաշտում։

Մենք ունենք հզոր Սփյուռք, որի տնտեսական կարողությունները հասնում են 106-107 մլրդ դոլարի, բայց մենք չենք կարողանում օգտագործել այդ մեծ հարստությունը, որովհետեւ իրավական դաշտի բացակայությամբ եւ մենաշնորհային վիճակով պարզապես փակում են Սփյուռքի միջոցների ներհոսքը մեր երկիր։ Էստոնիան կարողացավ ոտքի կանգնել՝ շնորհիվ իր սփյուռքի, իսկ մեր սփյուռքը շատ ավելի հզոր է, քան Էստոնիայինը, սակայն չի կարողանում կատարել իր առաքելությունը։

-Պարոն Հարությունյան, ո՞րն է մեր 20-ամյա անկախ պետականության ամենամեծ նվաճումը։

-Անկախության ամենամեծ նվաճումը ազգային բանակն է, իմ կարծիքով՝ լավագույնը տարածաշրջանում, ամենամարտունակը։ Տոնական շքերթը մեկ անգամ եւս հաստատեց, որ ազգային բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն Է։ Բանակը մեր հուսալի ապագայի ամենամեծ երաշխավորն է ու հենարանը։ Բայց անգամ Անկախության փառահեղ տոնը չի կարող պատճառ դառնալ, որ ես անտեսեմ բանակի թերությունները։ Մեր բանակը պիտի ավելի քան օրինապաշտ լինի, ավելի կարգապահ, ավելի բարոյական։ Բանակում չպիտի լինեն հեղինակություններ, «չաստ նայողներ»։

-«Նայողների» ու «հեղինակությունների» ինստիտուտը արմատավորված է հասարակության մեջ` բակային հեղինակություններից մինչեւ մականունավոր գործիչներ: Հնարավո՞ր է բանակում վերացնել մի երեւույթ, որը ներծծված է հասարակության արյան մեջ։

-Հնարավոր է։ Որովհետեւ բանակը փակ ու խիստ ենթակայությամբ գործող համակարգ է եւ կարող է իր հայրենասիրության ավանդույթները ձեւավորել։ Իհարկե, ասածս չի ենթադրում, որ մեր քաղաքացիները, հասարակական ինստիտուտները, կրթադաստիարակչական հիմնարկները պետք է ձեռքները ծալած նստեն։ Հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը ամբողջ հասարակության խնդիրն է, բայց մենք ավելի մեծ սպասելիքներ ունենք այն մարդկանցից, ովքեր արդեն մեկ անգամ ապացուցել են, որ իրենք նվիրյալ են, ովքեր կռվել են Արցախի համար, հաղթել են, ովքեր իրենց ուսերին են առել բանակաշինության դժվարին լուծն ու սեփական կյանքի գնով անկախ երկրի սահմանները պաշտպանելու սրբազան գործը։ Ո՞ւմ ապավինենք, եթե ոչ նրանց։

-Պարոն Հարությունյան, շատ հզոր պետություններ վերացան աշխարհի երեսից։ Մենք, որ ավելի քիչ երաշխիքներ ունեինք գոյատեւելու, մենք, ում վիճակվել էր ապրել աշխարհի ամենաբարբարոս ու արյունռուշտ ազգի հարեւանությամբ, կանք այսօր եւ անկախ պետություն ունենք։ Ինչո՞վ կբացատրեք:

-Հայ ժողովրդի գոյությունը, անկեղծ ասած, ոչ մի տրամաբանության, հաշվարկի եւ օրինաչափության չի ենթարկվում։ Բոլոր նախադրյալները մեր դեմ էին, բայց մենք կանք ու կլինենք։ Ավելին, եթե չլիներ ցեղասպանությունը, եթե մեր արեւմտահայ հատվածը մեծավ մասամբ չբնաջնջվեր, եւ իրագործվեր Սեւրի պայմանագիրը, այսօր Հայաստանը կլիներ առնվազն 17-18 միլիոն բնակչություն ունեցող հանրապետություն։

-Պարոն Հարությունյան, շնորհավորենք մեր վերականգնված պետականության տոնը, ցանկանք, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հավերժական լինի, հավատանք, որ 17-18 միլիոնի մենք դեռ կհասնենք։

-Շնորհավորենք։ Ինքներս մեզ խոսք տանք, որ այսուհետ ավելի եռանդուն ու հավատով կշենացնենք մեր երկիրը, կկառուցենք մեր տունը, կամրապնդենք մեր պետականության հիմքերը, կսիրենք մեր երկիրը տիրոջ եւ որդու սիրով, ավելի քիչ խնդիրներ կկտակենք գալիք սերունդներին։ Եթե մենք դա չանենք, հետագա սերունդները մեզ չեն ների։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Բանակ և հասարակություն


04/10/2011