Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ԵՆՔ...
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ԵՆՔ…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ԵՆՔ...Արաքս գետի ձախ ափին է Փոքր Վեդին, բիբլիական Արարատի հայացքի ներքո:

Քաղաքի մշտական աշխույժ եռուզեռից հետո մի փոքր անսովոր է գյուղի լռությունը, փողոցները գրեթե դատարկ են, մեծ ու փոքր վաղ առավոտից դաշտերում են:

-1922 թվականից գյուղը վերաբնակեցվել է 1915 թվականի Մեծ եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականներով՝ 12 ընտանիք՝ 76  շնչով, Վանից, Մոկքից, Շատախից եւ այլ վայրերից տեղահանված՝ հանգրվանել են այստեղ,-ասում է Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը,- ավելի ուշ՝ 1946 թվականին, գյուղի բնակչությունը համալրվել է Իրանից, Իրաքից, Սիրիայից հայրենադարձներով,  իսկ 1988թ-ից՝  Ադրբեջանից բռնագաղթածներով:

Գյուղի կենտրոնում վեր է խոյանում Եղեռնի զոհերի եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարը։  Արդեն ավանդույթ է դարձել՝ ամեն զորակոչի համայնքապետի  գլխավորությամբ այստեղ  հավաքվում են  ու բարի ճանապարհ  մաղթում հայրենիքի պաշտպաններին:

Ու մինչ ապագա զինվորները կհավաքվեն, հանդիպում եմ գյուղի կին ազատամարտիկ Հեղինե (Ջեմմա) Հովհաննիսյանին: Կին-լեգենդ՝ այսպես են բնորոշում Ջեմմային։ Նրա անունով հայրենի գյուղի դպրոցում դասարան է անվանակոչվել: Որտեղ ասես չի կռվել Ջեմման, ինչ մարտերի ասես չի մասնակցել:  Պատմում են՝ Հակոբ Կամարի գյուղի համար մղվող մարտերից մեկի  ժամանակ, երբ սպառվել է զինամթերքը, Ջեմման դուրս է եկել խրամատից՝ սկսել թուրքերեն երգել ու պարել՝ շեղելով թշնամու ուշադրությունը, մինչև մոտակա դիրքերից ջոկատին զինամթերք է հասցվել: Երեք անգամ վիրավորվել է խիզախ հայուհին ու դեռ կարգին  չապաքինված՝  շտապել է մարտադաշտ, միացել զինընկերներին։

-Հայրս Վանից էր, Ծափանց գյուղից: Թուրքի  յաթաղանից փրկվելով, Դեր Զորի անապատը կտրելով, հազար զրկանք ու ցավ տեսնելով՝ հասել է Հայաստան, տունուտեղ  ստեղծել: Միշտ կարոտով նայում էր  Արարատին ու երազում գեթ   մի անգամ էլ հայրենի տունը տեսնել, մոր գերեզմանին խունկ վառել…Ու հայրենի օջախի կարոտը սրտում անթեղած էլ մարեց… Երեւի հենց հորս կարոտն էլ ինձ զինվոր դարձրեց, զենք վերցրի, որ էս  եղածն էլ չկորցնենք…

Թոռներս ծառայել են այնտեղ, որտեղ ես կռվել եմ,-շարունակում  է Ջեմման,- այս զորակոչին էլ քրոջս թոռն է գնալու՝ Միհրանը: Հպարտանում եմ մեր զինվոր զավակներով: Ամուր, վճռական կանգնած են սահմանին զինվոր  տղերքը, որ մեր բաժին այս հողն էլ հանկարծ կորուսյալ երկիր չդառնա, ու մենք ցավով, ափսոսանքով ու կարոտած աչքերով էլ չնայենք մեր կորցրած եզերքին: Մենք իրավունք չունենք մի թիզ հող զիջելու:

♦♦♦

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆ ԵՆՔ...Ազատամարտիկի որդի է  ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Սեւակ Մկրտչյանը,  Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի  ֆակուլտետում  է ուսանում:

-Հայրս՝ Վանցիկ Մկրտչյանը, Երասխավանում է կռվել:  Պատերազմից խոսել այնքան էլ  չէր սիրում, ցավոտ թեմա էր, բայց երբ հավաքվում էին մարտական ընկերներով, հիշում էին հին օրերը,  հազար դեպք ու դրվագ պատմում, հուզվում, ծիծաղում: Ես սենյակի մի անկյունում նստած՝ լսում էի նրանց խոսքուզրույցը, ու ամեն պատում, ամեն դրվագ ամբողջացնում էր հորս կերպարը, նրա մարտական ընկերների կերպարը, լսում էի տարված ու երազում մի օր ես էլ նրանց նման կռվել ու հերոսանալ: Դեռ չգիտեի՝ ճակատագիրն ինչ անակնկալ է պահել մեր սերնդի համար:

… Ուսումնական զորամասում ծառայելուց հետո տեղափոխվեցի առաջնագիծ: Ուշ գիշեր էր, երբ սկսվեց մղձավանջը: Նախորդ օրը մարտկոցում  հերթապահ էի եղել, մի փոքր հոգնած ու քնատ էի ու առաջին պահին հստակ չպատկերացրի՝ ինչ է կատարվում: Կոտրված ապակիներ, կրակատարափ, ամենը ասես մարտական տեսածս ֆիլմից մի դրվագ էր, ինչը սակայն մեր շուրջն էր կատարվում..  Պատերազմ բառը  սառը ցնցուղի  պես ազդեց մեզ վրա, մի պահ կարկամել էինք, բայց ընդամենը մի պահ… Ամենքս անցանք մեր գործին.. Ես հրանոթի հրամանատար էի,  ու երբ իմանում էինք,  որ խոցել ենք հակառակորդի թիրախը, աննկարագրելի էին մեր ապրումները՝ ուրախությունից գոռում էինք, գլխարկներս երկինք նետում, սուլում…

Հպարտ եմ, որ ինչ-որ չափով կարողացել եմ  օգտակար լինել հայրենիքիս: Նոր գնացողներին էլ  բարի ծառայություն եւ բարի վերադարձ եմ մաղթում, ուզում եմ նաեւ մի կարեւոր խորհուրդ տալ՝ տղե՛րք, ինչ զենք, ինչ տեխնիկա ձեզ վստահված լինի, նախ՝ աչքի լույսի պես պահեք, խնամեք ու  լիարժեք տիրապետեք ձեր մասնագիտական գործառույթներին, թեկուզ անկարեւոր թվացողը կատարյալ սովորեք, աչքաթող մի՛ արեք. ամեն զարգացում էլ հնարավոր է, լավ տիրապետեք զենքին:

♦♦♦

-Իմ երկու եղբայրներն էլ ծառայել են առաջնագծում, հիմա իմ հերթն է,  ուզում եմ  տանկիստ լինել,- Սամվել Յուրդամյանն է: -Միեւնույն է՝ որտեղ կծառայեմ, կարեւորը՝ հայրենիքս եմ պաշտպանելու:

-Իմ ավագ եղբայրն էլ է ծառայել,- զրույցին միանում է Կարեն Աղամալյանը:-Ամեն հայ տղա պիտի ծառայի: Ծառայությունից հետո ուսումս կշարունակեմ գյուղինստիտուտում:

-Եթե բանակային կյանքը, զինվորական միջավայրը   դուրս գա, չի բացառվում, որ զինվորականի մասնագիտություն ընտրեմ,-ասում է Շմավոն Թեւանյանը: Շմավոնը  մարզիկ է, եղբոր օրինակով է զբաղվում ըմբշամարտով: Եղբայրը՝ Վազգեն Թեւանյանը, սպորտային ասպարեզում լուրջ նվաճումներ ունի. 2018 թ. օգոստոսին Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վազգենը 5:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ դարձավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն: Համացանցով շատերը տեսած կլինեն, թե պարտված ադրբեջանցի մարզիկն ինչպես էր լաց լինում մրցանակաբաշխության ժամանակ:

♦♦♦

Մի քանի օրից գյուղում կթնդա երգ-երաժշտությունը, անխախտելի կարգ է. քեֆ-ուրախությամբ ճանապարհում են, որ  նույնպես էլ դիմավորեն:

-Մեր տղերքը պատվախնդրորեն կծառայեն,- վստահեցնում է համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանն ու փաստում.-զորամասերից շնորհակալագրեր շատ-շատ ենք ստացել: Խաղաղ երկնքի տակ թող ծառայեն բոլորը: Մեկը երկու տարի է ծառայում, մեկը՝ հինգ, մեկը՝ քսան… Ամենքս էլ Հայրենիքի զինվոր ենք ընդմիշտ…

Համայնքի ղեկավարն ինքն էլ զինվորականի հայր է, որդին՝ Սահակը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն  է ավարտել, ծառայում է առաջնագծում:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ