Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորատեսակը ձեւավորվեց պատերազմական ծանր ու դժվարին ժամանակահատվածում: Խորհրդային երկրի փլուզումից հետո Հայաստանում եղած զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաեւ ռադիոտեղորոշիչ միջոցները հանված էին մարտական վիճակից: Ժամանակի ընթացքում ծավալուն աշխատանք կատարվեց հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման եւ կատարելագործման ուղղությամբ. տեղադրվեցին ռադիոտեղորոշիչ, զենիթահրթիռային համակարգեր, մեկը մյուսի հետեւից կազմավորվեցին մարտական դիվիզիոններ:

ՀՕՊ զորատեսակի ստորաբաժանումների մարտունակության եւ սպառազինության ապահովվածության շնորհիվ այսօր մեր երկրի օդային սահմանները հուսալիորեն պաշտպանված են:

 

Փոխգնդապետ Արամ Ադիլխանյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնում ենք, որը ձեւավորվել է զորամասի մարտկոցի հենքի վրա: Դժվար ու պատասխանատու խնդիր է իրականացնում դիվիզիոնը, բայց ստորաբաժանումն ունակ է կատարելու ամենաբարդ առաջադրանքը:

-Հակառակորդի մշտամնա ներկայությունը մեզ պարզապես պարտադրում է առավել կատարելագործելու մարտական պատրաստվածությունը, շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, մարտական հաշվարկները միշտ տեղում են, հետեւում են տարածաշրջանի օդային իրավիճակին: ՀՕՊ համակարգը գործում է թիմային, փոխկապակցված աշխատանքի շնորհիվ: Թիրախի խոցման վերջնական արդյունքը կախված է հաշվարկի յուրաքանչյուր անդամից, հաշվարկների միջեւ ներդաշնակ գործակցումից,- նշում է դիվիզիոնի հրամանատարը:

Արամ Ադիլխանյանը 1993-94թթ. ծառայել է Քարվաճառում, մարտական գործողությունների մասնակից է:  Նրա ծառայությունը գնահատվել է գերատեսչական բազմաթիվ մեդալներով եւ պատվոգրերով:

Ադիլխանյանների չորս հոգուց բաղկացած ընտանիքում երեքը զինվորական են, կինը պլանշետավար է, տղան էլ սովորում է ՌԴ ռազմական ակադեմիայում:

-Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ես, որպես ժամկետային, դարձյալ ՀՕՊ-ում եմ ծառայել. «Стрела-10» համակարգի օպերատոր էի: Տղաս էլ այսօր ռազմական կրթությունը շարունակում է հակաօդայինի մասնագիտությամբ: Հակաօդայինի մասնագիտությունը մի առանձնակի վեհություն ունի՝ խաղաղ երկնքի սահմանապահներ…

♦♦♦

Դիվիզիոնը համալրված է կադրային սպաներով, որոնց մեծ մասը Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանն է ավարտել: Բոլորն էլ իրենց մասնագիտության գիտակ, մարտական տեխնիկային գերազանց տիրապետող սպաներ են:

-Ռադիոտեղորոշման հայտնաբերման ուղղությամբ ունենք առաջխաղացում՝ «MG» սրատես համակարգեր են տեղադրվել,- շարունակում է դիվիզիոնի հրամանատարը: – Մեր տեխնիկան շատ մոբիլ է, կարող է ե՛ւ հայտնաբերել նշանակետը, ե՛ւ որսալ, ե՛ւ ոչնչացնել: Օդում նկատում է ամեն ինչ՝ ե՛ւ հեռավորության, ե՛ւ բարձրության վրա:

♦♦♦

ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸՍտորաբաժանման անձնակազմի հետ մշտապես տարվում են տեսական, գործնական պարապմունքներ, վարժանքներ: Վերջերս էլ դիվիզիոնը մասնակցել էր մարտավարամասնագիտական զորավարժության, վերադաս հրամանատարության կողմից արժանացել «լավ» գնահատականի:

Առջեւում գլխավոր տեսչության ստուգումներն են:

♦♦♦

Ստորաբաժանման անձնակազմը մարտկոցի կազմով մասնակցել է նաեւ ապրիլյան մարտական գործողություններին:

-2016թ. ապրիլի 2-ին մարտական տագնապով տեղափոխվեցինք համապատասխան տեղակայման վայր, տեղ հասնելուն պես, մարտկոցը ստացված խնդրի համաձայն` բացազատվեց նախանշված ուղղություններով: Անձնակազմը բարձր մարտական ոգով կատարեց առաջադրանքը,-նշում է զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Մանուկ Գրիգորյանը:

Մեր բանակի երիտասարդ, խոստումնալից սպաներից է մայորը, իր գործի իսկական նվիրյալ: 14 տարեկանից կյանքը «զինվորական ռելսերի» վրա է՝ սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, հետո գերազանց առաջադիմությամբ ավարտել Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի ՀՕՊ ֆակուլտետը, ծառայել տարբեր զորամասերում:

♦♦♦

Դիվիզիոնում անձնակազմի բոլոր հաշվարկներն իրենց տեղում են, փոխկապակցված, ներդաշնակ աշխատանք է ընթանում:

Ռադիոհեռախոսավար-պլանշետավար, շարքային-պայմանագրային Նադյա Նավասարդյանը հետեւում է օդային իրադրությանը, գծում-արտապատկերում: Օդային տարածքով բոլոր թռիչքները հսկվում են, յուրաքանչյուր շարժ, ամենաաննկատն անգամ, վերահսկելի է:

-Սահմանագիծը մոտ է, եւ մենք, անհրաժեշտության դեպքում, պետք է գործենք վայրկյանների ճշգրտությամբ, առանց հապաղելու,-ասում է դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արամ Ադիլխանյանը: -Հակառակորդը անկանխատեսելի է, նա գործողություններ կարող է իրականացնել ցանկացած ժամանակահատվածում, ցանկացած մասշտաբով: Վստահեցնում եմ՝ պատրաստ ենք դիմակայելու եւ արժանի հակահարված հասցնելու հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգության:

Պատրաստ ենք, ամուր ու վճռական կանգնած ենք՝ մեր օդային դարպասներն անառիկ ու անսասան պահելու: Խաղաղ երկնքի տակ ապրել-արարելն աշխարհի ամենամեծ երջանկությունն է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆԻ