Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՅԱՆՔԸ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
ԿՅԱՆՔԸ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

ԿՅԱՆՔԸ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՄայիսի 27-ին Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ «Կյանքս Արցախին» հուշաքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Այն նվիրվել է ժամկետային ծառայության ընթացքում քաջաբար զոհված երկու շարքայինների` Նարեկ Գասպարյանի և Տիգրան Խաչատրյանի հիշատակին:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին հանրապետական և տարածքային զինկոմիսարիատների ներկայացուցիչները, Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար կազմն ու ներկայացուցիչները, ապրիլյան քառօրյա պատերազմի  հերոսների ծնողները, ազատամարտիկներ, ՊՆ սպայական կազմի, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Խաչքարն օծեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը և կատարեց նաև հոգեհանգստի արարողություն:

Խաչքարի տեղադրման գաղափարը զոհված տղաների ծնողներինն է, իսկ դրա իրականացման գործում մեծ ներդրում է ունեցել թիվ 2 զինկոմիսարիատի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը: Խաչքարի հեղինակը Ռուբեն Նալբանդյանն է, որը Օշականի եկեղեցու բակում տեղադրված քարակերտ այբուբենի, Փարիզում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի և մի շարք այլ ստեղծագործությունների հեղինակն է: Ի դեպ, խաչքարի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաև նախազորակոչային տարիքի երիտասարդներ, որոնք այս կերպ իրենց հարգանքի տուրքն են մատուցել հերոսաբար զոհված զինվորների հիշատակին:

Նարեկ Տիգրանի Գասպարյանը ծնվել է 1997թ. Երևանում: Սովորել է «Օլիմպոս» կրթահամալիրում։ Աշխատասեր ու պարտաճանաչ երիտասարդը, 2015թ. ամռանը զինծառայության անցնելով Արցախի Մարտակերտի շրջանի  զորամասերից մեկում, անմիջապես աչքի էր ընկել նաև ծառայության ընթացքում, բազմիցս խրախուսվել պատվոգրերով։

Նարեկի հայրը` Տիգրանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, և նրա օրինակը մշտապես ոգևորել է որդուն… 2016թ. քառօրյա պատերազմի ընթացքում Նարեկը աչքի է ընկել խիզախությամբ: Սակայն մեկ տարի անց՝ 2017թ. հունիսի 17-ին, ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում, պատերազմի բովով անցած երիտասարդը մահացու հրազենային վիրավորում է ստացել…

Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար Նարեկ Գասպարյանը ԱՀ նախագահի կողմից հետմահու  պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Տիգրան Արմենի Խաչատրյանը ծնվել է 1998թ. Երևանում: Երիտասարդը սպորտով է զբաղվել, Հայաստանի մարտարվեստի առաջնություններում արժանացել բազմաթիվ մեդալների։ Սովորել է Երևանի N157 դպրոցում և «Օլիմպոս» կրթահամալիրում։ Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարան։ Ուսումը կիսատ թողնելով՝ 2016թ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում։

2017թ. հոկտեմբերի 19-ին դիպուկահարի գնդակից զոհված Տիգրանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի