Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ «ԳԻՏԱՀՐԱՁԳԱՅԻՆ» ԴԱՍԱԿԸ



Վերջերս գիտության 16 թեկնածուներ 5 օրով կամավոր զինվորական ծառայության անցան ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Նախաձեռնությունը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, «Արմակադ» ցանցի ղեկավար Խաչիկ Գեւորգյանինն էր: «Փետրվար ամսին Արցախում էի, գնացի Քարվաճառ,- ասում է նա:- Անընդհատ մտածում էի` եթե պատերազմ սկսվի, ես էլ գիտության թեկնածու եմ, երբեք զենք չեմ բռնել, ի՞նչ եմ անելու: Որոշեցի, որ պետք է տարրական զինվորական գիտելիքներ ձեռք բերեմ: Նույնն էլ` գիտության թեկնածու ընկերներս»:

Խաչիկը վերադարձավ Երեւան եւ սոցիալական ցանցերից մեկի միջոցով տարածեց գաղափարը` կամավոր հիմունքներով վերապատրաստվել հայկական բանակում, ծանոթանալ զինվորի առօրյային: Գիտության թեկնածուները արձագանքեցին եւ քննարկումներից հետո որոշվեց նամակով դիմել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախարարության հատուկ հանձնարարականը չուշացավ, եւ գիտության թեկնածուները մեկնեցին բանակ:

Նախաձեռնության մասնակից, քաղաքական գիտությունների թեկնածու Համազասպ Դանիելյանը նշում է, որ գաղափարը հավանել է միանգամից. «Համոզված էի` զինվորի հմտություններ ձեռք բերելը մեզ համար օգտակար կլինի: Այժմ էլ մտածում եմ` լավ կլիներ նախաձեռնությունը շարունակական եւ երկարաժամկետ դառնա, վերապատրաստման գնանք այլ եղանակային պայմաններում»:

Հայաստանում այսօր գիտական տարբեր աստիճաններ ունեցող մոտ 5000 արական սեռի գիտնականներ կան, որոնց մեծ մասը չի ծառայել բանակում, մինչդեռ պատերազմի դեպքում բոլորն էլ զորակոչվելու են:

Համազասպը գտնում է, որ սա հնարավորություն էր ծանոթանալու բանակին, նաեւ` աջակցելու նրան. «Մեր ներկայությունը դրական էր զինվորների համար, քանի որ նրանք համոզվեցին` հասարակության մեջ իրենց ծառայությունը գնահատող մարդիկ կան: Մենք այդ օրերի ընթացքում ոչ միայն զինվորական հմտությունների տիրապետեցինք, այլեւ բազում քննարկումներ կազմակերպեցինք, որոնց արդյունքը կլինի առաջարկությունների փաթեթը, որը պատրաստվում ենք ներկայացնել պաշտպանության նախարարին: Փաթեթում տեղ գտած առաջարկներից է, օրինակ, զինվորի լոգանք ընդունելը դարձնել ամենօրյա»:

Չնայած բանակումը կարճաժամկետ էր, բայց, ինչպես նշում են մասնակիցները, իրենք ապրեցին զինվորի լիարժեք կյանքով` ժամը 6.30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ եւ այլն: «Մեր նկատմամբ վերաբերմունքը մի քիչ ավելի մեղմ էր, բայց զորամասի զինվորներն ասում էին, որ այդպես է նոր եկած ցանկացած զինվորի հանդեպ»,- նշում է Համազասպը:

Եթե մինչ զորամաս գնալը գիտության թեկնածուները պատկերացում չունեին, թե ինչպես է կազմակերպվում զինվորի առօրյան, ապա այժմ համոզվեցին, որ զինվորը զորամասում «շնչելու» ժամանակ չունի.

«Օրը հագեցած էր: Մենք սովորեցինք օգտվել զենքից եւ ռազմական տեխնիկայից, ձեռք բերեցինք ռազմական քարտեզների օգնությամբ եւ առանց դրանց տեղանքում կողմնորոշվելու հմտություններ, ծանոթացանք մարտավարության, հետախուզության հիմունքներին, ինչպես նաեւ` զինվորական կանոնադրությանը: Եղանք դիրքերում եւ ծանոթացանք դիրքերի պաշտպանության տարրական կանոններին»,-պատմում է Խաչիկ Գեւորգյանը եւ ավելացնում, որ իրենք գոհ էին զորամասի ճաշարանից եւ ուտելիքից, հատկապես թեյից. «Մեր դասակը, որն անվանակոչել էինք առաջին գիտահրաձգային դասակ, անհամբեր սպասում էր առավոտյան նախաճաշին` թեյ ըմբոշխնելուն»:

Մասնակիցների առօրյան զինվորների առօրյայից տարբերվում էր միայն նրանով, որ սպայակազմը գիտնականների համար կազմակերպում էր էքսկուրսիաներ, օրինակ` ծրագրի շրջանակներում տղաները եղան Շուշիում: Բացի դրանից, երբ բոլորը քնում էին, սպաները զրուցում էին նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր, հիշողություններ պատմում Արցախյան պատերազմից:

Զորամասում գիտնականներին հնարավորություն ընձեռվեց դասախոսելու զինվորների համար: Թեմաներն էին` կրթության շարունակելիությունը բանակից հետո, կրթվելու առավելություններն ու հնարավորությունները, իսլամը` որպես ուսմունք:

«Պետք է խրախուսել բանակից հետո երիտասարդի` կրթությունը շարունակելու կամ կրթական հաստատություններ ընդունվելու ցանկությունը, պետք է արմատավորել կրթության եւ աշխատելու կարեւորությունը անհատի կյանքում,- ասում է Խ.Գեւորգյանը:- Դա կնպաստի այն բանին, որ բանակից վերադառնալուց հետո զինվորներն իրենց օտարված չզգան: Այս գործում մեծ կլիներ նաեւ հոգեբանների ավանդը: Զորամասում մեզ համար ավելի ակնհայտ դարձավ հոգեբանի անհրաժեշտությունը, քանի որ զինվորները խոսելու, իրենց սիրտը մեկի առաջ բացելու կարիք ունեն: Մի բան պարզ է` բանակը պետք է լինի կյանքի ուղեցույց, բանակից հետո երիտասարդը պետք է հստակ իմանա, թե ինքն ով է, որն է իր դերն ու արժեքը պետության կայացման գործում»:

Գիտնականները կարծում են, որ հանրության ուշադրությունը միայն զինված ուժերի անձնակազմի բացթողումների, պատահարների վրա սեւեռելը, հայ սպայի կերպարն աղավաղելն ու նրան որպես կոպտության կարծրատիպ ներկայացնելը, բոլոր մերժելի երեւույթների համար պատասխանատվությունը սպայակազմի վրա բարդելը հանգեցնում է նրան, որ զինվորականը օտարվում է հասարակությունից.

«Զինվորին ու սպային հասարակությունից տարանջատել պետք չէ, նրանք մեր հասարակությունից են ծնվել: Վերջերս շատ են գրում բանակի թերությունների մասին, սակայն այնտեղ կան նաեւ դրական շատ բաներ, որոնց մասին կիմանաս միայն զինվորի համազգեստ հագնելուց հետո: Բանակը պետք է դառնա ավելի բաց. մեր այցելությունը զորամաս կարող է նախադեպ դառնալ` հասարակության մնացած խավերի համար բանակի դռները տարին մի քանի օրով բացելու համար: Բանակի մասին մեր պատկերացումները լիովին փոխվեցին զորամասի սպաների հետ շփվելուց հետո. սահման պահող սպաներն ուրիշ են, նրանցից շատերով կարելի է հպարտանալ, նրանք պարկեշտ են եւ նվիրյալ»:

Համազասպ Դանիելյանը համոզված է, որ եթե մարդիկ սեփական աչքով տեսնեն զինվորականի աշխատանքը, բանակը չեն գնահատի միայն պատահարների վերաբերյալ տեղեկատվությամբ, ամենակարեւորը` կփոխվի նորակոչիկների վերաբերմունքը ծառայության հանդեպ. «Ես զորամասում հանդիպեցի զինվորի, որը չէր կարողանում հարմարվել ծառայությանը. նա նոր էր եկել եւ չհարմարվելու պատճառն այն էր, որ տանը նրան անընդհատ ասել էին` դու չես ծառայելու, այսինքն` այդ նորակոչիկը տրամադրված չէր ծառայությանը, ինչն էլ խոչընդոտում էր նրա հարմարվելուն: Ընտանիքի դերը կարեւոր է»:

Համազասպի կարծիքով, զորամասում ինքնագործունեության խմբակի առկայությունը նույնպես դրական մեծ նշանակություն ունի: Իրենց զորամասի քսան զինվորները, որոնք երգում են, պարում, նվագում, լիովին «հարմարվել էին զինվորական միջավայրին». «Նրանք միշտ զբաղված են, իսկ զբաղված զինվորը տհաճ պատմությունների մեջ չի ընկնի»:

Նորակոչիկներին զինվոր դարձնելու բարդությունը երիտասարդ գիտնականների համար ավելի քան տեսանելի է, քանի որ նրանք դասավանդում են բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ երիտասարդների հետ շփվելու մեծ փորձ ունեն: Նրանք նշում են, որ անկարգապահները, փողոցային բարքերի կրողները քիչ չեն նաեւ բուհերում.

«Այսօր կեղծ արժեքներ են ներմուծվում բանակ: Դա նաեւ հեռուստատեսության բացասական ազդեցությունն է. ցուցադրվում են այնպիսի ֆիլմեր, որոնցում քարոզվում են փողոցային, հանցավոր բարքեր: Երբ զինվորը խնդիր է ունենում, նա պետք է տեղեկացնի սպաներին, բայց հաճախ դա ծառայակիցների կողմից համարվում է դատապարտելի: Փողոցային լեզուն բանակում իր հետ բերում է նաեւ փողոցային բարքեր»,-համոզված է Խ. Գեւորգյանը:

Ընդհանուր առմամբ, գիտնականները պաշտպանության բանակի զորամասի միջոցով տեսան այն բանակը, որով մենք հպարտանում ենք, որի ուժը մենք գիտենք: Տեսան այն սպային, որը մարտական կուռ կառույցի ողնաշարն է, որը հասկանում է իր ծառայության կարեւորությունը.

«Մեզ հիացրեց զինվորների բանիմացությունը: Ընդամենը չորս ամիս ծառայած զինվորը մեզ հմտորեն բացատրում էր տանկի կառուցվածքը: Մի քանի ամիս ծառայած զինվորները հասցրել էին ֆիզիկապես կոփվել, նույնիսկ մենք մի քանի օրվա ընթացքում զգացինք մեր ֆիզիկական վիճակի փոփոխությունը: Զորահանդեսների ժամանակ տեսնում ենք կարգապահ, հավասար շարքերով քայլող երիտասարդներին եւ մտածում, որ նրանք լավագույններն են, բայց այստեղի զինվորները նրանց չէին զիջում իրենց շարային պատրաստությամբ եւ մարտունակությամբ»,-նշում է Խ. Գեւորգյանը: Նա եւ բանակումին մասնակցած մյուս գիտնականները վստահեցնում են, որ զորամասում լինելուց հետո այսօր ավելի պաշտպանված եմ զգում իրենց, քանի որ տեսան եւ ծանոթացան նախաձեռնող, բանիմաց եւ համարձակ սպաների ու հայրենասեր զինվորների:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


04/10/2011