Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ՔԵԶ ՀԵՏ ՄԵԾ ՈՒԺ, ԼՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ ԵՍ ՏԱՆՈՒՄ



ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ՔԵԶ ՀԵՏ ՄԵԾ ՈՒԺ, ԼՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ ԵՍ ՏԱՆՈՒՄՎազգեն Սարգսյանի տուն-թանգարանի մուտքի մոտ առաջինը մեզ դիմավորում է վարդի ահռելի թուփը՝ ճյուղատարած ու ծաղկազարդ: Մուգ դեղին ծաղիկները այնքան շատ են, որ ծածկել են կանաչը: Քիչ հեռու ծաղկած հասմիկն է՝ փարթամ ու ամբողջովին սպիտակաթույր, հետո՝ էլի ծաղիկներ, թփեր, ծառեր, որ առաջին անգամ եմ տեսնում: Ու Սպարապետի սպիտակ կիսանդրին՝ դրախտային այգու կենտրոնում: Մենք վայելում ենք այգու գեղեցկությունն ու առաջ չենք գնում:

…Քիչ անց թանգարանի կիսաբաց դռների արանքում մի կին է հայտնվում ու, ձեռքը թափահարելով, ժպտադեմ ողջունում է մեզ: Ես ճանաչում եմ նրան՝ Երանուհի Մուսիկյանն է, թանգարանի էքսկուրսավարը: Երանուհին մոտենում է, իսկ մինչ այդ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Գագիկ Քթրյանը բացում է տուփը եւ ուղղում մեդալը. այս անգամ մեր այցը թանգարան ճանաչողական նպատակ չունի: Մենք եկել ենք Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանին նոր նմուշ նվիրելու: Նրանք, ովքեր այցելել են թանգարան, նկատած կլինեն կողք կողքի կախված՝ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալները: Մենք եկել ենք հավաքածուն հարստացնելու նոր՝ «Գեւորգ Վարդանյան» մեդալով: Հայ մեծ հետախույզի անունը կրող մեդալն այսուհետեւ կփառավորի հայ անձնվեր հետախույզների սխրանքն ու վաստակը: Սպարապետը պիտի իմանար այդ մասին, մեդալը՝ որպես նրա հերոսական կյանքի ու ռազմահայրենասիրական ժառանգության բաղադրիչ ու շարունակություն, պիտի իր տեղն ունենար ցուցադրվող նմուշների շարքում:

ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ՔԵԶ ՀԵՏ ՄԵԾ ՈՒԺ, ԼՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ ԵՍ ՏԱՆՈՒՄ-Գեղեցիկ է, չէ՞,- հարցնում է տիկին Երանուհին ու առանց պատասխանի սպասելու շարունակում,- Սպարապետի տուն-թանգարանը պիտի գեղեցիկ լինի հենց մուտքից: Սա Սպարապետի աշխարհն է ու պիտի շնչի խաղաղությամբ, սիրով, գեղեցկությամբ, մեղմությամբ: Այստեղ ամեն ինչ, անգամ ամենափոքրիկ իրը Սպարապետի կերպարի մի մասնիկն է:

-Սպարապետը ուժի խորհրդանիշ է,- ասում եմ:

-Վազգենը գրող էր, ու նրա գրականությունն անսահման մարդասիրության, նուրբ հույզերի, սիրո ու գեղեցկության գրականություն է,- մեղմ իրենն է պնդում տիկին Երանուհին:

Թանգարանի ներսում, լուսամուտագոգին նույնպես ծաղիկներ կան: Իսկ կողքիդ, հետո արդեն քո ներսում ապրում ու շնչում է մի կյանքի մեծ ու գեղեցիկ պատմություն՝ իր բազմաթիվ մանրամասներով…

Գագիկ Քթրյանը ինչ-որ հարց է տալիս Երանուհի Մուսիկյանին: Հարցը չեմ լսում, բայց տեսնում եմ, որ Երանուհի Մուսիկյանն սկսում է պատմել, մոտենում եմ, որ լսեմ նրա պատմությունը:

-Ես Վազգենի ազգականն եմ ու նրան մանկուց եմ ճանաչել: Նրա կյանքի տարբեր փուլերը հիշատակող այս նմուշներն ընդամենը փոքրիկ առիթ են, որ ես պատմեմ Սպարապետի մասին՝ նրա գեղեցիկ, հերոսական, ժողովրդի ու հայրենիքի հանդեպ անսահման սիրով լցված հայի պատմությունը: Ես պարզապես պատմում եմ Սպարապետի մասին, ոչինչ չեմ քարոզում, խրատ չեմ տալիս այցելուներին, բայց Վազգենի կյանքի յուրաքանչյուր դրվագ, որ ներկայացնում եմ, արժանապատիվ ու հերոսավայել ապրելու կենդանի օրինակ է:

Մենք անցնում ենք ցուցանմուշների մոտով ու լսում տիկին Երանուհու պատմությունները՝ պարտաճանաչ աշակերտի, ֆուտբոլիստ դառնալու երազանքով ապրող պատանու, գրական աշխարհ մտած փայլուն լրագրողի ու գրողի, հայրենիքի պաշտպանության համար զենք վերցրած կամավորականի, զորավարի, բանակի կազմավորման ակունքներում կանգնած, երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու վճռականությամբ՝ իր կռիվը հաղթած պատերազմից խաղաղության դաշտ բերած ռազմական եւ քաղաքական գործչի, քնքուշ որդու, լավ ընկերոջ, պարզապես մեծ մարդու մասին… Հետո մենք բոլորս նստում ենք բացօթյա տաղավարում ու սպասում թանգարանի տնօրեն Կառլեն Սարգսյանին, որը Վազգեն Սարգսյանի եղբորորդին է:

Չգիտեմ՝ փոքրիկ մորուքն է պատճառը, թե ներշնչված ենք Սպարապետի մասին պատմություններով, բայց Կառլեն Սարգսյանը արտաքնապես շատ նման է թվում Վազգենին: Նա գալիս է, արագ ծանոթանում մեզ հետ… ու սկսում է պատմել հորեղբոր մասին: Այստեղ բոլորի վերհուշներն այնքան վառ են, ասես չեն անցել 20 երկար ու ձիգ տարիները, ասես երեկ էր, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը 9-ամյա Կառլենին բացատրում էր, թե ինչու է ինքը թողել պաշտպանության նախարարի պաշտոնն ու դարձել վարչապետ և խոստանում էր, որ տնտեսությունը կարգի գցելուց հետո կրկին կվերադառնա բանակ:

-Ես արդեն հասուն տղամարդ եմ, բայց ո՛չ հայրս, ո՛չ Արմեն հորեղբայրս ինձ հետ այնպես հաշվի չեն նստում, ինչպես Վազգեն հորեղբայրս, երբ ինը տարեկան էի: Հետո Կառլենը հիշում է, թե ինչպես էր վարչապետը հավասարը հավասարի պես զրուցում ծեր համագյուղացիների հետ, ծխում նրանց թութունը ընկերավարի ու ստիպում, որ իրեն վարչապետ չասեն, Վազգեն ասեն: Ինքս էլ չեմ հասկանում՝ ոնց եմ մերվում զրույցին ու սկսում պատմել իմ ու Գրետա մայրիկի վերջին հանդիպման մանրամասները, նրա վերհուշները…

ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ՔԵԶ ՀԵՏ ՄԵԾ ՈՒԺ, ԼՈՒՅՍ ՈՒ ՀԱՎԱՏ ԵՍ ՏԱՆՈՒՄ-Շատ կուզեի գոնե մեկ անգամ հանդիպած լինել Սպարապետին,- ասում է Գագիկ Քթրյանը ու չի բացատրում, թե՝ ինչու: Բայց առանց բացատրելու էլ ամեն ինչ պարզ է… Զրույցը երկարում է, ամեն մեկը պատմում է իր տեսածն ու լսածը Սպարապետի մասին։

…Մեդալը դեռ չենք հանձնել: Սպարապետի կյանքի փոքրիկ պատմությունները մեզ այնքան են մոտեցրել իրար, որ ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք այս հանդիպումը փոխելու պաշտոնականի ու ձեռքսեղմումով, լուսանկարչական ապարատի չխկչխկոցի տակ հանձնելու «Գեւորգ Վարդանյան» մեդալը:

-Թանգարանում մարդիկ արագ մտերմանում են,- ասում է տիկին Երանուհին,- այստեղ մտնող յուրաքանչյուր հայ դառնում է մեր բարեկամը:

Հանձնում ենք մեդալը: Այն հանգրվանում է ՊՆ գերատեսչական մեդալների կողքին: Հետո էլի հավաքվում ենք բացօթյա տաղավարում: Թանգարանի տնօրեն Կառլեն Սարգսյանը խոսում է ծրագրերից, թանգարանը պիտի մեծացվի, նմուշները շատ են, չեն տեղավորվում, պիտի ստեղծվեն լսարանային սենյակներ, որտեղ մարդիկ տեսանյութեր կդիտեն: Տեսանյութեր հավաքելը հեշտ չի լինելու, պիտի մեծ աշխատանքային խումբ կազմել, ներգրավել իրազեկ մարդկանց ու կազմակերպությունների: Պետք է տեսագրել բոլորին, ովքեր ճանաչել են Վազգենին ու հուշեր ունեն գալիք սերունդներին թողնելու:

…Օրը պարզ է, երկնքում ամպի ոչ մի ծվեն չկա, ու Արարատը երեւում է՝ ինչպես ափիդ մեջ:

Արարատի ձյունե հայացքի ներքո մեր մեքենան վերադառնում է Երևան…

-Գուցե հենց սեփական պատմության հետ ամեն օր առերեսվելու ցավից ծնվեց Արցախյան հաղթանակը,- մտորում է Գագիկ Քթրյանը:- Յուրաքանչյուր հայ մարդ իր կյանքում գոնե մի անգամ պիտի մտնի Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ մեր նորագույն պատմության ամենագեղեցիկ ու հերոսական դրվագներն են ամփոփված: Թանգարանից քեզ հետ մի մեծ ուժ, մի մեծ լույս, մի մեծ հավատ ես տանում, և որ ամենակարեւորն է՝ հավատում ես ինքդ քեզ: Լցվում ես երկրիդ համար մեծ ու կարևոր գործեր անելու մղումով…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1291) 29.05.2019 - 4.06.2019, Ազգային բանակ


30/05/2019